2014.06.03,

Տեսակետ

«Ցավալի է, որ լրագրողների լյուստրացիա այդպես էլ տեղի չունեցավ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՅանուկովիչԼիքս կայքը, որը ստեղծվեց այս տարվա փետրվարին` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շքեղ առանձնատան տարածքում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը հրապարակելու նպատակով,  լրագրողական լուրջ ձեռքբերում էր:

Ջրավազանից դուրս հանած և նախագահի հապճեպ փախուստի շնորհիվ չոչնչացված փաստաթղթերը բազմաթիվ հոդվածների ու հետաքննությունների սկիզբ դրեցին: Իսկ այն լրագրողները, որոնց հաջողվեց փրկել պետության կառավարմանն ու բյուջեի մսխմանը առնչվող փաստերը, իսկական քաղաքացիական սխրանք գործեցին: Նրանք երկու շաբաթ շարունակ սուզալողորդների օգնությամբ ջրից դուրս էին հանում թղթերը, չորացնում, դասակարգում ու նաև փորձում դիմակայել դրանց առգրավմանը:

Եվ ստացվեց այնպես, որ մի քանի լրագրող լրացրեցին իրենց պետության նորագույն պատմության բաց ու բավականին տգեղ էջերը: Լրագրողները որոշում ընդունեցին համագործակցել տարբեր լրատվական հարթակների ու հասարակական կազմակերպությունների հետ` նախևառաջ փորձելով փրկել 200 թղթապանակ փաստաթղթերը և հատվածաբար տեղադրել դրանք կայքում: Այդ լրագրողներից էր Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության հետազոտման կենտրոնի (OCCRP) և KyivPost պարբերականի լրագրող Վլադ Լավրովը:

Երևանում անցակցված Բարքեմփի ժամանակ նա պատմեց կայքի ստեղծման, իրենց աշխատանքի ու լրատվական դաշտում ծավալվող ինֆորմացիոն պատերազմների մասին:

Յանուկովիչի գաղտնի փաստաթղթերի հավաքագրումն ու ուսումնասիրությունն արել են բացառապես լրագրողները: Ինչպե՞ս ստացվեց, որ կարողացաք դիմադրել Դատախազության պահանջին ու փաստաթղթերը ոչ թե հանձնեցիք այդ գերատեսչությանը, այլ հասանելի դարձրիք բոլորի համար:

Իրավիճակը շատ լարված էր, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչ է մեզ սպասում: Այն ակտիվիստները, որոնք հսկում էին Յանուկովիչի կալվածքը, մեզ ասացին. «Դիմացե՛ք որքան հնարավոր է, մենք կփորձենք միջազգային կազմակերպությունների հետ կապ հաստատելով մի քանի օր շահել»: Իրականում ես այդպես էլ չիմացա՝ դատախազության վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Ավելի հավանական է, որ չի եղել:

Հասկանում եք, Եվրամայդանից հետո իրավիճակը Ուկրաինայում լրջորեն փոխվեց, անասելի մեծացավ հանրության աջակցությունը: Եվ մենք`այն 4-5 լրագրողներս, ովքեր գտել էին խորտակմանը ենթակա փաստաթղթերը, բառիս բուն իմաստով մի քանի օր շրջափակված վիճակում ենք ապրել: Այն վայրում, որտեղ չորացնում, ուսումնասիրում ու սքանավորում էինք փաստաթղթերը, անգամ ինտերնետ չկար: 

Միգուցե ավելի ռացիոնալ բացատրությունն այն է, որ դատախազությունը պարզապես գլուխ չէր ուզում դնել: Թաց փաստաթղթերը մի ողջ սենյակ էին զբաղեցնում (մոտ 200 թղթղապանակ), դրանք չորացնելն անգամ տհաճ ու տանջալի գործ էր: Մեզ ասացին. «Դե դուք աշխատեք, իսկ մենք փաստաթղթերն ավելի ուշ փոքր չափաբաժիններով կտանենք»: Իրենց այդպես ավելի հարմար էր, քանի որ միայն տեղափոխելու համար բեռնատար մեքենա էր հարկավոր:

Պայմանավորվեցինք, որ փաստաթղթերը սկզբում մենք կվերականգնենք, կթվանշայնացնենք, հետո կհանձնենք իրենց: Մեզ օգնող կամավորների շարքում էին նաև պետական արխիվի աշխատակիցները, իսկ դատախազությունում այդպիսի մասնագետներ չկան:

Ի վերջո, երկու շաբաթ տևած աշխատանքից հետո գլխավոր դատախազը պաշտոնապես ասաց, որ իրենք բոլոր փաստաթղթերը ստացել են, և շնորհակալություն հայտնեց լրագրողներին օգնության համար:

Եթե նման դեպք մեզ մոտ պատահեր,  դատախազությունը արագորեն կառգրավեր փաստաթղթերը` զգուշանալով հավանական կոմպրոմատից:

Շրջադարձային պահը փաստաթղթերի բացահայտման առաջին ժամն էր: Եթե մենք վճռական չլինեինք, իհարկե, մեզ չէր հաջողվի դրանք հանրայնացնել: Դա այն պահն էր, երբ հասկացանք, որ իրավիճակի տերը մենք ենք:

Լրագրողները հազվադեպ են այսպես միահամուռ որոշում կայացնում և առաջնային համարում հանրային շահը, այլ ոչ թե սեփական հետաքննությունը (ի վերջո, փաստաթղթերը ռումբի էֆեկտ ունեին):

Իսկ մենք այլ ելք չունեինք: Տեսանք, որ փաստաթղթերի մեջ Մայդանի ակտիվիստների դեմ հավաքված տեղեկություններ, սարսափելի չափերի հասնող կաշառքի վկայություններ, իր ցինիզմով ուղղակի ապշեցնող կոռուպցիայի դեպքերի վավերացումներ կան: Ի՞նչ պիտի անեինք: Հանգիստ խղճով հանձնեինք դրանք դատախազությա՞նը:

Իհարկե, չէինք կարող, այնպես, ինչպես և չէինք կարող գնալ ու դրանց հիման վրա մեր սեփական հոդվածները գրել:

Յանուկովիչի նախկին առանձնատունը լիքն էր մարդկանցով, այդ թվում՝ նաև լրագրողներով: Լրագրողները հիմնականում գերադասում էին ոչ թե օգնել մեզ (իսկ մենք իրականում օգնության կարիք ունեինք, քանի որ օր ու գիշեր թղթերի հետ էինք աշխատում), այլ մի քանի փաստաթուղթ լուսանկարել հեռախոսով և տարածել սոցցանցերում:

Իհարկե, դա շատ տհաճ ու վիրավորական էր: Մի քանի լրագրողների հետ լուրջ վիճաբանություններ ու կոնֆլիկտներ եղան: Շատերը գալիս ու ասում էին` մեզ մի քանի փաստաթուղթ տվեք, որ ռեպորտաժ անենք: Մենք պատասխանում էինք, որ հիմա դրա ժամանակը չէ, հարկավոր է արագ փրկել փաստաթղթերը, քանի որ թաց թուղթը ընդամենը մի քանի օրվա կյանք ունի, և ավելի ուշ այն պարզապես չի ստացվի սքանավորել:

Ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք, թե ինչ ահռելի աջակցություն կար հասարակության կողմից: Մարդիկ մեզ սնունդ էին բերում, հավատում էին մեզ, ամեն կերպ փորձում էին օգտակար լինել:

Նույնիսկ մտածելով, որ ի վերջո մեր աշխատանքով վաստակել ենք փաստաթղթերը առաջինը հրապարակելու իրավունքը (յուրաքանչյուրս մեր մեդիայում), մենք դա չարեցինք: Գերադասեցինք փաստաթղթերը հասանելի դարձնել բոլորի համար: Երևի երբ հասարակությունից ոգեշնչում ես ստանում, այն նաև վերադարձնել է պետք:

Հանրային ոգեշնչումը, էներգիան կհաջողվի՞ պահպանել:

Մեր հասարակությունը հիմա լիովին փոխվել է, և, բարեբախտաբար, դա անշրջելի է: Նույնիսկ հիմա, երբ մարդիկ փոքր-ինչ հոգնել են, նրանք շատ լավ հասկանում են, որ նոր իշխանությունների կողմից առաջ քաշած ցանկացած կատալիզատորի դեպքում, հնազանդ սպասում այլևս չի լինի:

Կարծում եմ` նոր ընտրված նախագահը (որն ամեն դեպքում լեգիտիմ է, ինչը չի կարելի ասել նախորդի դեպքում) մոտավորապես կես տարի ունի` ապացուցելու համար, որ ինքն արժանի է: Հակառակ դեպքում հասարակությունը նրան չի հանդուրժի:

Դա հասկանում են նաև նոր իշխանությունները, և կարծում եմ` նրանք շատ զգույշ ու ուշադիր կլինեն:

Փաստաթղթերի հիման վրա դատական գործեր հարուցվեցի՞ն:

Այս պահի դրությամբ «ՅանուկովիչԼիքս»-ի հիման վրա 10 դատական գործեր են հարուցվել, հետաքննություն է ընթանում: Պարզապես խնդիրն այն է, որ ֆիգուրանտների մեծ մասն այժմ Ռուսաստանում է, և նրանցից հնարավոր չէ վկայություններ ստանալ:

Չգիտեմ, թե ինչով կավարտվեն այդ գործերը: Հույս ունեմ, որ առցանց տեղադրված ապացույցները բավարար կհամարվեն:

Հայ լրագրողների կատարած հետաքննական աշխատանքը, որպես կանոն, դատական ատյաններ չի հասնում: Իշխանությունները պարզապես անտեսում են դրանք:

Մինչև Մայդանը մեզ մոտ էլ էր այդպես:

Իսկ ռուսական լրատվական քարոզչությունը ձեզ հունից չի՞ հանում:

Եթե դրան էլ արձագանքեմ, չեմ դիմանա: Ես սկզբունքորեն հեռուստացույց չեմ դիտում, իսկ Ուկրաինայում ռուսական ալիքները չեն հեռարձակվում: Իրականում սա շատ բարդ հարց է: Գործի բերումով ես շատ եմ լինում Ռուսաստանում, որտեղ լրագրողական հետաքնություններ ու սեմինարներ եմ անցկացնում: Եվ երբ «այ դու՛ք, պետդեպի փողերով…» կամ այլ անհեթեթություններ եմ լսում, գերադասում եմ չպատասխանել: Ի՞նչ ասեմ, շատ բարդ է…

Միայն գիտեմ, որ եթե սկսես նույն ոճով պատասխանել («ավելի լավ է` ձեզ նայեք»), իրավիճակը միայն կվատանա:

Լրագրողները ինֆորմացիոն պատերազմի զինվոր չեն, ոչ էլ ագրեսոր: Իսկ մարդիկ թող երկու կողմերին էլ լսեն ու սեփական եզրակացություններն անեն: Թերևս, սա ամենաճիշտն է: Ի վերջո, մարդիկ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ:

Ինձ թվում է, որ Ռուսաստանի բնակչության մեծամասնության համար հոգեբանորեն ավելի հեշտ է հավատալ, որ Ուկրաինայում բոլորը ծախված են, կեղծ են, թույլ են: Այդպես կարծես թաքցնում են իրենց համարձակության պակասը: Իսկ երբ ինքդ քեզ համոզում ես, որ Ուկրաինան իսկական չէ, խղճի խայթ էլ չես զգում:

Եվրոմայդանից հետո Ուկրաինան փոխվեց: Կարելի՞ է ասել, որ  լրատվական դաշտը` նույնպես:

Փոփոխություններ եղան լրատվամիջոցների տերերի շրջանում, բայց ցավալի է, որ լրագրողների լյուստրացիա այդպես էլ տեղի չունեցավ: Իսկ դա շատ կարևոր է:

Որոշ լրագրողներ հեռացվեցին աշխատանքից, բայց միայն այն պատճառաբանությամբ, որ իրենց թողարկած լուրերի վարկանիշն ընկավ: Շատերը սկսեցին ոչ թե լուրեր, այլ համերգային ծրագրեր վարել: Այսինքն` շարունակեցին մնալ մասնագիտության շրջանակնում:

Ես իսկապես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր մահվան դեպքերը ներկայացնել` ասելով, որ մարդիկ իրենք իրենց են կրակում:
Դա… չի մոռացվում: Եվ չպիտի մոռացվի:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *