2022.04.19,

Ստուգված է

Օրինական զենքով հանցանքները քիչ են, բայց գաղտնի է զենք կրողների թիվը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 18-ին ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Սոցիալական ցանցերում այն ներկայացվում է նաև որպես  «զենքի ազատականացման» մասին օրենք։ Կարծիքներ հնչեցին, որ «հեշտացված տարբերակով զենք ձեռք բերելը չի կարող անվտանգության խնդիր լուծել»։

Նախագիծը, իսկապես, նախատեսում է զենքի ձեռքբերման հետ կապված մի շարք սահմանափակումների մեղմացում։ Մասնավորապես, չեղարկվում են զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու, ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարի ողորկափող հրազեն ունենալու, փամփուշտների քանակը սահմանափակող պահանջները: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն և այլն:

Բայց, միևնույն է, նախագիծը չես անվանի զենքի ազատականացման մասին օրենք, քանի որ այստեղ կան նաև նոր սահմանափակումներ։ Օրինակ՝ գործող օրենքով քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի 18 տարին լրացած քաղաքացին։ Գաբրիելյանն առաջարկում է այդ տարիքային շեմը բարձրացնել մինչև 21 տարեկան։ Բացի դրանից, նախագիծը սահմանում է հրաձգարանների չափանիշները, առաջարկում է զենք ձեռք բերելու համար քննության կարգ ներմուծել և այլն։

Ինչպես նկատեցինք, նախագիծն առավելապես ուղղված է զենքի ձեռք բերման և կիրառման ոլորտի կարգավորմանը: Սակայն Հայաստանում արդեն վաղուց քննարկման առարկա է զենքի ազատականացման հարցը: Վերջին տարիներին այդ թեմայով լույս են տեսել մի շարք հոդվածներ, ազատականացման կողմանկիցները հանդես են եկել հարցազրույցներով

«Ազատականացման» ռիկսներն ու օգուտները

Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օրակարգային է հարցը՝ զենքի «ազատականացումը» հասարակական անվտանգության պահպանման տեսանկյունից առավելապես վտանգավո՞ր, թե՞ օգտակար գործիք է: Ազատ շրջանառությանը դեմ հանդես եկողները պնդում են, որ ամեն ոք կկարողանա անարգել ձեռք բերել զենք, ինչի հետևանքով հանցագործությունների թիվը կավելանա: Հակառակ կողմի գլխավոր հակափաստարկն այն է, որ աշխարհում օրինական զենքով հանցագործություններ գրեթե չեն կատարվում: Ավելին, Վիլեն Գաբրիելյանը՝ ապրիլի 19-ի հարցազրույցում շեշտում է՝ «Թե միջազգային փորձը, թե Հայաստանի Հանրապետությունում եղած փորձը ցույց են տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ տեղի չեն ունենում»:

Media.am-ի փաստերի ստուգման թիմը փորձեց հասկանալ, թե որքանով են հավաստի երկու կողմերի ներկայացրած տեսակետները և ինչի մասին է խոսում վիճակագրությունը Հայաստանում: 

Մենք հարցում արեցինք ոստիկանություն՝ հասկանալու քաղաքացիական անձանց շրջանում քա՞նի մարդ ունի իրավունք զենք կրելու և նրանցից քա՞նիսն է այդ զենքը կիրառել անօրինական նպատակով: Առաջին հարցին ոստիկանությունը հրաժարվեց պատասխանել՝ որակելով այն «հույժ գաղտնի»: Երկրորդ հարցին չպատասխանեց՝ հիմնավորելով, թե կառույցում նման «հաշվառում չի կատարվում»: Պատասխանից մոտ 25 օր անց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցազրույցում հրապարակեց վիճակագրություն՝ օրինական զենքի անօրինական կիրառման քանակի մասին.

«Օրինական զենքի միջոցով տարեկան 2-3 հատ հանցագործություն է տեղի ունենում: Կարելի է ասել դեպք, չասեմ հանցագործություն, որովհետև իրանց մեջ կան նաև ինքնասպանություններ: Էստեղ կա մի ուրիշ պրոբլեմ՝ 2-3 դեպքը, որ լինում է, 50%-ը պարգևատրված զենքով է»,- ասում է պատգամավորը:

Մեզ հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանը տեղեկության աղբյուր նշեց ոստիկանությանը և տրամադեց վերջինիս պատասխան գրությունը: Փաստացի, ոստիկանությունը հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություն, թե զենք կրելու իրավունք ունեցողներից քանիսն է այն անօրինակ նպատակով կիրառել՝ պատճառաբանելով, որ նման «հաշվառում չի կատարվում», բայց պատգամավորին տրամադրել էր այդ տեղեկությունը դեռևս նախորդ տարի: Մենք պարզաբանման պահանջով նախորդ շաբաթ դիմեցինք ոստիկանություն, որից հետո միայն այսօր ստացանք նույն տվյալները, ինչ տրամադրվել էր իշխանական պատգամավորին: 

Ոստիկանությունը Գաբրիելյանին էր տրամադրել 2017, 2018, 2019, 2020 և 2021 թվականներին օրինական զենքից կատարված հանցագործությունների քանակի մասին տեղեկություն: Դրա համաձայն օրինական զենքով տարեկան միջինում գրանցվում է 4 հանցագործություն: Սա հակասում է պնդմանը, թե մեր երկրում օրինական զենքով հանցագործություններ տեղի չեն ունենում:

Սակայն, միևնույն է, դեպքերի քանակն անհամեմատ ավելի փոքր է՝ անօրինական զենքով հացագործությունների քանակի համեմատ, որի տարեկան միջինը 59 դեպքն է։

Ըստ այս տվյալների՝ անօրինական զենքով տարեկան մոտ 15 անգամ ավելի շատ դեպք է գրանցվում՝ օրինականի համեմատ։ Իհարկե, սա դեևս խոսուն փաստ չէ․ օրինական և անօրինական զենքերով հանցագործությունների քանակի տարբերությունը հասկանալու համար, նախ պետք է պարզել զենք կրելու թույլտվություն ունեցողների թիվը, որն էլ հնարավորություն կտա հասկանալու իրականում օրինակա՞ն, թե՞ անօրինական զենքից է ավելի շատ հանցագործություն գրանցվում։ Սակայն այդ տվյալը, ըստ ոստիկանության, հրապարակման ենթակա չէ։

Media.am-ը առաջիկայում կներկայացնի զենքի շրջանառության վերաբերյալ միջազգային փորձը, օրենսդրական գործող կարգավորումները, և թե որքան է օրինական զենքով հանցագործությունների քանակը այլ երկրներում:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *