Հանրային ռադիոն հիմնովին փոխել է իր ծրագրերի բովանդակությունն ու ձևաչափերը և 2016թ. սեպտեմբերի 1-ից սկսել է հեռարձակվել նաև թվային ազդանշանով: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նոր եթերաշրջանը բնորոշում է որպես վերադարձ դեպի ուղիղ եթեր, քանի որ զգալիորեն ավելացել են հետադարձ կապ ենթադրող ու ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակող հաղորդումները:
«Ուղիղ եթերը բացի արդյունավետությունից նաև տնտեսական գործառույթ ունի: Այն սպասարկելը կապված է նվազ ծախսերի հետ, քանի որ մոնտաժային, արտադրական և այլ բնույթի աշխատանքներն են քիչ: Այլ հարց է, որ անձնակազմից պահանջվում է բարձր որակավորում»,- ասում է նա:
Հանրային ռադիոյի դերակատարումը հանրային կյանքում բարձրացնելու նպատակ է դրվել: Արման Սաղաթելյանն ասում է, որ այսուհետ ցմահ արխիվացվելու են բոլոր ծրագրերը: Եթե ժամանակին պահպանմանը ենթակա էր միայն այսպես կոչված «ոսկե ֆոնդը», ապա հիմա ողջ եթերն է պահվելու (թվային կրիչները շատ են հեշտացրել այդ գործը):
Նախատեսվում է նաև աշխարհում գործող մի քանի տասնյակ հայկական ռադիոկայանները կամ ռադիոժամերը տեղադրել մեկ սերվերի վրա և ստեղծել այսպես կոչված՝ համահայկական ռադիոցանց: Դա կօգնի տարբեր համայնքներին տեղյակ լինել միմյանց առօրյայից:
Հանրային ռադիոն փորձում է կապող օղակ դառնալ: Այսինքն՝ խթանել հարց տալու բնական պահանջը և ամենակարևորը՝ ակնկալել պատասխաններ:
Մարդը մեդիայում ինքն իրեն է ուզում տեսել ու լսել: Իր մտահոգությունները, խնդիրները, ոչ թե պաշտոնական տեղեկատվությունը կամ երաժշտական հեղեղը: Որքանո՞վ է պատրաստ հանրային ռադիոն բավարարել լսարանի սպասելիքները:
Նախ ասեմ, որ մենք հանրային կարծիքի հետազոտություն ենք կատարել և ըստ դրա էլ մշակել ու հստակեցրել ենք մարքեթինգային պլանը: Ի վերջո, մեդիա մենեջմենթը գիտություն է, և մենք մեր նոր եթերային քաղաքականությունը ոչ թե օդից ենք վերցրել, այլ լրջորեն նախապատրաստել ենք:
Իմ խորին համոզմամբ՝ հանրային ռադիոյի հիմնական նպատակը հանրության կենսագործունեության համար կարևոր տեղեկատվություն հաղորդելն է: Ինչը եթնադրում է իրազեկելը, կրթելը, մշակութային ճաշակ ձևավորելը, ժամանակակից հարաբերությունների իմացաբանական գործառույթներ կատարելն ու խորհրդատվական ծառայություններ մատուցելը:
Այժմ եթերում են սոցիալական նշանակություն ունեցող բազմաժանր հաղորդումներ՝ առողջապահական ոլորտի անդրադարձներ, գյուղին ուղղված ծրագրեր, իրավունքի հարցեր, սպառողական խնդիրներ, սոցիալական ու ֆինանսական խորհրդատվություն: Այսինքն՝ այն ամենը, ինչը ժամանակակից հարաբերությունների անբաժանելի մասն է կազմում:
Մենք ապրում ենք մի իրականությանում, որտեղ պատկան մարմինները ոչ միշտ են իրականացնում պատշաճ տեղեկատվական գործունեություն: Մարդիկ հաճախ շփոթմունքի մեջ են, տեղյակ չեն հանրապետությունում գործող այս կամ այն կառույցի գործառույթների, իրենց իրավունքների և հնարավորությունների մասին: Ուշադրությունից դուրս են մնում շատ կարևոր ոլորտներ:
Միգուցե պատճառն այն է, որ գովազդն ու անաչառ տեղեկությունը հաճախ նույնացվում են:
Գովազդն իր հետ պետք է բերի նաև ածանցյալ խնդիրների պարզաբանում: Ցանկացած ծառայությունից օգտվելու հետևանքները հաշվարկելի են: Օրինակ, հիմա Հայաստանում շատ լուրջ խնդիր է վարկավորումը, մարդիկ վարկ են վերցնում՝ լավ չպատկերացնելով, թե ինչ կլինի, եթե ժամանակին պարտքը չմարեն: Կամ էլ չգիտակցելով պատասխանատվությունը՝ երաժշխավորում են այլ մարդկանց վարկավորումը:
Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում հարկավոր է լայն շրջանակներին բացատրել փաստաթղթերի նրբերանգները, սպառողների իրավունքները: Իհարկե, կան մարմիններ, որոնք պարտավոր են վերահսկողություն սահմանել վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների որակի հանդեպ, բայց, այնուամենայնիվ, բացի պետական մարմիններից, պետք է լինի հանրային վերահսկում: Եվ, իհարկե, այդ ամենից օգտվելու մշակույթ:
Հանրային հեռուստաընկերությունն ու հանրային ռադիոն հենց այդպիսի գործառույթ իրականցնող ինստիտուտներ են, որոնք, սակայն ավելի շուտ բավարարում են ժամանցային պահանջը:
Համաձայն չեմ: Հանրային շահն այն հստակ տեսլականն է, որով ներկայումս առաջնորդվում է հանրային ռադիոն: Ռադիոն ունի նաև շատ ցայտուն առավելություն. դա ուղիղ կապի հնարավորությունն է: Հեռուստատեսությունը այդ գործիքակազմին դժվարությամբ է տիրապետում, քանի որ համակցված է ենթակառուցվածքային մի շարք հարցերի հետ, իսկ ռադիոն ավելի օպերատիվ է:
Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի ծրագրերի զգալի մասը ոչ միայն ուղիղ եթերում է, այլև ուղիղ կապի հնարավորությամբ:
Փորձագետներն ու պաշտոնատար անձինք Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ստանում են հարցեր ու պատասխանում դրանց՝ իրազեկելով մարդկանց իրենց իրավունքների մասին: Նկատվում է, որ դատական ատյանները դարձել են պրոբլեմները լուծելու ընդունված ձևաչափ, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է: Եվ պահանջ կա հանրությանը փոխանցելու գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն իրենց իրավունքները պաշտպանել դատարաններում, բողոքարկել որոշումները և այլն:
Ընդհանրապես, հիմա առանց մասնագետի օգնության բարդ է կողմնորոշվել տարբեր մակարդակի հարաբերություններում:
Իսկ մասնագետների ու փորձագետների պակաս չի՞ նկատվում:
Կարծում եմ, որ մասնագետները քիչ չեն, պարզապես երբեմն նրանց պետք է բացատրել, որ սոցիալապես պատասխանատու մասնագիտությունների (ասենք՝ իրավագիտության կան առողջապահության) տարրերից է նաև հանրության իրազեկումը:
Իհարկե, որակավորում ունեցող իրավաբանները կամ տնտեսագետները խիտ գրաֆիկով են աշխատում ու դժվարանում են ժամանակ գտնել պարզաբանումների համար, բայց իրենց հետ էլ է հարկավոր բացատրական աշխատանք տանել ու հորդորել կատարել սոցիալական գործառույթներ:
Կա փորձագետների մի շրջանակ, որն անընդհատ մեդիայի հրավերով խոսում է, մեկնաբանում ու մեծ հաշվով՝ ոչինչ չի ասում: Հանրային ռադիոյի դեպքում ինչպե՞ս է արվելու ընտրությունը:
Հանրային ռադիոյով խոսելու են մարդիկ, որոնք մասնագետներ են, ունեն փորձ և պատասխանատու են իրենց ոլորտների համար:
Ծրագրեր ենք անում, օրինակ, գյուղնախարարության հետ: Եվ երբ հետադարձ կապ ապահովելու հնարավորություն է տրվում, գյուղի բնակիչներն իրենք կարող են խնդիրները բարձրաձայնել, օգտագործել առիթն ու հարց տալ իրենց ոլորտի կառավարիչներին:
Եթերից զգալիորեն պակասել է երաժշտությունը: Դա ինչո՞վ է պայմանավորված:
Եթե մինչ այժմ եթերի մեկ երրորդը չկապակցված երաժշտություն էր, այսուհետ այդպես չի լինի: Երաժշտությունը կկազմի եթերի 8%-ը և կհեռարձակվի փաթեթավորված՝ միայն երաժշտական ծրագրերի տեսքով: Այսինքն՝ ունենալու ենք հավելյալ իմացաբանական ծանրաբեռնվածություն: Այդպես տեղի կունենա զարգացում, այլ ոչ թե զուտ ձայների սպառում:
Փաստորեն, հանրային ռադիոն պատրաստվում է լուրջ մրցակից դառնալ մեդիա դաշտում:
Հանրային ռադիոն ոչ միայն մեդիայի այլ տեսակների հետ մրցակցելու ներուժ ունի, այլև վստահ եմ՝ մյուսները դժվարությամբ կմրցակցեն Հանրային ռադիոյի հետ: Ռադիոն ժանրային առավելություններ ունի (այդ թվում՝ նաև համացանցի հանդեպ):
Հիմա մենք հասանելի ենք արբանյակով, համացանցով և տարբեր բջջային հավելվածներով: Ինքն իրենով համացանցը ոչինչ է (ընդամենը գործիք), արժեքը այնտեղ գործող հարթակներն են: Հիմա մենք մասամբ վերազինել ենք մեր կայքը ու փորձելու ենք շարժվել առաջ, միգուցե նաև հասնենք վիզուալիզացիայի բավարար մակարդակի: Իհարկե, դա կախված է նյութական կարողություններից: Հիմա մենք պատվով ավարտեցինք առաջին՝ բովանդակային փուլը:
Մեր մեդիա դաշտը տարօրինակ է զարգանում. այն ազատ է, բայց անկարող:
Հայաստանը աշխարհի ամենաազատական երկրներից է՝ տեղեկատվության տարածման առումով:
Եթե տնտեսական դաշտը չի ազատականացված, այսինքն՝ գործում են ստվերային օրենքներ ու պայմանավորվածություններ, մեդիայի ազատ լինելը հարցականի տակ է դրվում:
Դա բավականին բարդ հարց է: Անշուշտ, տնտեսության զարգացումը ազդում է մեդիայի ազատության վրա: Եվ այն ձևաչափը, որ «Մեր հանրապետությունում մեդիան ազատ է, բայց անկախ չէ», թերևս, հենց տնտեսական պատճառներ ունի: Մեդիան կարող է լինել ազատ, բայց այն ի վիճակի չէ չունենալ կախվածություն այս կամ այն ֆինանսական աղբյուրներից: Հետևաբար, կաշկանդվում է իր որոշումներում:
Համաձա՞յն եք, որ հանրային և պետական շահերը ոչ միշտ են համընկնում: Հաճախ՝ նաև հակադրվում են:
Անշուշտ, կարող է լինել շահերի բախում և անգամ շփոթմունք: Բայց հանրային ռադիոյի նպատակը հանրային շահի սպասարկումն է: Օրենքը պարտավորեցնում է տարածել պաշտոնական տեսակետներն ու դիրքորոշումները, անդրադառնալ այս կամ գերատեսչությունների տեղեկատվական ակտիվությանը: Բայց որևէ տեղ չի սահմանափակում, որ պարտավոր ենք չտարածել այլընտրանքային կարծիքներ:
Այսինքն՝ մենք ունենք պարտավորություններ պետության հանդեպ, բայց աշխատում ենք հանրության համար:
Ստացվում է, որ պետական որոշումներին դեմ կարծիքները կարող են լինել, բայց կարող են նաև չլինել:
Դա արդեն պրոֆեսիոնալիզմի հարց է: Կարծում եմ՝ տեղեկատվության հավասակշռության սկզբունքը որևէ մեկը դեռ չի բացառել:
Մեր նպատակն էլ հենց այն է, որ շահերի բախում պարունակող հարցերը (թե տարբեր խմբերի և պետության միջև) հայտնվեն մեր եթերում, լսելի դառնան, քննարկվեն ու, ի վերջո, համագործակցության եզրեր գտնվեն:
Տեղեկատվական դաշտն ունի իր անատոմիան (մեդիա միավորների կառուցվածքը) և ֆիզիոլոգիան (տեղեկատվական հոսքերի ստեղծումը, ձևավորումը, տարածումը): Եվ յուրաքանչյուր օղակում տեղի ունեցող գործընթացներում կարևոր դերակատարում ունի անկախ փորձագետների ինստիտուտը:
Իսկ ինչու՞ են հանրության կողմից բացասական ընկալվում պետական շատ որոշումները:
Ինքնին փաստը ոչինչ չի նշանակում, կարևորը դրա ընկալումն է: Մենք չունենք անկախ փորձագետների կայացած ինստիտուտ, որը նորմալ հարաբերությունների դեպքում պետք է ազդեցություն ունենա վերջնական ընկալման վրա:
Մեր հանրապետությունում անկախ փորձագետների դերը հաճախ իր վրա են քաշում քաղաքական ուժերը՝ փորձելով իրենց համար հարմար, երբեմն նաև աղավաղված ընկալում ձևավորել:
Եվ տեսնում ենք, որ մի կողմից՝ միշտ չէ, որ պետական ատյանների ներկայացուցիչները համարժեք որոշումներ են կայացնում, կամ այդ որոշումները միշտ չէ, որ բխում են հանրության լայն շրջանակների շահերից: Բայց մյուս կողմից՝ նույնիսկ երբ շատ տեղին որոշում է ընդունվում կամ դրական գործընթացներ են ընթանում, այնուամենայնիվ, որոշ կառույցներ դրանք նվազեցնում եմ:
Ի վերջո, մեդիան պետք է զգոն պահի պետական կառույցներին, թույլ չտա, որ պետական մակարդակի որոշումները ներկայացվեն միայն գովազդի ու հիացմքունքի ձևաչափով:
Խնդրում եմ՝ լսե՛ք Հանրային ռադիո: Եվ կտեսնեք, թե ինչ հարցեր են բարձրացվում, ովքեր են խոսում և ինչպես են քննարկումներում մասնակցում հանրությունն ու փորձագիտական շրջանակները:
Ցանկացած մարդ կարող է զանգահարել ռադիո ու իր հարցն ուղղել: Մենք բերում ենք զրույցի տարբեր ոլորտների պատասխանատուներին, անկախ նրանից՝ նրանք վստահելի են, թե վստահելի չեն, դրդում նրանց պարզաբանել, բացատրել, պատասխանել ու որոշումների համար պատասխանատվություն կրել: Հանրության հարցերին պատասխանելը բխում է հենց նրանց շահերից, քանի որ եթե իրենք չանեն, այլ մարդիկ կանեն իրենց փոխարեն և այլ տեսակետից:
Լսե՛ք Հանրային ռադիո:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: