Մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից, թե Մեղրիի բնակիչները, ի վերջո, ե՞րբ են բնական գազ ունենալու։ Տարիներ շարունակ հարցը շոշափվել է, տրվել են խոստումներ, բայց առաջընթաց չկա։ Ի պատասխան՝ նախարար Սանոսյանն ասաց, որ 2017 թվականին Մեղրի քաղաքը 90%-ով, Ագարակ քաղաքը 10%-ով գազիֆիկացվել է` անցկացվել է ցանց, բայց չի միացվել և մինչ օրս համայնքն այդ պարտավորությունը չի իրականացրել․
«Մեր կառավարությունը, տեսնելով, որ խնդիրը շարունակում է մնալ, Տարածքային զարգացման հիմնադրամով իրականացրել է ծրագիր մոտ 280 մլն դրամի։ 21 թվականի հոկտեմբերին ծրագիրն ավարտվել է, որոշակի աշխատանքներ են արվել։ Եթե չեմ սխալվում, վաղը կառավարության նիստով (եթե վաղը չէ՝ հաջորդ հինգշաբթի), մենք կհանձնենք գազիֆիկացման համակարգը պետական գույքի միջոցով Գազպրոմին․․․․ Կարճ ասած մի քանի ամիս աշխատանք կա անելու, բայց մինչև աշուն Մեղրիի մեր հայրենակիցները, Ագարակի, նաև Լեվաազ գյուղն է ավելացվել, բոլորը կունենան գազ»։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը որոշեց պարզել, թե որքան ժամանակ է Մեղրիի բնակչությունը զրկված կապույտ վառելիքից և որն է դրա պատճառը, ովքեր և ինչ ժամկետներում են խոստացել լուծել գազամատակարարման խնդիրը, սակայն այդպես էլ չեն լուծել։
Մեղրին երբեք գազիֆիկացված չի եղել*
Իրան-Հայաստան գազատարի կառուցումից մոտ 25 տարի անց էլ Մեղրիի բնակիչները սպասում են Գազիֆիկացմանը: Այս համայնքը, ինչպես փաստում են քաղաքապետ Բագրատ Զաքարյանը և տեղի բնակիչները, երբևէ գազիֆիկացված չի եղել: Տարբեր ժամանակներում իշխանությունները հրապարակավ նոր համակարգ ներդնելու խոստումներ են տվել, որոնք մինչ օրս չեն իրականացել։
Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։
Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց կառուցելու համար: Ծրագրի գլխավոր նպատակն էր բնակարաններ բնական գազ մատակարարել, ինչը հնարավորություն կտար պակասեցնել տարածաշրջանում անտառահատումները։
2013 թվականին Սյունիքի մարզպետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ հաջորդ տարի պետք է սկսվի խողովակաշարի շինարարությունը: Այդ օրերին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից վստահեցնում էին, թե Իրանը գազ է առաջարկում հազար խորանարդ մետրը 400 դոլարով, այն դեպքում, երբ Ռուսաստանը տրամադրում է 189 դոլարով: Ծրագրի իրականացումը, սակայն, ընդհատվեց՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով, ապա վերսկսվեց 2015 թվականի վերջին։
Հուշագրի ընդունումից 5 տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերին, հայտարարվեց գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքների ավարտի մասին։ Քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Բնակիչները շտապեցին շնորհավորել միմյանց և խոսել իրականացված երազանքի մասին։ Լրատվամիջոցները գրեցին, թե ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը, և համայնքները շուտով գազ կստանան։ Բնակիչները, սակայն, այդպես էլ գազ չստացան։
2017-ի ձմռանը կառավարությունը որոշեց Մեղրի և Ագարակ համայնքների գազամատակարարման ցանցը անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Սա նշանակում էր, որ իրանական գազի մատակարարումը Մեղրիում և Ագարակում կվերահսկի ռուսական ընկերությունը, որին պատկանում է Հայաստանում գազամատակարարման մենաշնորհը։
Չիրականացված խոստումներ՝ նաև նոր իշխանություններից
Մեղրիի ու Ագարակի բնակիչներին գազով ապահովելու խնդիրը շարունակեց օդում կախված մնալ նաև Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գործող իշխանության պաշտոնավարման տարիներին ևս հնչել են գազիֆիկացման մասին խոստումներ և վերջնաժամկետներ։
2019-ին, օրինակ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունենա:
«Մենք հարցը բարձրացրինք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետն իր մոտ այն արձանագրեց, և օրեր հետո տեղեկացանք, որ արդեն տեղում չափագրումներ են կատարվում: Արձանագրենք, որ մեր հանձնաժողովի արտագնա նիստի արդյունքում Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի»,-ասաց Միքայել Մելքումյանը:
2020 թվականին կառավարությունը տեսանյութ էր պատրաստել «Մեղրիում շուտով գազ կունենան» վերտառությամբ։ Լրագրողը նշում էր, որ Մեղրի խոշորացված համայնքի գազիֆիկացման համար կառավարությունը պահուստային ֆոնդից տրամադրել է մոտ 289մլն դրամ։ Կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կստանա 10 հազար բնակիչ, 3 տասնյակ տնտեսվարող։ Այս խոստումից երկու տարի անց էլ՝ Մեղրիի բնակիչները դեռ գազ չունեն։
Օֆելյա Սիմոնյան
* Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Սկզբնական տարբերակում գրված էր «Մեղրիի բնակիչները մոտ 25 տարի է՝ չունեն գազիֆիկացված համակարգ»։ Սակայն Մեղրիում բնական գազի մատակարարման համակարգ երբեք չի եղել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: