2022.01.14,

Ստուգված է

Ականավոր բժիշկը՝ հայտնի հակավաքս. ո՞վ է հաճախ մեջբերվող Ռոբերտ Մելոնը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը, որն ակտիվորեն պայքարում է պատվաստումների դեմ, սոցցանցերում հաճախ է տարածում բժիշկ, փորձագետ Ռոբերտ Մելոնի խոսքերը։ Դրանք բացառապես չպատվաստվելու կոչեր կամ պատվաստանյութի վնասակարության մասին ահազանգեր են։ Նրա պնդումներն առավել համոզիչ դարձնելու համար պարտադիր հիշատակվում է, որ Մելոնը մՌՆԹ պատվաստանյութի հայտնագործողն է։ 

Հունվարի 11-ին, նախաձեռնությունը տարածել էր բժշկի հարցազրույցից մի հատված, որում տեղ էին գտել մի շարք խնդրահարույց կետեր։ Հրապարակումն արտատպել էին ֆեյսբուքի օգտատերերն ու medmedia.am կայքը, որը ևս Մելոնի խոսքերը հաճախ է մեջբերում (այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ

Media.am-ի Ստուգված է թիմը որոշեց անդրադառնալ ականավոր բժշկի պնդումներին և ստուգել դրանց հավաստիությունը։

Պատվաստանյութի հասկ սպիտակուցը վնասու՞մ է օրգանիզմին

  • Ռոբերտ Մելոնն ասում է, թե պատվաստելով երեխաներին՝ նրանց օրգանիզմ ենք ներարկում վիրուսի գենետիկական կոդը, որն արտադրում է թունավոր՝ S-սպիտակուց։ Վերջինս էլ առաջացնում է բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ տրոմբ, վերարտադրողական համակարգի ախտահարում, իմունային համակարգի փոփոխություններ։

✔ Նախ, թե ինչ է COVID-19 հասկ սպիտակուցը.

Այն վիրուսի մակերեսին առկա սպիտակուց է, որն օգնում է վիրուսին ներթափանցել օրգանիզմ։ Հասկ սպիտակուցը առաջացնում է COVID-19, որը իմունային համակարգը ճանաչում է որպես օտար և սկսում հակամարմիններ արտադրել դրա դեմ:

Ինչպես գրում է Cosmos գիտական ամսագիրը, պատվաստանյութի հասկ սպիտակուցից զգուշանալու կարիք չկա, քանի որ այն անօգուտ է առանց վիրուսային գենոմի մնացած մասի, որը պատվաստանյութում չկա։ Սա նշանակում է, որ անկախ օրգանիզմում գտնվող սպիտակուցների քանակից, այն չի կարող հիվանդություն առաջացնել, չի կարող վերարտադրվել և չի կարող մտնել բջիջ։

Համաձայն բրիտանական MHRA կարգավորիչ մարմնի՝ 2022-ի հունվարի 6-ին «արվել է ավելի քան 3,5 մլն պատվաստում երեխաների շրջանում և անվտանգության հետ կապված որևէ նոր հանգամանք իհայտ չի եկել»։

  • Երկրորդ պնդումն այն մասին է, որ պատվաստանյութերը չեն անցել անհրաժեշտ ուսումնասիրություն և փորձարկումներ։ Դրանց համար անհրաժեշտ է 5 տարի։ 

✔ Media.am-ը բազմիցս գրել է, որ Հայաստանում գրանցված բոլոր պատվաստանյութերը (բացառությամբ Sputnik V-ի) հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և անցել են անհրաժեշտ փորձարկման բոլոր փուլերը։ Պատվաստանյութերը իսկապես ռեկորդային արագությամբ են ստեղծվել, սակայն դրա համար կան հիմնավոր պատճառներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

  •  Եվ վերջում Մելոնը հայտարարում է, որ երեխաներին պատվաստելու կարիք չկա, որովհետև նրանք «վտանգ չեն ներկայացնում ո՛չ ձեզ համար, ո՛չ էլ իրենց տատիկների և պապիկների»։

✔ Չնայած երեխաները կորոնավիրուսային հիվանդության խոցելի խմբում չեն և մահացությունը նրանց շրջանում ավելի ցածր է, սակայն նրանք վարակի փոխանցման աղբյուր են, իսկ հետազոտողները նշում են, որ պատվաստված մարդկանց շրջանում վարակվում է 100-ից մեկ հոգին, այսինքն պատվաստվածներն ավելի քիչ են վարակվում։ Դելտա շտամի պատճառով ավելացել են երեխաների մահվան և հիվանդության ծանր ընթացի դեպքերը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ քովիդով վարակված շուրջ 30 երեխա էր հոսպիտալացված։ Հոկտեմբերի 2-ին քովիդից Հայաստանում մահացել էր 10-ամյա աղջիկ, հոկտեմբերի 29-ին՝ մեկ ամսական երեխա։

Ով է, ի վերջո, բժիշկ Ռոբերտ Մելոնը

61-ամյա Ռոբերտ Մելոնը հակավաքսերի սիրելի բժիշկ-փորձագետներից է՝ լիցենզավորված բժիշկ ԱՄՆ-ում, մասնագիտացած իմունոլոգիայի ոլորտում։ Մելոնն իրեն համարում է «մՌՆԹ պատվաստանյութերի հեղինակ», այդ մասին նշված է նրա վեբկայքում և Թվիթերի էջում։ Կան մեծաթիվ հոդվածներ, հարցազրույցներ և բլոգեր, որոնցում նրան այդպես են ներկայացրել։ Սակայն մի շարք պրոֆեսորներ և գիտական ոլորտի լրագրողներ պնդում են, որ մՌՆԹ պատվաստանյութերի ստեղծումը ոչ թե մեկ անձի, այլ հարյուրավոր հետազոտողների աշխատանքի արդյունք է, որոնցից մեկն էլ Ռոբերտ Մելոնն է։ Մյուս համահեղինակների հետ միասին նա փաստեր է ներկայացրել, որ մՌՆԹ-ն կարող է արտադրել սպիտակուցներ բջիջներում։

Չնայած մՌՆԹ-պատվաստանյութերը պատվաստանյութերի նոր տեսակ են, այնուամենայնիվ դրանց զարգացումը սկսել է տասնամյակներ առաջ։ Այս երկարատև գործընթացում շատերն են ներգրաված եղել, սակայն Մելոնը, փաստացի, իրեն էր վերագրում հաջողությունների ամբողջ «փաթեթը»։ Ի դեպ, Logally հոդվածից հետո Մելոնը հերքել էր, թե հանդիսանում է մՌՆԹ-պատվաստանյութի հեղինակը և հավելել, որ ինքը «մՌՆԹ պատվաստանյութերի տեխնոլոգիական պլատֆորմների» հայտնագործողներից է։ 

Մելոնը մեկ տարի է՝ հայտնի է իր հակավաքս դիրքորոշմամբ, և որպես կանոն ԱՄՆ-ում նրան լուսաբանում են պահպանողական թևի ԶԼՄ-ները, որոնք դեմ են գործող վարչակազմին և 18-ից ցածրերին պատվաստելու որոշմանը։

Նախորդ տարի փաստերի ստուգման տարբեր հեղինակավոր հարթակներ անդրադարձել են նրա տարածած ապատեղեկատվություններին։ Օրինակ 2021-ի օգոստոսին Մելոնը հայտարարել էր, թե Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են ծանրացնել քովիդի ընթացքը, որ դրանք բավարար փորձարկումներ չեն անցել՝ մասսայական կիրառման համար։ Նա վերարտադրում էր նաև այն պնդումը, թե Քովիդ պատվաստանյութերը ազդում են կանանց վերարտադրողական կարողության վրա։ Հարցազրույցից հարցազրույց՝ Մելոնը թվիթերում հավաքեց ավելի քան 200 000 հետևորդ, սակայն Թվիթերը շուտով արգելափակեց էքսպերտի հաշիվը՝ քովիդի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ 

Նախքան արգելափակվելը՝ 2021-ի հունիսին, նա Թվիթերում գրեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութի շնորհիվ փրկված երեք կյանքերից երկուսը մահանում են հենց պատվաստանյութի հետևանքով։ Սակայն այդ ուսումնասիրությունը հրապարակած ամսագիրը շուտով սխալ անվանեց այնտեղ հայտնված գլխավոր եզրակացությունը և հեռացրեց ուսումնասիրությունը։

Նույն ամսին PolitiFact-ի փաստերի ստուգման թիմը կեղծ էր գնահատել Մելոնի պնդումը, թե պատվաստումից հետո առաջացած սպիտակուցները թունավոր են բջիջների համար: AAP factcheck-ի թիմը ստուգել ու կեղծ էր անվանել Մելոնի հայտարարությունը, թե նույն սպիտակուցները հաճախ անդառնալի վնաս են հասցնում երեխաների կենսական օրգաններին: Փաստեր ստուգոող լրագրողները ցույց էին տվել, որ Մելոնի խոսքը չունի փաստական որևէ հենք և բերված օրինակները պատվաստանյութի՝ շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են։

Այսպիսով, հայկական մեդիայում հաճախ հայտնվող Ռոբերտ Մելոնը անհիմն պնդումներ է անում պատվաստումների վերաբերյալ։ Փաստերի ստուգման միջազգային տարբեր հարթակներ դեռևս մեկ տարի առաջ ստուգել են նրա բազմաթիվ պնդումներ և սխալ որակել։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *