2023.09.07,

Ստուգված է

«Առաջին ալիքը» խմբագրել է Զախարովայի կոշտ արձագանքը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հանրային հեռուսատատեսության՝ սեպտեմբերի 5-ի եթերում Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները խմբագրված են տեղ գտել։ Մասնավորապես՝ «Լուրերի» այդ օրվա որևէ թողարկման ժամանակ չի ներկայացվել այն կոշտ քննադատությունը, որը հնչեցրել էր Զախարովան՝ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների հասցեին սեպտեմբերի 5-ի իր ճեպազրույցում։ 

«Առաջին ալիքը» այդ օրվա գլխավոր թողարկման և դրան նախորդող 19:00-ի եթերներում անդրադարձել էր Մարիա Զախարովայի երկու հայտարարություններին միայն՝ Հռոմի Ստատուտի և Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ 

Ստատուտի վերաբերյալ նրա հայտարարությունը մեջբերում է «Լուրերի» մեկնաբանը.

«Ռուսաստանը հայկական կողմից պարզաբանումներ է խնդրել «Հռոմի ստատուտը» վավերացման նպատակով Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ». ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարերել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ հետագա քայլերը կորոշեն ելնելով Երևանի պատասխանից։ Մարիա Զախարովան անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ռուսական կողմը մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար»։

Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի մասին Զախարովայի դիտարկումները ցուցադրվում է տեսանյութով.

«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ հարցը մանրամասն քննարկել է օրերս Երևան կատարած իր այցի ընթացքում, իսկ այժմ քննարկումներ է ունենում Ադրբեջանում։ Մենք գործում ենք 2020/22 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ  բոլոր հայտարարությունների համաձայն, մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի թույլատրման օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։ Կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից։ Ռուսաստանին մեղադրելու փորձեր պարունակող քաղաքական հռետորաբանությունը, մասնավորապես Երևանի կողմից, անընդունելի է, քանի որ հարվածում է օգնության կարիք ունեցողներին»։

Մեջբերված հատվածները, սակայն, չեն բովանդակում ճեպազրույցի ուղերձներից մի քանիսը, որոնք վերաբերում էին Հայաստանին։

Այս եթերից դուրս է մնացել Զախարովայի անդրադարձը Հայաստանի Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ սեպտեմբերի 1-ին Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը։ Օրենսդիր մարմնի ղեկավարը «անհեթեթ» էր անվանել Զախարովայի մտքերը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունք է։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ասել էր, որ Լաչինի միջանցքի հետ կապված հայկական կողմից հրապարակային հռետորաբանությունը «գռեհկության եզրին» է։

«Ինձ թվում է, որ այս հրապարակային հռետորաբանոությունը, որ նմանվում է գռեհկության, չի զարդարում ՀՀ քաղաքական գործիչներին։ Եթե նրանք ցանկանում են փորձագիտական մակարդակով խոսել, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները…. Հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը բաշխված են՝ ով ինչ հայտարարի, ով ինչպես խոսի, բայց ամեն դեպքում դա սազական չէ Հայաստանի հանրությունը ներկայացնող մարդկանց՝ օգտագործելու նման արտահայտություններ, ինչը վերջին շրջանում մենք քիչ չենք տեսնում և լսում»,- պատասխանելով News.ru-ի լրագրողի հարցին՝ ասել էր Զախարովան։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցին, Մարիա Զախարովան նշել էր.

«Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել, և դա անել անվերջ՝ բոլոր առիթներով։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, հակառակ դեպքում դա մի փոքր նման է վատ պարողի պատմությանը», – պատասխանելով News.ru-ի լրագրողի երկրորդ հարցին՝ ասել էր նա։ Վատ պարողի մասին ասացվածքը՝ այստեղ։

Հայաստանի վարչապետի ու ԱԺ նախագահի խոսքերը մեկնաբանող այս երկու կոշտ հայտարարությունները դուրս էին մնացել «Լուրերի» եթերից։

Ճեպազրույցում Զախարովան անդրադարձել էր Հայաստանի հետ կապված այլ հարցերի ևս, մասնավորապես՝ ԵՄ առաքելության անարդյունավետությանը, կրկնել էր ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը, հիշեցրել կարևոր ավանդի մասին, որը Ռուսաստանը ունեցել է կոնֆլիկտի կարգավորման գործում և այլն, սակայն այդ հայտարարությունները բնույթով նոր չէին. թե՛ Զախարովայի, թե՛ ռուսաստանցի այլ պաշտոնյաների կողմից դրանք բազմիցս հնչել էին։ Ընտրված ուղերձի և լեզվաարտահայտչամիջոցի տեսանկյունից առավել աննախադեպ էին մեր կողմից մեջբերված երկու հայտարարությունները։ Խոսքն այստեղ կոշտ գնահատականներով ուղիղ մեղադրանքների մասին է։ Ստացվում է, որ «Լուրերի» լսարանը չի կարող ամբողջական պատկերացում կազմել հայ-ռուսական լարված հարաբերությունների բնույթի և զարգացող իրադարձությունների մասին, եթե չուսումնասիրի Զախարովայի հայտարարությունն այլ աղբյուրներում։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ «Լուրերը» կամայականորեն խմբագրում է իշխանությանը քննադատող հայտարարությունները։ Նախորդ տարի՝ 2022-ին, գրել էինք, որ Հանրային հեռուստատեսության նորությունների թողարկումը մասնակի կամ ոչ ամբողջական է ներկայացրել Amnesty International-ի՝ «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը» ամենամյա զեկույցը։ Եթերից դուրս էին մնացել ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատություններն ու Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, մինչդեռ ներառվել էր Ադրբեջանին քննադատող հատվածը։

Նույն կերպ էլ «Լուրերը» անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղարության՝ 2022-ի ամենամյա զեկույցին. մեկնաբանը խոսել էր բացառապես Ադրբեջանին տրված գնահատականից և բաց թողել Հայաստանին ուղված քննադատությունները։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *