2011.11.11,

Տեսակետ

«Մեդիա էթիկան պետք է սկսվի նորությունների սենյակում»

Հյուբ Էվերսը մեդիա էթիկայի փորձագետ է եւ գիտաշխատող Հոլանդական Թիլբուրգ քաղաքի Ֆոնթիս համալսարանում: Նա մեդիայի եւ հաղորդակցության էթիկայի թեմաներով գրքերի հեղինակ է: Հյուբ Էվերսը Հոլանդական Մամուլի Խորհրդի անդամ է:

Դուք ասում եք, որ լրագրողական էթիկան սկսվում է լրագրողական սենյակից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս արտահայտությունը

Ես կարծում եմ, որ մեդիա էթիկան պետք է սկսվի նորությունների սենյակում, լրագրողների միջեւ խոսակցություններում: Էթիկայի վարքականոնը, Մամուլի Խորհուրդը կարեւոր են, բայց ոչ այնքան կարեւոր, որքան ամենօրյա պրակտիկայում ընդունվող որոշումները, լրագրողների միջեւ քննարկումները, խմբագրակազմի  որոշումները, նորությունների սենյակի թափանցիկությունը: Լրագրության եւ լրագրողական էթիկայի ամենափոքր կենտրոնը նորությունների սենյակն է: Այնտեղից է էթիկան սկսվում:

Ի՞նչ նոր գործիքներ են օգտագործում լրագրողները լսարանի հետ կապի մեջ լինելու համար: Օրինակ, լսել եմ ինտերնետային չաթի օգտագործման մասին:

Հոլանդական հեռուստատեսության նորությունների խմբագրության լրագրողները, օրինակ, օգտագործում են չաթը: Նրանք ունեն խմբագրական բլոգեր եւ հատուկ չաթի ժամեր, որպեսզի բացատրեն մարդկանց իրենց որոշումներն ու իրենց ամենօրյա աշխատանքը: Սա արվում է թափանցիկության, հասարակությանը բացատրելու համար, թէ ինչպես ես դու աշխատում, ինչու այս ինչ բանը այս կերպ արեցիր: Ես գիտեմ, որ ոչ բոլորն են ուզում լսել սա, բայց կան շատ հետաքրքրվածներ: Ինտերենտային հեռուստատեսությամբ կան չաթի ժամեր, որին մասնակցում են լսարանի ներկայացուցիչներն ու լրագրողները: Երբեմն լրագրողը ուղղում է հարցերը, եւ չաթի համար պատասխանատուն դրանք ուղղում է կողքին գտնվող գործընկերոջը, բացատրություններ ներկայացնում լսարանին, թե ինչ է արել եւ ինչու է այսպես արել եւ այլն:

Սոցիալական մեդիան ինչպե՞ս է ազդում մեդիա էթիկայի վրա: Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում մեդիա էթիկան ընդհանրապես:

Ցանցային լրագրությունը լի է նոր էթիկական հարցերով. պե՞տք են նոր էթիկական ուղեցույցեր, պե՞տք են ինտերնետային լրագրության էթիկական վարքականոններ: Սրանք հարցեր են, որոնք քննարկվում են բոլոր երկրներում: Կա հարցի եւս մեկ կողմ. անհատ լրագրողը, ով օգտագործում է սոցիալական մեդիան, օրինակ Twitter-ը, լսարանի հետ կապի մեջ լինելու, հասարակությունից նոր գաղափարներ ստանալու, հարցեր ուղղելու, կամ իր աշխատանքի մասին կարծիք ստանալու համար:

Հայաստանում վերջերս քննարկվում էին դեպքերը, երբ լրագրողները սոցիալական մեդիայից եւ բլոգերից մեջբերումներ են անում իրենց հոդվածներում: Կարո՞ղ եք մեկնաբանել այս հարցի էթիկական կողմը:

Այո, իհարկե: Իմ կարծիքով այստեղ հսկայական էթիկական խնդիր կա: Այդ մարդիկ իրենց մեջբերելու թույլատվություն չեն տվել: Լրագրողը մեջբերումներ է անում առանց դրանց հեղինակին հարցնելու, եւ, համաձայն Հոլանդական մամուլի խորհրդի, նրան չի թույլատրվում նման կերպ վարվել: Փաստը, որ մեկնաբանությունները կամ լուսանկարները հրապարակայնորեն հասանելի են, չի նշանակում, որ լրագրողը կարող է դրանք օգտագործել երբ ուզում է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *