Հայաստանյան մեդիան փետրվարի 25-ի ուշ երեկոյան սկսեց քննարկել 00ՕՕ000 պետհամարանիշի վաճառքը՝ 121 միլիոն դրամով (300,000 դոլարով)։
Այս մասին գրել էին բազմաթիվ լրատվական հարթակներ՝ tert.am, armtimes.com, hraparak.am, oragir.news, iravunk.com, 168.am, mamul.am և այլն, լրագրողներ, սոցցանցերի օգտատերեր։
Պետհամարանիշների աճուրդի մասին փետրվարի 1-ին հայտարարեց Ներքին գործերի նախարարությունը։ Կառույցը գործարկել էր էլեկտրոնային աճուրդի հարթակ, որի միջոցով հնարավոր էր լինելու ձեռք բերել համարանիշներ։ Քվեարկության մեկնարկը տրվեց փետրվարի 2-ին, այն տևելու էր 10 օր։
00ՕՕ000 պետհամարանիշի վաճառքի մասին լուրը փետրվարի 26-ի առավոտյան հերքեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, կավարտվի փետրվարի 28-ին (այժմ աճուրդն ավարտված է)։
Լրատվամիջոցներից շատերը պետհամարանիշի՝ 121 մլն դրամով վաճառքի լուրը վերցրել էին «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից և նյութում որպես տեղեկատվության աղբյուր նշել ՀԿ-ին։ Չնայած դրան՝ «Վարորդի ընկերը» նույնպես տեղեկության տարածման սկզբնաղբյուրը չէր։
Լուրի տարածումից մեկ օր առաջ՝ դեռևս փետրվարի 24-ին, bavnews.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե «00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել է 300.000 ԱՄՆ դոլարով, սակայն գաղտնի է պահվում, թե ով է այն ձեռք բերել»։ Կայքը հրապարակել էր նաև այդ համարանիշով մեքենայի լուսանկար, որի համարանիշի հատվածը խմբագրված է։ Բնօրինակ լուսանկարը՝ իրական համարանիշով տես այստեղ։
«Ստուգված է»-ն խոսեց bavnews.am-ի սեփականատեր Անդրանիկ Բոյաջյանի հետ՝ հասկանալու, թե ով է նրանց տեղեկատվության աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ իրենք տեղեկությունը վերցրել են բաց աղբյուրներից։ Անդրանիկ Բոյաջյանը մեզ ուղարկեց տեսանյութ, որում երևում էր 00ՕՕ000 համարանիշով Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենա։ Այս տեսանյութը փետրվարի 11-ին հրապարակել էր Նորայր Մուսայելյան անունով օգտատերը։
Մեզ հաջողվեց նույնականացնել տեսանյութի վայրը։
Տեսանյութն արվել է Շինարարներ փողոցում՝ 8/1 հասցեի մոտակայքում։ Միայն ծաղկած ծառերից ենթադրելի է, որ այն չէր կարող նոր լինել։ Բացի դրանից, մեր այցը այս տարածք ցույց տվեց, որ այժմ ծառերի ճյուղերը կարճացված են, իսկ դիմացի շինանյութի խանութի պաստառները՝ հանված։
Քաղաքապետարանի փոխանցմամաբ՝ ծառերի սաղարթի կարճացումն արվել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին։ Շինանյութի խանութի աշխատակիցը մեզ ասաց, որ պաստառները հանվել են 2023-ի դեկտեմբերին։ Ստացվում է, որ տեսանյութը ամենաքիչը 5 ամսվա հնության է։
«Ստուգված է»-ն այս տարածքում՝ տեսանյութում երևացող բենզալցակայանից մոտ 3-4 մետր հեռավորության վրա, ֆիքսեց Մերսեդես-Բենց մակնիշի նույն մեքենան, սակայն բոլորովին այլ համարանիշով։
Հաշվի առնելով, որ զրոներով համարանիշի աճուրդը հայտարարվել է փետրվարի 2-ին, և ՆԳՆ խոսնակի փոխանցմամաբ՝ նախկինում այն գործածություն չի ունեցել և այս պահին էլ մեքենան ունի բոլորովին այլ համարներ, կարելի է պնդել, որ տեսանյութը կամ մոնտաժված է, կամ այդ համարանիշները գնվել են սև շուկայից։
Եթե համարանիշը վաճառված չէ, ապա ինչո՞ւ է «զբաղված»
Փետրվարի 26-ին՝ վաճառքի լուրի տարածման օրը, օգտատերերի մոտ հարց էր ծագել նաև՝ եթե համարանիշը դեռ վաճառված չէ, ապա ինչո՞ւ է էլեկտրոնային աճուրդի կայքում՝ auction.mia.gov.am-ում, այդ համարի փնտրման արդյունքը ցույց տալիս «զբաղված»։
ՆԳՆ-ի մամուլի խոսնակը այս հարցին ի պատասխան ասաց, որ այդ համարանիշը հնարավոր չէր գտնել կայքում, քանի որ այն արդեն դրված էր աճուրդի․
«Այդ ընթացքում արդեն հնարավոր չէր դիմել համարանիշի համար։ Գրանցման համար տրվել է որոշակի ժամանակահատված՝ 10 օր, որպեսզի մարդիկ քվեարկեն համարանիշների օգտին, դրանից հետո քվեարկած մարդիկ պետք է կանխավճար մուծեին, ու միայն նրանց է հնարավորություն տրվել մասնակցելու աճուրդին, և ոչ թե՝ բոլորին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Աճուրդի այս պայմանները արտացոլված են նաև ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ․
«․․․․ Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Փաստացի, քվեարկությունը պետք է ավարտված լիներ փետրվարի 11-ին: Հաջորդիվ աճուրդի հանված առաջին համարանիշները արդեն անհասանելի էին։ Իսկ արդեն բուն աճուրդը ընտրված մասնակիցների միջև պետք է սկսվեր փետրվարի 25-ին և ավարտվեր երեք օրից՝ փետրվարի 28-ին։
Աճուրդն ավարտվել է
Այս պահին աճուրդն ավարտված է։ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, որի ընդհանուր արժեքը 156.200.000 դրամ է։
Եթե նկատի ունենանք, որ համարանիշների համար նախատեսված մեկնարկային գինը նվազագույնը 10մլն էր, ապա ստացվում է, որ դրանցից որևէ մեկը չէր կարող վաճառվել 121 միլիոն դրամով (եթե վաճառված 7 պետհամարանիշներից մեկը 00ՕՕ000 պետհամարանիշն է, ապա մնում է 6 պետհամարանիշ։ Եթե նվազագույնը 10 միլիոն դրամ ընդունենք յուրաքանչյուր պետհամարանիշի գինը, կստացվի 60 միլիոն դրամ։ Ընդհանուր գումարից եթե հանենք այդ թիվը, ապա այն փոքր կլինի նախօրոք տարածված 121 միլիոնից։ [ 156.200.000- (6×1.000.000)=96.000.000]։ Հավելենք, որ վաճառված համարաներիշերի ցանկը չի հրապարակվել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: