2014.12.09,

Տեսակետ

«Լրագրողները գրում են ամեն ինչի մասին, լուսաբանում ցանկացած ոլորտ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում, քանի որ հետաքրքիր զրուցակից է, ում թիկունքում ակտիվ քաղաքական ու պատգամավորական անցյալ է:

Մեր ունեցած ինտերնետային լրատվամիջոցների հսկայական քանակն ու ինֆորմացիան փոխանցելու տարաբնույթ խողովակները մեդիա դաշտը դարձրել են բազմազան եւ միաժամանակ՝ անորակ:  Տեղեկատվական հեղեղ ստեղծող շատ մեդիա հարթակներ իրականում ընդամենը քարոզչական գործիքներ են: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ հասունացել է ավելի լուրջ լրատվական պահանջարկ ստեղծելու պահը: Ըստ նրա՝ լրատվական քաոսից դուրս գալու նախադրյալները կան: Մնում է փոխել արժեքների հիերարխիան:

Ձեր կարծիքով՝ մեդիան առցանց տիրույթ տեղափոխվելով ինչպիսի՞ նոր հատկություններ ձեռք բերեց:

Անկեղծ ասած՝ ինքս էլ չէի սպասում, որ համացանցի բերած ազատությունը նոր մեդիա քարոզչամիջոցների սկիզբ կդնի: Հետաքրքիր ֆենոմեն է. լրատվամիջոցների մրցակցություն, բազմազանություն ունենք, բայց տեղեկատվության որակը չափազանց տխուր է: Ամենավատ երազում օրինակ, չէի պատկերացնի, որ առանց ամաչելու միայն ֆեյսբուքյան ստատուսները (անգամ իմիջիայլոց արված գրառումները) օգտագործող լրատվամիջոց կարող է ունենանք:

Ցավոք, ինտերնետի լայն հնարավորությունները չհանգեցրին մասնագիտացված լրագրության զարգացմանը: Չէի ուզենա մեղադրել լրագրողներին, բայց լրագրողական նյութերի որակը շատ է տուժում նրանց ոչ գիտակ լինելու պատճառով:

Ժամանակին լրագրողական լուրջ կազմակերպություններ երազում էին ու աշխատանք տանում տարբեր ոլորտների (քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն) լրագրողներ

Հեռուստատեսությունը շարունակում է հզոր ուժ լինել, քանի որ մարդն իր էությամբ ծույլ էակ է

ձեւավերել: Այս պահի դրությամբ՝ այդ բոլոր ցանկությունները վտանգված են, քանի որ մեդիա դաշտում ձեւավորվել է անհասկանալի լրահոսի խառնուրդ, որտեղ յուրաքանչյուր լրագրող գրում է ամեն ինչի մասին եւ լուսաբանում ցանկացած ոլորտ:

Արդյունքում՝ ավելացել է քաոսը: Այն աստիճանի բազմազանություն է առաջարկվում, որ մարդը պարզապես կորում է տեղեկատվության մեջ: Թվում է, որ ընտրության հնարավորությունները շատ են, բայց այդ առաջարկվող բազմազանությունը հոգնեցնող է, քանի որ բացակայում են դասավորող առանցքները, պրոֆեսիոնալ չափանիշները:

Իսկ այդ քաոսը հախուռն է առաջացե՞լ թե՞ որոշ չափով նաեւ ծրագրավորված էր:

Իհարկե, դա պլանավորված էր: Մեդիան այն դաշտը չէ, որն ունակ էր ինքնուրույն ճանապարհով զարգանալ: Այն ամենն, ինչը վերաբերում է հասարակական կարծիքի ձեւավորմանը, շատ կարեւոր է քաղաքականության համար (թե՛ գլոբալ, թե՛ ազգային մասշտաբով), իսկ քաղաքականություն իրականացնողը հաստատ թույլ չեն տա, որ մեդիա դաշտը հախուռն զարգանա: Հետեւաբար, այն, ինչը տեղի է ունենում, բնական է:

Չեմ ուզում ասել, որ դավադրությունների տեսության համաձայն՝ ԱՄՆ նման գերտերությունները փորձում են կառավարել մեզ մեդիայի միջոցով: Բայց յուրաքանչյուր իշխանություն միշտ ցանկանում է անել այնպես, որ տեղեկատվական հոսքերը, հասարակական կարծիքի ձեւավորումը հարյուր տոկոսով իրենց վերահսկողությունից դուրս չգան:

Եվ պատահական չէ, որ օրինակ Սերժ Սարգսյանի փեսան ակտիվորեն ներխուժել է մեդիա ոլորտ (թեւե, ոչ դե յուռե): Մեզ մոտ դա արվում է մի քանի հեռուստաընկերությունների, ռադիոալիքների, եւ բազմապիսի կայքերի միջոցով:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հեռուստատեսությունը շարունակում մնալ ամենա դիտվող լրատվամիջոցը:

Հեռուստատեսությունը շարունակում է հզոր ուժ լինել, քանի որ մարդն իր էությամբ ծույլ է: Հեռուստատեսությունը նրա տուն է մտնում եւ հնարավորություն տալիս բազմոցին նստած, ընդամենը մի կոճակ սեղմելով՝ պատկերավոր կադրեր ստանալ: Հեռուստադիտողը ջանք չի թափում ինտերնետում ինֆորմացիա փնտրելու, աչքերը կուրացնելով՝ տարբեր հոդվածներ կարդալու համար, նա ստանում է այդ ամենը հեշտ տարբերակով ու գեղեցիկ փաթեթավորված:

Այդ պատճառով էլ հեռուստատեսությունն անփոխարինելի է:

Դուք հաճախ եք հայտնվում հեռուստաէկրանին եւ այլ լրատվամիջոցների լրահոսում: Կարծես այն ցանկալի մեդիա պերսոնան եք, որի ներկայությունը ընդգծում է տարբեր կարծիքների առկայությունը:

Այո, ես դա զգում եմ: Ինչպես նաեւ այն, որ ոչ բոլոր պահերին եմ ցանկալի: Վերջին շրջանում հրավիրում են հատկապես իմ հետաքննական հրապարակումների կապակցությամբ: Ցավոք, իմ բարձրացրած խնդիրներով զբաղվողները քիչ են: Ընդհանրապես պրոբլեմների մասին խոսող մարդիկ Հայաստանում շատ չեն: Դա զարմանալի է:

Մի քանի լրատվամիջոց ի վիճակի են դաշտն իրենց հետեւից տանել ու թելադրող դառնալ

Ստացվում է, որ եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ լրագրողները զրուցակից գտնելու, մեկնաբանություն ստանալու սով են զգում: Հետեւաբար նրանք նաեւ ստիպված են դիմում այն մարդկանց, ում մեկնաբանությունը բազմակարծություն կստեղծի: Ի վերջո, լրագրողական նյութը կառուցման կանոններ ունի ու չի կարող միակողմանի լինել:

Շատ լրագրողներ տրտնջում են, որ խոսող, կարծիք հայտնող ու իրենց կարծիքը հիմնավորող մարդիկ գրեթե չկան: Իշխանության ներկայացուցիչների հեռախոսները որպես կանոն լռում են:

Իսկ մեծ մասը գրագետ խոսել չգիտի:

Դա էլ իր հերթին: Ընդհանրապես յուրաքանչյուր ոլորտ ներխուժել են միջակությունները: Քաղաքականություն ու լրագրությունը բացառություն չեն:

Իհարկե, բոլոր ոլորտներում էլ կան մարդիկ, որոնք գնահատում են պրոֆեսիոնալիզմը կամ ում պետք է պրոֆեսիոնալիզմը:

Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ փոփոխությունների արդյունքում կարելի է ավելի որակյալ լրատվություն ստանալ:

Փոփոխությունները տեղի կունենան այն դեպքում, երբ վերաիմաստավորվի արժեքների հիերարխիան: Եթե ասենք, իշխանության դաշտում ամենամեծ աղբյուրը դառնա գիտելիքը, այլ ոչ թե փողը կամ ծանոթությունները: Երբ քաղաքականության հիմքը լինի տեղեկացվածությունը, արհեստավարժությունը, հմտությունները: Իսկ լրատվական դաշտում լրագրողի ունեցած իշխանությունը համարվի ոչ թե մանիպուլյացիա անելու, այլ տեղեկատվություն հայթայթելու եւ այն օպերատիվ ու ճշգրիտ մատուցելու կարողությունը:

Այսօր Հայաստանի բոլոր դաշտերում էլ արժեքների փոփոխության խնդիր կա: Հենց այնպես, պարզապես օդից այդ փոփոխությունները չեն հայտնվի:

Վստահ եմ, որ իրավիճակն անհույս չէ: Մի քանի լրատվամիջոց ի վիճակի են դաշտն իրենց հետեւից տանել ու թելադրող դառնալ: Եթե այս անհասկանալի  բազմազանության պայմաններում այսուամենայնիվ մի քանի լրատվամիջոցներ կարողանան պրոֆեսիոնալ առանցքներ դառնալ, մյուսները ստիված դիրքավորվելու են՝ փորձելով ձգվել ու բարձրացնել իրենց աշխատանքի մակարդակը:

Լրատվամիջոցների մեծամասնությունն արդեն ձեւավորել է պահանջարկը (Քիմ Քարդաշյան, Անժելա Սարգսյան եւ այլն) եւ հիմա ընդամենը սպասարկում է այդ պահանջարկը: Պետք է նոր պահանջարկ ձեւավորել: Այդ դեպքում դեղին լուրերը կմղվեն մեդիա դաշտի ոչ շատ մեծ հատված, իսկ մյուս հատվածը կտնօրինվի ավելի լուրջ լրատվական հարթակներով:

Համենայնդեպս, մեդիան հիմա բաց դաշտ է: Այն ոչ մի կերպ չի կարելի համեմատել տասը տարի առաջ մեր ունեցածի հետ, երբ շատ բան խոչընդոտվում էր, իսկ գրելը վտանգավոր էր (հիշեք, թե քանի լրագրող է ծեծի ենթարկվել):

Հուսով եմ, որ հիմա դեռ վաղ ազատության փուլն է, եւ հետո ավելի բարձր որակի մեդիա դաշտ կունենանք:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *