2024.03.13,

Ստուգված է

Որքան գումար է ծախսում Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում: Այս մասին մարտի 9-ին հաղորդեց Հանրային հեռուստատեսությունը։ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Փաստերի ստուգման մեր թիմը՝ «Ստուգված է»-ն, փորձեց հասկանալ, թե մինչ օրս Հայաստանը որքան գումար է ծախսել այս մրցույթին մասնակցելու համար։ Գումարի որ մասն է հատկացվել պետական բյուջեից, որ մասը՝ այլ աղբյուրներից և ինչպես են բաշխվել այդ միջոցները։

Հանրային հեռուստաընկերությունից մեր գրավոր հարցմանը պատասխանել էին դեռևս 2023-ի հունիսի 20-ին՝ տրամադրելով տեղեկություններ 2014-2023-ի համար։ 2014թ.-ից առաջ առկա բոլոր տվյալները, ըստ Հանրայինի, արխիվացված են և հեռուստատեսությունում պահպանված չեն։ 

Համաձայն այդ պատասխանի՝ Եվրատեսիլին մասնակցության ապահովման ծախսերն իրականացվում են թե՛ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական հատկացումների, թե՛ այլ աղբյուրներից ներգրավվող եկամուտների հաշվին: 

Այսպիսով, ըստ Հ1-ի տրամադրած տեղեկությունների, 2014-2023 թվականների ընթացքում Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթի համար ծախսել է 818 մլն դրամ գումար, որից 587 մլն-ը պետական բյուջեից, իսկ մնացած 231 մլն-ը՝ այլ աղբյուրներից։ 2020 և 2021 թվականների ցուցանիշները բացակայում են, քանի որ այդ տարիներին Հայաստանը մրցույթին չի մասնակցել։

Նշված տարիների համար ամենաշատ գումարը ծախսվել է 2015-ին՝ ընդհանուր կազմելով է 137 մլն դրամ։ Հայաստանն այդ ժամանակ ներկայացնում էր «Genealogy» խումբը։ 

«Այլ աղբյուրներից ներգրավվող եկամուտները հիմնականում վերաբերում են մասնավոր ընկերությունների կողմից մրցույթի կազմակերպչական որոշ ծախսերի գծով հովանավորչական եկամուտներին: Տարբեր տարիներին եկամուտները ներգրավվել են հիմնականում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից, «Յուքոմ» ՓԲԸ- ից, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «Լույս» մշակութային հիմնադրամից և այլ աղբյուրներից»,- նշված էր Հանրայինի պատասխանում: 

Երգերի երաժշտության և խոսքերի հեղինակների հետ կնքվում են լիցենզիոն պայմանագրեր, որոնց դիմաց վճարում է Հանրային հեռուստաընկերությունը այն դեպքում, երբ տվյալ ստեղծագործությունները հետագայում դառնում են ընկերության սեփականությունը:

«Մրցույթին մասնակցության գծով կազմակերպչական բոլոր ծախսերը հոգում է Հանրային հեռուստաընկերությունը: Հազվադեպ որոշակի ծախսեր կարող են իրականացվել նաև մասնակիցների կողմից և իրենց հաշվին»,- նշված է պատասխանում:

«Ստուգված է»-ն հարցրել էր նաև, թե որքան գումար է հատկացվում «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցին։ Ի պատասխան գրել էին, որ մասնակիցը որևէ հոնորար չի ստանում Հայաստանը ներկայացնելու համար: Հանրային հեռուստաընկերությունն ապահովում է միայն մրցույթի շրջանակներում մասնակցին անհրաժեշտ «գործուղման, կերպարի ծախսերը»: 

Հետաքրքիր է, որ դեռևս 2015-ին «Ժողովուրդ» օրաթերթին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցել էին, թե 2013-2015 թվականների ընթացքում «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակցությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է հովանավորների և բարեգործական հատկացումների միջոցով, մինչդեռ մեզ տրամադրած տվյալներով միայն 2014 և 2015 թվականներին պետական բյուջեից ծախսվել է 81 մլն դրամ։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *