Օգոստոսի 25-ին Հանրային հեռուստատեսության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ի պատասխան «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանի հարցի, թե ո՞րն է Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառող երկիրը, պատասխանեց Ռուսաստանը։ 

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ամբողջ հիմնական սպառազինությունը շարունակում է մնալ ռուսականը։ Թեև վերջին տարիներին Ադրբեջանն էլ է ուրիշ տեղերից հիմնականում սպառազինություն գնում, իրենք մեզնից շուտ հասկացան, որ պետք է ուրիշ տեղերից սպառազինվեն, բայց իրենց հիմնական սպառազինությունը շարունակում է մնալ ռուսականը»,- ասաց Իոաննիսյանը։

Վարդան Խաչատրյանը հարցրեց՝ «Ադրբեջանին առաջին զենք վաճառողն ո՞վ է, ամենաշատը»։ Ի պատասխան Իոաննիսյանը նշեց՝ Ռուսաստանը։ Խաչատրյանը հակադարձեց՝ «Իսրայե՛լը։ Գնացեք, կարդացեք»։

«Ստուգած Է»-ն փորձել է հասկանալ, թե որ երկիրն է ի վերջո Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը։ 

Մատարակարումները Ռուսաստանից

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRISIPRI շվեդական վերլուծական կենտրոնը գործում է 1966-ից, մասնագիտացած է հակամարտությունների և խաղաղության հետազոտության մեջ, ուսումնասիրում է աշխարհում զենք ու զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը և հրապարակում վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջև զենքի առևտրի վերաբերյալ։ Տվյալները կենտրոնը վերցնում է բաց աղբյուրներից՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: SIPRI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջությամբ ճշգրիտ չլինել, քանի որ զենքի վերաբերյալ գործարքները կարող են տեղի ունենալ նաև գաղտնի։)՝ Ռուսաստանը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն է եղել 2000-2018-ին։

Մատակարարման ընդհանուր արժեքը կազմել է 2191 միլիոն TIV (Trend Indicator Value, թարգմանաբար՝ միտման ցուցիչի արժեք։ Սա ոչ թե ձեռք բերված զենքի քանակը կամ դրամական արժեքն է, այլ SIPRI-ի կողմից կիրառվող չափման միավորը՝ TIV-ն, որով չափվում են երկրների միջև սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում։ Այլ կերպ ասած՝ TIV-ը մի երկրից մյուսին փոխանցվող ռազմական պոտենցիալի գնային ինդեքսն է)։

Էկրանապատկերը՝ SIPRI-ի կայքից

Ռուսաստանի ամենախոշոր փոխանցումը Ադրբեջանին եղել է 2014-ին, որը կազմել է 559 միլիոն TIV:

Հիմնականում փոխանցվել են ծանր զինատեսակներ՝ տանկեր, հրանոթներ, հրթիռային համակարգեր։ Վերջին գործարքը, ըստ SIPRI-ի տվյալների, եղել է 2018-ին։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի՝ 2025-ի զեկույցում Ադրբեջան կատարված մատակարարումների մասին առանձին անդրադարձ չկա։

Ինստիտուտի 2025-ի զեկույցից տեղեկանում ենք, որ վերջին տարիներին Ռուսաստանի արտահանումները կրճատվել են։

Մատակարարումները Իսրայելից

SIPRI-ի՝ 2021-ի զեկույցում նշված է, որ 2016-2020-ին Ադրբեջանի զինտեխնիկայի ներմուծման հիմնական մասը՝ շուրջ 69%-ը, կազմել են իսրայելական մատակարարումները, իսկ ռուսականը՝ միայն 17%-ը։

Էկրանապատկերը՝ SIPRI-ի կայքից

Իսրայելը երկրորդ տեղում է Ադրբեջան ընդհանուր մատակարարումների ծավալով։ Նրա խոշոր փոխանցումները եղել են 2016-ին և 2018-ին, համապատասխանաբար 250 և 249 միլիոն TIV ցուցանիշներով։

Էկրանապատկերը՝ SIPRI-ի կայքից

Իսրայելը Ադրբեջանին հիմնականում փոխանցել է անօդաչու թռչող սարքեր և բարձր տեխնոլոգիական զինատեսակներ։ Իսրայելի վերջին մատակարարումը կայքում գրանցված է 2020-ին։

2023-ին ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2018-2022 թվականներին աշխարհի 25 խոշոր զենք արտահանողների շարքում Իսրայելի երկրորդ ամենամեծ մատակարարման ուղղությունը եղել է Ադրբեջանը` կազմելով Իսրայելի ընդհանուր մատակարումների 9.1%-ը։

Էկրանապատկերը՝ SIPRI-ի կայքից

Ադրբեջանի զենքի գնումները՝ այլ աղբյուրներում

Մեր ուսումնասիրությունը բաց այլ աղբյուրներում ևս ցույց տվեց, որ 2020-ից հետո որևէ հավաստի տեղեկություն չի եղել այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարել։ 

2024-ին ռուսական պետական «РИА Новости»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք պլանավորում են նորից զենք գնել Ռուսաստանից, սակայն վերջին երեք տարիներին ռուսական մատակարարումների վերաբերյալ նոր պայմանագրեր չեն կնքվել։

Իսրայել

Եղել են բազմաթիվ հաղորդագրություններ Ադրբեջանի՝ Իսրայելից, Թուրքիայից և շատ այլ երկրներից զենքի գնման մասին։

Օրինակ՝ 2021 թվականին Caucus Watch-ը, ադրբեջանական ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներին հղումով, գրել էր, որ Ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական արտադրության I-Derby ER օդ-օդ դասի հրթիռներ։

2023-ի նոյեմբերին «Defence Industry Europe»-ը հաղորդել էր, որ Ադրբեջանը Իսրայելից ձեռք կբերի «Barak MX» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Չորս օր անց իսրայելական «Globes» պարբերականն էլ գրել էր, որ Բաքուն Իսրայելից գնել է հակաօդային պաշտպանության համակարգը՝ 1,2 միլիարդ դոլար արժեքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերին ևս գրել էր համակարգի մասին և հրապարակել լուսանկար։ 

Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես ծովային հարթակներում, այնպես էլ ցամաքում։

2023-ին հրապարակվեց իսրայելական «Haaretz» պարբերականի հետաքննությունն այն մասին, որ 2016-ից մինչև 2023-ի մարտ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ըստ լրատվականի՝ «Օվդան» Իսրայելի միակ օդանավակայանն է, որտեղ օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր կարող են ներմուծվել կամ արտահանվել:

2023-ի հուլիսին իսրայելական Elbit Systems-ը հայտարարեց 150 միլիոն դոլարով PULS (Precise and Universal Launching Systems) հրթիռային կայանների և ճշգրիտ կառավարվող հեռահար հրթիռների փաթեթի վաճառքի մասին։ «Global defense corp»-ը (որը հայտնի չէ որպես հավաստի և հեղինակավոր աղբյուր) գրել էր, որ գնորդը Ադրբեջանն է, պաշտոնական հաստատում, սակայն, այդ մասին չի եղել։

2024-ի մարտին ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է Sky Dew աերոստատ։ Պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը ևս չեն հաստատել։

Այսպիսով, Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը ժամանակի ընթացքում փոխվել է։ Եթե 2000-2018-ին ամենամեծ մատակարարը Ռուսաստանն էր, ապա 2016-2020-ին զինտեխնիկայի ներմուծման հիմնական մասը՝ շուրջ 69%-ը, կազմել է իսրայելական մատակարարումը, իսկ ռուսականը՝ միայն 17%-ը։

Ինչ վերաբերում է 2020-ից հետոյի մատակարարումներին, ապա բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն Իսրայելը շարունակել է տարատեսակ զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանից մատակարարման մասին որևէ հավաստի աղբյուր մեզ չհաջողվեց գտնել։

Գոհար Սարգսյան

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել