zassoursky_0_0

Իվան Զասուրսկին Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Նոր մեդիա եւ հաղորդակցության տեսությունների» ամբիոնի վարիչ է, հայտնի լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, մի քանի գրքերի հեղինակ, հետազոտող, փորձագետ: Նա նաեւ «Частный корреспондент» ինտերնենտային հրատարակության հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:

Իվան, Դուք 1998 թվականից դասավանդում եք ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում. այս տարիների ընթացքում ինչպե՞ս են փոխակերպվել ուսանողները եւ լրագրողները նոր թվային միջավայրում:

Այսօր բոլոր ուսանողները բոլոր դասախոսների մասին ամեն ինչ գիտեն: Եւ գիտեն, թե ինչ կարելի է սպասել յուրաքանչյուր դասախոսից: Եթե նրանց դուր է գալիս դասախոսություններդ, մեկնաբանություններ են անում դրանց:

Տարիներ առաջ երբ սկսեցինք «Մուլտիմեդիա ժուռնալիստ» ծրագիրը մեզ մոտ սովորող բոլոր ուսանողներին սովորեցնում էինք ոչ միայն տեքստ գրել, այլեւ վիդեո նկարել, մոնտաժել, աուդիո ձայնագրություն անել եւ մոնտաժել, լուսանկարել: Մի մեծ խնդիր կա. երբ լրագրող ես պատրաստում մեդիայի միայն մի տեսակի համար, հետո ստացվում է, որ այդ մարդը պատրաստված չէ,  եւ նա գործազուրկ է մնում: Կարծում եմ՝ թերթի լրագրող այլեւս պետք չէ պատրաստել. նրանք շատ են: Գրել իմացող ցանկացած մեկը կարող է թերթի լրագրող լինել: Դա շատ դեպրեսիվ հատված է՝ ցածր աշխատավարձերով. պետք չէ մարդկանց այնտեղ մղել:

Նոր մեդիան ավելի շատ է նոր մասնագետներ օգտագործում: Եթե Դոմոդեդովոյում տեռակտ է, մարդը հեռախոսով եկել է, նկարահանել է, գրել է, վիդեոն կցել ինտերնետով ուղարկել է, նա արդեն հերոս է: Կարեւորն  արագությունն է: Իսկ եթե նա սկսի քայլել, միաժամանակ ասել՝ «Հե՜յ, ե՞րբ է լուսանկարիչը գալու, ե՞րբ է վիդեոն լինելու», հրատարակչությունը միանգամից կպարտվի: Այսօր ամենակարեւորը մուլտիմեդիա ժուռնալիստ պատրաստելն է՝ ժուռնալիստ, որը կարող է աշխատել մեդիայի ցանկացած տեսակով:

Ձեր կարծիքով՝ որո՞նք են այսօրվա  մեդիա միտումները:

Գլխավոր միտումը սոցիալական ցանցերին ինտեգրվելն է: Սոցիալական ցանցերին ինտեգրվելիս մեդիան իր համար նոր լսարան է բացահայտում, բացահայտում է, որ այդ լսարանն ունի իր սեփական նախապատվություններն ու մեկնաբանությունները, եւ հենց լսարանը կարող է պատմություններ գրել:

Առաջ մենք նվագախմբի նման էինք`այստեղ նստում է ջութակահարը, այստեղ՝ դիրիժորը,  այստեղ սա, այնտեղ՝ նա, եւ բոլորը սկսում են ինչ-որ բան նվագել: Իսկ հիմա  դիջեյի նման ենք. սկավառակ կա, դրեցինք, հետո մյուսը դրեցինք. երբեմն էլ մարդիկ են ուղարկում սկավառակները:

Մենք այսօր ավելի շուտ մեդիա մոդերատոր ենք, ինչը բավական դժվար է, որովհետեւ սա լրիվ այլ հմտություններ է պահանջում: Առաջ մենք մեզանից էինք հյուսում սարդոստայնը՝ պեղում, մտածում, գրեցում: Իսկ հիմա մենք նոր մեդիան ընկալում ենք որպես աղբյուր: Բլոգերը գրեցին այս մասին, կարելի է հղում անել, մյուսը գրեց, մարդիկ այստեղ այս ասացին, բայց միեւնույն ժամանակ կարեւոր է օգտագործել ավանդական աղբյուրները: Այսինքն՝  նոր մեդիայում լրագրողը նոր դեր ունի, մի կողմից՝ մոդերատորի, մյուս կողմից՝ փաստեր ստուգողի (fact checker), քանի որ մարդիկ փաստերը ստուգելու ժամանակ չունեն: Լրագրողներից բացի էլ ո՞վ կգնա կիմանա ճիշտ է դա, թե ոչ: Մարդիկ ինչ ասես կարող են գրել, բայց մեկը պետք է գնա եւ ճշտի:

«Частный корреспондент»-ի մասին խոսելիս նշեցիք, որ այն գովազդում եք առանց գումար ծախսելու: Ինչպե՞ս կարելի է անվճար եւ արդյունավետորեն առաջ տանել կայքը:

Հրատարակվեք Creative Commons ռեժիմում, որպեսզի Ձեզ կարողանա ցիտել Վիքիփեդիան: Ինքներդ ձեզ ցիտեք Վիքիփեդիայում: Այնտեղ հոդվածներ ավելացրեք. որտեղ փաստ չկա, հղում դրեք ձեր հրատարակության վրա:

Բայց դուք անպայման պետք է Creative Commons արտոնագիր ունենաք, հակառակ դեպքում նրանք այդ ամենը կհեռացնեն: Այսինքն՝ Ձեզ պետք է հղում տան ավելի հեղինակային ռեսուրսներ, քան դուք ինքներդ եք: Դա ձեզ կբարձրացի որոնման մեջ: Իսկ բլոգերում ձեզ ցիտելը թրաֆիք կբերի ձեր կայք:

Պատրաստվում եք 7000 ռուբլի արժողությամբ պատվերով նյութեր գրել: Որքանո՞վ է դա իրատեսական եւ էթիկապես ճիշտ:

Բացարձակ իրատեսական է:  Դուք կարող եք վճարել 7000 ռուբլի, եւ մեր լրագրողը կգնա, Ձեր ուզած թեմայով հոդված կգրի: Բայց ես չեմ կարող ասել, թե նա ինչ կգրի: Ես չեմ կարող խոստանալ, որ մենք կգրենք հենց այն, ինչ Դուք եք ուզում, որովհետեւ դա անհնար է: Դրա համար էլ նյութի արժեքը ոչ թե 27.000 կամ 157.000 ռուբլի է, այլ 7000:

Տեսե՛ք, ես այսպես թե այնպես գրում եմ մարդկանց համար, ծառայում եմ մարդկանց: Եթե ես, միեւնույն է, կախված եմ նրանցից, ես ապրում եմ միայն նրանց շնորհիվ, որովհետեւ նրանց դուր է գալիս այն, ինչ  գրում եմ, եւ նրանք տարածում են դա բլոգերում, ինչու՞ նրանք չեն կարող ասել, թե ինչ գրեմ: Ես պարզապես ուզում եմ վերափոխել մեդիա օգտագործողների եւ մեդիայի հարաբերությունները:

Հարցազրույցը վարեց Աննա Բարսեղյանը