Այսօր՝ փետրվարի 24-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական զորքերը հատուկ ռազմական գործողություններ սկսեցին Ուկրաինայի տարածքում։ Հայկական և միջազգային մամուլն այս օրերին լի է ռուս-ուկրաինական նոր բախումների մասին կեղծ կամ հին լուսանկարներով, տեսանյութերով և տարատեսակ տեղեկություններով։ Media.am-ը ներկայացնում է հակամարտության վերաբերյալ վերջին օրերին տարածված ապատեղեկատվությունները:
Հայկական մեդիա
Փետրվարի 24-ին զանգվածային տարածում գտավ WarGonzo տելեգրամ ալիքում հրապարակված մի լուսանկար՝ կից գրառումներով, թե «Խարկովն ազատագրված է», «Խարկովը՝ հիմա» և այլն: Լուսանկարն իրականում հին էր, արվել էր 2014 թվականին՝ Խարկովի քաղաքային վարչական շենքի տարածում: Լուսանկարի ժամանակավրեպության մասին գրել էր ուկրաինական stopfake.org-ը:
Ռուսական կողմի՝ Խարկով ներխուժման մասին տարածվեց մեկ այլ տեսանյութ ևս: Նշվում էր, թե ռուսական ավիացիան Խարկովի երկնքում է: Տեսանյութը տարածեցին լրատվամիջոցներ, սունկ կայքեր և տելեգրամ ալիքներ:
Այս տեսանյութը ևս հին էր, այն նկարահանվել էր 2020 թ․ մայիսի 4-ին: Կործանիչները ոչ թե Խարկովի, այլ Մոսկվայի երկնքում էին: Տեսանյութը լայնորեն տարածվել էր նաև միջազգային մամուլում: Այն արագորերեն ստուգել էր Demagog.org-ի փաստերի ստուգման թիմը:
Ռուս-ուկրաինական հակամարտության մասին կեղծ լուր տարածեց նաև FreeNews.am-ը: Հղում անելով Air Force Command of UA Armed Forces-ին` կայքը գրեց, թե Ուկրաինայի երկնքում վեցերորդ ինքնաթիռն է այրվում: Փաստեր ստուգող լրագրողները ստուգել էին տեղեկությունն ու պարզել, որ այն իրականում արվել է Մեծ Բրիտանիայում՝ 1993-ին։
Կեղծ լուրերը՝ TikTok-ում
Հակամարտության մասին ապատեղեկատվությունները գլխավորապես տարածվում են տելեգրամ ալիքներում և TikTok-ում: Media.am-ի թիմն ուսումնասիրության ընթացքում հանդիպեց մի քանի տասնյակ կեղծ կամ հին լուսանկարների և տեսանյութերի, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:
TikTok-ի օգտատերերից մեկը հրապարակել էր կիսավեր մի քաղաքում ռազմական գործողությունների ժամանակ արված տեսանյութ՝ տպավորություն ստեղծելով, թե կադրերում ռուսական զորքն է, որը ներխուժել է Ուկրաինա:
Իրականում այս տեսանյութը որևէ առնչություն չունի Ուկրաինայի հետ: Այն արվել է 2019-ին՝ Սիրիայում: Կադրերում ռուս հրահանգիչներն են, որոնք վարժանքն են իրականացնում պաղեստինցի զինվորների հետ:
TikTok-ում տարածված մեկ այլ տեսնայութում տեսնում ենք, թե ինչպես է Ուկրաինայի դրոշներով տանկը շրջում քաղաքով և քանդում քաղաքացիների կողմից կառուցված պատնեշները:
Համացանցում որոնումը ցույց է տալիս, որ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է 2014 թվականի մայիսի 10-ին ռուսական RT լրատվամիջոցի YouTube ալիքում: Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրության մեջ՝ կադրերը արվել են Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: