2016.03.30,

Տեսակետ

«Լրագրողական կրթության հիմքը մոտիվացիան է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրությունը, որպես մասնագիտություն, շատ տեղերում է դասավանդվում՝ թե՛ բուհերում, թե՛ ներածության ձևաչափով՝ քոլեջներում ու ավագ դպրոցներում:

Լրագրողների ֆորմալ (բազային) ու գործնական (ստեղծագործ-աշխատանքային) կրթության միաձուլման իր սեփական փորձն ունի Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը: Բուհում գործող «Միջազգային լրագրություն» գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը գտնում է, որ առաջնայինը մեդիա շուկայի հետ կապերի ստեղծումն է:

Եթե չլինեն այդ կապերը, լրագրողի դիպլոմ ստացած շրջանավարտները դժվար կգտնեն աշխատանք ու չեն զգա լրագրողի մասնագիտության հմայքն ու հաճույքը:

Գրեթե բոլոր բուհերում կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ: Դա պահանջվա՞ծ, թե՞ ավելի շուտ՝ հեշտ ուսուցանվող մասնագիտության նշան է:

Այդ ֆակուլտետները բացվեցին լրագրողական բումի ժամանակ. ավելացան լրատվամիջոցները, իսկ մասնագիտությունը դարձավ մի տեսակ թրենդային։ Լրագրությունը համարվում էր ոչ թե հեշտ, այլ ավելի շուտ՝ գրավիչ ու մոդայիկ մասնագիտություն: Երբ հարցնում էինք ուսանողներին, թե ինչու են ընտրել հատկապես այս մասնագիտությունը, շատերը պատասխանում էին, որ ուզում են հեռուստահաղորդավար դառնալ ու էկրանին երևալ: Այդ մոտեցումն էր գերիշխում:

Բացի այդ՝ մեզ մոտ տարօրինակ «դիպլոմամանիա» կա. բոլորը, չգիտես ինչու, մտածում են, որ բարձրագույն կրթություն ստանալը պարտադիր է: Իսկ երբ մարդը պարզապես ուզում է դիպլոմ ստանալ, նա հենց այդպես էլ՝ պարզապես ընտրում է մասնագիտությունը: Դա ընդհանրապես Հայաստանի բարձրագույն կրթության (ոչ միայն լրագրողական) պրոբլեմն է:

Չնայած դրան՝ հիմա ունենք շատ լավ ուսանողներ, որոնք ստեղծագործող են, ոգեշնչված, իսկապես ուզում են լրագրող դառնալ ու գիտեն՝ ինչի համար են եկել բուհ: Գոնե մի քիչ հեռացանք կարծրատիպից:

 

Դիպլոմ ստացած լրագրողը համարվում է ունիվերսալ մասնագետ: Ենթադրվում է, որ նա կարող է գրել և՛ ֆիզիկայի, և՛ արվեստի, և՛ տնտեսության մասին: Իսկ գլխավոր խմբագիրներից շատերը նախընտրում են աշխատել մասնագետների հետ՝ մտածելով, որ եթե իր գործից հասկանում է, գրել կկարողանա:

Այդ հարցը հաճախ ենք քննարկում և վիճում գործընկերների հետ: Ես իմ մոտեցումն ունեմ: Լրագրությունը ձևավորվեց 16-17-րդ դարերում, բայց արդեն 19-րդ դարում հրատարակիչ-խմբագիրները գիտակցեցին, որ իրենց անհրաժեշտ են հատուկ պատրաստություն անցած մասնագետներ։ Այդպես ստեղծվեցին լրագրողական դպրոցները։ Եվ հիմա էլ այդպիսի ֆորմալ կրթությունը անհրաժեշտություն է: Պարզապես մեզ շրջապատող ակտիվ ինֆորմացիոն միջավայրը պահանջում է կրթական նոր մոդելներ և մոտեցումներ, մասնավորապես՝ լրագրողի մասնագիտության համար:

Հաճախ թվում է, որ, ասենք, տնտեսագետը պետք է ուզի դառնալ լրագրող, բայց կարող է լինել և հակառակը. լրագրողը սովորելու ընթացքում ցանկություն կունենա ավելի խորը ուսումնասիրել տնտեսագիտությունը: Դրան այսօր ինչ-որ չափով խանգարում է կրեդիտների կուտակման և փոխանակման ոչ կատարյալ համակարգը։

 

Իրականում մեր կրթական համակարգը շատ է հետ ընկնում: Անգամ դպրոցական տարիքի երեխաների հետ դպրոցը ժամանակակից լեզվով չի խոսում:

Իհարկե, կրթությունը չի հասցնում արագ փոփոխվել։ Կարծում եմ՝ դա նաև կրթության կառավարիչների խնդիրն է։ Բնական է, որ հայաստանյան բուհերը չունեն այն ռեսուրները, որոնք ունեն արևմտյան համալսարանները (պետական կամ դոնոր կազմակերպությունների ու տարբեր հիմնադրամների աջակցություն): Բայց անգամ եղած քիչ ռեսուրսները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել կրթական համակարգում: Եվ քիչ չեն այն մարդիկ, որոնք հասկանում են դա ու կարողանում են անել առավելագույնը։

Կար մի պահ, երբ լրագրողական կրթությունը սարսափելի հետ էր մնում մեդիա ինդուստրիայից: Տեխնոլոգիաները զարգացել էին, կար ինտերնետը, հայտնվել էր լրագրողական նոր տեխնիկա, իսկ բուհերում ու դպրոցներում դրանց մասին խոսք չկար: Անգամ համակարգիչներ չկային։

Եղած այդ բաժանումը հաղթահարելու միջոցներից մեկը մեզ համար կրթական գործընթացում պրակտիկ մասնագետների ներգրավումն է։

 

Երբեմն ֆորմալ կրթությունը դառնում է բառիս բուն իմաստով ֆորմալ, այսինքն՝ ձևական:

Համաձայն չեմ: Այո, ֆորմալ կրթությանը հաճախ դժվար է հետևել մեդիա զարգացումներին մի պարզ պատճառով. բուհը չունի ֆինանսական ու տեխնիկական բավարար միջոցներ: Յուրաքանչյուր մասնագիտություն ունի որոշակի ընդհանուր ստանդարտներ, բայց ամեն բուհ ինքն է ստեղծում իր կրթական ծրագրերը, ինչը նաև մրցակցություն է ապահովում։ Այսօր մենք փորձում ենք միավորել մեդիա ոլորտի տեսությունը և պրակտիկան և ծրագրերը կառուցել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները։

Վստահ եմ՝ որքան էլ շեշտը դնենք պրակտիկ հմտությունների վրա, ուսանողներին պետք են զանգվածային հաղորդակցման, մեդիա համակարգի կառուցվածքի, ինչպես նաև տարբեր ոլորտների մասին համակարգված և ֆունդամենտալ գիտելիքներ։

Մեր բուհն, օրինակ, ունի նաև մեկ այլ առանձնահատկություն՝ լրագրողներն անպայման տիրապետում են երկու օտար լեզուների, ինչը աշխատաշուկայում առավելություն է:

Բացի այդ՝ նախկինում մեր համալսարանում ընդունվում էին Միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ ու զուգահեռ ստանում լրագրողի ու լեզվաբանի մասնագիտություններ: Իսկ հիմա լրագրությունն արդեն ոչ թե մասնագիտացում, այլ մասնագիտություն դարձավ: Ավելացան դասաժամերը, ինչը հնարավորություն կտա խորացված և ոլորտային ուսուցում ապահովել:

Տատյանա Հովհաննիսյան

Կրթությունը միշտ երկու կարևոր խնդիրների առջև է կանգնում՝ ի՞նչ սովորեցնել և ինչպե՞ս սովորեցնել: Այդ «ինչը» անընդհատ փոխվում է և կրթական ստանդարտները չպիտի արգելակեն փոփոխությունները, «ինչպես»-ը մեթոդիկան է, որն ամեն համալսարան ինքն է ընտրում:

Բայց կա նաև երրորդ կետը. հանուն ինչի՞ սովորեցնել:

Մեր մեդիա շուկան նման չէ դասական արևմտյան երկրների մոդելին, որտեղ մեդիա արտադրության սկզբունքները և պահանջներն այլ են: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մեդիա շուկային պե՞տք են որակյալ ու սկզբունքային մասնագետներ, որոնք մեծ գիտելիքների ու կարողությունների պաշար ունեն:

Մյուս հարցն է՝ ովքե՞ր և ինչու՞ են ուզում լրագրողական կրթություն ստանալ։

Պարզապես ֆորմալ կրթությունը մոտիվացված մարդկանց կարիք ունի:

 

Շատ են քննադատում լրագրողներին՝ ասելով՝ մակերեսային են, կիսագրագետ: Դա էլ, թերևս, այսօրվա թրենդն է: Կարծես մնացած մասնագետները (մենեջերները կամ երգիչները) ավելի խորն ու գիտակ են:

Բոլոր ոլորտներում էլ կան լավ և վատ մասնագետներ։ Միգուցե լրագրողների թերություններն ավելի տեսանելի են, քանի որ այսօր ինֆորմացիա սպառում են բոլորը։ Որակյալ տեղեկատվությունն իր ծավալներով միշտ էլ զիջել է զանգվածային (անորակ) տեղեկատվությանը։ Եվ պետք է ասել, որ մենք ունենք նաև գրագետ մեդիա սպառողի խնդիր։ Ամեն դեպքում, գլխավոր խմբագիրների կողմից դժգոհություններն այսօր ավելի քիչ են:

 

Իսկ կա՞ վիճակագրություն, թե շրջանավարտներից քանիսն են հետագայում աշխատում որպես լրագրող:

Մեր շրջանավարտներից շատերն աշխատանքի են անցնում հենց մեր կենտրոնի օգնությամբ։ Մենք կապ ենք պահպանում ինչպես նրանց, այնպես էլ տարբեր խմբագրությունների հետ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ուսանողներն աշխատանքի առաջարկ ստացել են խմբագրություններից, որտեղ անցել են պրակտիկա։ Այժմ աշխատում ենք վիճակագրական բազա ստեղծել։

 

Երազանքները փշրվում են երբ գործի են անցնում արագ ռեժիմով աշխատող լրատվամիջոցներում ու գլխավոր խմբագիրների հրամանները կատարում:

Դրա համար մենք առավելագույնս օգտագործում ենք կրթական պրոցեսի արտադրական պրակտիկայի հնարավորությունները։ Մենք ուսանողներին ուղարկում ենք լրատվամիջոցներ՝ պայմանավորվելով խմբագիրների հետ, որ ուսանողները ոչ թե պարզապես գնան ու նստեն խմբագրություններում, այլ աշխատեն իրական մեդիայի ռեժիմով: Մի կողմի մոտիվացիան սովորելն է, իսկ մյուսի՝ սեփական կադրեր պատրաստելը: Ի վերջո, հենց ուսանողներն են դառնալու լրատվամիջոցների նոր կադրերը:

 

Գիտելիք փոխանցելու, հետո այդ գիտելիքը ստուգելու մեխանիզմները կրթության փորձնաքարն են: Դասագրքերից անգիր անելու պահանջ, թելադրություններ և սեփական կարծիքը ընդունվածին միշտ ստորադասելու պարտադրանք…

Իդելական կլինի, եթե համալսարաններն իրենց սեփական մեդիաներն ունենան ու դառնան այն հարթակները, որտեղ գաղափարներ կխմորվեն: Օրինակ՝ 1908 թվականին հիմնված Միսսուրիի համալսարանի լրագրողական դպրոցն ունի բոլոր տեսակի մեդիաներ՝ ռադիո, թերթ, հեռուստատեսություն, գովազդի ու PR գործակալություններ: Այդ բոլոր օղակները ոչ միայն լաբորատորիա են, այլև աշխատատեղեր: Ուսանողները ստեղծում են իրական մեդիա արտադրանք, իսկ դպրոցն ապրում է մեդիայի ռիթմով:

Բայց լինենք իրատես. Հայաստանում նման համալսարաններ կամ դրանց աջակցող հիմնադրամներ քիչ կան: Իսկ մեր դասախոսներին ես բարեգործներ եմ համարում:

Իմ ցանկությունն այնպիսի կրթական մոդել ստեղծելն է, որը կրթական ծրագրերը կկապի իրական մեդիա հարթակներին։ Դա կօգնի ուսանողներին շատ արագ ներգրավվել պրակտիկ ոլորտում։

Որքան էլ լավը լինի համալսարանը, միևնույն է, միայնակ չի կարող հասցնել տեղեկատվական և տեխնոլոգիական փոփոխությունների հետևից։ Լավագույն տարբերակը խմբագրությունների հետ համատեղ կիրառական նախագծեր ստեղծելն է:

Իհարկե, դաշտը միայն կրթությամբ չի փոխվի, բայց այն գոնե կնպաստի շարժին: Վստահ եմ՝ եթե մարդը կրթված ու պատրաստված է, նա կգտնի այն ուղիները, որոնք թեկուզ փոքր, բայց փոփոխություններ կբերեն մեդիա դաշտ:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *