2022.09.02,

Ստուգված է

Բուչան «բեմադրված էր», Վիննիցան անտեսվեց․ ի՞նչպես է հայկական Տելեգրամը լուսաբանում ռուս-ուկրաինական պատերազմը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Տելեգրամը հայկական տեղեկատվական տիրույթում ամենաարագ աճող սոցցանցերից մեկն է։ Շատ հայ ընթերցողների համար հենց Տելեգրամն է օրվա լրահոսին ծանոթանալու հիմնական հարթակը։  

Media.am-ը ուսումնասիրել է, թե ինչպես է Տելեգրամի հայկական սեգմենտում լուսաբանվում ռուս-ուկրաինական պատերազմը, մասնավորապես՝ ինչպես են հայկական խոշոր ալիքները ընթերցողին ներկայացրել Բուչա և Վիննիցա քաղաքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ 

Ի՞նչ էր կատարվել Բուչայում ու Վիննիցայում

Մարտի վերջին, երբ ռուսական զորքերը լքեցին Կիևի մարզի Բուչա քաղաքը, հայտնի դարձավ որ քաղաքի գրավված լինելու ժամանակ այնտեղ տեղի են ունեցել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ։ Բուչայի կոտորածի կադրերը տարածվեցին աշխարհի լրատվամիջոցներում, տեղի ունեցածը լայնորեն քննարկվեց և դատապարտվեց։ 

Իսկ հուլիսին ռուսական ուժերը հրթիռակոծեցին Վիննիցա քաղաքի կենտրոնը։ Զոհվածների և վիրավորների թվում կային բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Այս լուրը նույնպես լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներում, դատապարտվեց թե՛ Ուկրաինայի և թե՛ արևմտյան երկրների պաշտոնյաների կողմից։ 

Ի՞նչ ենք մենք ուսումնասիրել 

Մենք ուսումնասիրել ենք 2022 թվականի փետրվարի 24-ից հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում հայկական վեց խոշոր ալիքների բովանդակությունը։ Դրանք բոլորը ռուսալեզու են։ Ընտրել ենք այն ալիքները, որոնք Տելեգրամի հայկական տիրույթում ունեն ամենաշատ հետևորդներ, ինչպես նաև նրանք, որոնք առավել ակտիվորեն են լուսաբանում հակամարտությունները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրել ենք Բուչա անվանումը հիշատակող 63 և Վիննիցա անվանումը հիշատակող 27 գրառում։

Ի՞նչ է պարզվել

Ուսումնասիրված Տելեգրամ ալիքները հիմնականում անտեսել են Վիննիցայի դեպքերը։ Այս քաղաքի անվանումը հիշատակող գրառումների մեծ մասը արվել է փետրվարի վերջին-մարտի սկզբին և պատմում է ռուսական զորքերի առաջխաղացման կամ ընթացիկ ռազմական գործողությունների մասին։ Միակ ալիքը, որն անդրադարձել է Վիննիցայի ողբերգական պայթյունին SisMasis-ն է․ այն կիսել է պայթյունի տեսագրությունը և տարածել դեպքի մասին ՌԴ պաշտոնական վարկածը։

Բուչայի լուսաբանումը ավելի բազմաշերտ էր, և ալիքները զգալիորեն տարբեր կերպով են լուսաբանել այդ իրադարձությունը։ 

Բոլոր ուսումնասիրած հրապարակումների կեսից ավելին՝ 32-ը (51%), այս կամ այն կերպ դավադրության տեսություն էր տարածում այն մասին, թե Բուչայի սպանությունները «բեմադրված» էին, «կազմակերպված» էին Արևմուտքի կողմից կամ հենց ուկրաինացիների ձեռքի գործն էին։ 

Ամենից շատ նման պնդումներ տարածել են Армянская Вендетта (16), Mika Badalyan (6) և SisMasis (6) ալիքները։ Այս դավադրության տեսությունը համըկնում է Ռուսաստանի պաշտոնական վարկածի հետ, և նման պնդումներ պարունակող հրապարակումները հաճախ կա՛մ ՌԴ պետական գործիչների խոսքի, կա՛մ ռուսական քարոզչական ալիքների մեջբերումներ էին։ 

Հրապարակումներից միայն 10-ն (16%) էին դատապարտում Բուչայի կոտորածը։ Ամենից շատ դատապարտող հրապարակումներ տարածել է Baghramyan 26-ը (5)։ 


Դիտարկենք ալիքների բովանդակությունը ավելի մանրամասն։ 

Mika Badalyan 

Mika Badalyan ալիքը վարում է ընդդիմադիր բլոգեր Միկա Բադալյանը։ Նա Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից։ 2021 թ․ փետրվարին Բադալյանը հայտարարում էր Հայաստանում ռուսական ծայրահեղ ազգայնական Царьград առցանց հեռուստաալիքի ներկայացուցչություն բացելու մասին։ 

Բադալյանի տարածած սխալ կամ կեղծ պնդումները նախկինում հայտնվել են փաստեր ստուգող լրագրողների ուշադրության կենտրոնում (օրինակ 1, օրինակ 2)։ Հուլիսին Civilnet-ը պարզել էր, որ Բադալյանը նաև խուսափել է հարկերից․ կորոնավիրուսի համավարակի ժամանակ նա դիմակներ է վաճառել պետությանը, բայց չի վճարել հարկերը։ Ամռանը նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։ 

Բադալյանը Տելեգրամում ակտիվորել լուսաբանում է Արցախյան հակամարտությունը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և Ուկրաինայում պատերամը։ 

Ուսումնասիրված ժամանակահատվածում նա Բուչան և Վիննիցան հիշատակող ընդհանուր առմամբ 20 հրապարակում է արել, որոնցից 17-ը կիսում են արտաքին աղբյուրի տեղեկություն։ Միկա Բադալյանի աղբյուրների ճնշող մեծամասնությունը ռուսական Տելեգրամ ալիքներն են՝ հիմնականում Կրեմլից եկող բովանդակությամբ։ 

Ամենից հաճախ Բադալյանը կիսվել է Рыбарь (4 անգամ),  Kotsnews (2 անգամ), Старше Эдды (2 անգամ) և Синяя Z Борода (2 անգամ) քարոզչական ալիքների նյութերով։ Բադալյանը նաև կիսել է մի քանի ալիքներ, որոնց անվանման մեջ կա «Z» տառը՝ ռուսական հարձակման խարհրդանիշը (օրինակ՝ FRONTовые Zаметки, Владлен ТатарZкий)։

Բուչայի վերաբերյալ հրապարակումները հիմնականում կիսում էին ռազմական իրավիճակի մասին տեղեկություն, ՌԴ պաշտոնական հայտարարություններ և դավադրության տեսություններ՝ Բուչայի կոտորածի կազմակերպված լինելու մասին։  Բադալյանը սեփական մեկնաբանությունները պարունակող երկու գրառում է արել։ Դրանցից մեկում նա քննադատում է ռուսական զորքերի նահանջը Կիևից․ ըստ Բադալյանի, նախկինում ռուսական զորքերի դուրս գալուց հետո ուկրաինացի զինվորները «մահապատժի էին ենթարկել» տեղի բնակիչներին, և հիմա մյուս բնակավայրերում մարդիկ խուսափելու են շփվել ռուս զինվորների հետ՝ վախենալով, որ իրենց իսկ հայրենակիցները մահապատիժներ կիրականացնեն ռուսների գնալուց հետո։

Ինչ վերաբերվում է Վիննիցան հիշատակող հրապարակումներին, ապա Բադալյանը դրանք բոլորը արել է փետրվարի վերջին և մարտի սկզբին․ հուլիսյան պայթյունը նա չի լուսաբանել։   

Армянская Вендетта

Այս ալիքն ընդդիմադիր դիրքորոշում ունի։ Այն նախկին նախագահ և ներկայիս ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հավանություն հայտնող հրապարակումներ է արել։ 

Ուսումնասիրած ալիքների մեջ Армянская Вендетта-ն ամենից հաճախն է հիշատակել Բուչա և Վիննիցա անվանումները։ Բուչան հիշատակել է 24 հրապարակման մեջ, որոնցից 21-ում հղում է արել արտաքին աղբյուրների։ Մեկ անգամ հղում է արել Ուկրաինացի պաշտոնյայի, մեկ անգամ՝ ԱՄՆ պաշտոնական մարմնի և երեք անգամ ռուս պաշտոնյայի։ 

12 անգամ հղում է արվել ռուսական Տելեգրամ ալիքների, որոնք կամ հայտնի քարոզչական հարթակներ են կամ արտահայտված պրո-Կրեմլյան դիրքորոշում ունեն։

Այսինքն այն դեպքերում, երբ ալիքը հղում է տվել արտաքին աղբյուրներին, դրանք հիմնականում եղել են պրո-Կրեմլյան Տելեգրամ ալիքները (57%) և ՌԴ պաշտոնյաները (14%)։ Միայն մեկ դեպքում է տեղեկությունը վերցվել ուկրաինական աղբյուրից։  

Վիննիցա անվանումը Армянская Вендетта-ն հիշատակում է 4 գրառման մեջ՝ բոլորը փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Հուլիսին տեղի ունեցած պայթյունը ալիքը չի լուսաբանել։ Վիննիցայի մասին գրառումներում մեկ արտաքին աղբյուր է հիշատակվում՝ Рыбарь Տելեգրամ ալիքը։ Այս ալիքը զբաղվում է Ռուսաստանի օգտին տեղեկատվական պատերազմով․ «[մեզ] հաջողվել է սկսել լիարժեք ժողովրդական տեղեկատվական պատերազմ, որն ուղղված է պրակտիկ խնդիրներ լուծելուն՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը օժանդակելու շրջանակներում», ներկայացնում է իր գործունեությունը ալիքը։ 

Баграмян 26 

Баграмян 26-ը Տելեգրամի հայկական սեգմենտի ամենամեծ ալիքն է․ դրա հետևորդների թիվը անցնում է 116,000-ը։ Ալիքը իր հրապարակումներում հաճախ է քննադատում ընդդիմությանը՝ կրկնելով իշխանության թեզերը։  

Ի տարբերություն Армянская Вендетта-ի և Միկա Բադալյանի, Баграмян 26-ը խուսափել էր պրո-Կրեմլյան Տելեգրամ ալիքների տեղեկությունը տարածելուց։ Փոխարենը ալիքը Բուչայի և Վիննիցայի դեպքերը լուսաբանել էր առավելապես պաշտոնական աղբյուրներին հղում տալով։ Այդպես, Բուչայի վերաբերյալ հրապարակումներում ալիքը չորս անգամ տարածել է ռուս պաշտոնյաների խոսքը։ Երկու դեպքում հղում է արել թուրքական պաշտոնական աղբյուրի, մեկական հղում էլ արել է ուկրաինացի և լեհ պաշտոնյաների խոսքին։ 

Վիննիցայի վերաբերյալ Баграмян 26-ը չորս հրապարակում է արել, բոլորը՝ փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Երեք դեպքում ալիքը արտաքին աղբյուրներ է մեջբերում, որոնցից երկուսը ուկրաինական են, մեկը՝ ռուսական։ 

SisMasis  

SisMasis-ը համեմատաբար ավելի փոքր ալիք է․ այն շուրջ 13,000 հետևորդ ունի։ Սակայն այս ալիքը նույնպես ակտիվորեն լուսաբանում է թե՛ Արցախյան հակամարտությունը, թե՛ Ուկրաինայում պատերազմը։ Ալիքը ընդդիմադիր դիրքորոշում ունի։

Բուչան հիշատակող 10 հրապարկումներից 9-ում SisMasis-ը կիսում կամ մեջբերում է արտաքին աղբյուրներ, հիմնականում՝ տարբեր երկրների պաշտոնյաների։ Երեք դեպքում նման մեջբերումները պարունակում էին դավադրության տեսություններ Բուչայի դեպքերի «բեմադրություն», «սադրանք» և «Բրիտանիայի հատուկ օպերացիա» լինելու մասին (նման գնահատականներ էին տվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն)։ 

Մեկ անգամ SisMasis-ը վերաշարադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքը, ընդ որում՝ ալիքը իր կողմից մեկնաբանություն է ավելացրել՝ Ջոնսոնին անվանելով «կարմրամազ չսանրված անգլիացի»։ Մեկական անգամ ալիքը տարածել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Կիևում ԱՄՆ դեսպանատան դատապարտումը Բուչայի կոտորածի վերաբերյալ։

Ի տարբերություն ուսումնասիրված բոլոր մյուս ալիքների, SisMasis-ը անդրադարձել է հուլիսին Վիննիցայում տեղի ունեցած մահաբեր պայթյունին։ Նման երկու հրապարակումներից մեկը պայթյունի տեսագրություն է, մյուսը՝ ՌԴ Զինված ուժերի մեկնաբանությունը պայթյունի մասին։ Զոհերի, ինչպես նաև ուկրաինական դիրքորոշման մասին ալիքը ոչինչ չէր գրել։ 

Инфотека24 

Инфотека24 ալիքը կենտրոնացած է Հայաստանի շուրջ միջազգային հարաբերությունների լուսաբանման վրա։ Այն նախկինում տարածել է չստուգված տեղեկություն։ 

Վիննիցայում հուլիսյան պայթյունին ալիքը չի անդրադարձել։ Իսկ Բուչայի կոտորածի վերաբերյալ Инфотека24-ը տարածել է ԱՄՆ և Ֆրանսիայի պաշտոնյաների դատապարտումը, ինչպես նաև տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանում հակառուսական ակցիաներ են անցնում։ 

Инфотека24-ը Բուչան և Վիննիցան հիշատակող ընդհանուր առմամբ 6 հրապարակում է արել, որոնցից երեքը հղում են տալիս արտաքին աղբյուրների։ Մեկ դեպքում հղում է արվում ԱՄՆ պետդեպարտամենտին, մեկ դեպքում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և մեկ դեպքում՝ ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալությանը։ 

Re։public of Artsakh 

Թեև Re։public of Artsakh-ը Տելեգրամի հայկական սեգմենտի ամենամեծ ալիքներից է, այն զգալիորեն ավելի հազվադեպ է հրապարակումներ անում, քան ուսումնասիրված մյուս ալիքները։ Դրա հրապարակումները նաև ավելի նեղ թեմատիկ շրջան ունեն և վերաբերում են հիմնականում միայն Արցախյան հակամարտությանը։ 

Բուչայի դեպքերի մասին ալիքը չի գրել, իսկ Վիննիցան հիշատակվում է միայն մարտի սկզբին արված հրապարակման մեջ՝ քաղաքի օդանավակայանում պայթյունի առիթով (Re։public of Artsakh-ը կիսել էր տեղեկություն այն մասին, որ այդտեղ, ենթադրաբար, պահվում էին թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները)։

Տելեգրամը Հայաստանում․ ինչո՞ւ է պոպուլյար սոցցանցը ռուսերենով

Բուչայի և Վիննիցայի դեպքերի լուսաբանման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Տելեգրամի հայկական սեգմենտում ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանվում է կողմնակալ կերպով։ Ուսումնասիրած խոշոր ալիքներից երեքը (Армянская Вендетта, Mika Badalyan, SisMasis) ակտիվորեն լսարանին են հրամցրել ռուսական քարոզչական թեզերը՝ առանց դրանք ստուգելու կամ հակակշիռ տեսակետը պատշաճ մանրամասնությամբ ներկայացնելու։ 

Միաժամանակ, ամենախոշոր ալիքը՝ Баграмян 26-ը, փորձել է նշված դեպքերը ներկայացնել երկու կողմի պաշտոնական հայտարարությունների միջոցով։ Ալիքը զերծ է մնացել ռուսական քարոզչական Տելեգրամ ալիքները կիսելուց, չնայած որ Բուչայի «բեմադրված» լինելու մասին թեզերը միևնույնն է տեղ են գտել ալիքում՝ ռուս պաշտոնյաների խոսքի միջոցով։ 

Բոլոր ուսումնասիրած ալիքները աշխատում են ռուսերենով։ Թեև Տելեգրամը Հայաստանում ամենատարածված հարթակներից է, սակայն ռուսալեզու ալիքները այստեղ ավելի շատ նորմ են, քան բացառություն։ 

Տելեգրամը Հայաստանում թափ հավաքեց 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության ժամանակ։ Ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի Տելեգրամը հարմար գործիք էր լուրեր կարդալու համար, երբ բոլորը ցույցի էին և ինտերնետ կապը վատն էր։ ««Ինֆոքոմը» դուրս եկավ ասպարեզ ու դարձավ հայերեն ամենապոպուլյար ալիքներից մեկը։ Զուգահեռ հայտվեց Баграмян 26-ը և այլն։ Բայց հայկական, փաստացի հայաստանյան ալիքներ էդ ժամանակ շատ քիչ ձևավորվեցին, հիմնականում սկսեցին մտնել մեր տեղեկատվական դաշտ Ռուսաստանի ռուսալեզու հայերի ալիքները», – ասում է Մարտիրոսյանը։ 

Ըստ նրա՝ այդ ժամանակ արդեն Ռուսաստանում Տելեգրամը դարձել էր տեղեկատվական տեսանկյունից հիմնական սոցցանցը։ «Մեր դաշտ սկսեցին մտնել Ռուսաստանից այստեղ տեղափոխված հայերի ալիքները։ Նրանք էին հիմնական կարծիք ձևավորողները այս տիրույթում ու մինչև հիմա այդպես էլ մնացել է, որովհետև այդ ալիքները ներքաղաքական պայքարում էլ ներգրավեցին։ Փաստացի այդ ռուսալեզու ալիքները լուրջ ֆինանսավորում ստացան։ Դրանց մտցրեցին մեր մեդիադաշտ նաև հայալեզու [հարթակները] որպես մեջբերվող սկզբնաղբյուր՝ այդպիսով ավելի առաջխաղացնելով դրանք»։  

Հարցին, թե ի՞նչի հիման վրա է կարելի եզրակացնել, որ այս ալիքները արտաքին ֆինանսավորում էին ստանում, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ուղղակի կարելի է ենթադրել, որ ալիքը ինչ-որ կոնկրետ քաղաքական գործչի կողմն է կամ մյուսի դեմ։  [Բացի այդ,] հենց ընտրությունները ավարտվեցին, այդ ալիքների ակտիվությունը կտրուկ ընկավ։ Այսինքն, այս երկրորդական սիմպտոմներից կարելի է հասկանալ, որ ֆինանսավորում կար»։

Տելեգրամի լսարանի աճի մի մեծ ալիք էլ տեղի ունեցավ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ըստ Մարտիրոսյանի՝ այս ժամանակ հայտնվեցին մի շարք ռուսալեզու բլոգերներ, որոնք հայաստանամետ գրառումներ էին անում, ինչի հաշվին ահռելի լսարան ձեռք բերեցին Հայաստանում։ Media.am-ը նախկինում անդրադարձել է դրանցից WarGonzo-ին։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *