2024.04.01,

Ստուգված է

Մոսկվա-Երևան թռիչքները չեն սկսում 80 հազար դրամից․ լուրը սխալ է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 31-ին մի շարք լրատվականներ գրեցին, թե Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ թանկացել են՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով։ Mediahub-ը, մասնավորապես, գրել էր, թե մարտի 31-ի դրությամբ Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքի տոմսերի արժեքն սկսվում է 80 հազար դրամից՝ հասնելով մինչև 115 հազար դրամի։ Նույնն էր գրել նաև Past.am-ը։ News.am-ը ևս տարածել էր թանկացման մասին լուրը, սակայն հետագայում հեռացրել է այն։

Mediahub-ը, մի շարք սունկ կայքերի հետ միասին (1, 2, 3, 4 և այլն), ավելի վաղ ևս գրել էր, թե տոմսերը կտրուկ թանկացել են։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Մոսկվա-Երևան տոմսերի արժեքի` կտրուկ բարձրացման մասին տեղեկությունը մոլորեցնող է, իսկ հրապարակված գները՝ սխալ։ 

Բոլոր դեպքերում կայքերը հղում են արել kupibilet․ru տոմսերի ամրագրման օնլայն հարթակին, մինչդեռ տոմսերի արժեքը կարելի է ստուգել և գնել բազմաթիվ այլ կայքերից։ Չնայած դրան kupibilet․ru հարթակում հնարավոր էր գտնել ավելի էժան տոմսեր, քան հիշատակվում է վերոհիշյալ կայքերում։ 

Օրինակ ապրիլի 3-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան թռիչքի արժեքը էկոնոմ դասի համար սկսվում է մոտ 29․700 դրամից։

Կան, իհարկե, նաև ավելի թանկ տոմսեր՝ կախված ավիաընկերությունից, տեղից, թռիչքի ժամից, օդանավակայանից և այլն։ Այս կայքում ուղղության առավելագույն արժեքը 156 հազար դրամ է։ Նկատենք, որ սովորաբար որքան թռիչքի օրն ավելի մոտ է, այդքան արժեքը բարձր է։ Տոմսերն ավելի վաղ վերցնելու դեպքում դրանց արժեքը կարող է զգալիորեն իջնել։ 

Մեկ այլ հարթակում՝ Travel.yandex.ru-ում, արժեքը ևս ավելի ցածր է, քան գրում են լրատվակայքերը։ Մոսկվայից Երևան թռիչքի տոմս կարելի է ձեռք բերել սկսած 20600 դրամից (ուղիղ թռիչք)։ Կան նաև 22000, 28000, 35000 դրամ և ավելի բարձր արժողությամբ տոմսեր։

Aeroflot-ում վաղվա՝ ապրիլի 2-ի թռիչքները Մոսկվայից Երևան սկսվում են 34700 դրամից (88$)՝ հասնելով մինչև 82000 դրամի (210$):

Մենք խոսեցինք նաև տուրիստական գործակալությունների հետ՝ հասկանալու, թե որքան է եղել Մոսկվա-Երևան թռիչքի միջին արժեքը մարտ ամսվա համար։ «Առթա տուր» և «ԼՈԿԱ» տուրիստական գործակալություններից մեզ փոխանցեցին, որ մարտ ամսվա ընթացքում միջին արժեքը Մոսկվա-Երևան թռիչքների եղել է 50-60 հազար դրամ։ 

Այսպիսով, տեղեկությունը, թե Մոսկվա-Երևան տոմսերի գինը կտրուկ բարձրացել է և արժեքն սկսվում է 80 հազարից, սխալ է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *