2021.11.16,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ նոյեմբերի 1-15

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների աճին զուգահեռ շարունակվում է հակապատվաստումային արշավը։ Մի դեպքում գործող հակահամաճարակային կանոնները  ներկայացվում են որպես անձի ազատության սահմանափակում, մեկ այլ դեպքում պնդում է արվում, որ պատվաստվելուց հետո վարակվածների թիվը աճում է։ Ավելին, նորից դաշտ է բերվում 5G աշտարակների թեման։

«Չպատվաստվածների համար գազի գինը կթանկանա»

Հայաստանում հոկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիների համար գործում է երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան գործատուին ներկայացնելու պահանջը։ Նաև քննարկումներ են ընթանում այս պահանջներն ավելի խստացնելու մասին։ Մարդու իրավունքների և ազատության սահմանափակման համատեսքստում պատվաստումների  վերաբերյալ տարածվում են չճշտված լուրեր։

Օրինակ, նոյեմբերի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրեց՝ կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրները հայտնել են կորոնվիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի գնի հնարավոր թանկացման մասին։ Ըստ հրապարակման՝ կառավարությունում ձևավորված համավարակի ու պատվաստումների հարցերով հանձնաժողովը սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ` չպատվաստավծների համար սակագնի «մինչև 100% թանկացման մասին»։  

Այս լուրը արագ տարածվեց լրատվական դաշտում․ առանց տեղեկության իսկությունը ճշտելու լուրը նույնությամբ վերարտադրեցին մի շարք կայքեր՝ news.am, shamshyan.com, politik.am, yerevan.today, yerkir.am, 24news.am, shabat.am, iravunk.com։ Լուրը տարածեցին նաև կորոնավիրուսի մասին չստուգված տեղեկություններ տարածելու դեպքերով հայտնի բժիշկ Նունե Ներսիսյանը, medmedia.am-ը և կայքի հիմնադիր, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Երկու օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ չգիտի ««Ժողովուրդը» որտեղից է վերցրել այդ նորությունը», ինքը «նման որոշման մասին տեղյակ չէ» (տեսանյութում 1։50 րոպեից)։

«Կանադայում 6 րոպե մաքուր օդում կովիդը մահանում է», իսկ Հայաստանում օդը թունավորում է հակառակորդը

«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը նոյեմբերի սկզբին տարածեց մի շարք դավադրության տեսություններ ու ապատեղեկատվություններ։

? ՀԿ-ի ֆեյսբուքյան էջով նոյեմբերի 8-ին տարածվեց Գրիգորյանի մասնակցությամբ մի տեսանյութ։ Նա անձրևից հետո թղթով կուտակում էր իր մեքենայի վրա եղած փոշին, որը ստացվում էր մագնիսով հավաքել։ Գրիգորյանն օդում եղած հնարավոր մետաղների, դրանց տարածողների գաղտնի պլանների և կորոնավիրուսի միջև կապեր գտավ։   

Նա պնդեց, թե Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է ադրբեջանական կամ թուրքական ինքնաթիռների/ ԱԹՍ-ների` ՀՀ տարածքում թռիչքներից հետո։ Ըստ նրա՝ դրանք օդում տարածում են բարիում և մի քանի այլ քիմիական էլեմենտներ, որոնք մարդկանց մոտ առաջացնելու են թոքաբորբ։ Այս ամենի հիման վրա նա եզրակացրեց` «կորոնաբլեֆը խաղ է գլոբալիստների կողմից` ուղղված որոշակի երկրների և ժողովուրդների դեմ», որի նպատակն է հայ ժողովրդի և Հայաստանի վերացումը։ 

? Այս մասին Գրիգորյանը պատմեց LiveNews.am-ի տաղավարում (տեսանյութում 2:30 րոպեից)։ Ուշագրավ է, որ չնայած նա չունի փոշու կամ պատվաստանյութերի լաբորատոր փարձաքննության տվյալները, սակայն պնդում է` դրանցում կա գրաֆեն, որը մարդու օրգանիզմում որոշակի ռադիո ալիքների, այդ թվում 5G աշտարակներ ազդեցության տակ սկսում է գործել․ մարդկանց ջերմությունը պատահական բարձրանում է։  

? Չնայած Հայաստանում 5G աշտարակներ չկան, բայց նա դրանց գործունեության ապացույց ներկայացրեց` մեղուների բացակայությունը։ Սակայն, մեղուների անկումը թե աշխարհում, թե Հայաստանում նոր չէ․ այն պայամանվորված է մի շարք հանգամանքենրով՝ մեղուների շրջանում տարածված հիվանդություններ, այգեգործության մեջ օգտագործվող թունաքիմիկատներ, կլիմայի փոփոխություն և այլն։

? Արթուր Գրիգորյանը նաև խոսեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպի մասին։ Իրավիճակը համեմատեց Կանադայի հետ։ Իր ընկերներից ու բարեկամներից լսած տեղեկություններով ասաց, թե Կանադայում մարդկանց համոզում են, ստիպում տնից դուրս գալ, քանի որ մաքուր օդում՝ արևի տակ, վիրուսը 6 րոպեում մահանում է։

Կանադայի կառավարության կայքում կա COVID-19-ի և դրա դեմ պայքարի մասին ուղեցույցներ։ 6 րոպեում կորոնավիրուսը սպանելու մասին այստեղ որևէ տեղեկություն չկա, փոխարենը Կանադայի կառավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին, անգամ պատվաստվելուց հետո պահպանել անձնական պաշտպանության միջոցները՝ այդ թվում դիմակ կրել բաց և փակ տարածքներում, երբ օտար մարդկանց հետ են։ Իսկ դիմակների կրմանը, պատվաստմանը Գիգորյանը դեմ է, փոխարենը նա կորոնավիրուսի դեմ առաջարկում է պայքարել ինգալացիայով ու սպիտով։

«Պատվաստումից հետո ավելի շատ են վարակվում կորոնավիրուսով»

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ակտիվացմանը զուգահեռ շրջանառվում է նարատիվը, թե պատվաստումները չեն օգնում, հակառակը՝ նպաստում են վիրուսի տարածմանը։ Այս պնդումը տարածողները որպես ասածի հիմնավորում բերում են կորոնավիրուսի տարածման և մահացությունների բարձր ցուցանիշը։ 

Նման պնդում է կատարել դավադրության տեսություններ տարածելու մի քանի դեպքով հայտնի շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը LiveNews.am-ի տաղավարում (տեսանյութում 1:07:11 րոպեից)։ Նա պատվաստումների ոչ արդյունավետությունը ապացուցելու համար բերում է Իսրայելի օրինակը։ Պնդում է՝ Իսրայելում 85-90 տոկոսը պատվաստվել էին, բայց ամենաշատ վարակվածները այստեղ էին։ Իրականում նոյեմբերի 14-ի դրությամբ այս երկրում մեկ դեղափաչով պատվաստվել է բնակչության 67.3, ամբողջապես՝ 61․9 տոկոսը միայն, հետևաբար 85-90 տոկոս պատվաստման տվյալը սխալ է։ 

Ինչ վերաբերում է վարակվածությանը, տարածվող տեղեկատվությունը կոնտեքստից կտրված է։ Նման պնդումները հաշվի չեն առնում, որ Իսրայելում հուլիս-սեպտեմբերին գրանցված վարակման դեպքերը 2021-ի հունվարի հետ համեմտած, երբ պատվաստումները այդքան շատ չէին կիրառվել, կրճատվել է, իսկ դեպքերը ծանր տանողների, հոսպիտալացումների և մահերի քանակը կրճատվել է։

Օրինակ, եթե 2021-ի հունվարին գրանցված մահերի պիկը 101-ն է, ապա հուլիսից սկսած ամենաշատը 56 մահ է գրանցվել։ Մահացությունների դինամիկան կարող եք տեսնել կից պատկերում․

Նույն դինամիկան տեսնում ենք հոսպիտալացումների դեպքում, եթե հունվարին պիկը 2390 դեպքն է օրական, ապա հուլիս-սեպտեմբերին՝ 1449։

Թերեզա Մխիթարյանը դեմ է արտահայտվում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը ու պնդում է, թե պատվաստվածները ամենաշատն են վարակվում։ Որպես օրինակ բերում է Տավուշի գյուղերի օրինակը՝ «Հենց դասատուներին սկսեցին պատվաստել, էդ դասատուները սկսեցին երեխեքին վարակել, երեխքեն էլ ծնողներին են վարակում»։ 

Նման պնդում է տարածում նաև բժշկությունից հեռացած Դմիտրի Հարությունյանը։ 

Սակայն, երկու դեպքում էլ հաշվի առած չէ կորոնավիրուսի տարածման մի շարք հանգամանքներ, օրինակ, որ Հայաստանում տարածված է դելտա շտամը, որի վարակելիության ցուցանիշը ավելի բարձր է։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *