2013.07.11,

Տեսակետ

«Առանց փողի` կինոն զարգացնել դեռեւս հնարավոր է, բայց առանց կամքի՝ ոչ»

Ֆրանսիական կինոն տարածող ու պրոպագանդող «Unifrance» կազմակերպության փոխնախագահը Արեւելյան Եվրոպայում՝ Ժոել Շապրոնը երկար տարիներ զբաղվում է եվրոպական կինոդաշտի հետազոտությամբ:

Նա ծանոթ է նաեւ Հայաստանի ֆիլմարտադրության խնդիրներին եւ, որպես կինոճգնաժամից դուրս գալու առաջին, քայլ նշում է կինոյի մասին օրենքի ստեղծման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի օրինակը մեզ համար շատ ուսանելի է, քանի որ օրենքը թույլ է տալիս գումար հարկել կինոն այս կամ այն կերպ օգտագործող մեդիա միավորներից (նաեւ կինոթատրոններից) եւ այդպես ապահովել կինոզարգացման շղթան: 

Որո՞նք են ֆրանսիական կինոօրենքի հիմնական սկզբունքները:

Ֆրանսիայում կինոյի ոլորտը կարգավորող համակարգը գոյութուն ունի արդեն 60 տարուց ավելի: Ու թեեւ այն միշտ հարմարվել է տեխնոլոգիական ցանկացած նորույթների, հիմնական սկզբունքը (նույնիսկ կասեի փիլիսոփայությունը) անփոփոխ է. կինոն, կինոյի կադրերը օգտագործողը անպայման պետք է վճարի դրանց օգտագործման համար:

1946 թվականից կինոն Ֆրանսիայում կախված չէ պետբյուջեից, այլ սնվում է հատուկ հարկից, որը առանց բացառության գանձվում է բոլոր կինոսպառողներից, առաջին հերթին՝ հանդիսատեսից, հեռուստաալիքներից, շուտով նաեւ՝ ինտերնետ փրովայդերներից:

Ունենք հատուկ հարկատեսակ, որը տարածվում է կինոյի յուրաքանչյուր տոմսի վրա: Ֆրանսիայում կինոդիտողն իր գնած տոմսի 11%-ը թողնում է ֆրանսիական կինոյի զարգացման հիմնադրամին: Եվ ստացվում է, որ հանդիսատեսը, ասենք, Ջեյմս Բոնդի մասին ֆիլմ դիտելով, աջակցում է նաեւ ֆրանսիական կինոյին:

Ժամանակին այդ հարկը սկսեցին վճարել հեռուստաալիքները, ապա ֆիլմերը վիդեո-կրիչներով տարածողները: Հիմա մենք պատերազմում ենք ինտերնետ փրովայդերների հետ, որպեսզի նրանց էլ բերենք հարկային դաշտ, քանի որ տեսահենությունը լուրջ խնդիր է դարձել:

Այս համակարգը շատ էին քննադատում ամերիկացիները՝ ասելով, թե ֆրանսիական կինոն զարգանում է ամերիկյան կինոյի հաջողության հաշվին, ինչը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ամերիկյան կինոն իսկապես զբաղեցնում է կինոշուկայի զգալի մասը՝ 40-60%-ը, եւ, իհարկե, ամերիկյան ֆիլմեր դիտողները նույնպես նպաստում են ֆրանսիական կինոյի զարգացմանը:

Երբ հայտնվում է որեւե նոր երեւույթ, պաշտոնյաները եւ կինոյի ոլորտի մասնագետները միանգամից արձագանքում ու համապատասխան փոփոխություններ են իրականացնում օրենսդրության մեջ, նոր հարկատեսակներ ստեղծում, որպեսզի չխախտվի հիմնական սկզբունքը, որի մասին արդեն ասացի:

Նշեմ, որ պետությունն ամեն օր է մասնակցում կինոյի կարգավորմանն ու զարգացմանը, բայց ոչ ֆինանսապես: Պետությունը ստեղծել է Կինեմատոգրաֆիայի կենտրոն (CNC), որը հավաքում է բոլոր հարկերը եւ բաշխում միջոցները կինո ստեղծող բոլոր օղակների միջեւ՝ պրոդյուսերների, դիստրիբյուտորների եւ նույնիսկ կինոթատրոնների:

Որո՞նք են ֆրանսիական կինոշուկայի նախապատվությունները, ո՞ր ուղություններն են զարգանում:

Կինոարտադրության ծավալը տարեցտարի աճում է, 2011-ին լույս է տեսել 272 կինոնկար, այդ թվում՝ համատեղ արտադրության: Ֆրանսիան 30-40 երկրների հետ համատեղ արտադրություն է իրականացնում, ամենից հաճախ՝ Բելգիայի, Կանադայի եւ Գերմանիայի հետ:

Մենք այժմ հենց այդ ուղղությունն ենք զարգացնում, ինչը ընդհանուր գլոբալիզացիայի համատեքստում լավ արդյունք է տալիս: Փաստ է, որ շատ երկրներում կինոֆինանսավորումը նվազում է, եւ նույնիսկ մեծ ռեժիսորները, իրենց երկրներում գումար չգտնելով, հաճախ մեզ են դիմում: Վիմ Վենդերսը, Նանի Մարետին, Նիկիտա Միխալկովը, Ատոմ Էգոյանը, Սթիվեն Ֆրիրզը եւ անգամ մեր աֆրիկացի գործընկերները դիմում են ֆրանսիացի պրոդյուսերներին՝ համոզված լինելով, որ անպայման ֆինանսավորում կստանան:

Գուցե տարօրինակ թվա, բայց զարգանում է նաեւ կինոթատրոնների ցանցը (խորհրդային տարիներին դրան կինոֆիկացիա էին ասում): Ֆրանսիայում կա 5500 էկրան, այսինքն՝ ավելի քան 2000 կինոթատրոն, որոնք Եվրոպայի ամենազարգացած կինոցանցն են կազմում:

Կարեւոր է, որ կինոթատրոնները մոտ լինեն մարդկանց բնակավայրերին:

1970-80-ականներին մուլտիպլեքսները հիմնականում կառուցում էին քաղաքներից դուրս՝ արվարձաններում: Այժմ այլ տենդենց է՝ քաղաքապետարաններն ուզում են մշակութային

«Ֆրանսիայում հեռուստադիտողը հարկերի տեսքով ավելի մեծ գումար է ներդնում կինոյի մեջ, քան կինոհանդիսատեսը»

գործունեությունը պահպանել եւ որքան հնարավոր է հասանելի դարձնել կենտրոնական շրջաններում: Դրանից շահում են նաեւ կինոթատրոնները, որոնք ռեստորանների պես զվարճանքի վայրեր են:

Արագ տեմպերով ընթանում է կինոթատրոնների թվանշայնացումը: Կարծում եմ՝ 2013-ին մեր կինոթատրոնները թվանշայնացումը կավարտվի: Բոլորն էլ հստակ հասկանում են, որ կինոժապավենները երկար կյանք չունեն: Բայց ոչ ոք չգիտի նաեւ, թե քանի տարի է պահպանվում թվանշային կրիչը… Այդ պատճառով էլ պրոդյուսերները ֆիլմի մեկ տարբերակը նախընտրում են պահպանել ժապավենի վրա:

Այս հարցին շատ մեծ ուշադրություն է դարձնում պետությունը, քանի որ կարեւորում է ապագա սերունդների համար կինոժառանգությունը պահպանելու գործը:

Կինոթատրոնների ցանցի ընդլայնումը պետությա՞ն քաղաքականությունն է, թե՞ պահանջարկ կա:

Ֆրանսիայում պետական կինոթատրոններ չկան (ինչպես նաեւ պետական պրոդյուսերներ, կինովարձակալներ), բոլորը մասնավոր են: Կինոն ընդհանրապես մասնավոր գործ է, որը խստորեն կարգավորվում է պետության կողմից:

Առանց պետության թույլտվության ոչ ոք (նույնիսկ համապատասխան հող կամ տարածք գնելու դեպքում) իրավունք չունի կինոթատրոն կառուցել, քանի որ կինոթատրոն կառուցողը պետք է հասկանա, որ այդ վայրում փոխելու է ամեն բան՝ շինության տեսքը, երթեւեկությունը, մարդկանց հոսքը, անգամ երեխաների նկատմամբ վերաբերմունքը… Այս հարցերը շատ լուրջ քննարկում են փորձագիտական հանձնաժողովները:

Կինոթատրոնների պահանջարկ եւ այցելուների աճ իսկապես կա: 1950-60-ականներին կինոթատրոն այցելողների տոկոսը շատ բարձր էր, հետո անկում սկսվեց (հայտնվեց հեռուստատեսությունը, այնուհետեւ վիդեոն, DVD-ն): Այսօր կրկին աճ է նկատվում՝ տարեկան 260 միլիոն հանդիսատես, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան 20 տարի առաջ էր՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան 60 միլիոն բնակչություն ունի:  

Մարդիկ հաճույքով են գնում կինո դիտելու, ընդ որում՝ հասարակության բոլոր շերտերը: Ի տարբերություն շատ երկրների՝ հիմնական լսարանը կազմում են ոչ թե պատանիները, այլ 20-ն անց մարդիկ: Իսկ լսարանի 25%-ը թոշակառուներ են:

«Օրենքը հատուկ է այնպես գրվել, որ հաջողություն ունեցող ֆիլմարտադրողը փողը ոչ թե պարզապես դնի գրպանը, այլ շարունակի իր գործունեությունը»

Վերջերս, օրինակ, տեղեկացա, որ Ռուսաստանում թոշակառուները կինոդիտողների ընդամենը 4%-ն են կազմում:  

Մեզ մոտ գոյություն ունի կինոդիտման մշակույթ, որը ձեւավորվում է դեռ մանկուց: Պետությունը նույնիսկ տարրական դպրոցներում է իրականացնում հատուկ ծրագրեր. ոչ թե դպրոցում են կինո ցուցադրում, այլ երեխաներին տանում են կինոթատրոն՝ մեծ մութ դահլիճում բոլորի հետ միասին ֆիլմ դիտելու: Չէ՞ որ դա շատ հետաքրքիր է:

Այդպիսի ծրագրեր կան նաեւ քոլեջներում եւ համալսարաններում: Թերեւս, այդ մշակույթի շնորհիվ էլ մարդիկ շարունակում են կինոթատրոն այցելել:

Իհարկե, կա եւս մի գործոն. մարդիկ կշարունակեն կինո գնալ, քանի դեռ կինոթատրոններում տեխնիկական պայմաններն ավելի լավն են, քան իրենց տանը:

1990-ականներին, օրինակ, Ռուսաստանում մարդիկ համատարած դադարեցին կինո գնալ ոչ միայն տոմսերի գների թանկացման, այլեւ չջեռուցվող, հին եւ տհաճ կինոթատրոնների պատճառով: Մարդիկ նախընտրոմ էին մնալ տանը՝ հեռուստացույցի առջեւ:

Կինոթատրոնները պետք է փորձեն մի քանի քայլ առաջ մտածել, որպեսզի մարդիկ գիտակցաբար վճարեն ավելի հարմարավետ պայմաններում ու ավելի լավ որակով ֆիլմեր դիտելու համար:

Կինոյի ո՞ր տոկոսն է ֆինանսավորվում հանդիսատեսի շնորհիվ:

Անցյալ տարի Կինեմատոգրաֆիայի կենտրոնը հավաքեց մոտ 700 մլն եվրո, որից 150 մլն-ը հավաքագրվել էր կինոյի տոմսերի հատուկ հարկից, իսկ մնացածը գոյացել էր հեռուստաալիքների հարկերից: Դա նշանակում է, որ հեռուստադիտողն ավելի մեծ գումար է ներդնում կինոյի մեջ, քան կինոհանդիսատեսը:

Ֆրանսիայում կիրառվում են ուղիղ եւ միջնորդավորված կինոֆինանսավորման մոդելները:

Երբ ֆիլմ եք նկարահանում, որը ցուցադրելով կամ վարձույթի տալով ֆինանսական հաջողություն եք ունենում, ձեր վաստակած գումարի որոշ մասը հարկերի տեսքով վերադառնում է ֆրանսիական կինոյի զարգացման հիմնադրամ:  

Այդ հիմնադրամում դուք ունեք հատուկ «գրպան»՝ հաշիվ: Գումարը չեք կարող օգտագործել մեքենա գնելու, առանձնատուն կամ լողավազան կառուցելու համար: Այն միայն նոր ֆիլմի մեջ ներդնելու համար է նախատեսված:

Օրենքը հատուկ է այնպես գրվել, որ հաջողություն ունեցող ֆիլմարտադրողը փողը ոչ թե պարզապես դնի գրպանը, այլ շարունակի իր գործունեությունը: Նրա եկամտի մի մասը գնում է հիմնադրամ, եւ իրենից բացի ոչ ոք չի կարող օգտագործել այն: Այսպիսով,  սկզբնական շրջանի աշխատանքների շնորհիվ նա բավական գումար է հավաքում նոր ֆիլմի նկարահանումները սկսելու համար: Եվ դա կատարվում է ինքնաբերաբար՝ ավտոմատ կերպով:

Իհարկե, ինչպես բոլոր երկրներում, Ֆրանսիայում էլ այս կամ այն նախագիծը ֆինանսավորելու որոշումը կայացնում են հատուկ փորձագիտական հանձնաժողովները: Սա ուղիղ ֆինանսավորման ուղին է:

Սովորաբար փող է հատկացվում ոչ կոմերցիոն նախագծերին զարգացման, արտադրության եւ վարձույթի փուլերում: Հեղինակային շատ ֆիլմեր ընտրվում եւ ընդգրկվում են միջազգային փառատոների ծրագրերում, եւ մենք միշտ մտածում ենք, որ, առանց մեր օգնության, այդ լավ ֆիլմերը չէին ստեղծվի:

Հայաստանում կինոյի օրենքի եւ պետական կինոստուդիայի բացակայության պայմաններում որը՞ կարող է լինել կինոզարգացման այլընտրանքային տարբերակը:

Ես որեւէ այլընտրանք չեմ տեսնում, եթե չկա կամք: Օրինակ՝ եթե չկա փող, կինոն զարգացնել դեռեւս հնարավոր է: Բայց առանց կամքի՝ ոչ: 

Իհարկե, ամեն դեպքում անհրաժեշտ է ունենալ կինոյի մասին օրենք (այլ հարց է, թե ինչ գրել այդ օրենքում), քանի որ կինոն մշակութային դաշտում հատուկ տեղ է զբաղեցնում, եւ նրա ստեղծումը խոշոր գումար է պահանջում, հետեւաբար այդ փողի հոսքը անհրաժեշտ է հսկել ու կարգավորել:

Գլոբալիզացիայի պայմաններում գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք անհրաժեշտ են տեղեկատվության, ֆիլմերի, նախագծերի փոխանակման համար: Դրանցից մեկը Eurimages ծրագիրն է, որի անդամ են նախկին սովետական շատ երկրներ: Այդ ծրագիրը բավականին փոքր անդամավճար է նախատեսում, բայց համատեղ արտադրության հնարավորություններ ստեղծում: Այսպիսի հարթակները որոշ չափով նպաստում են առաջընթացի, բայց կինոյի մասին օրենքը անհրաժեշտ է:

Հարկավոր է նաեւ օրենքը հարմարեցնել տեխնոլոգիական փոփոխություններին: Երբ ֆրանսիական օրենքն էր ստեղծվում, ոչ ոք չէր մտածում, թե մի օր հնարավոր կլինի տանը ֆիլմեր ներբեռնել (այն տարիներին դա պարզապես ֆանտաստիկա էր թվում): Բայց կինոօրենսդրություն նույնիսկ Ֆրանսիայի նման երկրին է անհրաժեշտ, որտեղ կինոն միշտ մասնավոր, այլ ոչ թե պետական գործ է եղել:

Պետության գործը ոլորտը կարգավորելը, օրենքի սահմանները ստեղծելն է, որպեսզի մարդիկ իմանան իրենց հնարավորություններն ու իրավունքները:

Հարցազրույցը` Կարինե Արոյանի

Հատված Ժոել Շապրոնի հետ հարցազրույցից:

Ժոել Շապրոնի հետ հարցազրույցը «Կիոյի օրենսդրություն» կլոր սեղանի համար պատրաստել էին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն ու մամուլի աջակցության «Ինտերնյուս» կազմակերպությունը: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *