2024.05.10,

Ստուգված է

Բագրատ Սրբազանը կարո՞ղ է վարչապետ դառնալ․ ինչ է ասում Սահմանադրությունը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որի առաջնորդությամբ մայիսի 9-ից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, այսօր՝ մայիսի 10-ին, անդրադարձավ Հայաստանի նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի պնդմանը, թե վարչապետի թեկնածուն պետք է լինի ինքը՝ Բագրատ Սրբազանը։ Նա հայտարարեց, որ ցանկություն և հավակնություն չունի վարչապետ դառնալու, բայց եթե ժողովուրդը ցանկանա, ինքն ով է, որ ասի չէ․

«Վարդան Օսկանյանը՝ մեր նախկին արտգործնախարարը, կարծիք է հայտնել, որ էս շարժման վարչապետի ամենահարմար թեկնածուն, երրորդ դեմքով ասեմ, լավ, Բագրատ Սրբազանն է։ Ես նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն։ Նաև սկզբունքների պատճառով չեմ ունեցել։ Եվ, միևնույն ժամանակ, ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ թաքցրել»,- ասաց նա ու լրագրողի հարցին ի պատասխան հավելեց՝ եթե ժողովուրդը ցանկանա, որ ինքը լինի վարչապետ, ու դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի «ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։

Ավելի ուշ իշխանական լրատվակայքեր «Հայկական ժամանակը» ու Araratnews.am-ը գրեցին, թե երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող ընտրվել ՀՀ վարչապետ։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ստուգեց այս պնդումների իսկությունն ու պարզեց, որ ՀՀ սահմանադրությամբ վարչապետ կարող է ընտրվել այն անձը, որը վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի է եղել։

Հարցը կարգավորվում է Սահմանադրության 48 և 148 հոդվածներով։ 148 հոդվածը սահմանում է, որ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Իսկ 48 հոդվածն ասում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Իսկ վարչապետը, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով, կառավարության անդամ է։

Այսպիսով, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ըստ ՀՀ սահմանադրության, չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, քանի որ ունի նաև Կանադայի քաղաքացիություն։

Չնայած սահմանադրության այս պահանջին՝ ժամանակին Հայաստանի նախագահ է դարձել Արմեն Սարգսյանը, որն ուներ Սենթ Քիթս և Նևիսի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *