Մի շարք լրատվամիջոցներ օգոստոսի 18-ին տարածել էին լուսանկար, որում Եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ, որոնց թվում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իբրև Սպիտակ տան միջանցքում սպասում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

Լուսանկարը տարածել էին Hraparak.am, Yerevan.Today (այժմ հեռացրել են), Lurer.com, Yerkir.am, News Armenia լրատվականները, ինչպես նաև սոցցանցերի մի շարք օգտատերեր։
Նկարի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կեղծ է և ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ։ Այն ունի ԱԲ-ի կողմից ստեղծված պատկերներին բնորոշ խափանումներ և անհամապատասխանություններ։
Նախ Մակրոնի և նրան հաջորդող կնոջ (որը հավանաբար ֆոն դեր Լայենն է) միջև կա ոտքերի լրացուցիչ զույգ, սակայն չկա մարմինը։ Առաջնորդների ձեռքերի մատներն ունեն դեֆորմացված տեսք։ Նկարում երևացող ջահերն էլ զգալիորեն տարբերվում են միմյանցից, դրանցից երկրորդի վրա բյուրեղներ են հայտնվում։

Նկատենք նաև, որ Մակրոնն իրականում հանդիպմանը կրում էր այլ կոշիկներ, իսկ ֆոն դեր Լայենը ոչ թե կիսաշրջազգեստով և բարձրակրունկաներով էր, այլ կրում էր սև տաբատ և առանց կրունկ կոշիկներ։

Լուսանկարը՝ Reuters-ի

Մակրոնի կոշիկների իրական լուսանկարը՝ The New York Times-ի
Արհեստական բանականության հայտնաբերման Ai or Not և Hive moderation գործիքները ևս փաստում են, որ նկարը հավանաբար իրական չէ։

Լուսանկարը համացանցում հայտնվել էր դեռևս օգոստոսի 17-ին։ Այն լայնորեն տարածվել էր միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում։
Կեղծ լուսանկարն ու դրա հետ կապված մեմերը սկսեցին տարածվել Վաշինգտոնում կայացած արտակարգ գագաթնաժողովին ընդառաջ և դրա ընթացքում, որտեղ հանդիպել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի տարբեր երկրների առաջնորդներ։