Ազգային ժողովը ապրիլի սկզբին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հրապարակման օրվանից քննարկումների և շահարկումների առարկա էր։
Ազգային ժողովի քվեարկությունից հետո Հայ Առաքելական եղեկեցին հայտարարություն տարածեց՝ քննադատելով նախագծի մի շարք կետեր։ Խորհրդարանական ըննդիմությունը, տարբեր ընդդիմադիր գործիչներ և լրատվական կայքեր ևս միացան քննադատությանը, շահարկելով թեման, տարածելով մի շարք նոր և հին պնդումներ։
«Զուգընկեր»-ը ներկայացվեց որպես «նույնասեռականների պաշտպանություն»
Ինչպես բռնության կանխարգելման կամ ընտանեկան բռնության դեմ պայքարի՝ մինչ օրս քննարկված ցանկացած օրինագիծ, նոր նախագիծը ևս կապվեց նույնասեռականների և նրանց իրավունքների պաշտպանության հետ։ Այս դեպքում քննադատները խնդրահարույց գտան «զուգընկեր» հասկացությունը։
Օրենքի նախագծում նախատեսված է լրացում կատարել՝ ներառելով ոչ միայն ամուսնական, այլ նաև «զուգընկերային հարաբերությունները»։ Ըստ այդմ, գործող օրենքում նախատեսվում է ավելացնել կետ հետևյալ բովանդակությամբ. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:
Եկեղեցու տարածած հայտարարությունում նշվում է, որ նախագիծը չի բացառում, որ «զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը»։ Որոշ լրատվական կայքեր էլ պնդեցին, թե «զուգընկեր» տերմինը նոր օրենքով «փոխարինելու է» ընտանիք հասկացությանը։
«Ժողովուրդ» օրաթերն էլ մեղադրեց օրինագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանին, Սոնա Ղազարյանին և Ծովինար Վարդանյանին՝ ընտանիք հասկացությունը «ձևախեղելու» համար։
Իրականում, սակայն, օրենքի նախագծով զուգընկեր հասկացությունը ավելանում է ի լրումն նույն հոդվածի սկզբում ներկայացված «ընտանիքի անդամներ» սահմանմանը՝ զուգընկերային հարաբերությունները չնույնացնելով ընտանիքի հետ։ Ըստ բառարանային բացատրության՝ զուգընկեր (partner) համարվում է անձը, որի հետ առկա է ամուսնական կամ սիրային կապ, չսահմանելով օրինական ամուսնության կամ փաստացի միասին բնակվելու հանգամանքները, և ընդլայնելով օրենքի կարգավորման շրջանակը։
Ավելին, նույնասեռական միությունը չի կարող իրավականորեն հավասարեցվել ընտանիք հասկացությանը, քանի որ Հայաստանի գործող օրենքներով, այդ թվում՝ Սահմանադրությամբ, ընտանիք ձևվորվում է կնոջ և տղամարդու ամուսնությունից։
Ըստ ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը ԱԺ-ում հայտարարեց, որ զուգընկերային հարաբերություններ հասկացությունը իսկապես կօգնի կարգավորել նույնասեռական հարաբերությունները՝ պնդելով, որ նրանք ևս չպետք է ազատված լինեն պատժից։
«Ինքը գալու է ասի՝ ձեր նկարագրած զուգնընկերոջ մեջ ես չեմ մտնում, լավ եմ արել՝ ինչ արել եմ»։
Ազգային ժողովում «Հայատան» դաշինքից ընդդմիադիր Արթուր Խաչատրյանը բողոքեց զուգընկերային հարաբերությունների՝ ոչ միանշանակ լինելուց։
«Թոշակի գնալուց, թոշակի հերթի մեջ ինչ-որ մեկը մյուսին ասում է մի բան, հոգեբանական ճնշում է գործադրում, հրում է, խփում է, ամենավատ տարբերակը նայենք: Հիմա այդ մարդուն դատելո՞ւ եք այս օրենքով». Խաչատրյանի հարցը, սակայն, մանիպուլացնում է օրենքում զուգընկեր հասկացության բացատրությունը, որը հստակ նշում է «սիրային կապի» առկայությունը հարաբերություններում։
Օրենքի նախագիծը որոշ հայկական կայքեր նաև կապեցին Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որի քննարկումները արժանացել էին նույնատիպ քննադատության 2019 թվականին։ Ստամբուլյան կոնվենցիան, սակայն, ինչպես և գործող օրենը, չի սահմանում ընտանիքի մոդել և չի սահմանում կնոջ և տղամարդու կամ նույնասեռական ամուսնություն։
Կարևոր է նշել նաև, որ Ստամբուլյան կոնվենցիան, որը Հայաստանը դեռևս չի վավերացրել, վերաբերում է կոնկրետ կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը և որևէ կերպ չի սահմանում նույնասեռական ամուսնությունները։
Կենցաղային բռնություն
Օրինագծի կետերից մեկը, որ քննարկվեց ու քննադատվեց, նոր «կենցաղային բռնություն» տերմինի ներմուծումն է։ Ըստ Մայր Աթոռի հայտարարության՝ այս հասկացությունը «խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը»։
Թեպետ Հայաստանում տերմինը նոր է, սակայն այն բառացի domestic violence տերմինի թարգմանությունն է, որը միջազգային օրենքներում կիրառվում է շատ վաղուց։ Ավելին, Ստամբուլյան կոնվենցիայի ամբողջական անունը, որը հայերեն թարգմանվել է որպես «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա», իրականում վերաբերում է «կենցաղային բռնությանը»։ «Կենցաղային բռնություն» (domestic violence) և «ընտանեկան բռնություն» (family violence) տերմինները ունեն առանձին կիրառություն և վերաբերում են, առաջին դեպքում՝ զուգընկերային հարաբերություններին, իսկ երկրորդ դեպքում՝ ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնությանը։
Այսպես, քննադատությունը, որ օրենքի նախագծով փոխվում է նաև գործող օրենքի անվանումը և ավելացվում է «կենաղային բռնություն» տերմինը, փարատում է այն մտահոգությունները, թե [նույնասեռական] զուգընկերային հարաբերությունները հավասարվում են ընտանեկան հարաբերություններին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: