Նիլս Լեոպոլդը Կանաչների կուսակցության ավագ խորհրդականն է Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագում): Նա Հայաստանում էր լրագրություն դասավանդողների համար նախատեսված «Նոր եւ այլընտրանքային մեդիա. էթիկական եւ իրավական խնդիրներ» դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էին Եվրամիությունն ու Եվրախորհուրդը Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ:
Նիլս Լեոպոլդը շատ մեծ նշանակություն է տալիս անձնական կյանքի գաղտնիությանը ու տվյալների պաշտպանությանը հատկապես Ինտերնետում: Նա գտնում է, որ այս իրավունքները խախտողները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն, իսկ անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը անմիջապես հեռացվի համացանցից:
Հայաստանում որոշ լրագրողներ եւ կայքեր հաճախ առանց տեղեկացնելու վերցնում են Ֆեյսբուքյան օգտատերերի ստատուսները եւ հրապարկում դրանք: Այստեղ կա՞ն էթիկական, անձնական կյանքի գաղտնիության կամ իրավական խնդիրներ:
Եթե նկատի ունեք ստատուսների հետ մեկտեղ նաեւ ամբողջ բովանդակությունը, որ կա ֆեյսբուքյան էջում, սա, միանշանակ, խնդիր է օրինականության տեսանկյունից:
Ֆեյսբուքյան էջից տեքստը արտատպելը եւ լրատվական կայքում կամ որեւէ այլ տեղ հրապարակելը կապված է մի շարք իրավական խնդիրների հետ:
Սա, ամենայն հավանականությամբ, կարող է սեփականության իրավունքի խախտում լինել, եթե հրապարակեք ֆեյսբուքյան էջում օգտատերի կողմից տեղադրված պաշտպանված բովանդակությունը, եւ անձնական կյանքի անձեռնմխելիության եւ տվյալների պաշտպանության խնդիր, եթե ֆեյսբուքյան էջի տվյալներն անձնական են, եւ անհրաժեշտ է ֆեյսբուքյան օգտատերի համաձայնությունը:
Այնպես որ, սա, միանշանակ, անօրինական պրակտիկա է՝ համաձայն Եվրոպական օրենքների եւ չափանիշների:
Շատ դեպքերում ֆեյսբուքյան էջի բովանդակությունը պարունակում է անձնական տվյալներ, որոնք չես կարող ակնկալել, որ որեւէ մեկը պարզապես կցանկանա արտատպել այլ էջում, եւ երբ սա տեղի է ունենում, խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Եթե ձեր անձնական տվյալները օգտագործվում են լրատվամիջոցի կողմից, դուք պետք է խոսեք իրավաբանի հետ եւ ստուգեք գործը:
Եթե չեք կարող ձեզ փաստաբան թույլ տալ, ինչը հաճախ խնդիր է, պետք է լրատվամիջոցին նամակ գրեք եւ պահանջեք ջնջել ձեր անձնական տվյալներն ու հեռացնել այդ էջը:
Երբ պատասխան ստանաք, որում կասվի՝ ոչ, մենք չենք հեռացնի, մեր իրավունքն է այսպես գործել, դուք ձեր ձեռքում կունենաք գրավոր ապացույց, որով կկարողանաք դիմել դատարան:
Ինտերնետը գոնե Հայաստանում միշտ համարվել է մի տեղ, որտեղ կարելի է լինել լիովին ազատ եւ անվտանգ: Արդյո՞ք ինտերնետը տեղ է, որտեղ կարող ես ասել/գրել/անել, ինչ ցանկանաս եւ մնալ անպատիժ, թե՞ այստեղ էլ ազատությունն ունի իր սահմանները:
Մենք բոլորս ցանկանում ենք պահպանել ինտերնետը որպես ազատության եւ դեմոկրատիայի տեղ, որտեղ կարելի է որքան հնարավոր է ազատորեն արտահայտել մտքերը: Ինտերնետի նշանակությունն անվիճելի է այս տեսանկյունից:
Սակայն այս օրերին ինտերնետը բախվում է իրականությանը. օրենքը ավելի ու ավելի է տարածվում Ինտերնետը օգտագործելու տարբեր եղանակների վրա:
Իմ երկրում եւ Եվրոպական երկրների մեծ մասում շատ դատական գործեր կան, որոնք ընդգրկում են տարբեր տեսակ իրավական հարցեր:
Միանշանակ, օրենքով սահմանված սահմանափակումներ կան ինտերնետը օգտագործելու եղանակների եւ այնտեղ տեղ գտած ինֆորմացիայի հետ վարվելու հետ կապված, սակայն նաեւ մեծ խնդիր կա իրավունքները պաշտպանելու հնարավորության առումով, որովհետեւ հաճախ շատ դժվար է գտնել/պատասխանատվության ենթարկել կայքի հետեւում կանգնած մարդկանց, նրանց, ովքեր իրավականորեն պատասխանատու են:
Երբեմն անգամ գտնում ես մեկին, ով պատասխանատու է, բայց նա սնակն է եւ փող չունի, որպեսզի, օրինակ, կարողանա փոխհատուցել վնասը:
Մի բան է, երբ դատարանն է ճանաչում քո իրավունքը եւ այլ բան է երբ ինքդ ես պաշտպանում այն, սա մեծ տարբերություն է:
Օրինակ, Ֆեյսբուքը շատ անգամներ է վիճարկվել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար, բայց շատ դժվար է նրան պատասխանատվության ենթարկել:
Ֆեյսբուքը տեղակայված է Իռլանդիայում, եւ իռլանդական օրենքները, որոնք կիրառելի են այս պարագայում, օրինակ, անձնական կյանքի անձեռմխելիությունը խախտելու դեպքերում, հաճախ նույն չափանիշները չունեն, ինչ ԵՄ երկրներում, թեեւ տվյալների պաշտպանությունը համապատասխանեցված է հրահանգով (անձնական տվյալների մշակման ամբողջական թափանցիկություն, համաձայնեցնելու լիարժեք իրավունք (այսինքն՝ Ֆեյսբուքը պետք է ձեր տվյալները ցուցադրելու ժամանակ ամեն անգամ թույլտվություն խնդրի ձեզանից), տվյալների անվտանգության հարցեր եւ այլն):
Հայաստանում փաստաբանը դատի է տվել տեղական օրաթերթերից մեկին կայքում ընթերցողների թողած մեկնաբանությունների համար՝ համարելով դրանք զրպարտություն եւ վիրավորանք: Դատարանը մերժել է հայցը: Նման դեպքերում ո՞վ է պատասխանատու՝ լրատվամիջո՞ցը, թե՞ մեկնաբանողները:
Եթե սա թերթի կայքում թողած ակնհայտորեն զրպարտող բովանդակություն ունեցող մեկնաբանությունների հստակ դեպք է, ուրեմն օրաթերթի կայքը պարտավոր է հեռացնել մեկնաբանությունները հենց այն պահին, երբ տեղեկատվություն է ստանում մեկնաբանությունների՝ զրպարտող լինելու մասին:
Իրականությունը Եվրոպական երկրներում այն է, որ երբ կայքը իմանում է, որ զրպարտիչ բովանդակություն կա իրենց կայքում, պատասխանատվություն է կրում դրա համար:
Սա հատկապես վերաբերում է թերթերի ինտերնետային էջերին եւ մեդիա կայքերին, որովհետեւ նրանք այս կերպ դիտարկվում են որպես օբյեկտիվ աղբյուր:
Կարծում եմ, որ օբյեկտիվ աղբյուր լինելը ձեռք է բերում վախ նման մեկնաբանություների հանդեպ:
Իհարկե, մեկնաբանությունները նշվում են որպես անձնական գրառում, սակայն թերթի կայքի համատեքստում նրանց ավելի մեծ նշանակություն է վերագրվում:
Թերթը պետք է տարանջատի իրեն մեկնաբանություններից եւ հեռացնի դրանք, եւ եթե այդպես չի անում, իհարկե, կարող է տուգանվել:
Եթե դա իսկապես կայացած կայք է կամ լրատվական կայք, այն, միանշանակ, ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան բլոգերը:
Կայացած մեդիա կայքը պետք է վերանայի բողոքները եւ իր համար իրավաբանորեն ստուգի, արդյոք մեկնաբանությունը զրպարտություն է եւ հեռացնի այն կայքից:
Մեդիա կայքերն ավելի մեծ պարտավորություններ ունեն, քան պարզապես անձը, բլոգերը կամ լրագրողը, որոնք դա անում են իրենց անձնական էջում եւ այդտեղ են ստանում մեկնաբանությունները:
Երբ որեւէ մեկը մոտենում, ասում է՝ սա զրպարտություն է եւ ճիշտ չէ, ապա, սա, իմ կարծիքով, դիտարկվում է որպես ծանուցում. կա մեկնաբանության վերաբերյալ վեճ եւ որեւէ մեկը վիճարկում է դա:
Միայն այն, որ ինչ-որ մեկը պնդում է, որ դա զրպարտություն է, հանգեցնում է մեկնաբանությունների հեռացմանը:
Այսպիսի պրակտիկա կա նույնիսկ Ֆեյսբուքի հետ կապված. նրանք նման բաների համար ծանուցման եւ հեռացման կարգ ունեն, եւ դու նույնիսկ պարտավոր չես ապացույց ներկայացնել կամ դատարանի որոշում ունենալ, որպեսզի նրանք հեռացնեն այդ ինֆորմացիան:
Նրանք պարզապես կարձագանքեն պահանջին:
Գրագողությունը նույնպես լայնորեն տարածված երեւույթ է հայաստանյան մեդիաներում: Նյութերի արտատպումը այլ կայքերից սովորական պրակտիկա է դարձել: Ի՞նչ անել այս պարագայում:
Քոփի-փեյսթը վեբի անհարմարություններից մեկն է: Երբ դու ինչ-որ բան ես հրապարակում քո սեփական կայքում, օրինակ, փորձելով փող աշխատել դրանով, մենք բոլորս էլ համաձայնում ենք, որ դա անարդարացի է այն մարդու նկատմամբ, ով փաստացի ստեղծել է այդ բովանդակությունը:
Շատ դեպքերում ստեղծված բովանդակության հետ գալիս է նաեւ սեփականության իրավունքը, սեփականության իրավունքը կցվում է, օրինակ, նրան, թե ինչպես է որեւէ մեկը ասել ինչ-որ բան կամ թե ինչպես է տեղադրված նկարը:
Նա դա ասել է յուրահատուկ ձեւով, եւ դա բնորոշվում է որպես սեփականության իրավունքով պաշտպանված բովանդակություն:
Դա կարող է պաշտպանված լինել օրենքով, եւ երբ արտատպում եք բովանդակությունը, իրավական պատասխանատվություն եք կրում արտատպելու համար եւ պարտավոր եք փոխհատուցում վճարել եւ հեռացնել այդ բովանդակությունը ձեր կայքից:
Սա լուրջ է: Շատ արդյունաբերական երկրներում շատ դատական գործեր կան արտատպման եւ հեղինակային իրավունքների հետ կապված:
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: