Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում թափ հավաքեց հերթական հակապատվաստումային տեղեկատվական ալիքը։ Միաժամանակ սաստկացել էր նաև հիվանդության ալիքը․ տարածաշրջանում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող Հայաստանում կորոնավիրուսից օրական մինչև 60 մահ էր գրանցվում։
Մենք ուսումնասիրել ենք պատվաստումների վերաբերյալ հաճախ ապատեղեկատվություն տարածող երեք լրատվամիջոցներ՝ հակապատվաստումային տեղեկատվական արշավի անատոմիան հասկանալու համար։ Դիտարկել ենք 2021-ի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները, որոնք այս կամ այն կերպ լուսաբանում էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրել ենք 3 լրատվամիջոցների 632 հոդված․ Medmedia.am` 394, Iravunk.com` 130, Livenews.am` 108: Առանձնացրել ենք պատվաստման մասին չեզոք, դրական և բացասական ուղերձներ պարունակող հրապարակումները։ Մենք դիտարկել ենք ուղղակի և անուղղակի օգուտներն ու վնասները, որոնք կարող էին ազդել պատվաստման գործընթացի տեմպերի վրա։ Ավելի մանրամասն մեթոդաբանության մասին կարդացեք հոդվածի վերջում։
Երեք կարևոր բացահայտում․
⭕ Ուսումնասիրված կայքերում պատվաստումների մասին բովանդակության զգալի մասը բացասական է։ Ընդ որում՝ հեղինակային նյութերի ճնշող մեծամասնությունը հակապատվաստումային են, ինչը ցույց է տալիս խմբագրության դիրքորոշումը։
⭕ Կայքերի բովանդակության զգալի մասը ոչ թե սեփական հոդվածներն են, այլ վերատպումներ Ֆեյսբուքից, պաշտոնական տեքստերից, լրատվականներից։ Ընդ որում՝ հաճախ վերատպման աղբյուրը չի էլ նշվում։
⭕Կայքերը հաճախ հարթակ են տրամադրել հակապատվաստումային կոչեր անող ակտիվիստներին։
Նյութերի կեսը՝ կողմնակալ
Ուսումնասիրված 3 կայքերում էլ չեզոք լուսաբանումը կազմել է հրապարկված հոդվածների միայն կեսը։ Չեզոք հոդվածներում առավել հաճախ հանդիպում են պաշտոնական հաղորդագրությունները, ճեպազրույցների կամ կառավարության նիստերի սղագրությունները։
Ուսումնասիրված հոդվածների զգալի մասը՝ 34-49%-ը (կախված լրատվամիջոցից), կազմել է բացասական լուսաբանումը։ Այս դեպքում գործ ունենք հակապատվաստումային արշավների, ապատեղեկատվության կամ դավադրության տեսությունների տարածման հետ։
Փոքր մաս՝ 10-14%-ը, կազմել է դրական լուսաբանումը։
Վերատպումներ Ֆեյսբուքից ու լրատվամիջոցներից
Ուսումնասիրված 3 կայքերում էլ վերատպումները բովանդակության զգալի մասն են, ընդ որում՝ կայքերը երբեմն աղբյուր չեն նշում, և վերատպման մասին տեղեկանում ենք լրացուցիչ որոնման միջոցով։
Վերատպումները առավել շատ են Medmedia.am-ում՝ բոլոր նյութերի 68%-ը։ Դրանցից շուրջ 17%-ը ֆեյսբուքյան գրառումների վերատպումներ են։ Մնացած դեպքերում կայքն ուղղակի պատճենել է տարբեր այլ լրատվականների հոդվածներ, պաշտոնական հայտարարություններ և այլն։
Iravunk.com-ում նյութերի 29%-ը լրատվամիջոցի կամ ֆեյսբուքյան գրառման վերատպում է։
Livenews.am-ում վերատպումները կազմում են նյութերի 37%-ը։ Ամենահաճախը վերատպվել են պաշտոնական հաղորդագրությունները։ Կայքը նաև շատ է օգտվել ռուսական աղբյուրներից՝ դրանք կազմում են վերատպումների մեկ հինգերորդը։ Այստեղ ամենից շատ հիշատակվել է Ria Novosti-ն:
Վերատպումները բոլոր կայքերում մեծ մասամբ չեզոք նյութեր են։ Medmedia.am-ում և Iravunk.com չեզոք են վրատպումների կեսը կամ ավելին՝ 60%-ը և 50%-ը համապատասխանաբար։ Livenews.am-ում վերատպումների կեսը չեզոք է, կեսը՝ բացասական։
Ամենաշատը լուսաբանվել է ռուսական Sputnik պատվաստանյութը
Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից առավել հաճախ կայքերը լուսաբանել են ռուսական Sputnik V-ն (կամ Sputnik Lite-ը)։ Այս պատվաստանյութը հիշատակվում է 60 անգամ։ Ընդ որում, Medmedia.am-ը վերատպել է Ռուսաստանի պաշտոնական մարմինների և այդ պատվաստանյութը ֆինանսավորող հիմնադրամի հաղորդագրությունները։ Մյուս պատվաստանյութերը հիշատակվել են ավելի քիչ և դրանց դեպքում արտադրող ընկերությունների կամ երկրների պատշոնական հայտարարությունները չեն վերատպվել։
Հեղինակային հոդվածների մեծ մասը հակապատվաստումային են
Հեղինակային (այսինքն խմբագրության կողմից մեկնաբանություններ, վերլուծություններ պարունակող կամ լրագրողի կողմից ստորագրված) նյութերը բոլոր երեք լրատվամիջոցներում համեմատաբար քիչ են՝ ընդհանուր ուսումնասիրված նյութերի միայն 14%-ը։ Այդ նյութերի ճնշող մեծամասնությունը` 75%-ը, հակապատվաստումային են։
Iravunk.com-ում կա հեղինակային 11 նյութ, որոնց գերակշիռ մասը՝ 10-ը, բացասական են գնահատվել, և միայն մեկը՝ չեզոք։ Դրական հեղինակային նյութ չի դիտարկվել։ Հարցազրույցներում ևս պատվաստումները մեծամասամբ բացասական լույսի ներքո են լուսաբանվել՝ 5 բացասական, 4 չեզոք և 1 դրական։ Ստացվում է, որ լրատվամիջոցը հեղինակային հոդվածներով և հարցազրույցներով հստակորեն արտահայտել է հակապատվաստումային դիրքորոշում։
Livenews.am-ում հեղինակային հոդվածները 15-ն են, որոնց մեծ մասը գնահատվել է բացասական։ Նման նյութերի զգալի մասը հեղինակել է Արթուր Հովհաննիսյանը, որը հոդվածաշար է սկսել պատվաստման գործընթացի վերաբերյալ։ Այնտեղ են ամփոփվել բազմաթիվ սխալ և մանիպուլյատիվ տեղեկություններ, օրինակ, այն մասին, որ հղիներին պատվաստվել չի կարելի, ինչը սխալ պնդում է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ կոնկրետ պատվաստանյութեր անվտանգ և արդյունավետ են նաև հղիների առողջության համար։
Բացի դրանից, ուսումնասիրության ժամանակահատվածում Livenews-ում հրապարակվել է 16 հարցազրույց, որոնք բոլորն էլ գնահատվել են բացասական, քանի որ պարունակել են չճշտված, սխալ կամ ընթերցողին մոլորեցնող պնդումներ պավաստանյութերի մասին։ Իրավաբան Էմիլ Մարկոսյանը, որը ակտիվ ներգրավված է հակապատվաստումային շարժման մեջ, մոտ մեկ ամսվա ընթացքում ամենահաճախն է հյուրընկալվել Livenews-ում՝ 4 անգամ։ Երկուական անգամ լրատվամիջոցը հարթակ է տրամադրել հակապատվաստումային դիրքորոշմամբ հայտնի այլ անձանց՝ Մարինա Խաչատրյանին, Կարեն Արայանին, Գրիգոր Գրիգորյանին և այլոց։
Medmedia.am-ում նյութերի մեծ մասը՝ 81%-ը, եղել են անանուն։ Միայն 60 հոդված է ստորագրվել լրագրողի կողմից։ 15 դեպքում որպես հեղինակ նշվել է «Medmedia.am խմբագրություն»։ Հեղինակային նյութերից միայն 16%-ն է եղել չեզոք, 15%-ը՝ դրական, 69%-ը եղել է բացասական, այսինքն՝ պարունակել է չճշտված, սխալ կամ կիսատ տեղեկություն։
Եղել է դեպք, երբ Medmedia.am-ի խմբագրությունը փոխել է տեղեկությունը թարգմանված հոդվածում։ Այդպես՝ Medmedia.am-ը թարգմանել էր BBC-ի հոդվածը, որը պատմում էր Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի մասին։ BBC-ն շեշտում էր՝ երկրի բնակչության մեծ մասը պատվաստված է, և ի տարբերություն համավարակի սկզբի՝ վարակման թվերը աճում են, իսկ մահերը շատ ավելի քիչ են։
Սակայն կայքը թարգմանելիս խմբագրել էր BBC-ի տեքստը՝ դրանից հեռացնելով մահերի նվազման մասին բոլոր հիշատակումները։ Արդյունքում՝ կայքը հղում էր արել վստահելի լրատվամիջոցին և հայտնել հետևյալ միտքը՝ նույնիսկ շատ բարձր պատվաստման ցուցանիշ ունեցող երկրում վարակը արագորեն տարածվում է։ Ընթերցողին մնում էր անել թվացյալ տրամաբանական եզրակացություն՝ պատվաստումները անիմաստ են։
Ի՞նչ աղբյուրներից էին կայքերը տեղեկություն վերցնում
Livenews-ի ամենահաճախ նշվող աղբյուրը «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանն է։ Նրա ֆեյսբուքյան գրառումները կամ ուղիղ եթերները կայքում են հայտնվել 7 անգամ, ավելի հաճախ, քան Առողջապահության նախարարության հաղորդագրությունները (6 անգամ)։ Արա Զոհրաբյանի մասնակցությամբ բոլոր նյութերը գնահատվել են բացասական, քանի որ եղել են պատվաստման կամ թեստավորման պահանջին ընդվզելու կոչեր կամ սխալ տեղեկություններ։ Media.am-ը ստուգել է Զոհրաբյանի տարածած սխալ և մանիպուլյատիվ լուրերը պատվաստումների մասին։
Livenews-ը լրատվամիջոցներից ամենահաճախը հղում է արել Արմենպրեսին (5 նյութ) և ռուսական Ria Novosti-ին (4 նյութ)։ Դրանց ճնշող մեծամասնությունը չեզոք լուսաբանումներ են։ Հաճախ է ձայն տրամադրվել նաև «Հայաստան» դաշինքին և դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանին (4 նյութ)։ Բոլոր այդ նյութերում կասկածի տակ է դրվել պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի օրինականությունը։ Այժմ նախարարի այդ հրամանը քննվում է Սահմանադրական դատարանում, դիմող կողմի ներկայացուցիչը ՍԴ-ում Արամ Վարդևանյանն է։
Iravunk.com-ը 4 դեպքում պատվաստման մասին խոսելիս հղում է արել սեփական՝ անանուն աղբյուրներին։ Նման լուրերից 3-ում պատվաստումները լուսաբանվել են բացասական համատեքստով, որոնցից մեկը վերնագրված է «Բամբաասանք»։
7 դեպքում պատվաստումների մասին գրելիս Iravunk-ը հղում է արել ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում «Սպուտնիկի» հայաստանյան և վրացական ծառայություններին: Այս 7 նյութերից մեկը դրական լուսաբանում էր, մյուսները՝ չեզոք։
2 դեպքում լուրի աղբյուրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) է, սակայն հետաքրքիր է, որ նյութերից մեկում պատվաստումը ամեն դեպքում բացասական համատեքստով է ներկայացված, քանի որ թե՛ վերնագրում, թե՛ նյութում ԱՀԿ տվյալներին հեղինակն ավելացրել է մեկնաբանություն։ Մասնավորապես ասվում է, թե պատվաստման տեմպերի մեծացումը բիզնես շահ է հետապնդում։
Iravunk-ում դիտարկված 130 նյութերից 8-ում լուրն աղբյուր առհասարակ չի ունեցել։
Medmedia.am-ում ամենահաճախ նշվող աղբյուրը Առողջապահության նախարարությունն է (18 նյութ)։ Երկրորդ ամենահաճախ նշվողը՝ Armenpress լրատվականը (13 նյութ), երրորդը՝ Hraparak.am-ը (12 նյութ)։ 9 անգամ որպես աղբյուր նշվել է «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը,որը նախկինում մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել պատվաստումների մասին։ 8 անգամ հիշատակվել է «Ժողովուրդ» օրաթերթը, 7 անգամ՝ Արա Զոհրաբյանը։
Medmedia.am-ի հիշատակած աղբյուրների ցանկում են ռուսական Ria Novosti լրատվականը (12 նյութ) և վրացական պաշտոնական stopcov.ge կայքը (9 նյութ)։ Սակայն Medmedia.am-ը օգտվել է ոչ թե արտասահմանյան այս 2 աղբյուրներից, այլ առանց դրա մասին նշում անելու վերատպել է տեղական՝ հայկական կայքերի հոդվածները, որոնք էլ իրենց հերթին հիշատակել են ռուսական և վրացական կայքերը։ Առավել հաճախ Medmedia.am-ը վերատպել է Shantnews.am-ի, News.am-ի, Panorama.am-ի հոդվածները։
Հեղինակություններն ու նրանց ուղերձները․ ո՞ր փորձագետներին են ամենից հաճախ մեջբերել
Դիտարկված ժամանակահատվածում Iravunk-ը 36 անգամ (նյութերի 27%-ում) ձայն է տվել փորձագետների, վարակաբանների, փաստաբանների։ 23 դեպքերում այդ լուսաբանումները եղել են բացասական, 10 դեպքում՝ չեզոք և միայն 3 դեպքում՝ դրական։ Սա նշանակում է, որ լրատվականը մեծամասամբ ձայն է տվել հակապատվաստումային տեսակետ ունեցող մասնագետներին։
Iravunk-ում ամենահաճախ հանդիպող միտքը վերաբերում է պատվաստման և/կամ թեստավորման պահանջին, որը ուժի մեջ մտավ հոկտեմբերից։ Լրատվամիջոցում այդ պահանջը անօրինական և հակասահմանադրական է անվանվում 22 անգամ։ Այս մասին առավել հաճախ խոսում էին քաղաքական տարբեր գործիչներ, որոնց թվում ամենաակտիվը Արա Զոհրաբյանն ու նյարդավիրաբույժ և քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանն էին։
Թե՛ հեղինակային նյութերում, թե՛ վերատպումներում կրկնվում է միտքը, թե պատվաստանյութերը լիարժեք փորձարկված չեն, ինչն իրականությանը չհամապատասխանող պնդում է։ Այս նարատիվը տարբեր ձևակերպումներով կրկնվել է 8 անգամ։ Տարածված տեսակետերից մեկը, թե պատվաստումներն արդյունավետ չեն, քանի որ դրանից հետո ևս կարող ես վարակվել քովիդով, հնչել է 7 անգամ։ Ի դեպ, որևէ դեպքում չի նշվել, որ չնայած վարակումներին, պատվաստանյութը զգալիորեն կրճատում է հոսպիտալացման և մահվան դեպքերը: Փոխարենը դիտարկված կարճ ժամանակահատվածում 6 անգամ հանդիպում ենք ձևակերպման, որ պատվաստումից հետո մարդիկ մահանում են։
Դավադրության տեսությունները ևս անմասն չեն Iravunk-ից։ Դրանց տարածման գործում ակտիվ ներգրաված էին Մարինա Խաչատրյանն ու իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։ 5 դեպքում առաջ են տարվել թեզեր այն մասին, որ պատվաստումները աշխարհի նկատմամբ տոտալ վերահսկողության կամ պետությունները կազմաքանդելու մեխանիզմներ են։ Մեկ այլ դեպքում նշվում է, որ պատվաստման բարձր տեմպ ունեցող երկրների ղեկավարները համագործակցում են «չար ուժերի հետ»։ Նման կերպ է մտածում աստղագետ Կարեն Ափոյանը։
Medmedia.am կայքը նույնպես ակտիվորեն լուսաբանել է հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ԱՆ հրամանը, որով աշխատող քաղաքացիներին տրվում էր երկընտրանք՝ պատվաստվել կամ թեստովորվել։ Այս թեման հիշատակվում է հոդվածների շուրջ մեկ չորրորդում։ Հաճախ են լուսաբանվել նաև պետական մարմինների հայտարարությունները։
Այլ երկրների՝ համավարակի դեմ պայքարի փորձը լուսաբանվել է 57 հոդվածում, ընդ որում՝ առավել հաճախ կայքը անդրադարձել է հարևան Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Եվս 31 հոդվածում կայքը անդրադառնում է համաշխարհային զարգացումներին, իսկ 50 հոդվածում քննադատում է համավարակի դեմ պայքարում իշխանությունների վարած քաղաքականությունը։
Կայքը հաճախ է տարածել բացասական նյութեր պատվաստումների մասին։ Այդպես, 22 հոդվածում հնչում է միտք այն մասին, որ պատվաստված մարդիկ էլ են հիվանդանում, բայց այդ հոդվածների մեծ մասում չի ընդգծվում, որ նույնիսկ վարակվելու դեպքում պատվաստված մարդը անհամեմատ ավելի թեթև է տանում հիվանդությունը։
16 հոդված ընդգծում էր բնական իմունիտետի առավելությունները կամ պնդում, որ բնական իմունիտետ ունեցողը կարող է չպատվաստվել։ Բայց այս հոդվածների մեծ մասը չի հիշատակում այն ռիսկը, որ կապված է բնական իմունիտետ ձեռք բերելու միակ ուղու՝ հիվանդանալու հետ։
58 հոդվածում քննադատվում է պատվաստումների «պարտադրանքը», իսկ 15 հոդվածում ասվում է, որ թեստավորումը պետք է լինի անվճար։ 10 հոդվածներում Medmedia.am-ը առանց ստուգելու կրկնել է Արա Զոհրաբյանի պնդումները, չնայած նա նախկինում մի շարք սխալ լուրեր էր տարածել պատվաստումների մասին։ Եվս 11 հոդվածում կայքը` նորից առանց ստուգելու կրկնել է Զոհրաբյանի հիմնած հակապատվաստումային «Ազատ կամք» շարժման անդամներ Սամվել Գրիգորյանի և Էդուարդ Հովհաննիսյանի պնդումները։ Կայքը նաև ձայն է տվել «Հայաստան» խմբակցության հետ փոխկապակցված իրավաբաններին (Արամ Վարդևանյան, Ռոբերտ Հայրապետյան)։
Ուսումնասիրված երրորդ կայքում՝ Livenews-ում, 26 անգամ հնչել է միտք այն մասին, որ պատվաստման կամ թեստավորման երկընտրանք առաջարկող հրամանն անօրինական է։ Սա կազմում է լրատվականի ուղերձների ճնշող մեծամասնությունը։
Այս տեսակետն ակտիվ շրջանառողներից են եղել փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Աննա Ծառուկյանը։ Իրավական գնահատականներից բացի հնչել են նաև բազմաթիվ հակագիտական տեսակետներ, որոնք որևէ կերպ ապացուցված չեն։ Ամենահաճախ կիրառված նմանատիպ ուղերձն այն է, որ պատվաստանյութերն անվտանգ չեն (9 նյութ)։ Որպես ապացույց հաճախ բերվում են պատվաստումից որոշ ժամանակ անց գրանցված մահերի օրինակներ՝ առանց պարզաբանելու, որ պատվաստման և այդ մահերի միջև պատճառահետևանքային կապը հաստատված չէ։ Նմանատիպ օրինակներով առավել հաճախ հանդես են եկել Արա Զոհրաբյանն և Մարինա Խաչատրյանը։ Այդ մասին իր հեղինակային նյութերում բազմիցս գրել է նաև Արթուր Հովհաննիսյանը։ 6 նյութերում հնչել է տեսակետ, որ պատվաստանյութերը լիարժեք փորձարկված չեն։ Այս տեսակետի ջատագովներն են հակապատվաստումային ակտիվիստներ Դմիտրի Հարությունյանը, Արա Զոհրաբյանը, Մարինա Խաչատրյանը և այլոք։
Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան
Մեթոդաբանություն
Ուսումնասիրված կայքերը ընտրվել են ոլորտի փորձագետների՝ հետազոտողների, փաստեր ստուգող լրագրողների հետ կարճ հարցազրույցների արդյունքում։ Հարցազրույցին մասնակցել են 10 փորձագետներ, որոնք նշել են համավարակի վերաբերյալ չճշտված, սխալ կամ մանիպուլատիվ տեղեկություն տարածող 5-ական կայք։ Արդյունքում առանձնացվել են 3 ամենահաճախ հիշատակված կայքերը։ Հավասար քանակի հիշատակումներ ստացած կայքերից հեղինակները ընտրել են միայն մեկը՝ նախապատվությունը տալով այն կայքերին, որոնք առավել հաճախ են հայտնվել հեղինկաների՝ որպես փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում։ Արդյունքում ընտրվել է 3 կայք՝ Medmedia.am, Iravunk.com, Livenews.am։
Ընտրված կայքերից ներբեռնվել են սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները, որոնք այս կամ այն կերպ լուսաբանում էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։ Ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է Առողջապահության նախարարության՝ աշխատակիցներին պատվաստման և թեստավորման պահանջ ներկայացնող նոր հրամանով, որը հրապարակվեց օգոստոսի վերջին և ուժի մեջ մտավ հոկտեմբերի սկզբին։ Հրամանը նոր հակապատվաստումային տեղեկատվական ալիքի պատճառ դարձավ։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 632 հոդված (Medmedia.am` 394, Iravunk.com` 130, Livenews.am` 108):
Հոդվածները և պատվաստանյութերը ուսումնասիրման ժամանակ գնահատվել են որպես չեզոք, դրական և բացասական։ Ընդ որում՝ դրական են գնահատվել միայն այն հոդվածները, որ պարունակում են ընդգծված անդրադարձ պատվաստման անհրաժեշտությանը և կարևորությանը։
Բացասական են գնահատվել այն հոդվածները, որոնք պարունակում են չճշտված, սխալ, կիսատ կամ ընթերցողին մոլորեցնող պնդումներ, ինչպես նաև տեղեկությունները, որոնք բացասական ասոցիացիա են առաջացնում պատվաստման հետ։
Լուրերը, որոնք ներկայացվել են առանց հատուկ ընդգծված դրական կամ բացասական վերաբերմունքի, գնահատվել են չեզոք։ Պատվաստումների մասին իրականությանը համապատասխանող և համակողմանի ներկայացված բացասական լուրերը գնահատվել են որպես չեզոք։ Օրինակ՝ հոդվածը, որում ասված էր, թե Ֆինլանդիան որոշել է երիտասարդ տղամարդկանց պատվաստել Pfizer-ով այլ ոչ թե Moderna-ով միոկարդիտի հազվադեպ դեպքերի պատճառով, գնահատվել է չեզոք, քանի որ այն պարունակում է ճշգրիտ տեղեկություն Ֆինլանդիայի կառավարության որոշման մասին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: