2021.12.15,

Ստուգված է

Կորոնամիֆեր. դեկտեմբերի 1-15

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Դեկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարությունը (ԱՆ) տեղեկացրեց հակահամաճարակային նոր փոփոխությունների մասին. կրճատվեց աշխատավայր ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ներկայացնելու ժամկետը՝ 14 օրից դառնալով 7 օր։ Բացի դրանից, արդեն հայտնի էր, որ մշակվող նախագծով հունվարի 1-ից կարգելվի մուտքը սննդի կետեր և ժամանցի վայրեր՝ առանց QR կոդի և թեստի բացասական արդյունքի։ Այս որոշումները մանիպուլյատիվ մեկնաբանությունների և պատվաստման մասին կեղծ լուրերի նոր ալիք բարձրացրին։ 

Նոր սահմանափակումները աշխարհում վաղուց արդեն գործում են

Հակապատվաստումային շարժման ակտիվիստները ակցիա իրականացրին ԱՆ շենքի դիմաց, նախագծի վերաբերյալ բացասական կարծիք հայտնեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ պնդելով, որ այն բիզնեսին սպանելուց բացի, այլ միտում չունի։

Չնայած բողոքներին և մեղադրանքների՝ նմանատիպ սահմանափակումներ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Դրանք գնահատվում են որպես արդյունավետ լուծում՝ համավարակի դեմ պայքարում։ Օրինակ Եվրոպայում չպատվաստվածների համար գործում են ճիշտ նմանատիպ և շատ այլ սահմանափակումներ։ Կանադայի երկրորդ խոշորագույն Քվեբեկ նահանգը սեպտեմբերի 1-ից պարտադիր դարձրեց պատվաստված լինելը ռեստորաններ, բառեր, մարզասրահներ մուտք գործելու համար։ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում սեպտեմբերի 13-ից փակ տարածքներ, այդ թվում՝ սննդի կետեր, մարզասրահներ և մշակութային օջախներ մուտք գործելու համար պարտադիր դարձավ առնվազն մեկ դեղաչափով պատվաստված լինելը։ Աշխաարհում գործող նմանատիպ սահմանափակումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Բոլոր պատվաստվածները Օմիկրոնի համար համարվում են չպատվաստված

Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացրեց կորոնավիրուսի նոր շտամի՝ Օմիկրոնի մասին և այն կոչեց վիրուսի «անհանգստացնող տեսակ»։ Չնայած նոր շտամի մասին հստակ գիտական տվյալների բացակայությանը՝ սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Օմիկրոն շտամի նկատմամբ Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը 41 անգամ անկում է ապրել և «բոլոր պատվաստվածները այսօրվանից համարվում են չպատվաստված»։

Արդյունավետության 40% անկման մասին հետազոտությունը հեղինակել են Հարավաֆրիկյան Հանրապետության հետազոտողները՝ լաբորատոր նախնական ուսումնասիրություններից հետո։ Նրանք Pfizer-ի երկու դեղաչափով պատվաստված 12 մասնակիցներից վերցրել են նմուշներ և ստուգել պլազմայի՝ օմիկրոնը չեզոքացնելու ունակությունը: Պարզվել է, որ նոր շտամն առավել մեծ հաջողությամբ է շրջանցել հակամարմինները, քան մյուս շտամները։ Չնայած դրան՝ օմիկրոնին չի հաջողվել ամբողջությամբ շրջանցել պատվաստանյութի պաշտպանությունը։ Հակամարմինների համեմատաբար բարձր մակարդակ էր մնացել այն մարդկանց մոտ, որոնք ամբողջությամբ պատվաստվել էին կամ արդեն իսկ վարակվել էին քովիդով։ Այս հետազոտությունը, սակայն, peer review չի անցել (այսինքն դեռ չի ստուգվել այլ  գիտնականների կողմից)։

Նույն օրը՝ դեկտեմբերի 5-ին, Pfizer-BioNTech ընկերությունը հրապարակեց իր հետազոտության արդյուքները, ըստ որի՝ Pfizer պատվաստանյութի 2 դեղաչափը կարող է պակաս արդյունավետ լինել նոր շտամի դեմ, սակայն բուստերային երրորդ դոզան կչեզոքացնի օմրիկոնը։ 

Նոր շտամի մասին գիտական հետազոտությունները դեռևս շարունակվում են և առայժմ միասնական մոտեցում հարցի հետ կապված չկա։ Օրինակ իսրայելական Շեբա բժշկական կենտրոնի հետազոտողները պնդում են, որ անգամ 3 դեղաչափերի դեպքում Pfizer-ի ազդեցությունը օմիկրոնի դեմ նվազել է 4 անգամ։ 

Մոդերնան ու երեխաների պատվաստումը

«Ազատ կամք» շարժման անդամ Սամվել Գրիգորյանը «Փաստինֆո»-ի եթերում պնդեց, թե Մոդերնայի ուղեցույցին հակառակ՝ Առողջապահության նախարարությունը թույլատրել է երեխաներին պատվաստել այդ պատվաստանյութով։ 

«Եվրոպական դեղերի գործակալության վրա հիմնվելով՝ երեխաներին թույլատրել են Մոդերնայով պատվաստվել, այնինչ այդ արտադրողը նույնիսկ չի փորձարկել այդ դեղը երեխաների շրջանում։ Իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում դա թույլատրված չի, ոչ մի տեղ թույլատրված չի։ Հայաստանը, արտադրողի ինստրուկցիային հակառակ, թույլատրել է դա կիրառել»,- ասաց Գրիգորյանը։

Այս պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Media.am-ը հոկտեմբերին մանրամասն անդրադարձել էր դրանց։ Չնայած Moderna-ի ուղեցույցում իսկապես նշվում է, որ կիրառման տարիքը սկսում է 18-ից, սակայն 2021-ի հոկտեմբերի 25-ին ընկերությունը նոր հետազոտություն հրապարակեց, որը վկայում էր 6-11 տարեկանների շրջանում պատվաստանյութի արդյունավետության մասին։ Հետազոտությանը մասնակցել էր ավելի քան 4700 երեխա։ Գրեթե բոլորի մոտ պատվաստանյութը իմունային արձագանք էր առաջացրել, բոլոր պատվաստավածների մոտ ձևավորվել էին հակամարմիններ։ 

Եվրոպական միության գլխավոր առողջապահական կառույցը՝ Եվրոպական դեղերի գործակալությունը, արդեն իսկ թույլատրել է 12-18 տարեկան երեխաների շրջանում Մոդերնայով պատվաստումը։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է երեխաների շրջանում Pfizer պատվաստանյութի կիրառումը։ Moderna-ի հաստատման գործընթացը վարչությունում երկարաձգվել է, քանի որ հավելյալ ստուգումներ են իրականացվում հազվադեպ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։ 

Նույն հարցազրույցում Սամվել Գրիգորյանը նաև նշում է, որ երեխաներին պատվաստելու իմաստ չկա, քանի որ նրանք թեթև են տանում կորոնավիրուսը։

«Ունի՞ իմաստ երեխաներին պատվաստել, եթե նրանք հիվանդանում են թեթև, հիմնականում ոտքի վրա են տանում հիվանդությունը և ձևավորում են կայուն, բնական իմունային շերտ  և հանդիսանում են վիրուսի ոչնչացնող օղակներ։ Երեխաներին ինչի՞ համար պատվաստել»։ Ի դեպ, երկու օր անց արդեն Երկիր մեդիայի տաղավարում նմանատիպ պնդում արեց Գրիգորյանի նախկին գործընկեր, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ որպես փաստ ներկայացնելով անցած տարի երեխաների շրջանում արձանագրված մեկ մահը։ 

Չնայած երեխաները կորոնավիրուսային հիվանդության խոցելի խմբում չեն և մահացությունը նրանց շրջանում ավելի ցածր է, սակայն նրանք հանդիսանում են վարակի փոխանցման աղբյուր, իսկ հետազոտողները նշում են, որ պատվաստված մարդկանց շրջանում վարակվում է 100-ից մեկ հոգին, այսինքն պատվաստվածներն ավելի քիչ են վարակվում։

Կարևոր է նաև, որ դելտա շտամով պայմանավորված ավելացել են երեխաների մահվան և հիվանդության ծանր ընթացի դեպքերը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ քովիդով վարակված շուրջ 30 երեխա էր հոսպիտալացված։ Հոկտեմբերի 2-ին քովիդից Հայաստանում մահացել էր 10-ամյա աղջիկ, հոկտեմբերի 29-ին՝ մեկ ամսական երեխա։

5G-ի գովազդային վահանակները

Դեկտեմբերի 1-ին «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ Հայաստանում տեղադրում են 5G աշտարակներ և դա արվում է պետական մակարդակով։ Նա ցուցադրեց Երևանի թաղամասերից մեկում տեղակայված գովազդային վահանակ՝ 5G գրությամբ։

«Հիմա տեսաք, որ էս աշտարակները տեղադրվել էին 5G կապ և 5G էլեկրոմագնիսական ալիքներ տարածելու համար: Որպես բժիշկ ասում եմ, որ դրանք խիստ վտանգավոր են մարդկանց առողջության համար»,- պնդեց Մարինա Խաչատրյանը:

Իրականում գովազդային վահանակը Ակբա բանկինն էր, և խոսքը ոչ թե 5G կապի, այլ 5-րդ սերնդի սպառողական վարկերի մասին էր, որը, ինչպես նշվում է Ակբայի պաշտոնական կայքում, հնարավոր է ստանալ ցանկացած պահի, ցանկացած տեղում։

Հայկական «Արամաքսը» բուժում է Քովիդը

Հայկական շուկայում հայտնվել է «Արամաքս Վիկտորի» անվանումով նոր պրեպարատ, որը գովազդվում է որպես COVID 19-ի դելտա շտամի դեմ արդյունավետ լուծում։ Թեև գովազդից տպավորություն է ստեղծվում, թե «Արամաքսը» բուժում է Քովիդը, սակայն պրեպարատը կլինիկական փորձարկումներ չի անցել և հանդիսանում է սննդային հավելում, այլ ոչ թե՝ դեղամիջոց։ Չնայած այն գրանցված է Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում, այնուամենայնիվ Առողջապահության նախարարությունը Արամաքսը չի օգտագործում քովիդ վարակակիրների բուժման համար։ Թեմային առավել մանրամասն ծանոթացեք media.am-ի հոդվածում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *