Փետրվարի 3-ին լրագրողները, հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից՝ ճի՞շտ է արդյոք վարչապետի պնդումը, թե ՀԱՊԿ-ն խոչընդոտ է հանդիսացել, որ միջազգային գործընկերները Հայաստանին զենք վաճառեն։
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել։ Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություններ գնել․ դա մեզ չի խանգարել»,- պատասխանել էր Սերժ Սարգսյանը։
Ինչ էր ասել Փաշինյանը
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը բանակի օրվան նվիրված ուղերձում նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանը մեծ քանակի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերել, ինչը չէր արվում 2018- 2022 թվականներին։ Ըստ վարչապետի՝ միջազգային գործընկերները մերժում էին Հայաստանին զենք վաճառել երկու հիմնական պատճառաբանությամբ․
«1․Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար»,- ուղերձում ասել էր Փաշինյանը։
Որ երկրներից և որքան զենք է ձեռք բերվել
Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է 1994 թվականից։ «Ստուգված է»-ն փորձել է հասկանալ՝ կառույցին անդամակցելուց ի վեր ՀԱՊԿ-ի անդամ երկրներից բացի էլ որ երկրներից է Հայաստանը զենք ձեռք բերել։ Արդյոք դրանց թվում եղել են արևմտյան այն երկրները, որոնք այժմ են զենք վաճառում Հայաստանին։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝SIPRI շվեդական վերլուծական կենտրոնը գործում է 1966-ից, մասնագիտացած է հակամարտությունների և խաղաղության հետազոտության մեջ, ուսումնասիրում է աշխարհում զենք ու զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը և հրապարակում վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջև զենքի առևտրի վերաբերյալ։ Տվյալները կենտրոնը վերցնում է բաց աղբյուրներից՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: SIPRI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջությամբ ճշգրիտ չլինել, քանի որ զենքի վերաբերյալ գործարքները կարող են տեղի ունենալ նաև գաղտնի։ 2023-2026 թվականների ընթացքում Հայաստանին զենք են մատակարարել Հնդկաստանը և Ֆրանսիան։

Էկրանապատկերը՝ SIPRI-ի կայքից
2024 թվականի փետրվարին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս հաստատել էր, որ ռազմական ոլորտում ամենամեծ գործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ է՝ ընդգծելով, որ կա համագործակցություն նաև այլ երկրների հետ։
Պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ կան ռազմական համագործակցության ծրագրեր նաև Հունաստանի ու Կիպրոսի, Չեխիայի, Սլովակիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Գերմանիայի հետ։ Այս գործակցությունները չեն ենթադրում միայն զենքի վաճառք․ դրանում ներառված է տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ (R&D) և այլ հարցեր։
Այս մասին առավել մանրամասն Evn Report-ում գրել է լրագրող Հովհաննես Նազարեթյանը։
Նախքան 2023 թվականը
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ սկսած 1994-ից Հայաստանը ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ռազմամթերք է ձեռք բերել Սլովակիայից (2004), Չինաստանից (1999), Ուկրաինայից (2003, 2009), Մոնտենեգրոյից (2010), Հորդանանից (2019), Հնդկաստանից (2020, 2022):
Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ ոչ ռուսական (խորհրդային) զենք ձեռք է բերել 1999 թվականին՝ Չինաստանից։ 2013 թվականի օգոստոսին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, թե Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել AR-1A համակարգեր։ ՊՆ-ն ոչ հաստատել, ոչ հերքել էր այս լուրը։
Ըստ Ինստիտուտի՝ 2004-ին Հայաստանը Սլովակիայից գնել է տասը Սու-25 գրոհիչ։ Ուկրաինայից 2003-ին գնել է երկու L-39C «Ալբատրոս» ուսումնամարտական ինքնաթիռ, որը մատակարարվել է հաջորդ տարի։ Եվս չորսը ձեռք է բերվել 2011-ին։ Իսկ 2010-ին Մոնտենեգրոյից ձեռք է բերվել 16 Դ-30 հաուբից:
2011 թվականին հայտնի դարձավ Մոլդովայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկա արտահանելու մասին, ինչը Ադրբեջանի կառավարությունը հրապարակավ քննադատեց։ Ըստ լրատվական տարբեր աղբյուրների՝ ձեռք է բերվել «Ուռագան» համակարգի 11 միավոր 9Պ140 մարտական մեքենա և 12 9Տ452 տրանսպորտային-լիցքավորող մեքենա: «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգեր, «Ս-8» հրթիռներ և դրանց արձակման «Բ-8Մ1» համակարգեր, 152մմ արկեր, «Կոբրա» հրթիռների վերահսկող-ստուգող 9Վ862 և 9Վ863 սարքեր, «Կոնկուրս-Մ» հակատանկային համակարգի վերահսկող-ստուգող 9Վ871-3 սարքեր, ինչպես նաև «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա», «Կոնկուրս», «Մետիս» հակատանկային համակարգերի մեծ թվով հրթիռներ։
Հորդանանից 2019-ին ձեռք է բերվել չորս խորհրդային արտադրության «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիր՝ 120 հրթիռներով։ Հորդանանը հերքել էր վաճառքի մասին լուրերը և ենթադրել, թե վաճառքը եղել է զենքի գնորդ մասնավոր ընկերությունների կողմից։
Ըստ SIPRI-ի տվյալների՝ Հնդկաստանից զենքի առաջին գնումն իրականացվել է 2021 թվականին։ Ձեռք էր բերվել չորս Swathi հակամարտկոցային ռադար։ 2022-ին հայտնի դարձավ ձեռք բերված հակատանկային հրթիռների մասին։ SIPRI-ն, սակայն, դրանց հստակ քանակ չի նշում։
2012 թվականին ռազմական ոլորտը լուսաբանող Razm.info կայքը գրել էր (արխ․) հայկական բանակի զինանոցում առկա Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության MILAN հակատանկային հրթիռների առկայության մասին։
EVN Report-ը ուսումնասիրել էր ԵՄ-ի կողմից գործարկված առցանց տվյալների բազան և գրել, որ 2013-ից 2020 թվականներին ԵՄ անդամ երկրները Հայաստան են արտահանել ընդհանուր առմամբ 46 միլիոն եվրոյի ռազմական տեխնոլոգիաներ և սարքավորումներ։
«Բուլղարիային բաժին է ընկնում Հայաստան արտահանման ավելի քան 97%-ը՝ 44,9 մլն եվրո, որից զինամթերք՝ 42,2 մլն եվրո, և հրթիռներ՝ 2,2 մլն եվրո»,- նշվում է ուսումնասիրության մեջ։
Այսպիսով, Սերժ Սարգսյանի պնդումը, թե իր ղեկավարման ժամանակ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել արևմտյան երկրներից, Չինաստանից և այլ երկրներից, ճիշտ է։ Սակայն, առնվազն Հնդկաստանի և Ֆրանսիայի պարագայում դրա ծավալներն անհամեմատ ավելի փոքր էին նախկինում, քան հիմա։ Ավելին՝ մատակարար երկրները հաճախ խուսափել են հայտարարել, որ զենք են վաճառել Հայաստանին։ Որոշ դեպքերում սպառազինության առկայությունը Հայաստանի զինանոցում մեկնաբանվել է որպես ոչ ուղիղ վաճառք։