Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում քննարկվում էր «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում էր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Գործող կարգավորմամբ՝ այն ավարտվելու է 2026-ի հունվարի 1-ին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ արտոնությունը կկիրառվի 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաների համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ելույթում հայտարարեց, որ իր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն Հայաստան ներկրված էլեկտրամոբիլների մեծ մասն արտահանվում է, և ստացվում է, որ իշխանությունը ֆինանսավորում է բիզնեսը, ոչ թե խթանում շրջակա միջավայրի պահպանմանը։

«Ես կուզեի հասկանալ՝ այս պահին մենք քանի՞ էլեկտրամոբիլ ունենք։ Ըստ իմ ձեռք բերած տվյալների՝ օգոստոսի դրությամբ ունենք գրանցված 22 հազար 650 էլեկտրամոբիլ։ Բայց երբ նայում ենք ներկրումների քանակը, միայն այս տարի 19 հազար ներկրվել է, նախորդ տարի՝ 11 հազարից ավել։ Դրանից առաջ՝ 9000: Որ գումարում ես, ստանում ես 40-50 հազար ավտոմեքենա, բայց գրանցված՝ 22500, սա նշանակում է, որ մեծ մասն արտահանվում է»։

Ըստ Բագրատյանի՝ եթե մեծ մասն արտահանում է, ստացվում է, որ իշխանությունը ավելացված արժեքի հարկից ազատելու միջոցով ֆինանսավորում է բիզնեսը, մինչդեռ գլխավոր նպատակը կանաչ էներգիայի ստացումն է։

«Ստուգված է»-ն փորձել է հասկանալ՝ իսկապես Հայաստանում գրանցված էլեկտրամոբիլների մեծ մասն արտահանվո՞ւմ է, ինչպես պնդում է Բագրատյանը։ Հիմք ենք ընդունել Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) և Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) ստացված տվյալները։

Նշենք, որ ստացված պատասխանները վերաբերում են ոչ միայն էլեկտրամիոբիլներին, այլ առհասարակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներին, որոնց մեջ ներառված են ինչպես էլեկտրամոբիլները, այդպես էլ հիբրիդային շարժիչովՀիբրիդային շարժիչով մեքենան ունի էներգիայի երկու աղբյուր՝ ներքին այրման շարժիչ (բենզին, դիզել) և էլեկտրաշարժիչ: մեքենաները։

Տրամադրած տվյալների համաձայն՝ 2020-2025 թվականներին Հայաստան է ներմուծվել 61 813 էլեկտրական շարժիչով տրանսպորտ։ Ներմուծվածներից գրանցվել են միայն 37 648-ը, իսկ արտահանվել՝ 3 150-ը։ Ներմուծվաների և գրանցվածների տարբերության պատճառն այն է, որ ոչ բոլոր ներմուծված տրանսպորտներն են ունենում սեփականատեր, ժամանակ է անհրաժեշտ դրանք վաճառելու, համարանիշ տրամադրելու և գրանցման մյուս քայլերն անելու համար։

Ներմուծվածների մեջ 38 524-ը կազմում են միայն էլեկտրական շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլներն ու այլ տրանսպորտային միջոցները, որոնցից էլ արտահանվել է միայն 1822-ը:

Առավել մանրամասն կարող եք տեսնել գծապատկերում՝

Այսպիսով, Սերգեյ Բագրատյանի պնդումը, թե գրանցված էլեկտրամոբիլների մեծ մասը արտահանվում է, սխալ է։ Տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրանային շարժիչով մեքենաները Հայաստան են ներմուծվում հիմնականում ներքին օգտագործման, ոչ թե վերաարտահանման նպատակով։

Աճի պատճառները

Հարկային արտոնություններ. 2020 թվականից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գործել է անմաքս ներմուծման ռեժիմը, որը 2022 թվականին փոխարինվել է քվոտավորման համակարգով։ Սա էլեկտրական մեքենաները դարձրել է ավելի մատչելի, քան նույն դասի ներքին այրման շարժիչով մեքենաները։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2022 թվականին եղել է 7000, իսկ 2023, 2024 և 2025 թվականներին՝ 8000-ական միավոր սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվել։

Հարկային օրենսգրքով էլեկտրամոբիլների ներմուծումն ու վաճառքը ազատված են նաև ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև ստիպված չեն վճարել Երևանի վճարովի ավտոկայանատեղիների համար:

Գրանցված տրանսպորտի տեսակները

ՆԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2020-2025 թվականներին Հայաստանում գրանցված էլեկտրական շարժիչով տրանսպորտի ամենատարածված տեսակը թեթև մարդատար ավտոմեքենան է՝ 36 823 միավորով, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 98%-ը։ Երկրորդ տեղում բեռնատարներն են՝ 735 միավոր, ընդհանուրի մոտ 2%-ը: Էլեկտրական ավտոբուսների թիվը ընդամենը 11 է, ինչը վկայում է, որ հանրային տրանսպորտի էլեկտրականացումը դեռևս զարգացման սկզբնական փուլում է։

Մնացած տեսակները՝ մոպեդներ (13), մոտոցիկլներ (15), քվադրիցիկլներ (2), բեռնաուղևորատար (50) և հատուկ նշանակության տրանսպորտ (1), միասին կազմում են ընդհանուր թվի աննշան մասը։

Առավել մանրամասն կարող եք տեսնել գծապատկերում`

Մարտահրավերներ

Հայաստանում էլեկտրական տրանսպորտի տեսակների թիվն անշեղորեն աճում է: Այս միտումը, սակայն, իր հետ բերում է մի կարևոր մարտահրավեր՝ մարտկոցների վերամշակման խնդիրը։ Հայաստանում վերամշակման ենթակառուցվածքները դեռևս բացակայում են։

Էլեկտրական մեքենաների մարտկոցները պարունակում են մի շարք ծանր մետաղներ և քիմիական նյութեր, որոնք, թափոնների սխալ կառավարման դեպքում, կարող են լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին և մարդու առողջությանը։

Սա նշանակում է, որ երկրում արդեն շրջանառության մեջ են տասնյակ հազարավոր մարտկոցներ, որոնց շահագործման միջին ժամկետը սովորաբար 8-15 տարի է:

Վերամշակումը թույլ է տալիս վերականգնել և նորից օգտագործել այդ մետաղները՝ նվազեցնելով նոր հումքի արդյունահանման անհրաժեշտությունը։ Առայժմ միայն հայտնի է ամերիկյան Ace Green Recycling Inc.-ի և հայկական «Մել մետալ» ՍՊԸ-ի գործարքի մասին, որով նախատեսվում է Հայաստանում և Վրաստանում ներդնել մարտկոցների վերամշակման տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։

Գծապատկերը ներկայացնում է Հայաստանում հաշվառված էլեկտրական շարժիչով մեքենաների տարիքը։

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հաշվառված էլեկտրաշարժիչով տրանսպորտի հիմնական մասը համեմատաբար նոր արտադրության է։ Մեքենաների մեծ մասը  3-4 տարեկան է:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել