2021.11.22,

Ստուգված է

Սիսից տարածվող տեսանյութը հին է․ գործող անձինք ադրբեջաներեն չեն խոսում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Նոյեմբերի 21-ին ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բաղդասարյանը տեսանյութ հրապարակեց՝ գրելով, թե ադրբեջանցիները Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրում ազատ շրջում են։ Տեսանյութն արված էր ընթացքի մեջ գտնվող մեքենայից, ցուցադրվում էին համայնքի փողոցներն ու տները։ Տեսանյութը ուղեկցվում էր օտարալեզու մեկնաբանությամբ։ 

Այսօր Հայկ Բաղդասարյանի հրապարակումը լայն տարածում գտավ։ Այն վերահրապարակեցին asekose.am, analitik.am, irakanum.am, armday.am, yelaket.am, past.am և այլ լրատվամիջոցներ, ֆեյսբուքյան էջեր և սունկ կայքեր։ 

Media.am-ն ուսումնասիրեց տեսանյութը և պարզեց, որ այն առնվազն երկու տարվա հնության է, տեսանյութում ոչ թե ադրբեջանցիներ են խոսում, այլ գյուղում նախկինում ապրած քրդեր։

Տեսանյութը հին է

Տեսանյութն իսկապես արվել է Արարատի մարզի Սիս գյուղում։ Դրանում համոզվում ենք՝ ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները։ Մեքենան անցնում է գյուղի կենտրոնոկան փողոցով։ 

Կարմիրով նշված է ճանապարհը, որով անցել է մեքենան։ 

Տեսանյութի 3:42 հատվածում տեսանելի է կապի աշտարակը, որը նույնական է Google Earth-ում առկա պատկերի հետ:

Տեսանյութի մեկ այլ հատվածում տեսնում ենք Սիս համայնքի գյուղապետարանի մոտակայքում գտնվող գյուղական ակումբը։ 

4-րդ րոպեից տեսնում ենք իրար հաջորդող երկու երկհարկանի քարե շինություններ, որոնք նույնպես նույնական են Googl Earth-ում առկա շինությունների հետ։ 

Կարևոր է, սակայն, որ հրապարակված տեսանյութում ճանապարհները դեռ կառուցված չեն։ Ինչը նշանակում է, որ այն առնվազն 2 տարվա հնության է, քանի որ գյուղում ճանապարհաշինությունը մեկնարկել է 2019-ից։ Գյուղաբնակ երեխայի՝ Փաշինյանի ուղղված կոչից հետո։

Տեսանյութի հեղինակները ադրբեջաներեն չեն խոսում

Սիս համայնքի գյուղապետ Հայկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ տեսանյութն արվել է իրենց գյուղում, սակայն տարիներ առաջ։ Նրա խոսքով՝ տեսանյութի լեզուն քրդերեն է, ադրբեջաներեն չէ։ Գործող անձինք գյուղի հին քուրդ բնակիչներն են, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են համայնք և վերհիշում այնտեղ ապրած ժամանակները։ 

Media.am-ը նաև կապ հաստատեց քրդերենի և եզդիերենի իմացությամբ տարբեր մասնագետների հետ, որոնք վերահաստատեցին, որ տեսանյութում անձինք խոսում են քրդերեն (որը շատ նման է եզդիերենի) և պատմում, որ 1970-ականներին ապրել են Սիս գյուղում։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *