Այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին և Արթուր Խաչատրյանին, թե ինչպես են նրանք վերաբերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչին, որ պատգամավորների հետ միասին Ազգային ժողով պետք է մտնեն նաև քաղաքացիները։
Խոսքը հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման մասին էր։
«Երեկ լրագրողը հարց է ուղղում Բագրատ Գալստանյանին, ասում է՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ Բագրատ Գալստանյանի կոչից հետո, որ գրոհեք ԱԺ շենքը, սկսվեց այդ բախումները։ Բագրատ Գալստանյանն ասում է՝ «եթե արել եմ, լավ եմ արել»։ Երբ նայում ենք տեսանյութերը, Բագրատ Գալստանյանը հայտնում է, որ «ԱԺ շենքում բախումներ են, ու ժողովուրդը թող այլ պատգամավորների հետ մտնի Ազգային ժողովի շենք», որից հետո սկսում է քարերի նետում, շշերի նետում, և իրավապահ համակարգը գործեց»,- ասում է լրագրողն ու հարցնում, թե ինչպես են գնահատում կոչը, որ պատգամավորների հետ ժողովուրդը ևս պետք է մտնի Ազգային ժողով։
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը Բագրատ Գալստանյանին վերագրվող այդ խոսքերը անվանեց կեղծ, ինչին ի պատասխան լրագրողն ասաց, որ կարող է խոսքերն ապացուցող տեսանյութ ցույց տալ։
Մենք կապ հաստատեցինք լրագրող Դավիթ Լևոնյանի հետ և խնդրեցինք տրամադրել այդ տեսանյութը։
Այսպիսով, Civic.am-ի լրագրողը խոսում էր Azdagir.am-ի՝ հունիսի 13-ի տեսանյութի մասին։ Այն ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ Բագրատ Սրբազանի խոսքը խմբագրվել է և ներկայացվել համատեքստից դուրս։ Դավիթ Լևոնյանի ներկայացրած տեսանյութում Գալստանյանին վերագրվող խոսքն է՝ «Ազգային ժողովում բախումներ են գնում, պատգամավորները գնում են խորհրդարան, դուք էլ միացեք իրենց»։
Մինչդեռ տեսանյութն ամբողջությամբ դիտելուց հետո պարզ է դառնում, որ Գալստանյանի խոսքը ուղղված է ոչ թե ժողովրդին, այլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին․
«Որքան հասկանում եմ ԱԺ-ի ներսում էլ է քաշքշուք։ Ազգային ժողովում բախումներ են գնում։ Պարոն Հարությունյանն է ասում՝ իրավաբանը մեր։ Ընդմիջում են տվել։ Պարոն Դանիելյան, պատգամավորներից մի քանիսը, որ այստեղ են, մտնում են Խորհրդարան, Դուք էլ միացեք իրենց։ Գառնի՛կ։ Գառնի՛կ ջան, միացեք»,- ասում է Գալստանյանն ու րոպեներ հետո հայտարարում, որ պատգամավորներին չեն թողնում անցնել և կոչ անում ոչինչ չնետել։
Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, թե «եթե ես եմ հայտարարել, լավ եմ արել», ապա պետք է նշել, որ այս հայտարարությունը ևս կիսատ է ներկայացվում։ Այս խոսքերից հետո նա հավելում է՝ «դուք լսե՞լ եք կոչ՝ ասեմ գրոհեք ոստիկանական շարքը։ Հասկանո՞ւմ եք՝ էս մարդիկ ստի կրողներ են վերից վար։ Դեռ հակառակը՝ շշեր մի նետեք, հանդարտվեք։ Այո, ես գնացել եմ կարմիր բերետավորների մոտ, որովհետև մարդկանց մորթում էին բառի բուն իմաստով այգու մեջ»։ Ավելի ուշ նա կրկնեց՝ «Եթե ասել եմ, լավ եմ արել, բայց չեմ ասել»։
Թեև հունիսի 12-ից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Բագրատ Գալստանյանին են վերագրում ոստիկանների ուղղությամբ քարանետում կազմակերպելը, ոստիկաններին գրոհելու կոչեր անելը, այնուամենայնիվ, «Ստուգված է»-ի՝ տարբեր լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումների (1 2 3 4) ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Բագրատ Գալստանյանի կողմից հանրությանն ուղղված նման ուղղակի կոչ չի հնչել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: