2016.05.13,

Տեսակետ

«Նոր նառատիվներ ստեղծող էլիտաներ պետք է ձևավորվեն նաև մեդիա դաշտում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ազգագրագետ Գայանե Շագոյանը այն սակավաթիվ մասնագետներից է, որոնք փորձում են լայն մակերեսով հետազոտել մեզ հետ կատարվող փոփոխությունները: Այսօր արդիական էթնոգրաֆիայի համար նյութ են դառնում մեր լեզուն, տրաֆարետային կաղապարներում պահպանվող մտքերն ու գնահատականները, հուշերն ու դրանց հայելային արտացոլումները կենցաղում, շփումներում, մեդիա դաշտում:

Գայանե Շագոյանի դիտարկմամբ՝ մեդիան այսօր դառնում է բանավոր խոսքի թվային տարբերակը և ակտիվ ազդում հանրային կապերի ստեղծման կամ էլ կազմաքանդման վրա: Եվ հիմա մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, որտեղ ավելի մեծ կշիռ ու արդյունք ունեն ոչ թե պետական, այլ համայնքային նախաձեռնությունները:

 

Ցանկացած մարդ մեդիայից, նաև սոցցանցերից կախյալ է դարձել: Որքանո՞վ է դա ազդում հասարակության վրա:

Ժամանակակից աշխարհում մեդիան է, որ մեզ ձևավորում է որպես հանրություն. Բենեդիկտ Անդերսենի արդիականության շրջանի համար դուրս բերած այս բանաձևը դեռ աշխատում է: Կարդում ես լրահոսը, քեզ նույնացնում որևէ խմբի հետ և դրանով սահմանում քեզ ու քո համայնքը: Քանի դեռ չունես քո մեդիան, այսինքն՝ մի խմբի մեջ քեզ միավորող լրատվությունը, դու չունես այդ խումբը:

Ըստ էության՝ պետության ամենակարևոր հատկանիշը հենց մեդիան է:

Պետությունն է ձգտում ձևավորել մեկ ընդհանուր ինֆորմացիոն դաշտ, ինչն իհարկե չի նշանակում, որ լրատվությունը անպայման պետք է մի աղբյուրից կամ մեկ կենտրոնից փոխանցվի: Ավելի շուտ՝ դա այն լրատվությունն է, որը հասանելի է տվյալ հանրության ցանկացած անդամին: Եվ յուրաքանչյուր անդամ՝ կարդալով լրահոսը, ինքն իրեն նույնացնում է տվյալ խմբի կամ պետության հետ, և այդպես հասկանում, թե ինքն ով է:

Իսկ եթե անհատը չի՞ նույնացնում իրեն տվյալ խմբի լրատվության հետ:

Կարող ես համաձայնել կամ հակադրվել, բայց ամեն դեպքում տեսնում ես, թե որն է տեղեկատվության ընդհանուր գիծն ու որն է այն խումբը, որը կիսում է այդ լրատվությունը:

Այսօր փոխվել է մեդիայի տեսակը, որակը, հասանելիությունը, ի վերջո՝ աղբյուրը: Եթե նախկինում մի քանի թերթեր էին ձևավորում հիմնական ասելիքը, ապա այսօր հիմնական լրատվության հետ հաջողությամբ մրցում է սոցիալական մեդիան: Բլոգերի գրառումն, օրինակ, կարող է ավելի շատ ընթերցող ունենալ, քան որոշ լրատվամիջոցների ամբողջ լսարանն է:

Սոցցանցերը դառնում են այդ խողովակը, որով տարածվում են նաև լրատվամիջոցները: Կարդում ես ոչ թե ողջ լրահոսը, այլ ընտրված հոդվածները: Անհատական լրահոսն ինքն իրեն է ձևավորվում, արդեն միջնորդավորված սոցիալական կապերով, խմբերով:

Երբ տեսնում ես, թե ինչպես են հեռավոր գյուղերում ինֆորմացիա ստանում ու իրար փոխանցում, հասկանում ես, թե ինչպիսի հզոր գործիք է մեդիան:

Եթե մարդն ավելի է վստահում բանավոր խոսքին, միշտ գերադասում է տեղեկանալ, թե ինչ է մտածում այս կամ այն հարցի շուրջ իր ընկերը կամ հարևանը: Շատ հաճախ մեդիան դառնում է բանավոր խոսքի թվային տարբերակը:

Կարող ենք լսել՝ «Երեկ հարևանս ինտերնետում կարդաց ու ասաց…»: Դա համարվում է ստուգված աղբյուր: Եվ վկայում է այն մասին, որ մենք ավելի շատ համայնքային, այլ ոչ պետական ձևաչափի մեջ ենք:

Մեդիան ժամանակակից ազգագրության բաղադրիչն է, քանի որ միավորում է մարդկանց (բակերում կամ ցանցերում) ու դրդում քննարկել կատարվածը: Լուրերը քննարկելը լուրջ ավանդույթ է, անգամ՝ ծես:

Ափսոսում եմ, որ մենք չունենք լուրջ քննարկումներ մեդիայի մարդաբանության շուրջ: Ընդհանրապես քննարկված չէ այն հարցը, թե ինչպես է խորհրդային տարիներին մեդիան ձևավորել մեր լեզուն ու մտածողությունը: Իսկ դա շատ կարևոր է հատկապես անկախ պետության համար, որը փորձում է ժամանակակից հանրություն ձևավորել:

Ըստ էության՝ մեր հանրությունը ձևավորվել է խորհրդային շրջանում, երբ հեռուստացույց դիտելն ու թերթ կարդալը դարձան սովորություն: Բայց հարց է առաջանում՝ ինչ լեզվով էր մեզ հասնում մեդիան, և ինչպես էինք մենք այն ընկալում:

Հիմա Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրապարակելու է գիրք, որի առանցքը առօրյայում տեղ գտած բռնաճնշումների ազգագրությունն է: Այստեղ, ի թիվ մի շարք հարցերի՝ Հարություն Մարությանի հոդվածում քննարկվում է, թե ինչպես են «մեղավորների» պիտակավորումները («ազգի թշնամի», «ժողովրդի թշնամի», «հակապետական տարր» և այլն) մեդիայից փոխանցվել հանրություն և մինչև հիմա էլ կիրառվում են:

Այդ ձևակերպումների ապակազմում տեղի չի ունեցել, և հիմա շատերը վերարտադրում են այդ կլիշեները՝ առանց մտածելու, թե որտեղից են դրանք սկիզբ առել: Դա ռեֆլեքսիայի բացակայության արդյունքն է: Մենք անգամ մտածում ենք այդ կլիշեներով:

Ազգի անունից խոսելն ու թշնամու կերպարի շահարկումը այդ կլիշեներից են: Դրան գումարվում է ռաբիս (լավ ու լայն իմաստով) բառապաշարը: Օրինակ, հոդվածներ են հրապարակվում այսպիսի վերնագրերով՝ «Թշնամու մաման լացացրինք», «Ցավներդ տանենք, ջա՛ն հերոսներ»:

Մեդիայում նման լեզվի հայտնությունը վկայում է, որ լրագրողը ոչ թե ինքն է ձևավորում նոր լեզու, այլ շահագործում է ֆոլկլորային դարձվածքները, որպեսզի ընթերցողը միանգամից տեսնի կապը: Հասկանալի է, որ վերնագրերը պետք է գրավիչ («սեքսի») լինեն, բայց դրան զուգահեռ պետք է առաջանա ու զարգանա նաև լրագրողի առաջարկած նոր լեզուն:

Նոր ձևակերպումները նախևառաջ մեդիայից են հասնում հանրություն, քանի որ մեդիան է ամենամատչելի ու տարածված գործիքը:

Ի վերջո, գոյաբանական տեսակետից էլ՝ ցանկացած մարդ իր աշխարհընկալումը ստեղծում է տեքստով: Եթե չձևակերպես, չես հասկանա, թե քո իմացածը ինչպես դասակարգես, դասավորես և ուղեղի որ «արկղում» տեղադրես:

\"ԳայանեԿան պատմական իրադարձություններ, որոնք ձևակերպում են մետանառատիվներ: Այսինքն, դրանք այն հիմնական կաղապարներն են, որոնց մեջ տեղավորվում է այսօր տեղի ունեցածը և որոնց միջոցով դրանք բացատրվում են: Դա նաև մետալեզու է, որը հուզականորեն ավելի ազդեցիկ է դարձնում այսօրվա պատմությունները:

Նման մետանառատիվներից է ցեղասպանությունը: Եթե ուզում ես՝ ասելիքդ ազդեցիկ լինի, օգտագործում ես ցեղասպանության հետ աղերսները կամ այդ խոսույթին հարազատ լեզուն: Նույնիսկ ընդդիմադիր դաշտն է իր ասելիքը ընկալելի դարձնում՝ օգտագործելով ցեղասպանության մետանառատիվը: Օրինակ, ասվում է՝ «1,5 մլն + 10», «Հարյուրամյակն առանց ռեժիմի»: Այդ մասին հոդված եմ գրել:

Մետանառատիվի միջոցով հասկանում ես, թե որտեղ է անցնում «մենք»-ի ու թշնամու սահմանը: Որպես կանոն, թշնամուն նույնացնում ենք թուրքի հետ, թուրք ենք կոչում նաև ադրբեջանցիներին՝ այդպես հանրային ողջ ուժը ուղղելով «նոր թշնամիների» վրա, կապելով նրանց անցյալի հետ:

Այդ պաթոսը փոխանցվում է ոլորտից ոլորտ ու ավելի է ամրապնդվում:

Եվ պարտադիր չէ, որ այն լինի վերբալ լեզու, հուշերը փոխանցվում են նաև պատկերներով: Անգամ անձնական ֆոտոալբոմներն են այդ լեզվով կազմվում: Մարդն իր անհատական կենսագրությունն առանց երկրի կենսագրության չի պատկերացնում: Դա այն է, ինչ անում է մարդու հետ ամբողջատիրական հասարակարգը. մարդուն ներկառուցում է իր մեջ:

Բայց արդյո՞ք հիմա մենք նույնացնում ենք մեզ պետության հետ: Շատ դեպքերում հակառակն է՝ ամեն կերպ փորձում ենք պետկան կառույցներից օտարել մեզ:

Անկախ Հայաստանում այլ իրավիճակ է. հաճախ գործում ենք այնպես, կարծես չունենք պետություն:

Ապրիլյան քառօրյա պատերազմը (որը, ճիշտն ասած, ոչ մի օր էլ չի դադարել, բայց մեդիայի շնորհիվ այդպես կոչվեց) ցույց տվեց, որ մենք կարողանում ենք արագ ինքնակազմակերպվել որպես համայնք: Իհարկե լավ է, որ գոնե կա այդ ներուժը, որը ցավոք, սկիզբ է առել ցեղասպանության ու պատերազմական խմբային փորձառությունից: 

Բայց չմոռանանք նաև, որ դա պարտության տակ ստորագրել է նշանակում: Փաստորեն, 25 տարվա ընթացքում չկարողացանք ձևավորել պետություն ու քաղաքացիության զգացում: Եվ հիմա ցայտնոտային վիճակում կարծես ասում ենք՝ դե, եկեք հիմա բանակ պահենք, զենք ու սարքավորումներ գնենք:

Այս իրավիճակում հասկանում ես, որ քո ձեռնարկած քայլերն ավելի արդյունավետ են, քան պետական կառույցների ձեռնարկած քայլերը: Ստացվում է, որ պետություն ունենալով հանդերձ՝ շարունակում ենք ապրել համայնքային ձևաչափով ու տրամաբանությամբ:

Եվ դա առաջին հերթին իշխանությունների խնդիրն է: Ժողովուրդն արեց այն ամենն, ինչ կարող էր:

Վերջերս գիտարշավի ընթացքում խոսեցի գետաշենցի մի կնոջ հետ, որը հուզված ու հիացմունքով պատմեց, որ գյուղապետարանը (ասում էր՝ գյուղսովետը, ինչը կրկին վկայում է խորհրդային բառապաշարի կայունության մասին) դրամահավաք էր կազմակերպել՝ առաջնագծում գտնվող զինվորներին օգնելու համար:

Իսկ երբ տեղական ինստիտուցիաները սկսում են բնակիչներից գումար հավաքել, նշանակում է, որ պետությունը բանակի համար գումար չունի: Եվ ամենացավալին այն է, որ բանակում իսկապես գումարի կարիք կա:

Այդ կինն ասաց. «Բոլորս մեր գրպանի սահմանով ենք փող տվել»: Դա այն ձևակերպումն է, որը լավագույնս է բնութագրում մեր իրավիճակը: Գրպանի սահմանով, այսինքն՝ չափով…

Եվ եթե այն մարդիկ, որոնք գրպանել են պետության ունեցվածքը (ընդերքի հարստությունը, հումանիտար օգնությունը, վարկերը, որոնց համար դեռ տարիներ շարունակ պետք է վճարենք), իրոք իրենց գրպանի չափով մասնակցեին, պատկերը այլ կլիներ:

Այսինքն՝ համայնքը կազմակերպվում է ստորին օղակներում, էլիտաները՝ մնում են դրանից դուրս, նրանք ոչ միայն պետականաշինությունն են ձախողել, այլև դադարել են կազմել համայնքի մաս:

Պետության պաշտպանության համար արված ներդրումներն այնքան անհամաչափելի են, որ հասկանում ես, որ սա քաղաքացիների հերթական շահագործումն է էլիտայի կողմից, որն անում է ամեն ինչ՝ իր ունեցվածքը պահպանելու ու պաշտպանելու համար:

Թևաթափ ես լինում՝ տեսնելով, որ պահանջելու, բանակցելու տեղ չեն թողել: Որքան էլ ուզես դուրս գալ պատերազմական դիսկուրսից, չես կարողանում: Ադրբեջանում էլ կա քաղաքացիական հասարակություն, որը մեզ նման ճնշված է և հազիվ թե կարողանա ազդեցություն ունենալ: Նույնն են նաև մեր երկու երկրների էլիտաները: Դեմ առ դեմ են դուրս եկել զորքերը:

Սա իսկական պատերազմ է, որքան էլ ասենք, որ այդպես չէ:

Ստացվում է, որ պատերազմելուն պատրաստ ենք, ապրելուն՝ ոչ:

Մեզ համար կյանքի իմաստը ոչ թե երջանկությունն է, ապագա տեսլականների կառուցումը, այլ կրկին գոյատևելը, փրկվելը, պատերազմական պաթոսի մեջ ընկնելը, հերոսանալը: Այդպիսի տեքստերի տարափ է գալիս մեդիայից ու սոցցանցերից: Այդ տարափը սկսում է ձևավորել զանգվածային հերոսության գաղափար, որովհետև պարզվում է, որ մենք ոգուց բացի, պաշտպանվելու այլ զենք չունենք:

Ամեն գիշեր հետևում եմ լուրերին կարեկցանքով ու ճիշտն ասած՝ ամոթի զգացումով, հատկապես, երբ տեսնում եմ 18 տարեկան երեխաներ կորցրած ընտանիքների ողբը: Ստացվում է, որ մենք ապրում ենք որդեկորույս ընտանիքների հաշվին ու հետն էլ ասում ենք՝ «թուրքերի մաման լացացրինք»:

Յուրաքանչյուրս փորձում է հասկանալ՝ իսկ ում համար և ինչ ենք պաշտպանում: Հազար ու մի մեկնաբանություն ու պատճառներ են տրվում: Բայց հասկանալին միայն այն է, որ մարդիկ զոհվում են սահմանին: Եվ դա ոչ թե զինվորների, այլ բոլորովին ուրիշ տեղ գտնվողների կենաց-մահու պայքարն է:

Հիմա ձևավորվել ու շատ լավ գործում է համայնքային լրատվությունը: Կամավորները ստեղծում են վիրավորների, տուժածների ընտանիքների տվյալների բազա, կազմվում են կարիքների ցանկեր: Եվ դա կրկին անում են ոչ թե պետական կառույցները, այլ համայնքը:

Պարզ դարձավ, որ հասարակությունը մի քանի քայլ առաջ է իշխանություններից:

Զոհված զինվորները Հայաստանի  ամենաանապահով խավի երեխաներն են: Եվ հենց նրանք են առաջնագծում նաև հիմա: Ուրեմն կամ պիտի ընդունենք, որ Հայաստանի բնակչության 99%-ը անապահով է, իսկ ապահով է միայն 1%-ը, որը երբեք առաջնագծում չի հայտնվում:

\"ԳայանեԿամ էլ ընդունենք, որ բանակում ունենք մեծ կոռուպցիա, որի արդյունքում բանակում են հայտնվում նրանք, ովքեր չեն կարող վճարել չծառայելու կամ առաջնագծում չհայտնվելու համար:  

Եվ հետաքրքիրն այն է, որ անապահով խավի դատողություններն ու գնահատականները շատ ավելի բարձր մակարդակի են, քան այսպես կոչված էլիտայի արտաբերած տեքստերը: Կարող ես լսել 14-15 տարեկան երիտասարդների կարծիքներն ու հասկանալ, որ դրանք շատ ավելի գրագետ ու հեռատես են, քան մեր ցանկացած պաշտոնյայի (ընդուպ երկրի նախագահի) հանրային տեքստերը:

Այսինքն, այնպիսի իրավիճակում ենք, երբ հասարակությունն իր գիտակցությամբ շատ ավելի առաջադեմ է, քան իշխանությունները:

Էլիտաների փոփոխություն կարելի՞ է սպասել:

Ներկայիս էլիտան ունի լծակներ ու պատրաստ է ինքնապաշտպանվելով տանել հասարակությունը դեպի կործանում: Դա փողի տրամաբանությունն է:

Եվ այս դիսբալանսը հանգեցնում է նրան, որ դժվար է սպասել փոփոխությունների: Եթե, օրինակ, Եգիպտոսում քիչ կրթված զանգվածները կարող են փոխել իրավիճակը, ապա մեզ մոտ՝ ոչ: Ներքևում գտնվող զանգվածը շատ ավելի ըմբռնող է, քան էլիտան:

Ըմբռնելու կարողությունը ետ է պահում ծայրահեղ քայլերից: Եվ դրանով իսկ հասարակությունն ինքն իրեն ավելի է վտանգում, քանի որ մնում է նույն էլիտայի ճիրաններում: Մեր ընդդիմությունն էլ առաջնորդվում է նույն տրամաբանությամբ, լեզվով ու հեռանկարներով, ինչ իշխանությունները:

Ցավալի է, բայց էլիտայի բերանը կարող ես փակել միայն այն պարագայում, երբ քո սահմանին կրակում են, ու դու՛ ես զինվորին պահում՝ ինքնակազմակերպվելով կայծակնային արագությամբ: Միայն այդ դեպքում ես ազատվում էլիտայի հերթական տափակ տեքստերից:

Պետք է տեղային նառատիվներ ստեղծող, նոր խոսք ասող էլիտաներ ձևավորվեն նաև մեդիա դաշտում: Բայց դա տեղի է ունենում միայն շատ փոքր, նույնպես համայնքային մակարդակով աշխատող հարթակներում: Տեսեք, թե որտեղ է ստեղծվում այլընտրանքային խոսքը՝ Բուն, Ուտոպիանա, որոնք փորձում են իրենք էլ հանրայնացնել այն: Բայց դրանք անհատական, կետային նախաձեռնություններ են:

Արդյունք, շարժ, որոշակի արձագանք լրագրողական հրապարակումները կարծես չեն ունենում:

Կարծում եմ՝ շատ կարևոր է մեդիայի հետևողական աշխատանքը: Ես, օրինակ, շատ շնորհակալ եմ «Ազատություն» ռադիոկայանին, որը Միկոյանի արձանի տեղադրման մասին ամեն օր ռեպորտաժ էր պատրաստում: Եվ այդպես՝ երկու ամիս շարունակ: Այդ նպատակային աշխատանքի արդյունքում մյուս լրատվամիջոցները (նաև հեռուստալիքները, որոնք որոշել էին ընդհանրապես այդ թեման չլուսաբանել) ստիպված եղան մտնել քննարկումների դաշտ: Եվ պաշտոնական կարծիքին զուգահեռ ձևավորվեց նաև հակակարծիք:

Երբ մի թեմայի մասին շատ է խոսվում, այլընտրանքն արդեն ոչ թե լռելն է, այլ խոսելը (թեկուզ հակադիր կարծիք հայտնելով):

Ստացվել էր այնպես, որ իշխանությունները չէին համարձակվում դեմ գնալ Միկոյանի ժառանգների ցանկությանն ու ետ կագնել արձանի տեղադրման գաղափարից: Բայց մեդիան թեման պահեց օրակարգում ու հանրային ալիք բարձրացրեց:

Արդյունքում դիսկուրս փոխեց: Եվ որքան էլ ասենք, որ լրատվամիջոցներն անազատ են, դա այդպես չէ: Հատկապես թվային ու սոցիալական մեդիայի պարագայում հնարավոր է արդյունքի հասնել: Երբ անընդհատ կրկնում ես նույն բանը, ձնագնդի էֆեկտ է ստացվում: Եվ լրագրողների պրոֆեսիոնալիզմից է կախված, թե երբ է թեման աճում ու ընդլայնվում ձնագնդի նման, իսկ երբ շատ կրկնվելով՝ դառնում անընկալելի ու վանող:

Անկեղծ ասած՝ ինձ համար շատ ավելի կարևոր է ոչ թե արդյունքը (արձանից հրաժարումը), այլ այն լեզուն, որը ձևավորվում է խնդիրները բարձրաձայնելիս:

Եթե ես լրագրող լինեի, այսօր, պատերազմի առիթով կվերցնեի մի թեմա ու կներկայացնեի այն երկու տեսակետից. իշխանությունների ու անապահովության եզրին ապրող պարզ մարդկանց: Նրանց տեքստերը կողք-կողքի կդնեի, ու միանգամից հասկանալի կդառնար, թե ում խոսքն է ավելի գրագետ ու արժեքավոր, անկեղծ կամ շինծու, ում ենք կարող վստահել և ում վստահաբար պիտի չհավատանք:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

,


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *