2023.12.28,

Ստուգված է

Ռուսական քարոզչական թեզերը Հայաստանում․ 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր

Հայաստանում Ռուսաստանը իր տեսակետը ներկայացնելիս կիրառում է  տարբեր մեթոդներ ու իր նարատիվները տարածում է տարբեր աղբյուրների՝ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, փորձագետների և այլ դերակատարների միջոցով: Կախված իրավիճակներից և իրադարձություններից՝ Հայաստանում ռուսական քարոզչությունը ժամանակ առ ժամանակ ավելի է սրվում կամ ստանում ավելի մեծ ծավալներ:

2023 թ․ սեպտեմբերին ու հոկտեմբերի սկզբին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում Ռուսաստանը ակտիվացրեց իր քարոզչական գործիքակազմը:

  • Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, ինքնին ռազմավարական սխալ է: 
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցեց Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ կազմակերպած առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին՝ ՀՀ կողմից առաջին անգամ հումանիտար օգնություն տանելով Ուկրաինա։ 
  • Սեպտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպեց Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակեց իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը Գրանադայի Եվրոպական Քաղաքական Համայնքի համաժողովից և կից գրառում արեց։

Սեպտեմբերին նաև ադրբեջանական կողմի գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ստիպված եղան լքել իրենց տները՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց։ Իսկ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը։

Այս և մի շարք այլ իրադարձություններից հետո  պրոռուսական հիմնական թեզերը սկսեցին նոր թափով շրջանառվել Հայաստանում։ Այդ թեզերը, իհարկե, նոր չէին, սակայն այս անգամ դրանք տարածվում էին ավելի ակտիվորեն և ներառում էին դերակատարների ավելի մեծ շրջանակ։

Դիտարկել ենք 2023 թ․ի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ՌԴ կողմից շրջանառվող ամենատարածված թեզերից երկուսը։

Թեզ 1․ Պետք է փոխել իշխանությանը, քանի որ այն սորոսական է, արժանի չէ իր ժողովրդին, դավաճան է և հանձնել է Արցախը։

ՀՀ իշխանության դավաճան լինելու թեզը ռուսական, ապա հայաստանյան տեղեկատվական դաշտում շրջանառվող ամենատարածված թեզերից է դեռ 2020 թ․ նոյեմբերից հետո՝ ավելի թույլ կամ ուժեղ արտահայտվածությամբ։ 

Քարոզչական այդ թեզը նոր մատուցմամբ սկսեց ակտիվանալ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահյան հանդիպումից և Եվրոպական միության՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու որոշումից հետո։ Պրահյան հանդիպման հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանի կողմից սկսեց շրջանառվել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այդ պատճառով էլ ՌԴ-ի և խաղաղապահների գործողությունների հնարավորությունները սահմանափակվել են:

Այս թեզն իր կիրառության և տարածման պիկին հասավ սեպտեմբերի 19-ին նախորդող և հաջորդող օրերին, երբ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանի կողմից տեղահանվեցին ԼՂ-ում բնակվող հայերը: Տեղահանված մարդիկ հանրային կերպով սկսեցին դժգոհություններ արտահայտել խաղաղապահների և նրանց գործունեության նկատմաբ: Այս ֆոնին թե՛ Ռուսաստանի կառավարության, թե՛ հանրային դեմքերի ու լրատվամիջոցների, թե՛ հայաստանյան տարբեր շրջանակներում սկսվեց իրավիճակի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա բարդելու գործընթացը՝ միաժամանակ փորձելով Ռուսաստանին ազատել պատասխանատվությունից՝ պատճառաբանելով նաև, որ Հայաստանը վարում է հակառուսական քաղաքականություն:

Ուշագրավ է, որ այդ ընթացքում Meduza լրատվականը հրապարակեց, թե իր ձեռքի տակ է հայտնվել մեթոդական մի ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Այդ ձեռնարկում, ըստ Meduza-ի, Կրեմլը խորհուրդ է տալիս ԼՂ կոնֆլիկտի սրացման հարցում մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք էր դնել այն բանի վրա, որ «հայաստանյան կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի վրա», իսկ որպես ապացույց խորհուրդ էր տալիս ցիտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որն արվել է 2022 թ․ հոկտեմբերին։

Թեզը տարածող դերակատարները

ՌԴ պաշտոնյաներ

Թեզը, թե Պրահայում ՀՀ-ն ինքն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, կարելի է ասել, սեպտեմբեր ամսին ամենատարածվածն էր․ այն շրջանառում էին ՌԴ կառավարության առաջին դեմքերից մինչև ՀՀ փորձագետներն ու լրատվամիջոցները։

ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» ակումբում հայտարարել էր, որ Պրահայում 2022 թ․ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԵԽ ղեկավարի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո ստորագրել են հայտարարություն, համաձայն որի Հայաստանն ինքն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իսկ ինքը՝ Պուտինը, այդ մասին լրատվամիջոցներից է տեղեկացել։ «Մենք ի՞նչ կարող ենք անել»,- ասել էր նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր․ «Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի, սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։ 

ՌԴ նախկին վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրել էր. «Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց, տարօրինակ կերպով, մնաց իր տեղում։ Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը՝ ցուցադրաբար, թխվածքաբլիթներով, գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում»:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կարճ ժամանակահատվածում այս թեզը կրկնեց մի քանի անգամ՝ հիմնականում իր ճեպազրույցների ժամանակ։ Սեպտեմբերի 5-ի ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից արվող հայտարարություններին, Զախարովան ասել էր․ 

«․․․ Երբ Երևանից լսում ենք հայտարարություններ, որ Մոսկվայից կամ Ռուսաստանից ինչ-որ կախվածությունը հնարավորություն չի տալիս ապահովել անվտանգությունը, այնուամենայնիվ, երկիրը ներկայացնող մարդիկ պետք է պատասխանատու վերաբերվեն իրենց արած հայտարարություններին։ Իրոք չգիտե՞ն, թե Հայաստանի քանի քաղաքացի է փրկվել, այդ թվում՝ Մոսկվայի գործողությունների շնորհիվ, այդպես չէ՞, Հայաստանում մարդիկ չգիտե՞ն այս մասին, իհարկե գիտեն։ Ուրեմն ինչո՞ւ է այն այժմ մոռացության մատնվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում, քանի բռնկված սրացումներ հաջողվեց մարվել հենց, և ես նաև կավելացնեմ՝ միայն Մոսկվայի և ուղղակիորեն մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների շնորհիվ։ Երևանում դա ոչ ոք չգիտի՞, իհարկե գիտեն»: Շարունակելով միտքը՝ Զախարովան կիրառում է մեկ այլ մարտավարություն, որը հատուկ է այդ ժամանակահատվածում ռուսական թեզերի հռետորաբանությանը՝ ժողովրդին առանձնացնում է իշխանությունից՝ տպավորություն ստեղծելով, թե հայ ժողովուրդը համամիտ է Ռուսաստանի պաշտոնական տեսակետին․ «Ուրեմն ինչու՞ են իրենք իրենց թույլ տալիս նման հայտարարություններ, նրանք ուզում են պատմությունը վերաշարադրել, չի ստացվի, որովհետև Հայաստանի ժողովուրդը շատ լավ գիտի իր պատմությունը՝ և՛ նորագույն, և՛ դարավոր պատմությունը, և գիտի հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրում մեր երկրի դերի մասին»։

Իշխանության որոշումների և ժողովրդի տեսակետների տարանջատման մասին թեզերի մեկ այլ ակտիվ տարածող է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, որը Նիկոլ Փաշինյանին դավաճան էր անվանել՝ ասելով․ «․․․Հենց դավաճանների տեսանկյունից իրենք գործում են տրամաբանորեն։ Հարցն այն է՝ արդյոք հայ ժողովրդի և Հայաստանի շահերը համընկնում են այն անձի շահերի հետ, որն այսօր ղեկավարում է՝ Նիկոլ Փաշինյանի շահերի հետ: Նա փաստացի բախտի ողորմությանը թողեց Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին․․․ Նա միանգամայն գիտակցաբար է հանձնում Լեռնային Ղարաբաղը։ Սա դավաճանական տեսք ունի: Բայց Փաշինյանը ելք գտավ՝ մեղքը գցում է Ռուսաստանի վրա՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է զբաղվի, ինքը դրա հետ կապ չունի։ Բայց մենք չպետք է թաքնվենք ակնհայտ դավաճան Փաշինյանի դիրքորոշման հետևում, մենք պետք է պահպանենք մեր պատիվը»:

Զատուլինի և Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք քաղաքական գործիչների, ձեռներկատերերի, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների և մշակույթի ներկայացուցիչների նախաձեռնությամբ 2018 թ․-ին ստեղծվել է Լազարևյան ակումբը, որը, ըստ ակումբի կայքի տվյալների, ի թիվս այլ գործառույթների, ուշադիր հետևում է Հայաստանի ներսում և արտաքին քաղաքական ասպարեզում տիրող իրավիճակին, ինչպես նաև ակումբի ջանքերով աջակցություն է ցուցաբերվում Հայաստանում մի շարք ռուսալեզու լրատվամիջոցների գործունեությանը։

Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին նիստից

Ակումբի կայքում տեղադրված են Զատուլինի մի շարք հարցազրույցներ և մեկնաբանություններ, որտեղ հետևողականորեն առաջ են տարվում Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու և Ռուսաստանին արդարացնելու թեզերը։ 

Այս հարթակում մի նամակ է հրապարակված, որը, ըստ կայքի, Զատուլինին ուղարկել է ՌԴ մի քաղաքացի, որը էթնիկ հայ է։ «Մենք լավ գիտենք մեր պատմությունը և Ռուսաստանի դերը Հայոց ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մեջ։ Դրա օրինակն է Բայազետի ամրոցի հերոսական պաշտպանությունը, հայ ժողովրդի համար զոհված դեսպան Գրիբոյեդովի մահը, 1915-ի ցեղասպանությունից հարյուր հազարավոր հայերի փրկությունը, որոնք ապաստան էին գտել Ռուսական կայսրությունում և էլի շատ ավելին․․․ Ես իսկապես հույս ունեմ, որ Ռուսաստանում գիտեն ու հասկանում են, որ հայ ժողովուրդը Փաշինյանը չէ։ Փաշինյանը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՎԱՃԱՆՆ Է ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ»,-ասված է այդ հրապարակման մեջ։

ՌԴ քաղաքացի էթնիկ հայեր

Ի տարբերություն շատ երկրներում իրականացվող քարոզչության, Հայաստանում ռուսական քարոզչությունն ունի առանձնահատկություն՝ այն մեծապես տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի միջոցով: Ռուսաստանում ապրող հանրային դեմքերը՝ այդ թվում բլոգերներ, խմբագիրներ, հասարակական-հանրային գործիչներ, մասնակցում էին Հայաստանում կազմակերպվող ցույցերին և հանրահավաքներին կամ ակտիվ կոչեր անում, հավաքագրում մարդկանց: Այդպիսի հանրային գործիչներից ամենաակտիվները «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու բլոգեր Միկա Բադալյանն են:

«Սվայա պրավդա» հաղորդման  ժամանակ, որի հաղորդավարը՝ Մոսկվայի քաղաքային դումայի VII գումարման պատգամավոր, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, նույնպես ազգությամբ հայ է և Լազարևյան ակումբի խորհրդի անդամ, Մարգարիտա Սիմոնյանն ասում է․ «Լինելով հայուհի՝ ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են աշխարհում նույնիսկ երկու հայ սատարել Փաշինյանին։ Թե ինչպես կարող է սեփական մայրը սատարել նրան։ Որովհետև դա ուղղակի հայ ժողովրդի և հայկական շահերի կործանողն է»,-ապա կարծես նույնականացնում է հայ ժողովրդի և Ռուսաստանի շահերը, ինչպես տեսանք նախորդ օրինակներում․  «․․․ Հայաստանի իշխանությունները թքում են հայ ժողովրդի շահերի վրա և ուղղակի թքում են Ռուսաստանի վրա… ինչո՞ւ ենք մենք հանդուրժում դա՝ մեծ հարց է, ինչու՞ ի սկզբանե ճանաչեցինք Հայաստանի ղեկավար, նա եկավ անօրինական գործողությունների արդյունքում»,-ասում է նա՝ նկատի ունենալով 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, Փաշինյանին շրջապատող մարդանց անվանում է «սորոսականներ», իսկ Հայաստանը՝ «դեռևս լուռ նստած ապագա Ուկրաինա»։ Ապա, դիմելով հաղորդավար Ռոման Բաբայանին, Սիմոնյանն ասում է․ «մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում իշխանության գան նորմալ մարդիկ, ովքեր արժանի են նախ հայ կոչվելուն, երկրորդ՝ այս ի վերջո շատ հին ժողովրդի պատմությանը, որին, ի միջի այլոց, պատկանում ենք ես և դու»։

Մի շարք հրապարակումներում Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանին «հուդայիկ» կամ «էֆենդի» է անվանում՝ այդպիսով շեշտելով նրա դավաճան լինելու միտքը, հակառակորդի շահերը սպասարկելը, և բոլոր այդ հրապարակումների հիմքում այն է, որ բացի Ռուսաստանից Հայաստանին որևէ մեկը չի կարող օգնել․ «Հայը, ով իշխանության է գալիս հակառուսական կարգախոսներով, ըստ էության դավաճան է. հայկական շահերի դավաճան, ոչ թե ռուսական։ Ռուսաստանը գլուխ կհանի առանց Հայաստանի. Հայաստանն առանց Ռուսաստանի՝ ոչ։ Երբ 90-ականներին սովորում էի Նահանգներում, որտեղ, իհարկե, բոլորն ինձ ռուս էին համարում, ոմանք զարմանում էին, որ ես ռուսի նման չեմ: Ես ստիպված էի բացատրել, որ ես էթնիկ հայ եմ։ Եվ ոչ ոք, ոչ մի մարդ չգիտեր, թե դա ինչ է ընդհանրապես նշանակում: Նման ազգի մասին չէին լսել։ Մի դասընկեր հարցրեց. «հայուհի՞», դա քո կողմնորոշու՞մն է»,-տելեգրամում այսպիսի մի գրառում է արել Սիմոնյանը՝ նորից շեշտելով Ռուսաստանի անփոխարինելիության հարցը․ «Ոչ մի Քիմ չի օգնի, ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ աչքը չի թարթի, Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել։ Եվ ոչ ոք երբեք չի օգնի․․․»։ Մեկ այլ գրառմամբ էլ ասել էր․ «Պետք է խոնարհվել Մայր Ռուսաստանին այն բանի համար, որ հայ ժողովուրդն ընդհանրապես փրկվել է։ Շատ վաղուց ողջ ժողովուրդը կործանված կլիներ, եթե չլիներ Ռուսաստանը»։

Բլոգեր Միակա Բադալյանը նշված ժամանակահատվածում ոչ միայն ռուսական թեզեր էր տարածում, այլև անձամբ մասնակցում էր հակակառավարական բողոքի ակցիաներին՝ կոչ անելով, որ հնարավորինս շատ մարդիկ միանան այդ ցույցերին։ Նա հարցազրույցներ էր տալիս թե՛ հայկական, թե՛ ռուսական հարթակներին։

Ֆեյսբուքյան գրառումներից մեկում Բադալյանը նշում է․ «․․․Բոլորը նկատե՞լ են Փաշինյանի երեկվա պահվածքը։ Նա զանգահարել է եվրոպացի առաջնորդներին՝ չզանգահարելով Վլադիմիր Պուտինին ․․․ Ինքն իրեն քաղաքական ցուցվանգի մեջ գցելով և հնարավորինս երկար ժամանակ ձգելով՝ Փաշինյանն  ընտրություն անելու անհրաժեշտության առաջ է կանգնել, և նա որոշել է բացեիբաց դուրս գալ Ռուսաստանի դեմ։ Կարծում եմ, որ դրա համար ապացույցներ ներկայացնելու կարիք չկա, ամեն ինչ  չափազանց ակնհայտ է»,-ապա առաջ է տանում դավաճանության թեզը․ «Փաշինյանի ծրագրով պետք է սկսվեր պատերազմ, որը կավարտվեր հերթական կապիտուլյացիայով և Ադրբեջանի պահանջների կատարմամբ, այս անգամ ԵՄ-ն կկանգնեցներ պատերազմը, և Նիկոլը պատրաստվում էր պատերազմի ողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Փաշինյանը կհայտարարեր, որ Ռուսաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դավադիր համաձայնությամբ, պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ ի պատասխան Փաշինյանի այն խոսքերի, որ Ռուսաստանի Դաշնության շուրջ անվտանգության կառուցումը ռազմավարական սխալ էր»։

ՀՀ պաշտոնյաներ և գործիչներ

ՀՀ իշխանության դավաճան լինելու, պրահյան գործընթացի և Ռուսաստանին արդարացնելու թեզերը լայնորեն շրջանառվում էին նաև ՀՀ խորհրդարանական ընդդիմության կողմից։ Սեպտեմբերի 13-ին ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետ Փաշինյանին հարցրեց․ «2022 թվականի ապրիլին, այս ամբիոնում կանգնած, ասում էիք, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և մենք կապահովենք կոնսոլիդացիա ՀՀ շուրջ։ 2022 թվականին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն։ Եվ դրանից հետո ի՞նչ ստացվեց։ Այսօր խոսում եք այն մասին, որ դուք պարտավորված եք եղել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունն ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հիմա հարց է առաջնում՝ և՞․․․ ապահովեցի՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր հնարավոր այն սպառնալիքները, որոնք այսօր գոյացած է ՀՀ առջև։ Պատասխանը «ոչ»-ն է»։ 

Լիլիթ Գալստյանը «Հայաստան» խմբակցությունից ևս մեկ պատգամավոր է, որը մի քանի անգամ հնչեցրել է այս թեզը։ Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ էլ նա հայտարարեց․ «․․․ Ապրում ենք Հայաստանի ապագան կասկածի տակ դնող անփառունակ քաոսի մեջ, իսկ մեզ պարտադրվող սցենարը դեռ շարունակվում է, ակնհայտ է՝ դուք թե՛ անկարող եք, թե՛ հանձնառու, և ձեզ մնում է վերևից իջեցրած տրաֆարետներով ու գունավոր տեխնոլոգիաներով զոհից մեղավոր կարգել։ Ձեր սեփական պերճանքի ու թշվառության ցուցադրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի հանձնման ու կապիտուլյացիայի խոստումը ավետվել է հենց այս ամբիոնից՝ հայտարարվելով բանակցային նշաձողը իջեցնելու մասին։ Այն ամրագրվել է Պրահայում, ուր ձեր առաջնորդը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը․․․ Այսքանից հետո բովանդակությամբ սնանկ պետք է լինել՝ Արցախի ցեղասպանության և հայրենազրկումի սեփական մեղսակցությունն ու քաղաքական պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելու համար․․․»։ 

Գրեթե նույնաբովանդակ մի հայտարարություն էլ նա արել էր Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, որի ընթացքում այս թեզերը կրկնեց նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որը վայր էր դրել  պատգամավորի մանդատն ու այդ ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն էր, ինչպես նաև սեպտեմբերին գլխավորում էր հակակառավարական ցույցերը, սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ ասել էր․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հետ, կոնկրետ պետական դավաճանության հետևանք է․ այդ դավաճանությունն ունի օր, տեղ, հասցե՝ 2022 թ․ հոկտեմբերի 6, Պրահա: Նիկոլ Փաշինյանը, երբ որ հայտարարում ենք դավաճան և այլն, շատ կոնկրետ դավաճանական դրսևորում ցուցաբերել է հենց այդ ժամանակ»:

Ընդհանրապես, «Հայաստան» խմբակցությության ներկայացուցիչների գրեթե բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր Պրահայի հայտարարության ու ՀՀ իշխանությանը հակառուսականության մեջ մեղադրելու թեզերը։ Խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ ասաց․ «Հայաստանի գործող իշխանությունը այսպես կոչված խաղաղության գործընթացի շղարշի ներքո իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը՝ առաջինը՝ Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս, հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանի հանձնառությունից, և գեներացնում և խրախուսում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով։ Այս իշխանությունների կողմից անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այն պատմական պոտենցիալի նկատմամբ, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում։ Փաստ է, որ արցախահայության թեկուզև նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները և հասարակական-քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած նախ և առաջ անվտանգային խնդիրների լուծմանը»։ Նույն թեզերը գրեթե նույն ձևակերպմամբ նա կրկնեց Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Երևանում «Լազարևյան ակումբի» հինգերորդ նիստից

Սեյրան Օհանյանի առաջ քաշած «երկու սխալների» մասին միտքը նույնությամբ կրկնել էր քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ասելով․ «Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն կարող էր երկու ռազմավարական սխալ գործեր, որոնց արդյունքում կասկածի տակ կդրվեր Հայաստանի Հանրապետության սահմանների լեգիտիմությունը՝ ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, իսկ Ռուսաստանը հռչակել թշնամի։ Գործող իշխանությունն այս սխալներից երկուսն էլ արել է»։ 

Մեկ այլ առիթով, անդրադառնալով Պուտինի հարցազրույցին, երբ Մարգարիտա Սիմոնյանը հարցրել էր, թե արդյոք ՌԴ նախագահը վարչապետ Փաշինյանին դավաճան համարում է և բացասական պատասխան էր ստացել, Մաթևոսյանը շեշտել էր․ «Ես ավելի կուզենայի մենք կենտրոնացնենք մեր ուշադրությունը Պուտինի ասածի վրա այն համատեքստում, որ ինքը ինչ է ասում՝ որ դա հայ ժողովրդի ընտրությունն է, բացի այս, վերջին ամիսներին մենք ինչ ենք սովորել՝ որ ռուսական պետական գերատեսչությունները, մեկնաբանելով Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախի Հանրապետությունում գործընթացները, իրենք տարանջատում են հայ ժողովրդին Հայաստանի իշխանություններից»,- ապա նշել, որ եթե Հայաստանի ժողովրդի կամքը լինի այնպիսի, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացվեն, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պատրաստ են աշխատել այդ իշխանության հետ և որ գնդակը Հայաստանի ժողովրդի և քաղաքական վերնախավի դաշտում է։ «Ես կզարմանայի էլ, եթե Ռուսաստան Դաշնության նախագահը ասեր, որ այո՛, Փաշինյանը հատուկ բերվել է նրա համար, որ Արցախը հանձնվի, մյուս կողմից էլ՝ նույն Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունից բազմիցս ինչ կարծիք է հնչել, որ հետխորհրդային տարածքում բոլոր գունավոր հեղափոխությունների ետևում կանգնած են ամերիկյան, Արևմտյան համապատասխան ուժերը։ Այսինքն ամեն դեպքում այդ գնահատականը հնչում է, բայց եթե դուք ուզում եք հստակ, բաց տեքստով լինի, գոնե մինչ այս պահը Ռուսաստանի Դաշնության նախագահը նմանաբովանդակ հայտարարություններ միայն Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ է․․․ այսինքն մենք ինչ ենք ուզում՝ Ռուսաստանի հետ մտնենք պատերազմի մեջ ու սպասենք դրանից հետո ռուսները հստակ գնահատական տան, ասեն, որ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի կողմի՞ց են»,- ասել էր քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը այս և նմանատիպ թեզեր նաև AlphaNews-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ժամանակ է շրջանառել: AlphaNews-ը ստեղծվել է այս տարի՝ 2023 թ․-ին։ Հիմնադիրը քաղաքագետ, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն է, որը նույնպես Լազարևյան ակումբի խորհրդի անդամ է;

Հայաստանյան հաջորդ գործիչը, որն ամենահաճախներից է հանդիպում այս թեզերի տարածման համատեքստում և որը նույնպես «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ է, քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է։ Լազարևյան ակումբի կայքում և այլ հարթակներում Գեղամյանը պարբերաբար շրջանառում է նշված թեզերը, օրինակ՝ Հայելի ակումբի հարցազրույցներից մեկում նա նույնպես անդրադառնում է 2022 թ․ Պրահայի քառակողմ հանդիպմանը և դրա արդյունքներին, ինչպես նաև արդարացնում Ռուսաստանի հետագա քայլերը` ասելով․ «Ռուսաստանի միջամտությունը այդ պարագայում Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին, մեծագույն նվեր կլիներ ՆԱՏՕ-ին՝ հատկապես Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, ինչու չէ, նույն Եվրամիությանը՝ ասելով՝ բա որ ասում էինք Ռուսաստանը ագրեսոր է, հիմա էլ, տեսեք, արդեն ինքը Ադրբեջանի ներքին գործերին է միջամտում, սանձազերծում է ռազմական գործողություններ Ադրբեջանի տարածքում։ Դա հաշվարկված քաղաքականություն էր», ինչպես նաև ողջ ընթացքում շեշտում է թեզը, թե Արևմուտքն է Փաշինյանին բերել իշխանության և, ինչպես նախորդ դեպքերում, գործընթացներից առանձնացնում է ժողովրդին․ «Այսօր ձեզ հետ միասին ականատեսն ենք, թե ինչպես չակերտավոր լուսավոր Արևմուտքը սուր է ճոճում՝ ասելով, որ մենք ամենը կանենք, որպեսզի ժողովրդավարական զարգացումները անդառնալի դառնան՝ լինի դա Ադրբեջանում, լինի դա Հայաստանի Հանրապետությունում։ Սրանից օրեր առաջ, երբ Հայաստան էր ժամանել USAID գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, ըստ որում նա իր հետ բերել էր և Փաշինյանին հանձնեց Ջոզեֆ Բայդենի ուղերձը։ Երբ ծանոթանում ես ուղերձի բովանդակությանը, ապա մնում ես զարմացած՝ լավ, մի՞թե Միացյալ Նահանգների ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանում գերիշխում է ամենուր տգիտությունը։ Հասկանալի է՝ իրենց իշխանության բերած Փաշինյանը տգետ է, թերուս է, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդի գերակշիռ մասը նույնպես տգետ է և թերուս է»։ 

Երևանում «Լազարևյան ակումբի» երրորդ նիստից

Լազարևյան ակումբի խորհրդի մեկ այլ անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը նույնպես ռուսական թեզերը ակտիվորեն տարածող գործիչներից է։ ԼՂ ռմբակոծության ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, Հայելի ակումբում նա ասել էր․ «Կա երկու օրինական պատճառ, որը որ հիմա Ադրբեջանը փորձ է անելու իրեն արդարացնել՝ առաջինը նա է, որ Հայաստանի ղեկավար կոչվածը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է․․․ երկրորդ պատճառը նա է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ստացել է համապատասխան լրատվություն, որ Ռուսաստանի իշխանությունը չի պատրաստվում դուրս գալ, այսինքն խաղաղապահ ուժերը չեն պատրաստվում դուրս գալ Արցախի տարածքից՝ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այն Ադրբեջանի մաս է կազմում»։ Մեկ այլ ելույթի ժամանակ Սարգսյանն այս թեզը բարձրաձայնեց՝ ավելացնելով նաև Արևմտյան երկրների դերակատարության հարցը․ «Իհարկե, ամեն ինչում մեղավոր առաջին հերթին Հայաստանի իշխանություն կոչվածն է, ինքն է ստեղծել այս իրավիճակը, բայց դրա հետ մեկտեղ կան շատ ավելի մեծ շահեր, և ես համոզված եմ, որ այս քայլով, երբ որ թույլ տվեցին ադրբեջանցիներին անել այն, ինչ որ իրենք արեցին սեպտեմբերի 19, 20-ին, ապա գլոբալ տեսանկյունից Ռուսաստանը մեծ կորուստներ ունեցավ։ Ես անգամ չեմ պատկերացնում, թե այդ հետդարձի ճանապարհը ինչպիսին է լինելու, բայց համենայնդեպս այս պահին՝ անգամ այս սխալների պարագայում, թշնամացնել Հայաստանի հետ Ռուսաստանը չի կարելի, առավել ևս Արևմուտքը, որը իբր հոխորտում է ․․․ հիմա էլ հորինեցին, թե մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը․․․»

Թեզ 2․ Փաշինյան-Զելենսկի-Նավալնի-Սաակաշվիլի համեմատություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլի կամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համեատելը նույնպես ամենատարածված ռուսական թեզերից է, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այն ակտիվացավ հատկապես Նիկոլ Փաշինյանի և Զելենսկիի հանդիպման և Սաակաշվիլիի՝  Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակների ֆոնին։ Այս թեզերը ևս տարածվում էին նույն խողովակներով ու նույն շրջանակների կոմից:

Հոկտեմբերի կեսերին ռուսաստանյան ТАСС պետական գործակալության կայքում հայտնվեց մի հրապարակում, ըստ որի Ռուսաստանի կառավարության ինչ-որ  բարձրաստիճան պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ «Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես՝ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինա»,- ըստ հրապարակման ասել էր գործակալության աղբյուրը։

Alphanews.am-ում հրապարակված «Рыбак рыбака видит издалека». Սաակաշվիլիի՝ Փաշինյանին ուղղված նամակի հիմնական իմաստը» վերնագրով նյութում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը անդրադարձել էր այդ ժամանակահատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններին․ «Վերջին մեկուկես-երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է, մի տեսակ, «հակառուսական աշխարհաքաղաքական կոմբո» հավաքել: Նիկոլ Փաշինյանի կինը ոչ միայն եղել է Ուկրաինայում, այլև այցելել է Բուչա և երկակի նշանակության մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, Փաշինյանն ինքը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, Եվրախորհրդարանի ամբիոնից նա մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի ռազմական ներխուժմամբ Հայաստանում իշխանափոխության հասնելու փորձի մեջ, իսկ այսօր՝ բաց նամակ Սաակաշվիլիից Փաշինյանին, իսկ ռուսական պետական լրատվամիջոցներն արդեն նույնպես գրել են, որ «Փաշինյանը գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»: Պատկերն ամբողջացնելու համար մնում է միայն կազմակերպել Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի այցը Հայաստան․․.»,-նշել էր քաղաքագետը՝ պնդելով․ «ի դեպ, այս նամակից հետո Փաշինյանն այլևս չի կարող խուսափել Վրաստանի նախկին նախագահի հետ համեմատություններից»:

Ռուսական առաջին ալիքի հաղորդումներից մեկի ժամանակ էլ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Նիկոլ Փաշինյանի մասին ասել էր․ «նրանից հետո միշտ արյուն է մնում՝ սկսած 2008թ.-ից․․․ բոլոր երջանիկ երկրները նման են միմյանց, իսկ բոլոր այն երկրները, որտեղ գունավոր հեղափոխություններ են տեղի ունեցել, դժբախտ են յուրովի, և բոլոր գունավոր հեղափոխություններն ունեն նույն գույնը՝ արյան գույն։ 2020 թվականից հետո նա դարձել է Արևմուտքի խամաճիկը, քանի որ հասկանում է, որ իր արածներից հետո լավագույն դեպքում իրեն սպասում է Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը։ Սա հայ Սաակաշվիլիի և Զելենսկու խառնուրդն է։ Նա հասկանում է, որ իշխանությունների հանձնվելուց հետո իրեն կդատապարտեն, և նա պարզապես վախենում է և այդ պատճառով էլ կառչում է աթոռից, և դա նրան դարձնում է Արևմուտքի խամաճիկ»։ 

Կադր՝ Ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդման «Նիկոլ Փաշինյան․ դժբախտության ազդարարը» թողարկումից

«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, որի հյուրը քաղաքագետ Արթուր Խաչիկյանն էր, անդրադարձ կար նաև Սաակաշվիլիի նամակին՝ ուղղված Փաշինյանին և Փաշինյանի հրապարակմանը՝ ուղղված Սաակաշվիլիին։  Այստեղ հաղորդավարն ու հյուրը համեմատում են երկու գործիչներին և նրանց վարած քաղաքականությունները։  Նյութի տեքստային հատվածում տեղադրված է մի լուսանկար, որում Սաակաշվիլին է, Փաշինյանը և Զելենսկին, որի մասին նյութում խոսք չկա։ 

Լուսանկարը՝ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հաղորդումներից մեկի  նկարագրության հատվածից

Նույն կայքում տեղադրված հոդվածում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծիք է հայտնել, թե Արևմուտքը Թուրքիայի ձեռքով փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, և որ Արցախյան հիմնահարցը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ Արևմուտքի ու Արևելքի պայքար, և այդ պայքարի թատերաբեմը Հայաստանն է: «Իմ համոզմունքով, մեր ղեկավարությունն էլ, ինչպես Ուկրաինայի ղեկավարությունը, Արևմուտքի կողմից դրված մարդիկ են, որոնք այդ գործը պետք է առաջ տանեն»,- նշել է Լոքմագյոզյանը։ 

Տելեգրամյան ալիքում հրապարակված մի տեսանյութում, որը բաղկացած է երեք մասերից, Մարգարիտա Սիմոնյանը նախ խոսում է Զելենսկիից, հետո Փաշինյանից, ապա վերջում՝ երրորդ հատվածում, խոսում է Սաակաշվիլիի և «նրա ճակատագրին արժանանալու» մասին։ 

«Սաակաշվիլին և Փաշինյանը նույն կարգի գործիչներ են՝ մեկը մեկին. Սաակաշվիլին և Փաշինյանը միևնույն դեմքն են. Սաակաշվիլին և Զելենսկին նույն մարդն են, ինչպես Փաշինյանն ու Զելենսկին…»,-ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կարնաուխովը SolovievLIVE ալիքում իր հեղինակային հաղորդաշարի ժամանակ, որից հենց այդ հատվածը՝ առանց թարգմանության, իր հարթակում է  տեղադրել hayeli.am լրատվականը։ 

Կադր՝ Соловьев LIVE ալիքի «Կարնաուխովի լաբիրինթոսը» հաղորդումից, որը տեղադրված է  Hayeli.am-ում

Այս համեմատություններին երբեմն ավելանում են նաև Նավալիի և Տիխանովսկայայի անունները․ կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը, օրինակ, ասել էր․ «Ես ուզում եմ հասկանալ՝ երբ որ դու հայտարարում ես, որ դու սկսել ես էդ անկախության պայքարը, դու իրոք պատրաստ ես գնալ այն կորուստներին, որոնցով լի կարող է լինել հակամարտությունը ռուսների հե՞տ; Իրենք ասում են՝ դժվար է լինելու, բայց հետո լավ կլինի։ Մենք դեռ չգիտենք՝ լավ է լինելու, թե չէ Ուկրաինայում, մենք տեսանք՝ ինչ էդ լավը նշանակեց Վրաստանի համար։  Դու պատրաստ ես նույն ճանապարհով գնա՞լ․․․»:

Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի նույնանման ռուսական թեզերը 

Հայաստանը հետխորհրդային միակ երկիրը չէ, որտեղ ռուսական թեզերն ակտիվ տարածվում են: Օրինակ Վրաստանում և Մոլդովայում էլ Ռուսաստանը նույնանման քարոզչություն է իրականացնում:

Թեզ 1․ Արևմուտքը Ռուսաստանին դուրս է մղում իր ներդրած գործիչների միջոցով՝ այդպիսով հրահրելով պատերազմ

Թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում և Վրաստանում, ամենատարածված ռուսական թեզերից մեկն այն, որ հավաքական Արևմուտքը այս երկրներում ունի ներդրված գործիչներ, որոնց հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է այդ տարածքներից և երկիրը պատերազմի մեջ ներքաշելը: 

«Ոչ ոք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տա նույնիսկ 6 ամիս հետո  (խոսքը Եվրամիության թեկնածու պետության կարգավիճակ շնորհելու մասին է,- հեղ․), եթե նա չմիանա պատերազմին կամ պատժամիջոցներ չկիրառի Ռուսաստանի դեմ, ինչը նույնպես պատերազմի ուղիղ ճանապարհ է»,- իրենց տարածած հայտարարության մեջ ասել էին «Վրացական երազանք» կուսակցությունը ֆորմալ առումով լքած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն և Միխեիլ Կավելաշվիլին։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց 6 ամիս անց Կառավարության նիստում նման հայտարարություն էր արել նաև Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին․ «Եթե կարգավիճակի շնորհումը որոշվում է պատերազմով, մենք պատերազմ չենք ուզում»,- ասել էր նա։  

Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու մտադրության մեջ, բացի արտաքին դերակատարներից, իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները մեղադրել են նաև ընդդիմությանը. «Հասարակությունը, իհարկե, պետք է իմանա, թե ով է ուզում, որ Վրաստանը միանա պատերազմին, ով՝ ոչ, քանի որ պատերազմին միանալը հեշտ գործ չէ։ Այսօր Վրաստանի՝ պատերազմին միանալը նշանակում է ոչնչացնել երկիրը։ Ինչպես գիտենք, «Ազգային շարժումը» (Վրաստանի ընդդիմադիր  կուսակցություն,-հեղ․) դա միանշանակ է ցանկանում»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ 

Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո «Վրացական երազանքի» քարոզչական ուղերձը, թե իբր Արևմուտքը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, էլ ավելի ակտիվորեն է հնչում «Alt-Info» շարժման հռետորաբանության մեջ։ Նրանց խոսույթում հաճախ է հնչում արևմտամետ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, արևմտյան երկրների դեսպանների և Վրաստանի ընդդիմության դեմոնիզացում: Մանրամասները՝ այստեղ։

Ռուսաստանի քարոզչական թեզն այն մասին, թե Քիշնևի կառավարությունը՝ նախագահ Մայա Սանդուն և իշխող կուսակցությունն անում են հնարավոր ամեն ինչ Մոլդովան պատերազմի մեջ ներքաշելու համար, երկրի ընդդիմության կողմից անմիջապես տարածվել է այն բանից հետո, երբ այն բարձրաձայնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Օրինակ այս տարվա օգոստոսին նա հայտարարել էր, որ «Մոլդովայի իշխանությունները շարունակում են համառորեն երկիրը մղել դեպի անդունդ», և որ «կոլեկտիվ Արևմուտքն ամեն ինչ անում է Մոլդովային ներքաշելու Ուկրաինայի հակամարտության մեջ»։ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը իր գրառումներից մեկում  հարցրել էր ներկայիս կառավարությանը, թե արդյոք վերջինս ցանկանում է պատմության մեջ մտնել «ինչպես նրանք, ովքեր այստեղ պատերազմ են սկսել»: Մանրամասները՝ այստեղ:

Թեզ 2․ Ռուսաստանն է տնտեսական կայունության գրավականը

ՌԴ Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  հավանություն է տվել «Վրացական երազանքի»՝ Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ չկիրառելու որոշմանը, և նշել, որ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կան Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում, Վրաստանի ներկայիս իշխանությունը ցուցաբերել է խիզախություն, չի տրվել «հակառուսական հիստերիային», առաջնորդվել է առաջին հերթին իր ազգային շահերով, ժողովրդի և իր քաղաքացիների բարօրությամբ։ «Նման առաջնահերթություններով Վրաստանի տնտեսությունը անշեղորեն աճում է և երկու տարի անընդմեջ ցույց է տալիս երկնիշ աճ։ Ի դեպ, ռուս զբոսաշրջիկները լավ եկամուտ են բերում երկրին»,- ասել են ՌԴ Դումայից։

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին էլ լրագրողներին ասել էր․

«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն շատ ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը»։ Մանրամասները՝ այստեղ։

Ռուսաստանի թեզերը տնտեսական համատեքստում տեսնում ենք նաև Մոլդովայի դեպքում։ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը ասել էր, որ մարդկանց հիմնական մտահոգությունները «կապված են բարձր գների և սակագների, ինչպես նաև Մոլդովայի զինված հակամարտության մեջ ներգրավվելու ռիսկի հետ»:

Մոլդովական «Վերածնունդ» կուսակցություն նախագահ Նատալյա Պարասկան, օրինակ, Մոսկվայում դժգոհել էր, որ պետության ղեկավարը «պարտադրում է ագրեսիվ եվրոպական ինտեգրում»։ Պարասկան և իր համակուսակիցները անընդհատ խոսում են «տնտեսական անկման, բնակչության աղքատացման, Մոլդովային ռազմական հակամարտության մեջ ներքաշելու մասին», ինչը, ըստ նրանց, Մոլդովայի ներկայիս կառավարության մեղքն է, ուստի ղեկավարությանը կոչ են անում հրաժարական տալ։ Նատալյա Պարասկան հանդիպել էր Մարիա Զախարովայի հետ, և նրանք միաձայն հայտարարել էին, որ «Ռուսաստանի հետ մերձեցումը Մոլդովայի տնտեսության գոյատևման խնդիրն է, որը էներգառեսուրսների և մատչելի շուկաների խիստ կարիք ունի»։ Սոցիալիստ պատգամավոր Բոգդան Տիրդեան էլ, օրինակ, մշտապես խոսում է Մոլդովայի «ներկայիս կառավարության պատճառած տնտեսական աղետի» մասին։ Մանրամասները՝ այստեղ

Ամփոփում

Այսպիսով, Ռուսաստանը, տարբեր իրավիճակներից կախված, ձևավորում է թեզեր, որոնք տարածվում են շղթայաբար՝ տարբեր աղբյուրներով: Այդ թեզերը սովորաբար առաջին անգամ տեղեկատվական դաշտ են նետվում հենց Ռուսաստանի բարձր պաշտոնյաների կողմից, ապա տարածվում ՌԴ հանրային գործիչների, ԶԼՄ-ների և այլ միջոցներով: Այնուհետև այդ պնդումները տարածվում են ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքագետների, փորձագետների, մեդիայի և այլ աղբյուրների միջոցով: Թեզերի մեծամասնությունը այդ հարթակներում շրջանառվում են  երկար ժամանակ, ամրապնդվում, ապա, իրենց անհրաժեշտ ժամանակ ավելի սրվում ու ստանում նոր երանգներ: 

Ակնհայտ է, որ Ռուսաստանը իր քարոզչական գործիքակազմը կիրառում է տարբեր երկրներում, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել իր շահերը կամ ներկայությունը:

Ուշագրավ է, որ այդ թեզերը հաճախ իրար շատ նման են կամ ունեն նույն շեշտադրումները, պարզապես Ռուսաստանը դրանք հարմարեցնում է տվյալ երկրի աշխարհաքաղաքական իրավիճակին և համատեքստին: Ինչպես տեսանք, Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում իրականացվում է գրեթե նույնանման քարոզչություն:

Ռուսական հիմնական քարոզչական թեզերը վերաբերում են արևմտյան երկրների դեմոնիզացիային, Ռուսաստանի անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում անփոխարինելիությանը բոլոր այդ երկրներում:

Մարգարիտա Ղազարյան

Նյութի իրավական աջակցությունն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ նախագծի աջակցությամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *