Սոցիալական ցանցերում տարածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երկու կեղծ տեսանյութեր, որոնք ստեղծվել են արհեստական բանականության կիրառմամբ։
Առաջինը՝ Новости 24/7 ֆեյսբուքյան էջի կողմից գովազդով տարածվող տեսանյութն է (արխ.), որտեղ Նիկոլ Փաշինյանը ռուսերեն իբրև ասում է, թե շատ կարևոր հնարավորություն բաց չթողնելու համար մարդիկ պետք է բացեն տվյալ տեսանյութին կցված հղումը։
Հղումը տանում է itemjoin.site կոչվող կայք, որտեղ Strategic Plan Solutions կոչվող կազմակերպությունը մարդկանց իբրև մատուցում է բիզնես պլանի ստեղծման ծառայություններ։ Գործարքը կնքելու համար կազմակերպությունը կոչ է անում տրամադրել անձնական տվյալներ՝ հետագայում զանգահարելու և գործարքը կնքելու համար։
«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութն իրականում խմբագրվել է արհեստական բանականության կիրառմամբ, իսկ վարչապետը նման հայտարարություն չի արել։
Իրական տեսանյութը հրապարկվել է փետրվարի 8-ին՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Վարչապետը այնտեղ խոսում է հանրային տրանսպորտով կեցավայր գնալու ցանկության ու առցանց տոմս ձեռք բերելու դժվարությունների մասին։ Նրա խոսքը հայերեն է՝ ի տարբերություն տարածված տեսանյութի։
Deepfake տեսանյութերի հայտնաբերման Deepware գործիքը ևս հաստատում է (արխ.), որ տեսանյութը ստեղծվել է արհեսատկան բանականության կիրառմամաբ։
Strategic Plan Solutions ընկերության մասին կայքում առկա տեղեկատվությունը ոչ արժանահավատ է։ Աշխատակիցների մասին ներկայացվող տեղեկատվությունը ևս կեղծ է։
Օրինակ՝ որպես գլխավոր հաշվապահ ներկայացված Վիոլետ Տորեսի լուսանկարն իրականում վերցված է ամերիկյան Coach բրենդի 2015 թվականի հավաքածուի մոդելի լուսանկարներից։
Իբրև կադրերի բաժնի ղեկավար ներկայացվող անձի լուսանկարը կարելի է ներբեռնել գրաֆիկական պատկերների և լուսանկարների տրամադրման մեջ մասնագիտացված freepik.com հարթակից։
Խանութի տնօրեն ներկայացվող Բալրաջ Զունիգայի լուսանկարը տարածված է ողջ համացանցով և բոլոր դեպքերում լուսանկարը կիրառողները նրան են վերագրել որևէ նոր անուն և մասնագիտություն։
Չորրորդ նկարում երևացող գրասենյակային ղեկավարի լուսանկարն իրականում վերցված է pexels հարթակից, որը տրամադրում է ազատ օգտագործման լուսանկարներ։
Մեր կողմից հայտնաբերված կեղծ տեղեկատվությունները թույլ են տալիս եզրակացնել, որ այս դեպքում գործ ունենք ֆինանսական խարդախության հետ։ Նման եղանակով խաբեությունները շատ տարածված են, դրանցից մեկին «Ստուգված է»-ն օրերս անդրադարձել էր։
Փաշինյանը թուրքերեն չի խոսել
Փաշինյանի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը տարածվել է (արխ.) մարտի 17-ից՝ ինստագրամում (արխ.) և տիկտոկում (արխ.) և այժմ էլ շարունակում է տարածվել։
Տեսանյութում Փաշինյանն իբրև խոսում է թուրքերեն և կարևորում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը։
View this post on Instagram
Տեսանյութն իրականում վերցված է Փաշինյանի՝ մարտի 13-ին հրապարակված հարցազրույցից, որը նա տվել էր թուրքական մի շարք լրատվամիջոցների։ Դրանում համոզվում ենք նաև տարածվող տեսանյութում տեսնելով թուրքական İhlas Haber Ajansı լրատվամիջոցի ներկայացուցիչ Յափրաք Մութլուին։
Այս հարցազրույցի ընթացքում Փաշինյանը խոսում է հայ-թուրքական հարաբերություններից, սակայն դա անում է հայերեն և ոչ՝ թուրքերեն։
Deepware գործիքը հաստատում է (արխ.), որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ, հետևաբար՝ կեղծ է։
Նյութում առկա լուսանկարների հետադարձ որոնումն իրականացվել է այդ թվում pimeyes գործիքի կիրառմամաբ։