Փետրվարի 11-ին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հետ։ Կառավարության ղեկավարը խուսափողական պատասխան տվեց լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի՞ Երևան ժամանելու դեպքում։ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է ու հավելեց․
«․․․․ Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ»։
Պուտինի անձեռնմխելիության մասին դեռևս նախորդ տարի խոսել էր նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա կարծիքով՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով և Պուտինի ձերբակալման մասին խոսք լինել չի կարող։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե արդյոք պետությունների առաջնորդների անձեռնմխելիությունը հիմնավոր պատճառ է Հռոմի ստատուտով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար։
Ի՞նչ է պահանջում ՄՔԴ-ն
Շաբաթներ առաջ Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Պուտինը մեղադրվում է ռազմական հանցագործությունների համար։
Սովորաբար, միջազգային սովորութային իրավունքի համաձայն, պետության ղեկավարը օգտվում է անձեռնմխելիությունից (ratione personae)՝ այլ պետության դատարանում հայտնվելիս: Սակայն սա չպետք է գործի Հռոմի ստստուտը վավերացրած երկրների դեպքում, քանի որ ստատուտի 27-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «անձեռնմխելիությունը, որը կարող է կապված լինել անձի պաշտոնեական լիազորությունների հետ, չի արգելում դատարանին իր իրավասությունն իրականացնել»:
ՄՔԴ-ն սահմանել է, որ պաշտոնատար անձը կօգտվի անձեռնմխելիությունից ազգային դատարաններում, սակայն եթե այդ հարցը վերաբերում է ՄՔԴ-ին, ապա մասնակից պետության ղեկավարի անձեռնմխելիությունը դադարում է գոյություն ունենալ։
Միջազգային իրավունքի համաձայն ևս անձեռնմխելիության սկզբունքը մերժվում է անձանց համար, որոնք հանդես են եկել որպես պետության ղեկավար կամ կառավարության պատասխանատու պաշտոնյա։
«Միջազգային իրավունքի սկզբունքը, որը որոշակի հանգամանքներում պաշտպանում է պետության ներկայացուցիչներին, չի կարող կիրառվել այն գործողությունների նկատմամբ, որոնք միջազգային իրավունքով դատապարտված են որպես քրեական։ Այս արարքների հեղինակները չեն կարող պատսպարվել իրենց պաշտոնեական դիրքի հետևում՝ համապատասխան վարույթում պատժից ազատվելու համար»,- ասված է Նյուրնբերգի տրիբունալի Գլխավոր ասամբլեայի 95 (I) բանաձևում։
Ալ-Բաշիրի օրինակը
Ասվածը հաստատվել է Սուդանը երեք տասնամյակ ղեկավարած Օմար Ալ-Բաշիրի գործով Միջազգային քրեական դատարանի վճռում։ ՄՔԴ-ն նրան մեղադրանք է առաջադրել մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար։ ՄՔԴ-ն կալանքի առաջին օրդերը տվել էր 2009-ին, իսկ երկրորդը՝ 2010-ին: Ըստ վճռի՝ պետության ղեկավարին քրեական հետապնդումներից տրված անձեռնմխելիությունը դադարում է գոյություն ունենալ ՄՔԴ-ից ստանձնած պարտավորությունների դեպքում։
Իհարկե որոշ պետություններ չկատարեցին իրենց պարտավարությունները և չկալանավորեցին Ալ-Բաշիրին՝ հիմնավորելով, որ վերջինս դեռևս պետության գործող ղեկավար է և, հետևաբար, պաշտպանված անձեռնմխելիությամբ: Խոսքը, մասնավորապես, Նիգերիայի մասին է։ Բաշիրը ժամանել էր այդ երկիր՝ գտնվելով հետախուզման մեջ և մասնակցել էր մեկօրյա գագաթնաժողովի։ Չնայած Human Rights Watch-ի և բրիտանական կառավարության բողոքներին՝ Նիգերիան որևէ քայլ չէր ձեռնարկել, և Ալ-Բաշարը անարգել հեռացել էր։
2015-ին Ալ-Բաշիրը մեկնեց Հարավաֆրիկյան Հանրապետություն և կրկին չձերբակալվեց։ Չձերբակալման հիմքն այն էր, որ որպես պետության ղեկավար նա ուներ անձեռնմխելիություն։ Գործն այդ ժամանակ ուղարկվել էր ներքին դատարան՝ վճռի համար։ Դատարանը որոշել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները «պարտադրված էին ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը նախագահ Ալ-Բաշիրին ձերբակալելու համար»:
ՄՔԴ-ն անդրադարձավ դրան և հայտարարեց, որ ձերբակալման հրամանը կատարելիս կողմերը հանդես են գալիս ՄՔԴ-ի անունից և ոչ թե իրենց անունից՝ որպես պետության կողմ: Հետևաբար, նույնիսկ եթե դա նրանց իրավասությունն է, անձեռնմխելիությունը չի կիրառվում, քանի որ նրանք ՄՔԴ-ի անունից հանդես եկող պետություններ են:
Ինչ, եթե երկիրը չի կատարել պարտավորությունները
Հռոմի ստստուտի 87-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ երբ մասնակից պետությունը չի կատարում դատարանի կողմից համագործակցելու խնդրանքը, դատարանը կարող է այդ մասին եզրակացություն անել և հարցը փոխանցել Մասնակից պետությունների ասամբլեային, կամ, եթե Անվտանգության խորհուրդը հարցը հանձնել է Դատարան, Անվտանգության խորհրդին։
Թե ինչ պատիժ կկիրառվի պարտավորությունը չկատարած երկրի նկատմամաբ, պետք է որոշվի քննարկումների արդյունքում։ Հստակ որևէ պատիժ չի նշվում։
ՄՔԴ-ն չունի իր սեփական հարկադիր մարմինը և նման ձերբակալություններն ապահովելու համար հիմնվում է պետության հետ համագործակցության վրա: Համագործակցության տարբեր ձևերը ներառում են աջակցություն կասկածյալների նույնականացման և գտնվելու վայրի, ապացույցների հավաքման, անձանց հարցաքննության, փաստաթղթերի տրամադրման, խուզարկությունների իրականացման և ակտիվների սառեցման և առգրավման հարցում։
Եղել են տարբեր դեպքեր, երբ պետությունները չեն կատարել ՄՔԴ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ Քենիան, Ջիբութիին, Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և այլն։
Հունգարիայի կառավարությունը, օրինակ, լինելով ՄՔԴ անդամ, հայտարարեց, որ Պուտինը Հունգարիա այցի դեպքում չի ձերբակալվի։ Այս որոշումը իշխանությունը հիմնավորեց ներքին օրենսդրությանը հղում անելով։
Ինքը՝ Կրեմլը, հրաժարվել է ընդունել մեղադրանքը և փոխարենը քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազի և օրդերը տված դատավորների դեմ։
Այսպիսով, Հռոմի ստատուտում հստակ արձանագրված է, որ պետության առաջնորդների անձեռնմխելիությունը հիմք չէ հետախուզման մեջ գտնվող ղեկավարին չձերբակալելու համար։ Երկրները, որոնք այդ հիմքով չեն ձերբակալում պետությունների հետախուզվող ղեկավարներին, խախտում են ստանձնած պարտավարությունները։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: