Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների մի մասի բնակապահովման ծրագիրը մեկնարկել է 2024-ից, իսկ մյուս մասը շահառու կարող է դառնալ 2025 թվականի սկզբից։
«Նախ ասեմ, որ մենք 2024 թվականի հունիսից արդեն մեկնարկել ենք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը շահառուների առանձին խմբերի համար արդեն իսկ հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակելի տարածք, իսկ մյուս մասը արդեն շահառու կարող են դառնալ եկող տարվա սկզբից»,- ասաց նախարարը։
Ընթերցողների խնդրանքով «Ստուգված է»-ն ուսումնասիրեց Նարեկ Մկրտչյանի այս հայտարարությունը։
2024-ի մայիսին Կառավարության հավանությանն արժանացած նախագծի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը պետք է մեկնարկեն ոչ թե 2025-ին, այլ համապատասխանաբար 2026 և 2027 թվականներին։ Նախարարի խոսքից, սակայն, ստացվում է, որ 2025-ից ծրագիրը մեկնարկելու է բոլոր շահառուների համար։
Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ երկրորդ ու երրորդ փուլերը չի նախատեսվում մեկնարկել 2025-ի սկզբից։
«Այս պահի կարգավորումներով երկրորդ փուլը նախատեսված է 2026-ի հունվարից, 2027-ից՝ մյուս փուլը։ Այս ծրագիրը նոր է մեկնարկել, առաջին փուլի շահառուները ոչ լիարժեք են դիմել, դեռ 30 հավաստագիր ենք տվել»,- ասաց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Ծրագրի համաձայն՝
- 1-ին փուլում ընդգրկված են 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
- 2-րդ փուլում ընդգրկված են 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։
- 3-րդ փուլում ընդգրկված են ցանկացած կազմով ընտանիքները։
«Ստուգված է»-ն նաև հարցրեց, թե ինչու է նախարարը նման հայտարարություն արել, եթե 2-րդ և 3-րդ փուլերը նախատեսվում է մեկնարկել 2026-ին և 2027-ին։ Ավելի ուշ, նախարարի հայտարարությունը լսելուց հետո, նախարարությունից ասացին, որ սխալ տեղեկություն են փոխանցել մեզ։
«Խոսեցի մեր տեղակալի հետ, նախագիծն արդեն կա մշակված։ Նախատեսվում է 2025-ից բոլորի համար բացել։ Նախագիծը դեռ հրապարակված չէ։ Նախատեսվում է, որ 2025-ից այդ փուլերը դուրս կգան ու բոլորը կկարողանան հավասար պայմաններով դիմել։
Մեր հարցին՝ եթե խոսքն ընդամենը նախագծի մասին է, որը նույնիսկ Կառավարության հաստատմանը չի ներկայացվել, ինչու է նախարարը նման պնդում արել, մամուլի խոսնակը պատասխանեց․
«Դե նախարարն ասում է, որ կարողանան դիմել, որովհետև դա նախատեսվում է։ Այս պահին դիմում են առաջին փուլի շահառուները։ Եթե որոշումն ընդունված էլ լիներ, չէին կարողանալու դիմել, որովհետև նախարարի ասելով էլ ստացվում է, որ 2025-ից կկարողանան դիմել։ Նախատեսում ենք 25-ից ունենալ այդ փոփոխությունները»,- ասաց Զառա Մանուչարյանը։
Այսպիսով, ստացվում է, որ նախարար Նարեկ Մկրտչյանը որպես փաստ ներկայացրել է մի նախագիծ, որը նույնիսկ չի ստացել Կառավարության հավանությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: