Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտուբուս» ընկերության վարորդները գործադուլ էին անում՝ քաղաքապետարանից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավվել աշխատանքային պայմանները։ Վարորդներից շատերը մատնանշում էին նաև իրենց համար նախատեսված զուգարանների բացակայության հարցը։
«3 տարի է՝ էս հիմնարկում աշխատում եմ։ Համար մեկ հարցը, հասարակ բան, զուգարանի հարցն ենք պահանջում։ Մինչև հիմա էդ հարցի պատասխանը մենք չենք կարողանում ստանալ իրենցից։ Ասում են՝ կլինի։ Ե՞րբ կլինի՝ մենք էլ չգիտենք։ Ամեն անգամ մեզ նեղություն տալով, խնդրելով, ով որ մոլին մոտ է լինում, գնում ենք զուգարանից օգտվում ենք»,- ասել էր վարորդներից մեկը։
Նույն օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ զուգարանների խնդիր կա և ակնարկեց, որ նման խնդիր նախկինում էլ եղել է, սակայն դրա մասին չի խոսվել.
«Վստահաբար զուգարանների խնդիր եղել է նախկինում, էս պահին էլ ամբողջապես լուծված չէ, բայց այսօ՞ր ֆիքսեցինք, որ զուգարանի խնդիր ունենք։ Այսինքն այսօ՞ր էդ խնդիրն առաջացավ»,- ասաց քաղաքապետը։
Զուգարանների բացակայության հարցը նոր չէ, որ վարորդների օրակարգում է հայտնվել։ Այդ հարցի մասին խոսվել է նաև նախկինում։ 2021 թվականի դեկտեմբերին, օրինակ, մի շարք վարորդներ կրկին գործադուլ էին արել։ Նրանց առաջնահերթ պահանջներից մեկը զուգարանի բացակայության խնդրի լուծումն էր։
2019 թվականի մարտին, ավտոբուսների խցերում տեսախցիկներ տեղադրելուց օրեր անց, կրկին բազմաթիվ վարորդներ հրաժարվել էին դուրս գալ երթուղի։ Թվարկվող դժգոհություններից մեկը կրկին սանհանգույցների բացակայության հարցն էր։
Այս դժգոհությունների ֆոնին 2022 թվականի փետրվարին նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ ընթացող նիստում հայտարարվեց, որ հանրային տրանսպորտի վարորդների զուգարանի հարցը ամբողջությամբ լուծված է՝ բացառությամբ մի տեղի։
«Ստուգված է»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե հանրային տրանսպորտի վարորդների համար նախատեսված քանի զուգարան կա այժմ և որտեղ են դրանք գտնվում։
Քաղաքային իշխանությունը, սակայն, ևս տեղյակ չէր զուգարանների թվից։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այս պահին ընթանում են սանհանգույցների ցանկի ճշգրտման աշխատանքներ, այդ պատճառով դեռ հնարավոր չէ տրամադրել դրանց ցանկը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: