ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը ժամը 00:05-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Սահմանային լարվածությանը զուգահեռ մեդիադաշտում հայտնվեցին չճշտված տեղեկություններ։ Մասնավորապես, ադրբեջանական տելեգրամ ալիքները, հղում անելով հայկական լրատվականներին, գրեցին, թե ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Լուրի տարածման հայկական աղբյուրը բլոգեր Միկա Բադալյանն էր, որի խոսքը մեջբերել էին նաև այլ կայքեր։
Կարճ ժամանակ անց լուրը հերքեցին ադրբեջանական իշխանությունների հետ ասոցացվող տելեգրամ ալիքները։ Ռուսական կողմի միջնորդությամբ հրադադար կնքելու լուրը չհաստատվեց նաև որևէ պաշտոնական աղբյուրի կողմից։ Ճիշտ հակառակը, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը հայտնում էին, որ սահմանային վիճակը շարունակում է լարված մնալ։
Այսօր ժամը 11։00-ի սահմաններում Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 09։00-ից հրադադար հաստատելու մասին։ Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվում հայկական կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ իր ելույթում ընդգծեց, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ ժամը 14-ին դրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Տեղեկատվական անվտանգություն
Ակտիվորեն սկսել են աշխատել ադրբեջանական տելեգրամ ալիքները, որոնք կոչ են անում մոբիլիզացնել ռեսուրսները առցանց տիրույթում և հավաքագրել հայկական բանակի զինվորականների սոցցանցային էջերը, ինչպես նաև հայկական մեդիադաշտում հայտնված տեսանյութերը, որոնք որևէ կերպ արտացոլում են սահմանային վիճակը, ՀՀ ԶՈւ-ի տեղաշարժը։
Նման աշխատանքների կազմակերպման առաջամարտիկներից է «Без Масок ЧИВ» տելեգրամ ալիքը։ Վերջինիս media.am-ն անդրադարձել է շատ անգամներ։ Ռազմական գործողությունների սկզբում ալիքը կոչ արեց հետևորդներին տիկտոկի և ինստագրամի հայկական տիրույթում գտնել հայկական զորքերի տեղաշարժը ցուցադրող տեսանյութեր։ Հայտարարության մեկնաբանություններում հրապարկվեց սոցիալական ցանցերում, մասնավորապես ինստագրամում օգտահաշիվներ ունեցող ծառայողների էջեր։
Հրապարակվել էր նաև ևս մեկ զինծառայողի ինստագրամյան էջն ու stories բաժնում տեղադրված տեսանյութերը։ Փաստացի, զինվորականների տեղաշարժի մասին տեղեկատվությունը մշտական վերահսկողության տակ է անգամ ադրբեջանական տելեգրամ ալիքների և օգտատերերի կողմից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողություններից միքանի ժամ անց էր կոչ արել չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութերը։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: