Իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանը երկու հիմնական հետաքրքրություն ունի՝ իսլամական աշխարհն ու կանանց իրավունքները: Նա ԵՊՀ-ում գործող «Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների» կենտրոնում է աշխատում, դասավանդում ու ուսումնասիրություններ է կատարում:
Արիզոնայի պետական համալսարանի կանանց եւ գենդերային գիտությունների ծրագրում սովորելուց հետո Աննան փորձում է հանրային ուշադրությունը սեւեռել կանանց եւ տղամարդկանց մասին ստեղծված կարծրատիպերի վրա:
Ընդհանրապես կրոնն ու կանանց իրավունքներն այն հարցերն են, որոնք ամենից բարդ դիսկուրսն են առաջ քաշում, քանի որ ավանդույթների պահպանման ու ազատականացման ընկալման եզրագծում են: Աննայի դիտարկմամբ՝ «գենդեր» բառը պոզավոր-պոչավոր իմաստ ստացավ ու այլասերվածության հոմանիշ դարձավ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո եւ այժմ բացասական նշանակությամբ է կիրառվում:
Բոլորս էլ մեր կյանքում տարբեր դերեր ենք կատարում ու տարբեր դիմակներ փորձարկում, եւ հենց այդ դերերի մշակութային ու սոցիալական շերտերն էլ թույլ են տալիս խոսել ներդաշնակ հասարակության մասին: Աննա Դավթյան-Գեւորգյանը պնդում է՝ ֆեմինիզմը ոչ այլ ինչ է, քան հավասարության քարոզ: Եվ եթե կարծրատիպեր կան առօրյա կյանքում, ապա դրանք, դրվելով շրջանառության մեջ մեդիա դաշտում, միայն խորանալու են:
Կանանց մասին բավականին կարծրատիպային պատկերացումներ կան: Ինչպե՞ս են դրանք դրսեւորվում մեդիայում:
Խտրականությունը երկու շերտով կարելի է չափել: Առաջինը զուտ քանակական չափանիշն է (մեդիան կանանց ավելի քիչ է անդրադառնում): Եվ երկրորդը՝ որակական (ինչ տեսանկյունից է անդրադառնում): Հիմա, իհարկե, կանանց մասին ավելի շատ է խոսվում: Մի քանի տարի առաջ կատարված հետազոտությունը փաստում է, որ կանաց կերպարները մեդիայում շատացել են, եւ դանդաղորեն այդ բացը լրացվում է:
Դա տեղի ունեցավ նաեւ կանանց իրավունքների հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների թվի աճի շնորհիվ: Այժմ տարբեր ոլորտներում մասնագետներ հրավիրելիս փորձ է արվում պահպանել սեռերի հավասարակշռությունը:
Բայց ինձ ավելի շատ մտահոգում է, թե ինչպես ենք մենք այսօր անդրադառնում կանանց: Ասենք՝ շատ տարօրինակ են լուսաբանվում ֆեմինիստական ակցիաները: Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք ուզում են լինել օբյեկտիվ, միեւնույն է, շատ սեքսիստական լեզու են օգտագործում: Օրինակ՝ երբ դեկտեմբերին կանանց նկատմամբ բռնությունների դեմ ակցիաներ էին անցկացվում, հիշատակվեց նաեւ, որ բռնության ենթարկված կանայք հիմա ավելի շատ են դիմում ոստիկանություն, եւ այդպիսով կոտրվում է լուռ դիմանալու ավանդույթը:
Այդ ակցիայի մասին շատ ամբողջական ու փաստերը ճիշտ ներկայացնող հոդված հրապարակվեց, որը, սակայն, այսպիսի վերնագիր ուներ. «Հայ կանայք կորցրել են
| «Սերիալի տղամարդ հերոսները կոպիտ վարքագծի կրողներն են, եւ շատ երեխաների մոտ առաջանում է պատրանք, որ լավը լինելու համար հարկավոր է իշխել» |
իրենց «ամոթը»»: Ստացվեց, որ լրագրողական ողջ նյութը բացասական իմաստ ստացավ հենց վերնագրի պատճառով:
Կանանց խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը բացասական լույսի ներքո ներկայացնում է նաեւ ֆոտոլրագրությունը: Եվ երբ ասվում է, որ կանայք կորցրել են ամոթը, ու դա ուղեկցվում է խղճահարության արժանի փոքր երեխայի լուսանկարով, հակասությունն ավելի է խորանում:
Մեդիայի լեզուն ոչ միայն արտացոլում, այլեւ վերարտադրում է կարծրատիպերը:
Եվ ստացվում է, որ բռնության ենթարկված ու իրենց իրավունքները պաշտպանող կանայք կա՛մ արտակարգ, սկանդալային լուրերի հերոսներ են դառնում, կա՛մ էլ ոչ կարեւոր, իմիջիայլոց արված անդրադարձի արժանանում:
Զարմանալի է, բայց Հայաստանի լրագրողների գրեթե 80%-ը կին է: Գոնե այդ ոլորտում խտրականություն կա հենց տղամարդկանց նկատմամբ:
Վերջերս պրոֆեսիոնալ, հարգված լրագրողներից մեկն (ով տղամարդ է) ասաց, որ իր ղեկավարած մեդիա կազմակերպությունում սեռական խտրականություն չկա, եւ ինքը նախընտրում է աշխատել հենց կին լրագրողների հետ: Բայց զարմանալին նրա հիմնավորումն էր. «Տղամարդ լրագրողների էգոն հաճախ բախվում է իմ էգոյի հետ, եւ նրանք իմ առաջադրանքները չեն կատարում: Այդ պատճառով էլ կանանց եմ աշխատանքի ընդունում»: Փաստորեն այդ խոսքերից պարզ դարձավ, որ կանայք էգո չունեն, մեծ մասամբ հնազանդ ու ենթարկվող են եւ հետեւաբար իրենց գործը լավ են կատարում:
Կանանց մասին ձեւավորվել է մի կաղապարային ակնկալիք (հեզ, անկոնֆլիկտ), եւ հետո շատ կանայք փորձում են այդ կաղապարի մեջ մնալ՝ իրենց կանացիությունը չկորցնելու համար: Եթե այդ կաղապարը ջարդվի, կասեն՝ քեզ տղամարդավարի ես պահում:
Իհարկե, բոլորս սուբյեկտիվ ենք, բայց, ի վերջո, մեր հանրապետությունը հռչակագիր է ընդունել, որի համաձայն՝ բոլոր տեսակի գենդերային խտրականությունները պետք է վերացվեն: Իսկ դա նշանակում է, որ այդ վերացումը արժեք է, որին չհետեւելը իրավունքների ոտնահարում է:
Դուք սերիալներում առնականության ու բռնությունների դրսեւորումների ուսումնասիրության համահեղինակն եք: Կարելի՞ է ասել, որ անգործ կնոջ կերպար է քարոզվում, քանի որ սերիալներում հիմնականում տեսնում ենք ինֆանտիլ՝ աշխատանքի չշտապող ու բազմոցին պառկած՝ եղունգները հարդարող կանանց:
Ցավոք, մեր սերիալներում հիմնականում ագրեսիվ առնակության դրսեւորումների ենք հանդիպում: Եվ որպեսզի այդ առնականությունն ավելի ցայտուն երեւա, տղամարդու կողքին անզոր, անկարող, ոչինչ չանող, տանը նստած կանայք են պատկերվում: Երեկոյան ամուսինը տուն է գալիս, ու տեղի է ունենում հերթական բռնության տեսարանը: Սեռերի հարաբերությունների ողջ իմաստը այդ համատեքստում է ներկայացվում:
Եվ մտահոգիչն այն է, որ կանանց նկատմամբ բռնությունը ցուցադրվում է որպես առնականության բաղկացուցիչ: Այդ հակումով են պատկերված ոչ միայն բացասական, այլեւ դրական կերպարները:
Աննա Դավթյան-Գեւորգյան
Մեր մշտադիտարկած սերիալներից՝ «Հարազատ թշնամի» («Արմենիա»), «Անցյալի ստվերները» («Շանթ»), միայն «911» («Առաջին ալիք») սերիալն էր բացառություն: Իսկ առաջին երկուսում աշխատող կամ գոնե ինքնադրսեւորման հնարավորություն ունեցող կնոջ կերպարներ չկային:
Երկրորդ ցավալի արդյունքը ընտանիքում տեղի ունեցող բռնությունների ընկալումն էր: Օրինակ՝ սերիալներից մեկում բռնության ենթարկված ու ընտանիքից հեռացած կնոջը գրեթե բոլոր կերպարները համոզում էին՝ դե, ոչինչ, որ ամուսինդ ծեծել է քեզ, ավելի լավ է հաշտվի՛ր, դիմացի՛ր, ու՞մ հետ նման բան չի պատահում:
Մենք նաեւ զուգահեռ հետազոտություն էինք արել հանդիսատեսի շրջանում, եւ բոլոր հարցվողները այդ իրավիճակը բռնություն չէին համարել:
Իսկ տղամարդիկ սերիալներում բռնության չե՞ն ենթարկվում:
Պարտադիր չէ, որ բռնությունը ծեծով արտահայտվի: Տղամարդկանց հանդեպ հիմնականում կիրառվում է հոգեբանական բռնությունը: «911» սերիալում, օրինակ, փրկարարին, որը չնչին աշխատավարձ էր ստանում, կինն անընդհատ կշտամբում էր գումարի պակասի ու ընտանիքի կարիքները հոգալ չկարողանալու համար: Տղամարդը ընկալվում էր որպես դրամապանակ, եւ երբ դրամապանակը դատարկ է, այլեւս պիտանի չէ:
«911» սերիալում լուծում էր գտնվել. փրկարարը հերոսական արարք է գործում, եւ կինը սկսում է գնահատել նրան: Բայց սա էլ հետաքրքիր դիտարկման առիթ է. փաստորեն կինը իր ամուսնուն արժեւորում է ուրիշների աչքերով, այն պահին, երբ նրան ծափահարում է հասարակությունը:
Սերիալների գաղափարների խմորման ընթացքում մասնակցելու փորձեր եղե՞լ են:
Ցանկություն է եղել: Փաստ է, որ սերիալները բարձր վարկանիշ ունեն եւ դիտվում են նաեւ համացանցում: Սերիալն այն հեռուստաժանրն է, որի միջոցով կարելի է սոցիալական ուղերձներ փոխանցել հասարակությանը: Սերիալը թերագնահատել պետք չէ, ավելի լավ է այն գաղափարներ տարածող գործիք դարձնել:
Ռուսական սերիալներում, օրինակ, հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչների՝ զինվորների, ոստիկանների, լրտեսների քարոզ է արվում: Իսկ մեզ մոտ ի՞նչ «տղամարդկային» մասնագիտություններ են գերակշռում:
«911»-ի սերիալի հեղինակն, օրինակ, պատմում էր, որ ժամանակակից տղամարդ-հերոսի կերպար ստեղծելու նպատակ ունեին: Եվ քանի որ ոստիկանը համոզիչ կերպար չէր, իրենք ընտրեցին փրկարարին: Ընդհանրապես վերջին 10 տարում նկարահանված մեր ամենահայտնի սերիալների հերոսները կա՛մ ոստկաններ են, կա՛մ օրենքով գողեր: Այսինքն՝ հստակ հիերարխիա ունեցող ու ֆիզիկական ուժը գործի դնող տղամարդիկ են:
| «Մեր սերիալներում հիմնականում ագրեսիվ առնակության դրսեւորումների ենք հանդիպում: Եվ որպեսզի այդ առնականությունն ավելի ցայտուն երեւա, տղամարդու կողքին անզոր, անկարող, ոչինչ չանող, տանը նստած կանայք են պատկերվում» |
Ասենք՝ երաժիշտների մասին պատմող սերիալում ուղղահայաց հիերարխիա դժվար է ցույց տալ, քանի որ դա հորիզոնական զարգացող պատմություն է: Իսկ կռված, կռվող, փրկող ու գողական աշխարհը ներկայացնող տղամարդկանց դեպքում հնարավոր է: Ի դեպ, հաճախ նրանց միջեւ եղած սահմանն այնքան հեղհեղուկ է, որ չի էլ զգացվում:
Մեդիան հուշում է, որ տղաները պիտի կոպիտ լինեն: Սերիալի հերոսները կոպիտ վարքագծի կրողներն են, եւ շատ երեխաների մոտ առաջանում է պատրանք, որ լավը լինելու համար հարկավոր է իշխել:
Գովազդում կանանց կերպարները հայտնվում են հիմնականում որպես օժանդակող: Օգնում են այս կամ այն իրի կամ ծառայության առաջխաղացմանը:
Այո, օգնող, լրացնող են… Դա կոչվում է մարդու առարկայացում: Կինը միայն մարմին է դառնում, գովազդի նյութ, որի օգնությամբ գովազդվում է բացարձակապես ամեն ինչ: Փողոցային գովազդային պաստառներում էլ է դա նկատվում, կնոջ մերկ մարմնի միջոցով անգամ ֆուտբոլի առաջնությունն էին գովազդում:
Իսկ երբ, օրինակ, կնոջ մասին լուր են պատրաստում, առաջնային է դառնում ոչ թե նրա ինտելեկտը, ոգին ու մտածելակերպը, այլ մարմինը: Բռնաբարված, վաճառված կամ գեղեցիկ ու գայթակղիչ մարմինը: Գովազդում տղամարդիկ մտածող, ակտիվ, նախաձեռնող ու գործող են, իսկ կանայք ընդամենը դեկորացիա են (սկզբից նայում ես, հետո ուշադրություն դարձնում, թե ինչ է գովազդվում):
Նյուզմեյքեր կանայք՝ պատգամավորները, նախարարները ունակ չե՞ն փոխել կարծրատիպերը:
Խնդիրն այն է, որ հիմնականում հենց հայրիշխանական (այրակենտրոն) արժեքները կարեւորող ու տերմինաբանություն օգտագործող կանայք են հայտնվում քաղաքականության մեջ: Նրանք այնպիսին են, ինչպիսին իրենց ուզում է տեսնել տղամարդը: Եվ ստացվում է, որ կինը միայն տղամարդու աջակցությամբ է հայտնվում քաղաքական դաշտում:
Սփյուռքի նախարարն, օրինակ ասել է, որ իր ծնողներն ավելի շատ սիրում ու գնահատում էին իր եղբորը՝ բավարարելով նրա բոլոր ցանկությունները: Նախարարի կարծիքով՝ դա բնական է, քանի որ այդպես է ընդունված ավանդական ընտանիքներում: Իսկ եղբայրը քրոջը երբեմն ծեծել է, մազերից քաշել:
Հերմինե Նաղդալյանն ասում է, որ պատգամավորական աշխատանքն իր համար ամուսնության նման է՝ երկու անգամ կրճատվում են իրավունքներդ եւ երկու անգամ ավելանում պարտականությունները: Հետաքրքիր է, նույնը կասե՞ր տղամարդ պատգամավորը:
Կնոջ մոտ ցանկություն է առաջանում քաղաքականության մեջ մտնել, երբ հաջողակ կանանց կերպարներ են ցուցադրվում մեդիայում: Սոցիոլոգները պնդում են, որ մարդու ընտրության վրա առաջին հերթին ազդում են դրական կերպարները: Պիտի տեսնես՝ ինչպիսին կարող ես լինել, որպեսզի ձգտես դառնալ:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի