2022.03.07,

Ստուգված է

Հանրայինի վերլուծությունը հիմնված էր ընդամենը 2 տարվա տվյալների վրա

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 5-ին Հանրային հեռուսատեսության «Լուրերի» ռեպորտաժներից մեկը  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգի արդյունավետության մասին էր։ Լրագրողը նշում է, որ 2021-ից ներդրված փոփոխություններից հետո Երևանում ՃՏՊ-ների թիվը նվազել է։

«Ընդհանուր առմամբ, բալային համակարգի ներդրումից հետո Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են։ Ռեպորտաժում, համեմատելով 2019-ի հետ, ՀՀ փոխոստիկանապետը նշեց՝ 2021-ին Երևանում 1920 ՃՏՊ է գրանցվել, 2019-ին 2172: Զոհերի թիվը՝ 2021-ին 78, 2019-ին՝ 86»,- ասվում է ռեպորտաժում։

 Ռեպորտաժում ներկայացված գրաֆիկը

Նույն ռեպորտաժում լրագրողը զրուցում է նաև փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ, վերջինս էլ ներկայացնում է ոստիկանության վերլուծության արդյունքները՝ «Վերլուծության արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ միանշանակ նաև բալային համակարգի ներդրումն է, որ նպաստել է Երևան քաղաքում ՃՏՊ-ների, զոհերի և վիրավորների թվի նվազմանը»։

Ռեպորտաժում 2021 թվականի ՃՏՊ-ների քանակը համեմատվում է ամենավթարշատ տարվա` 2019-ի հետ։ Ռեպորտաժում չի նշվում, թե ինչու է համեմատությունն արվել հենց այդ տարեթվի, և ոչ, օրինակ, 2020-ի կամ 2018-ի հետ։ Media.am-ը արդեն անդրադարձել է վերջին 7 տարիներին Երևանում գրանցված ՃՏՊ-ների, զոհերի և վիրավորների քանակին։

Ինչպես տեսնում եք, 2021-ին Երևանում գրանցված վթարներն ավելի շատ են, քան 2020-ին (366-ով քիչ էր), 2018-ին (88-ով քիչ էր), 2017-ին (376-ով քիչ էր), 2016-ին (503-ով քիչ էր) և 2015-ին (521-ով քիչ էր)։ 

Զոհերի քանակով 2021-ը ևս նպաստավոր չէր՝ համեմատած նախորդ տարիների հետ։ 2020-ի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով, 2017-ի համեմատ՝ 6-ով, 2016-ի համեմատ՝ 4-ով։ 2019-ի, 2018-ի և 2015-ի համեմատ զոհերի քանակը նվազել է։ 

Ինչ վերաբերում է վիրավորների քանակին, ապա 2021-ին գրանցված 2434 վիրավորումները ավելին են, քան 2020-ին, 2017-ին, 2016-ին և 2015-ին արձանագրվածները։

Իհարկե 2020-ի ցածր ցուցանիշը կապվում է համաճարակային սահմանափակումների հետ, հետևաբար միայն այդ տարվա հետ համեմատությունը չէր կարող օբյեկտիվ պատկեր ցույց տալ։ Բալային համակարգի արդյունավետությունը գնահատելու և ամբողջական պատկերացում կազմելու համար հարկավոր էր ներկայացնել առնվազն վերջին մի քանի տարիներ ցուցանիշը։

Այսպիսով, «Լուրերի» ռեպորտաժում ներկայացված ներկայացված վիճակագրությունը մանիպուլյատիվ է, քանի որ  չի ներկայացնում բալային համակարգի արդյունավետության ամբողջական պատկերը, քանի որ համեմատությունն արվել է վերջին տարիների ամենավթարաշատ տարվա՝ 2019-ի հետ՝ առանց նշելու նման համեմատության հիմնավորվածությունը։ Նույն համեմատությունը կարելի է կատարել 2020-ի կամ 2018-ի հետ և ստանալ հակառակ պատկերը՝ ՃՏՊ-ների քանակի մեծացման տեսքով։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *