2022.03.11,

Ստուգված է

Չկա որևէ ապացույց, որ հղի կնոջ լուսանկարը բեմադրված է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 9-ին տեղեկություն տարածվեց, որ հրթիռակոծվել է Մարիուպոլի ծննդատունը։ Այս մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ «զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ աղջնակ։ 17-ը վիրավորվել են՝ նրանք երեխաներ են, կանայք ու բուժաշխատողներ»: Տեղեկությանը զուգահեռ սկսեցին կադրեր տարածվել ծննդատան տարածքից, որոնց թվում էր նաև մի հղի կնոջ լուսանկար։

Լուսանկարը արժանահավատ չէր մի շարք օգտատերերի և լրատվամիջոցների համար։ Ակտիվորեն տեղեկություն էր տարածվում, թե այն բեմադրված է։ Հայկական լրատվականներից այդ մասին առաջինը գրեցին ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունը և Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կողմից ղեկավարվող Freenews-ը։

Բեմադրության մասին տեղեկությունը հիմնավորող երեք «փաստարկ» էր նշվում։

Ծննդատունը դադարեցրել է գործունեությունը

Նշվում էր, թե լուսանկարի կինը չէր կարող գտնվել Մարիուպոլի ծննդատանը, քանի որ այն մարտի 7-ից դադարեցրել էր գործունեությունը։ Նման պնդման հիմքը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություն էր, թե «Մարիուպոլի ծննդատունը վաղուց դարձել էր ծայրահեղականների հենակետ, այնտեղ հաճախորդներ ու աշխատակիցներ չկան»։

Լավրովն արձանագրել է, որ ՌԴ պատվիրակությունը դեռ մարտի 6-7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավված է «Ազով» գումարտակի ու այլ արմատակաների կողմից և ծառայում է որպես ուլտրածայրահեղականների հենակետ։

Թե ինչ փաստերի մասին է խոսքը, հայտնի չէ։ Առայժմ սոցցանցերում տարածվող միակ հիմնավորումը հարցազրույցն է, որն իբրև արվել է ծննդատան աշխատակիցների հետ և նրանք էլ ներկայացրել են իրավիճակը հիվանդանոցում։

Իրականում խոսքը «Lenta.ru»-ի ռեպորտաժի մասին է՝ Ուկրաինայից Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետություն տեղափոխված փախստականների մասին: Լրագրողը, սակայն, չի զրուցել հոսպիտալի աշխատակցի հետ, այդ տեղեկությունը նրան փոխանցել է Իգոր (ազգանունը նշված չէ) անունով մի տղամարդ, որի մայրն աշխատել է ծննդատանը: Նրա խոսքով՝ փետրվարի վերջին ծննդատուն են եկել զինվորական համազգեստով մարդիկ, սակայն նա չգիտեր՝ այդ մարդիկ «Ազով» ազգայնական գումարտակի մարտիկներն էին, թե Ուկրաինայի զինված ուժերը:

«Զինվորականները կոտրեցին բոլոր փականները, վռնդեցին ծննդատան աշխատակիցներին և շենքում կրակակետեր տեղադրեցին, որպեսզի «Մարիուպոլի ամրոցը» պատրաստեն պաշտպանության համար»,- նշել էր Իգորը։

Այս նյութում չկա որևէ փաստ այն մասին, թե ծննդատունը չի գործում կամ «Ազով»-ի վերահսկողության տակ է: Տեղեկությունը հիմնված է մեկ մարդու բանավոր խոսքի վրա միայն, ավելին՝ զրուցակիցը ինքն էլ վստահ չէ, թե հոսպիտալ ներխուժած անձինք ովքեր են: 

Տեսանյութում մարդիկ և արյան հետքեր չկան

Երկրորդ փաստարկը, որը բերում են թե՛«Սպուտնիկ Արմենիան», թե այլ լրատվականներ, այն է, որ շենքի ներսում արված կադրերում ո՛չ մարդիկ կան, ո՛չ արյան հետքեր՝ «միայն ապակիների բեկորներ են և ավերված պատեր»։ Պնդումներ կան նաև, որ կադրում երևում է միայն մեկ հղի կին, մինչդեռ հիվանդանոցում չէր կարող միայն մեկ բուժառու լինել:

Իրականում կան թե՛ պաշտոնական, թե՛ անկախ բլոգերների և լրագրողների կողմից հրապարակված կադրեր, որտեղ տեսնում ենք բազմաթիվ մարդկանց՝ երեխաների, հղի կանանց, բուժանձնակազմին, ինչպես նաև «Սպուտնիկ Արմենիայի» նշած՝ արյան հետքերը:

Հղի կինը հայտնի բլոգեր է

Երրորդ պնդումն այն է, որ կադրերում երևացող հղի կինը բյութի-բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայան է: Օգտատերերը գրում էին, թե նա չէր կարող լինել այդ հոսպիտալում, քանի որ ապրում է Կիևում: Արդեն իսկ լայնորեն տարածվել է կնոջ ինստագրամյան էջը, որի մի շարք հրապարակումներ՝ պատերազմից առաջ և հետո, ևս Մարիուպոլից են արվել: 

Մյուս կողմից նշվում է, թե Մարիաննա Պոդգուրսկայան միևնույն ժամանակ երկու հղի կանանց «դեր է խաղում»:

Մինչդեռ խոսքն ակնհայտորեն երկու տարբեր կանանց մասին է, տարբեր են անգամ նրանց մազերի գույները:

Նշենք, որ չնայած պնդումներին, թե Պոդգուրսկայի հղիությունը ևս բեմադրություն է, այնուամենայնիվ, ըստ BBC-ի ռուսական ծառայության, կինն այսօր ծննդաբերել է:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *