2024.02.27,

Ստուգված է

Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով․ նմանություններ և տարբերություններ

author_posts/lusine-voskanyan
Լուսինե Ոսկանյան

Լրագրող

Հայաստանի Հանրային հեռուսատեսության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման՝ փետրվարի 23-ի թողարկման ընթացքում ռուսաստանցի փորձագետ Դմիտրի Սուսլովը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հայտնում իրենց համերաշխությունը Ուկրաինային այնպես, ինչպես Հայաստանի իշխանությունները։

Նա պնդել է, որ Հայաստանը ոչ թե նոր գործընկերներ է փնտրում, այլ կանգնում է Ռուսաստանի թշնամու կողքին․ «Հետխորհրդային այլ երկրները, որոնք փաստացիորեն Ռուսաստանի դաշնակիցները չեն Ուկրաինայի հարցում՝ Ղազաստանը, Ուզբեկստանը, նույն Ադրբեջանը, չեն սրում այս իրավիճակը։ Նրանք ձևավորում են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց չեն սրում իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, հավասարակշռությունը պահում են։ Եթե Հայաստանը նմանապես իրեն պահեր, Ռուսաստանը իրեն բավարարված կզգար»։

Ղազարյանը հակադրվել է Սուսլովին՝ նշելով, որ Ղրիմի հարցով Ադրբեջանն ուղղակի Ռուսաստանի դեմ է․ «Նա ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բոլոր միջազգային քվեարկություններում քվեարկում է ձեր դեմ, ռազմական օգնություն է ցույց տալիս Ուկրա [ինային, խմբ․]»։

Սուսլովը պնդել է, որ չի տեսել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները Ուկրաինային համերաշխություն հայտնել, այնպես, ինչպես Հայաստանի իշխանությունները։ Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե չի՞ տեսել, թե ինչպես է Ալիևն ասում, որ իրենք Ուկրաինայի դաշնակիցներն են և օգնում են նրանց, Սուսլովը բացասական պատասխան է տվել։

«Ստուգված է»-ն փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում է արտահայտել Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմին, և արդյոք ճիշտ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին պնդումը։

Ղրիմի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը

2014թ․-ին, երբ ռուսամետ ուժերը վերահսկողություն հաստատեցին Ղրիմում, թերակղզում տեղի ունեցավ հանրաքվե Ռուսաստանին միանալու նպատակով։ Արդյունքում քվեարկողների 95%-ը կողմ էր Ռուսաստանին միանալուն։ Պետությունների մեծ մասը չճանաչեց այս արդյունքը։ Նույն տարում ՄԱԿ-ը ընդունեց բանաձև՝ անվավեր համարելով հանրաքվեի արդյունքը և հաստատելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Հայաստանը դեմ քվեարկեց փաստաթղթին, իսկ ահա տարածաշրջանի այլ երկրները՝ Ադրբեջանը և Վրաստանը, կողմ արտահայտվեցին դրան։

Այդ համատեքստում Ղազարյանի պնդումը ճիշտ է. 2014-ին Ադրբեջանը հակառուսական դիրքորոշում է դրսևորել՝ ի տարբերություն Հայաստանի։

Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բանաձևերի քվեարկության ընթացքում

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո 2022թ․ մարտի 2-ին ՄԱԿ-ում՝ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկության ընթացքում Ադրբեջանը բացակայել է։ Հայաստանը ձեռնպահ է մնացել։

Մարտի 4-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց` կոչ անելով Ուկրաինայի ողջ տարածքից դուրս բերել Ռուսաստանի և Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերը։ Բանաձևին Հայաստանը ձեռնպահ քվեարկեց, իսկ Ադրբեջանը առհասարակ չքվեարկեց։ Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը չեղարկելու մասին քվեարկության ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչությունը  չմասնակցեց։ Հայաստանը դեմ քվեարկեց։

Նույն տարվա ապրիլին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու մասին քվեարկության ժամանակ ադրբեջանցիները կրկին բացակայել են։ Հայաստանն այս անգամ ևս ձեռնպահ է քվեարկել։

2022-ի սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի 4 շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ընդունելու վերաբերյալ հանրաքվեներ նախաձեռնելու, փաստացի՝ այդ տարածքները անեքսիայի ենթարկելու մասին: Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձև՝ կոչ անելով երկրներին չճանաչել Ուկրաինայի չորս շրջանները Ռուսաստանի կազմում՝ համարելով գործընթացը «անօրինական բռնակցման փորձ»: Արդյունքները կողմ են եղել 143 անդամ երկրներից, հինգը դեմ են քվեարկել, իսկ 35-ը՝ ձեռնպահ, այդ թվում՝ Հայաստանը։ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձև ընդունեց՝ կոչ անելով Ռուսաստանին ռազմական փոխհատուցում վճարել Ուկրաինային։ Բանաձևին կողմ էր քվեարկել 94, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր։ Հայաստանն ու Ադրբեջանը կրկնել եննախորդ քվեարկությունների փորձը․ Հայաստանը ձեռնպահ է մնացել, Ադրբեջանը՝ բացակայել։

Այսպիսով, միջազգային կարևոր փաստաթղթերի քվեարկությունների ժամանակ երկու երկրները վարել են չեզոք քաղաքականություն՝ Հայաստանը ձեռնպահ քվեարկելով, իսկ Ադրբեջանը՝ նիստերից բացակայելով։

Ադրբեջանի դիրքորոշումը՝ քաղաքական հայտարարություններում

2022թ․ պատերազմի մեկնարկից 2 օր առաջ՝ փետրվարի 22-ին, Ադրբեջանը և Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական համագործակցությունը ամրապնդող նոր հռչակագիր ընդունեցին:

Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Իլհամ Ալիևն աջակցում է Ուկրաինային, և որ Ադրբեջանը «այն քիչ երկրներից է», որի չեզոք դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության առնչությամբ Կիևը պատրաստ է հասկանալ։ «Մենք հասկանում ենք չեզոքության հավասարակշռությունը, քանի որ նրանց մոտ կարող է պատերազմ սկսվել: Բայց մենք ավելին ենք սպասում և երկար չենք կարողանա հասկանալ, քանի որ մեզ համար դժվար է լինելու»,- ասել էր նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանիցս հաստատել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- հայտարարել էր Ալիևը 2022թ․ ապրիլին։

Նույն տարում, շնորհավորելով Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա առթիվ, Ալիևը վերահաստատել էր իր դիրքորոշումը։ Նա նշել էր որ Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ղեկավարվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

2024թ․-ին Մյունխենի անվտանգության համաժողովին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները շեշտել էին, որ միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսասան են։

Ադրբեջանի օգնությունը Ուկրաինային

Պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանը հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային։ 2023թ․-ին պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ 2022-2023 թվականների ընթացքում Ուկրաինային տրամադրել է 34 մլն դոլարի օգնություն։ Պատերազմի մեկնարկից անմիջապես հետ Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահից՝ նշելով․ որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)՝ Ուկրաինայում գտնվող բենզալցակայանները «Շտապ օգնության» և փրկարար ծառայության մեքենաներն անվճար են լիցքավորում։

2023թ․ օգոստոսին հայտնի էր դարձել, որ Բաքուն պատրաստակամություն է հայտնել օգնելու Ուկրաինային ականազերծման հարցում։ Հումանիտար օգնության նոր փաթեթի քննարկման ժամանակ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը հայտարարել էր, որ հիանում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ ուկրաինացիների մղած արի դիմադրությամբ։

Դեսպանը հավելել էր, որ Ադրբեջանը շարունակելու է հումանիտար օգնություն տրամադրել 4 գլխավոր ուղղություններով՝ Ռուսաստանի ներխուժումից տուժած ուկրաինացի երեխաների բժշկական և հոգեբանական վերականգնում, ռազմական անձնակազմի վերականգնում, օգնություն էներգետիկ ոլորտում և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնում:

Հայաստանի հայտարարությունները և օգնությունը

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը համընկավ Հայաստանում հետպատերազմյան շրջանի հետ։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորակազմը։ Ադրբեջանը թիրախավորել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները։

Այս պայմաններում Հայաստանը հիմնականում չէր կատարում հակառուսական հայտարարություններ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։

Այսպես, 2022թ․ հունիսին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ուկրաինայի հարցում, հայտարարել է․ «Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը»։

Հաջորդող տարում Փաշինյանի դիրքորոշումը կոշտացավ։ Մասնավորապես, 2023թ․ հունիսին CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայում ստեղծված իրավիճակից խոսելիս, նշել է․«Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: [․․․] Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»:

Այս միտքը Փաշինյանը կրկնեց 2024թ․ փետրվարին Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա նշել էր․ «Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ: Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։

Առաջին հումանիտար օգնությունը Ուկրաինային Հայաստանը փոխանցել է 2023թ․ սեպտեմբերին։  Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինա կատարած այցի ընթացքում ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ և նոթբուք էր նվիրել երեխաների առցանց կրթության համար։ 2024թ․-ի ընթացքում արդեն Հայաստանը երկու անգամ օգնություն է ուղարկել՝ հիմնականում դեղորայքի տեսքով։

Այսպիսով, թեև Հայաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դաշնակիցը չէ և հումանիտար օգնություն է տրամադրել նրան Ադրբեջանի կողմից ցուցաբերվող աջակցության հետ դա դժվար է համեմատել։ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Պատերազմի սկզբից պաշտոնական Բաքուն մեծաքանակ հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային, որի ծավալները ավելին են, քան Հայաստանի տրամադրած օգնությունը։

Կիևին ռազմական օգնություն՝ Ադրբեջանի՞ց

Ինչ վերաբերում է Պետրոս Ղազարյանի այն պնդմանը, թե Բաքուն Ուկրաինային ռազմական օգնություն է ցուցաբերում, այս առումով որևէ հավաստի տեղեկություն չկա։

Civilnetcheck-ի մեր գործընկերները դեռևս 2022թ․-ին անդրադարձել էին համացանցում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց՝ Ադրբեջանը Ռուսաստանի ներխուժումից հետո զենք է առաքում Ուկրաինա։ Կայքը հայտնել էր, որ Ուկրաինայի զինանոցում առկա են ադրբեջանական արտադրության «20N5» ականանետեր, սակայն, թե ինչպես և երբ են դրանք հայտնվել Ուկրաինայում, մնում է անհայտ։ Տելեգրամյան ալիքների պնդումը, թե Ադրբեջանը նաև ավիառումբեր է առաքել Ուկրաինային, կայքը նույնպես չէր հաստատել։ Սակայն հաջողվել էր պարզել, որ այն չվերթներով, որոնցով ենթադրաբար զենքը տեղափոխվել էր Ուկրաինա, իսկապես տեղի ունեցել են։

2023թ․ դեկտեմբերին այս տեղեկությունները կրկին շրջանառվեցին։ Այս անգամ ուկրաինացի մի լրագրող իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Ուկրաինան, իբրև, մեկ այլ պետության տարածքում խորհրդային հաուբիցների համար 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն է կազմակերպել։ Լրագրողը չէր նշել, թե որ երկրի մասին է խոսքը, բայց օգտատերերը լուսանկարներում ադրբեջանական «Palladium» ընկերությունների խմբի խորհրդանիշներով տեղեկատվական ստենդեր էին նկատել։

Պաշտոնական Բաքուն կտրուկ հերքել էր տեղեկությունը՝ հայտնելով, որ Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում։  Այնուհանդերց, Civilnetcheck-ի  փաստերի ստուգման թիմը կրկին ստուգել էր ուկրաինացի լրագրողի հրապարակած լուսանկարը ու պարզել, որ իրականում Ադրբեջանը զինամթերք մատակարարել է Ուկրաինային Թուրքիայի միջոցով։

Այսպիսով, չնայած Ադրբեջանի հերքումներին, կան լրագրողների կողմից ներկայացված վստահելի ապացույցներ, որ Ադրբեջանն իսկապես ռազմական օգնություն տրամադրել է Ուկրաինային՝ Ռուսաստանի ներխուժումից հետո։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *