Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 24-ից սոցիալական ցանցերում տարածվում է տեղեկություն, թե Ադրբեջանում և Ուկրաինայում «Զանգեզուրը Ադրբեջան է» կարգախոսով ակցիաներ են տեղի ունենում։ Լուսանկարն ու տեսանյութն առաջինը տարածել էին «Zangezur is Azerbaijan» ֆեյսբուքյան էջը և Tabriz Azerbaijan յութուբյան ալիքը։ 

Այսօր արդեն տեղեկությունը տարածվեց և շարունակում է ակտիվորեն տարածվել սոցցանցերի հայկական տիրույթում և լրատվամիջոցներում (հղում 1, հղում 2): 

Առաջին լուսանկարը, որը սկսել էր տարածվել ապրիլի 24-ից, հին է և ենթարկվել է ֆոտոշոփի։ Իրականում Ուկրաինայում այդ ակցիան տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերին ASAP կազմակերպության երիտասարդ անդամների նախաձեռնությամբ։ Իսկ պաստառի վրա գրված էր ոչ թե «Զանգեզուրը Ադրբեջան է», այլ «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Ինչ վերաբերում է տեսանյութին, որում զանգվածային ակցիաներ են Բաքվի փողոցներում, ապա այն մոտ 6 տարվա հնության է։ Առաջին անգամ տեսանյութը հրապարակվել է 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ի աջակցություն ադրբեջանցի զինվորականների։

Ամփոփելով՝ Բաքվում «Զանգեզուրը Ադրբեջան է» կարգախոսով ակցիաների մասին բերվող որևէ ապացույց իրական չէ։

Օֆելյա Սիմոնյան