2024.04.03,

Ստուգված է

Ջիլիզայի հանձնման լուրը չի հաստատվում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վերջին շրջանում հայկական և ադրբեջանական մեդիան գրում է, թե Հայաստանի կառավարությունը Վրաստանին է հանձնելու հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղը։ Այս խոսակցության առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի հայտարարությունն էր, թե քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Հայտարարությունը Փաշինյանն արեց Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նույն օրը ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը գրեց, թե Փաշինյանը Ջիլիզա գյուղը նվիրելու է վրացիներին․

«․․․․ Բավական երկար ժամանակ էլ տեղեկություններ են տարածվում, որ Վրաստանը պահանջում է իրեն հանձնել Լոռու մարզի Ջիլիզա գյուղը, որը գտնվում է հայ-վրացակսն սահմանին… Կասկած չունեմ, որ Նիկոլ Անհողը այդ գյուղը կնվիրի վրացիներին»,- գրել էր նա։

Այս գրառումը տարածել էին 168.am, livenews.am լրատվակայքերը։

Մարտի 27-ին արդեն «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով «շրջանառվող լուրերին», գրեց, թե Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ, մասնավորապես Ջիլիզա գյուղը զիջելու պատրաստակամությամբ: Լրատվամիջոցը կապ էր հաստել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, վերջինս նշել էր, որ «վարչապետի հայտարարությունից բացի, դեռ այլ բան չկա»։

Լուրն արտատպել էին news.am, asekose.am, operativ.am, mamul.am, 168.am, armday.am, aravot.am և շատ այլ լրատվակայքեր։ Հետագայում լուրը տարածվեց նաև ադրբեջանական մեդիայում։ Նշենք, որ բոլոր այս լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, որի սկզբնաղբյուրը  «վաղուց շրջանառվող լուրեր»-ն է, և չկա ասվածն ապացուցող որևէ փաստ։

«Ստուգված է»-ն Ջիլիզա գյուղի հանձնման լուրի իսկությունը ճշտելու համար մարտի 27-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչությունից այսօր՝ ապրիլի 3-ին, պատասխանեցին, որ բացի պայմանավորվածությունից, որ պետք է ակտիվացներ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ավելին՝ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների նիստը դեռ չի կայացել։ ԱԳՆ-ն նաև ընդգծել էր, որ 2024-ի հունվարին Հայաստանի և Վրաստանի վարչապետների ստորագրած ռազմավարական համագործակցության մասին հուշագրում արձանագրվել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և Հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկատվությունը կներկայացվի պաշտոնական հաղորդագրություններում: Հանձնաժողովների նիստ դեռևս չի կայացել:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Հայտնում ենք նաև, որ ս. թ. հունվարին Հայաստանի և Վրաստանի վարչապետների ստորագրած ռազմավարական համագործակցության մասին հուշագրում հստակ արձանագրվել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշված էր պատասխանում:

Այսպիսով, տարածվող լուրը, թե Ջիլիզան հանձնվելու է Վրաստանին, չունի փաստական որևէ հենք։ Այն հիմնված է անանուն աղբյուրների, կամ, ինչպես լրատվամիջոցներն են նշում, «շրջանառվող լուրերի» վրա։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների նիստը դեռ չի կայացել և հայ-վրացական միջպետական սահմանի գծման առումով չկան ձեռք բերված պայմանավորվածություններ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *