2023.07.26,

Ստուգված է

Ովքեր էին Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցած լրագրողները

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Շուշիում հուլիսի 23-ին ավարտվեց «Գլոբալ մեդիա ֆորում» անունը կրող միջոցառումը։ Այդ ընթացքում, ֆորումի անցկացման վայրից կարճ հեռավորության վրա (Շուշիից Ստեփանակերտ մոտ 10կմ է), Արցախի 120-հազարանոց բնակչության շրջանում հումանիտար աղետի վտանգն ավելի է խորանում։ Փակված է դեպի Հայաստան տանող միակ ճանապարհը։ 

Քանի որ մեդիա ֆորումի մասնակիցների մասին հնչում էին հիմնականում անհասցե մեղադրանքներ և քննադատություններ, և նրանց վերաբերյալ տեղեկությունները քիչ էին, մենք փորձեցինք հասկանալ, թե ովքեր են ֆորումին մասնակցած առավել նշանակալի հյուրերը։

Ադրբեջանական աղբյուրներով՝ ֆորումին մասնակցել էին 150 արտասահմանցի հյուրեր՝ ներառյալ 34 պետական լրատվական գործակալություններ, 12 միջազգային կազմակերպությունների և մեդիաընկերությունների պատվիրակներ: 

Հյուրերը ունեցել են պանելային քննարկումներ, մասնակցել հյուրասիրություններին, զբոսնել քաղաքով, լուսանկարվել։ Դրան զուգահեռ շուրջ 7 ամիս է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Ճանապարհը փակ է անգամ հումանիտար փոխադրումների՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար: Կոմիտեին երբեմն են թույլ տալիս ծանր հիվանդների Հայաստան տեղափոխել։

Փակված ճանապարհի անմիջական հետևանքներից է հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշի գրեթե երեքանգամյա աճը։ Պատճառը սթրեսի բարձր մակարդակն ու թերսնուցումն են։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ հունիսի 12-ի արտահերթ զեկույցում նշված է, որ պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։

11,000 մարդ կորցրել է աշխատանքը։ Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ։

Միջազգային հանրությունը խոսում է Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին, բայց և շեշտում ադրբեջանական Աղդամ քաղաքից հումանիտար բեռներ առաքելու հնարավորությունից, ինչին արցախցիները կտրուկ դեմ են։

Ֆորումին մասնակցած մեդիա ներկայացուցիչները այս խնդրներին հրապարակավ չեն անդրադարձել իրենց այցելության ժամանակ։ Հայտնի է միայն երկու կազմակերպությունների՝ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» և «Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի» կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։ Նրանք փորձել էին գնալ Ստեփանակերտ, սակայն ադրբեջանական ուժերը նրանց թույլ չէին տվել։ Նախքան այդ, սակայն, հայկական լրագրողական կազմակերպություններն էին դիմել Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին. «Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում»։

Կազմակերպված ֆորումի համար Ադրբեջանի իշխանություններին քննադատել է նաև Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպությունը. «Ադրբեջանի կողմից կազմակերպված գլոբալ մեդիաֆորումն ավարտվել է առանց Ադրբեջանի մամուլի համար առաջընթացի։ Բացատրություն՝ անկախ լրատվամիջոցներն ու լրագրողները հեռու են պահվել միջոցառումից: RSF-ը դատապարտում է Իլհամ Ալիևի ռեժիմի անսահման կեղծավորությունը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։

Նույնականացումը

Մասնակիցների նույնականացումն արել ենք տարածված տեսանյութերի, Իլհամ Ալիևի ասուլիսի և լուսանկարների միջոցով։ Ֆորումի ֆեյսբուքյան էջում հրապարակված էր նաև բանախոսների անունները։

Ֆորումին տեսնում ենք Վրաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Ռումինիայի պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին, Արցախում տեղաշարժի սահմանափակման մասին դժգոհած կազմակերպությունների գլխավոր քարտուղարներին և այլ հայտնի մեդիա դեմքերի։

Ֆորումին մասնակից շատ անձինք հայտնի են իրենց ադրբեջանամետ գործելակերպով։ Առաջինը պետք է առանձնացնել ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյին։

Նրա քաղաքական և մեդիա գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ media.am-ի այս հոդվածում։ 

Մեկ այլ մասնակից՝ Ֆրանսիացի լրագրող Ժան-Միշել Բրունը, ղեկավարում է Lagazetteaz.fr-ի առցանց թերթը, որը հիմնադրել է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։ 

Ֆորումի կարևոր մասն էին կազմում Թուրքիայի անգլալեզու հանրային հեռարձակող TRT World-ի լրագրողները։ Նրանցից առնվազն հինգը պանելային քննարկման մասնակիցներ էին։ Վերջիններիցս պետք է առանձնացնել Օուբայ Շահբանդարին, որը աչքի է ընկնում հայ-ադրբեջանական կոնֆլիկի միակողմանի լուսաբանմամբ։ Վերջին օրինակներից մեկը հրպարակված է լրագրողի յություբյան ալիքում։ Նա, TRT World-ի մեկ այլ թղթակցի հետ, քննադատում է հայկական կողմին մոտ երեք ամիս առաջ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին (Աքշին Բեբիրով) խոշտանգելու համար և նշում, թե նման գործելակերպը հատուկ է հայկական զինված ուժերին։ Շահբանդարը չի հիշատակում, որ Հայաստանի քաղաքացիներն են վնասազերծել մոլորված զինվորին փողոցում անարգել քայլելիս և նրա մոտից հայտնաբերել զենք և Պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահակի հեռախոսը, որի սպանության համար էլ վերջինս մեղադրվում է։ Լրագրողը չի նշում նաև, որ ադրբեջանցի զինվորը սահմանը հատելուց հետո իր ինստագրամյան էջում հայտարարել էր հայերի սպանության և հանուն Ադրբեջանի զոհվելու պատրաստակամության մասին։

Այս մեդիա ֆորումը միջազգային հյուրեր ընդունելու առաջին փորձը չէր Շուշիում։ Նախքան այդ Ադրբեջանի հրավերով քաղաք էին այցելել Philippine Global Explorers (PGE)-ի անդամ 9 ֆիլիպինցիներ, ոչ մեծ լսարանով բլոգերներ (1, 2, 3), արշավականներ և ճանապարհորդներ։ Նրանցից մեկն անգամ «պոստ ֆակտում» հայտարարել էր, թե ադրբեջանական լրատվականները խեղաթյուրել են իր խոսքերը և չէր ակնկալում, որ այնտեղ տեսախցիկներն իրեն ամենուր հետևելու են։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *