2014.01.22,

Տեսակետ

«Ոստիկանները չեզոքացնում են լրագրողներին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ուկրաինացի լրագրող, մեդիա խորհրդատու Օլեգ Խոմենոկը Կիևում կատարվող իրադարձությունները բնութագրում է` որպես օրինականացված խոշտանգումներ: Եվ տագնապով սպասում հետագա զարգացումներին:

Կարծիքներ կան, որ ոստիկանները միտումնավոր են «վնասազերծում» Մայդանում աշխատող լրագրողներին:

Դրանք կարծիքներ չեն, այլ իրականություն: Դրա վառ ապացույցը հենց ոստիկանների գործողություններն են: Բավական է դիտել ոստիկանական հատուկ ջոկատի՝ «Բերկուտի» մասնակցությամբ գրոհների տեսանյութերը՝ համոզվելու համար, որ ոստիկանության աշխատակիցները նշան են բռնում ու կրակում հենց լրագրողներին, տեսախցիկներով, թաբլեթներով մարդկանց:

Նպատակը միակն է՝ չեզոքացնել լրագրողներին, արգելափակել լուսաբանումը, կանգնեցնել ինֆորմացիայի հեռարձակումը:

Շատերը վկայում են, որ ոստիկանները ոչ միայն ֆիզիկական բռնություն են կիրառում, այլև ամեն կերպ անպատվում ու վիրավորանք հասցնում լրագրողներին:

Կարելի՞ է սպասել, որ վնասվածքներ և վիրավորանք հասցրած ոստիկանները պատիժ կկրեն:

Ես կասկածում եմ, որ բռնություն գործադրած ոստիկանները որևէ պատասխանատվության կենթարկվեն: Իշխանությունները շահագրգռված չեն, որ մարդկանց ինֆորմացիա ստանալու իրավունքը երաշխավորված լինի, իսկ լրագրողները կարողանան նորմալ պայմաններում աշխատել:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերին «Բերկուտի» հատուկ ջոկատայինները բռնություն էին կիրառել ցուցարարների, այդ թվում՝ նաև իրադարձությունը լուսաբանող լրագրողների նկատմամբ: Բայց ավելի ուշ խորհրդարանը որոշում կայացրեց համաներել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց գործողությունների պատճառով մարդիկ էին տուժել:

Եվրոմայդանից ինֆորմացիան տարբեր աղբյուրներով է հասնում հանրությանը: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է այն լուսաբանվում միջազգային մեդիայում: Եվ արդյո՞ք լիարժեք ու բազմակողմանի է: 

Առաջին հերթին՝ նկատվում է ռուսական լրատվամիջոցների, հատկապես՝ «Ռոսիա» ալիքի տենդենցիոզ լուսաբանումը:

Ռեպորտաժներում ոչ միայն ընդհանուր համատեքստից կտրված դրվագներ, այլև բացեիբաց ֆալսիֆիկացիա է օգտագործվում:

Իրականում կարևոր և հետաքրքրող ինֆորմացիան կարելի է շատ արագ ստանալ ցանցային մեդիայից: Վերջին կես տարվա ընթացքում Ուկրաինայում երեք խոշոր առցանց ալիքներ են հայտնվել, որոնք օրվա բոլոր իրադարձությունները հեռարձակում են իրական ժամանակում: Իհարկե, նախկինում էլ էր լայվսթրիմ արվում, բայց դա ավելի շուտ ցաքուցրիվ հարթակներ էին, իսկ հիմա լիարժեք գործող առցանց հեռուստաալիքներ են:

Իսկ ի՞նչը խթանեց այդ ալիքների ի հայտ գալուն:

Նախ՝ ուժեղացավ իշխանությունների վերահսկողությունը ավանդական մեդիայի հանդեպ, ինչը նպաստեց այլընտրանքային հեռուստատալիքների ստեղծմանը: Եվ հետո էլ՝ զուտ տեխնոլոգիական առումով ավելի հեշտ դարձավ ինֆորմացիայի փոխանցման արագությունն ապահովելը: 2010-ին առցանց ալիքներ միաժամանակ կարող էին դիտել 15-17 հազար մարդ, իսկ հիմա արդեն՝ հարյուր հազարներ:

Իրազեկման տեսակետից շատ մեծ դեր է խաղում սոցիալական մեդիան: «Եվրոմայդան» էջերն ու հեշթեգերը գործում են գրեթե բոլոր ցանցերում: Թվիթերում, օրինակ, այդ էջի նորությունների ընթերցման հաճախականությունը հասնում է 27 հազարի վայրկյանում, իսկ Ֆեյսբուքում` 180 հազարի վայրկյանում:

2008 թվականին Հայաստանում զանգվածային ցույցերից ու սպանություններից հետո արտակարգ իրավիճակ հայտարարվեց, և օրենսդրորեն սահմանափակվեց մեդիայի աշխատանքը: Նման իրավիճակը սպասելի՞ է Ուկրաինայում:

Արտակարգ իրավիճակը հայտարարում է նախագահը, իսկ հաստատում` խորհրդարանը: Հաշվի առնելով, որ խորհրդարանում իշխանամետ ուժերը մեծամասնություն են կազմում, չի կարելի բացառել այդ զարգացումը: 

Տարբեր աղբյուրներ հայտնում եմ, որ հնարավոր է` բավական կոշտ միջոցառումներ կիրառվեն Մայդանում հավաքվածների նկատմամբ: Եվ դա, իրոք, սարսափելի կլինի:

Ուկրաինայում զանգվածային խոշտանգումների օրինականացում է սկսվում:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում պարզ դարձավ, որ կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել ցուցարաների դեմ օգտագործվող հատուկ միջոցների ցանկն ու դրա մեջ ներառել նռնակների վտանգավոր տեսակներ, նաև ջրցան մեքենաների գործողությունների նոր կարգ է առաջարկել: Այդ որոշումը լրջորեն հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային և անպաշտպան դարձնում հանրությանը:

Զրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *