Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) բռնի տեղահանվածներից շատերը, հասնելով կենսաթոշակային տարիքի, չեն կարողանում լիարժեք իրացնել կենսաթոշակի իրենց  իրավունքը։ Հիմնական խնդիրը աշխատանքային ստաժն ապացուցելու բարդությունն է, ինչի մասին դեռ անցյալ տարի հրապարակումներ են եղել։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե բռնի տեղահանությունից հետո քանի արցախցի է դիմել կենսաթոշակ ստանալու համար, դիմումներից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Ուսումնասիրել ենք, թե կենսաթոշակի վերականգնամն համար քանի մարդ է դիմել դատարան և ինչ ընթացք են ստացել դատական գործերը։ 

620 քաղաքացու դիմում մերժվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023 թ․ դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թ․ մայիսի 26-ը Հայաստանում կենսաթոշակ ստանալու համար դիմել է բռնի տեղահանված 29,367 անձ։

28,747 անձի դիմում հաստատվել է։ Նրանցից 26,255-ին կենսաթոշակ նշանակվել է պարզեցված ընթացակարգով՝ Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայի տվյալներով։ 2,492 անձ առաջին անգամ կենսաթոշակ է ստացել/կենսաթոշակառու է դարձել Հայաստանում։

620 դիմում մերժվել է՝ Պետական կենսաթոշակների մասին օրենքի պայմանները չբավարարելու պատճառով։

Ինչպես է կարգավորվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքը

2023-ի հոկտեմբերի 26-ին կառավարության 1864-Ն որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ճանաչվել փախստական։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար (տես՝ երրորդ պատասխանը)։

Պետական կենսաթոշակների մասին օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ կարող է նշանակվել 63 տարին լրացած անձանց, եթե նրանք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։ Իսկ եթե անձը ունի 35 և ավելի տարվա ստաժ, կարող է կենսաթոշակ ստանալ մեկ տարի շուտ՝ 62 տարեկանում։

29-րդ հոդվածը սահմանում է, որ Լեռնային Ղարաբաղում իրականացված աշխատանքային, զինվորական կամ այլ գործունեությունը կարող է հաշվառվել որպես ստաժ՝ կառավարության սահմանած կարգով։ Այս դրույթն օրենքում ավելացվել է 2023-ի նոյեմբերի 22-ին կատարված փոփոխություններով։ 

Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 1992-ի հունվարի 1-ը ձևավորած ստաժը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ կառավարության սահմանած այլ փաստաթղթերով։ 1992–- 2013 թթ․ ձևավորված ստաժը կարող է հաստատվել ինչպես այս փաստաթղթերով, այնպես էլ սոցիալական վճարների կամ աշխատավարձի առկայության հիմքով։

Նույն հոդվածի 3-րդ կետով նշվում է, որ եթե աշխատանքային գրքույկը կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերը բացակայում են, ստաժը կարող է հաստատվել արխիվային տեղեկանքով, իսկ եթե արխիվային տվյալներ նույնպես չկան, ապա՝ դատական կարգով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունից մեզ հայտնել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման հիմնական խոչընդոտը կապված է աշխատանքային ստաժի հաստատման հետ։ Նախարարությանն է հանձնվել  ԼՂՀ ՊԵԿ արխիվացված շտեմարանը՝ 2014-2023թթ․ վերաբերվող տեղեկատվությամբ, ինչպես նաև  Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների անհատական արխիվները։

Ստաժի հաստատման խնդիրները 

Փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանի խոսքով՝ միայն իրենց փաստաբանական գրասենյակում կենսաթոշակային իրավունքի հաստատման մեկ տասնյակից ավելի դատական գործ  կա։ Նա նշում է, որ  Հայաստանում գործունեություն ծավալած անձանց  ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, մինչդեռ ԼՂ-ից տեղահանված անձանց դեպքում նման տեղեկանքներ հաճախ գոյություն չունեն։ 

«Փաստորեն, քանի դատարանի դրական վճիռը չկա, մարդիկ  իրենց կենսաթոշակները չեն ստանում, իսկ դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում դա ոչ թե մեկ-երկու,, այլ առնվազն վեց ամիս է պահանջում», – ասում է փաստաբանը։ 

Ջհանգիրյանը նշում է, որ երբեմն վկաների միջոցով են փորձում հաստատել աշխատանքային ստաժը, սակայն այստեղ նույնպես խնդիրներ են առաջանում։ Երբ գործը վերաբերում է 30-40 տարվա վաղեմության տվյալների, հաճախ պարզվում է՝  վկաները  դուրս են եկել երկրից կամ մահացել են։

Պետական կենսաթոշակների մասին օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է, որ արտակարգ իրավիճակների հետևանքով փաստաթղթերի կորստի դեպքում կառավարությունը կարող է ստեղծել ստաժի հարցն ուսումնասիրող հանձնաժողովներ։ 

Քաղաքացիական և վարչական դատարաններում քննվող գործերը

«Ստուգված է»-ն հարցում էր ուղարկել Դատական դեպարտամենտ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)՝ իմանալու, թե դատական քանի գործ կա բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքների վերականգնման վերաբերյալ։ Երկու կառույցներն էլ հայտնել են , որ այդ գործերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չեն վարում։ ՄՍԾ-ն նաև հավելել է, որ աշխատանքի ընթացքում հավաքված տվյալների համաձայն՝ վերջին տասը ամսում քաղաքացիական դատարան է ներկայացվել շուրջ 73 հայց։ 

ՄՍԾ-ի տրամադրած ցանկը թերի է եղել։ Նշված հայցերից մեկը կապ չուներ ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակի հարցի հետ, կցված մի քանի գործերի համարներն էլ Դատալեքս տեղեկատվական հարթակում հասանելի չէին։ Դատալեքսում բանալի բառերով («Լեռնային Ղարաբաղ», «կենսաթոշակ», «Արցախ») մեր որոնումը ցույց տվեց,  որ քաղաքացիական գործերով դատարաններ ներկայացվել է 84 հայց, իսկ վարչականով` 19։

Քաղաքացիական դատարաններում ներկայացված 84 հայցերի հիմնական մասը վերաբերում է աշխատանքային ստաժի հաստատմանը։ Ներկայացված հայցերից 49-ը բավարարվել է։

13 գործ դատարանը բավարարել է մասնակի, քանի որ հայցվորները չեն կարողացել ամբողջությամբ հիմնավորել իրենց պահանջած աշխատանքային ստաժը կամ էլ դատարանից պահանջել են միաժամանակ և՛ հաստատել աշխատելու փաստը, և՛ այդ փաստը ճանաչել որպես աշխատանքային ստաժ։ Այսպիսի դեպքերում դատարանը հաստատել է միայն առաջին մասը՝ փաստի առկայությունը, սակայն մերժել է երկրորդը՝ արձանագրելով, որ աշխատանքային ստաժ ճանաչելու իրավասությունը պատկանում է ոչ թե դատարանին, այլ ՄՍԾ-ին։

Երկու գործ մերժվել է, քանի որ ներկայացված տվյալները բավարար չեն եղել աշխատանքային ստաժի հաստատման համար։

Մեկ դեպքում էլ գործը կարճվել է, դիմողի կողմից պահանջից հրաժավելու համար։  19 գործի վարույթ ընթանում է (28.07.2025-ի դրությամբ)։  

Վարչական դատարաններում առկա 19 հայցերը առնչվում են ինչպես աշխատանքային ստաժի որոշակի ժամանակահատվածի ներառման պահանջին, այնպես էլ Ղարաբաղում պետական պաշտոներ զբաղեցրած և այնտեղ արդեն նշանակված կենսաթոշակների վերականգնման խնդիրներին։

19 գործերից 5-ը բավարարվել է։ Դրանցից 3-ը կապված է աշխատանքային ստաժի որոշակի ժամանակահատվածը կենսաթոշակի մեջ ներառելուն, 1-ը՝ սահմանված տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալուն, մեկ գործ էլ Հայաստանում՝ ԼՂ-ում արդեն իսկ նշանակված կենսաթոշակը վերականգնելու մասին է։ 

5 գործ մերժվել է։ Դրանցից 4-ը վերաբերում է Ղարաբաղում պաշտոնավարած դատավորների, 1-ը՝ ԼՂ-ի Ազգայի ժողովի նախագահի խորհրդականի կենսաթոշակի վերականգնմանը։ 

Ներկայացված հայցերից մեկում՝ 2024-ի դեկտեմբերի 9-ին Վարչական դատարանը մերժել է ԼՂՀ Վերաքննիչ դատարանի նախկին դատավոր Արսեն Ամիրջանյանի հայցը, որով վերջինս պահանջում էր պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իրեն կենսաթոշակ նշանակել ԼՂ–ում սահմանված պայմաններով՝ ամիսը  350.082 դրամի չափով։

Հայցվորը նշել է, որ շուրջ երկու տասնամյակ պաշտոնավարել է ԼՂՀ դատական համակարգում, իսկ դրանից  հետո Ղարաբաղում ստացել է երկարամյա ծառայության կենսաթոշակ։ Տեղահանվելուց հետո դիմել է կենսաթոշակը վերականգնելու համար, սակայն նախարարությունը մերժել է դիմումը՝ պատճառաբանելով, որ  որոշակի պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի դրույթներով և այս դեպքում՝ հայցվորը Հայաստանում չի պաշտոնավարել, նրա դատավորի լիազորությունների կատարումը չի կարգավորվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Ինչպես նաև հավելել է, որ կառավարության 2011-ի  մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման 19-րդ հավելվածի 20-րդ կետով՝ ամրագրված է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, եթե ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա օրենքի 5-րդ կետով սահմանված կարգով նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ զինվորական կենսաթոշակ։ 

Դատարանը վերահաստատել է նախարարության այդ դիրքորոշումը և հայցն այդ հիմքով մերժվել է։

Երկու գործ բավարարվել է մասնակի։ Մեկը ԼՂՀ նախկին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձի մասին է, մյուսը՝ նախկին դատավորի։ 

Այս անգամ երկու հայցերով էլ դատարանը եզրակացրել է, որ նախկինում ԼՂՀ-ում պետական պաշտոններ զբաղեցրած և համապատասխան կենսաթոշակ ստացած անձինք, հիմքեր ունեն նույն չափով և նույն պայմաններով Հայաստանում այդ կենսաթոշակը վերականգնելու։

Դատարանը նշել է, որ հայցվորներն արդեն իսկ ԼՂՀ-ում ստացել են պետական պաշտոնի հիմքով կենսաթոշակ, ինչպես նաև նրանք ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետությունները պարտավոր են փախստականներին տրամադրել նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն իսկ օժտված էին։

Միևնույն ժամանակ դատարանը հավելել է, որ չնայած կառավարության 2011-ի  մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման 19-րդ հավելվածի 20-րդ կետով ներկայումս թույլ են տալիս նման դեպքերում նշանակել աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, սակայն դրանք չեն ապահովում նախկինում ստացած կենսաթոշակի նույն ծավալը։ Դատարանը ընդգծել է նաև այն, որ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերը՝ այդ թվում «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան, ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, և օրենքների կամ կառավարության որոշումների հետ հակասության դեպքում հենց այդ պայմանագրերն են կիրառելի։

Այսպիսով, Դատարանը եկել է այն եզրակացության, որ հայցվորներին Հայաստանում պետք է նշանակվի նույն ծավալով կենսաթոշակ, որը նրանք ստացել են ԼՂՀ-ում։ 

Երկու հայցերի դեպքում դատարանից պահանջվել է նաև կենսաթոշակի իրավունքը վերականգնել  2023-ի հոկտեմբերի 1-ից, սակայն դատարանը ՄՍԾ-ին պարտավորեցնում է կենսաթոշակը նշանակել մի դեպքում 2023-ի նոյեմբերի 22-ից, մյուս դեպքում ՝ նոյեմբերի 23-ից։ Այդ իսկ պատճառով վճիռները բավարարվել են մասնակի։ 

Հայցերից 2-ը դեռ ընթացքի մեջ են (28.07.2025-ի դրությամբ)։  5 հայց վերադարձվել է սահմանված ժամկետները չպահպանելու, ինչպես նաև դատական հայցերը սխալ ներկայացնելու համար։

Այսպիսով, դատարաններում ներկայացված գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  քաղաքացիական և վարչական դատարաններում առկա է ընդհանուր 103 հայց։ 54-ի պահանջը դատարանը բավարարել է, 15-ը բավարարել է մասնակի, 7-ը մերժվել է, 5-ը հետ է վերադարձվել, 1-ը՝ կարճվել, իսկ 21-ը ընթացքի մեջ է։

Գոհար Սարգսյան

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել