2024.05.09,

Ստուգված է

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել».

«Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։

Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։

Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։

Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։

Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։

Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է»

2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։

Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։

2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գարեգին Երկրորդը հանդես եկավ ուղերձով, որում այդ թվում կար կոչ թույլ չտալու, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները տանեն դեպի պարտություն, իսկ «պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների»։ Նոր փորձությունները, ըստ կաթողիկոսի, պետք է հաղթահարել միասնականությամբ.

«Մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին»,- նշված էր ուղերձում։

2023-ին Արցախում սկսած ագրեսիայից մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռի էջում հրապարակվեց Աննա եկեղեցու ծիսակատար քահանայի խոսքը. նա համախմբան ու միասնականության կոչ էր անում։

Եկեղեցու օգնությունը տեղահանված արցախցիներին

2023 թվականի նոյեմբերին CivilNet.am-ը ռեպորտաժ էր պատրաստել տեղահանված արցախցիների մասին, որոնք աջակցություն էին ստանում Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Ըստ Մայր Աթոռի՝ այդ պահին եկեղեցու տարբեր թեմերին պատկանող կառույցներում շուրջ 400 արցախցի էր ապրում։ Աջակցության ծրագրերի իրագործման համար եկեղեցին համագործակցել է տարբեր բարերարների, հիմնադրամների, կազմակերպությունների, արտասահմանյան թեմերի հետ։

Այսպիսով, Արման Բաբաջանյանի երեք պնդումները, թե եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել» և թե հոգևորականները չեն աջակցել տեղահանված արցախցիներին, սխալ են։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *