2021.10.22,

Ստուգված է

Իշխանությունները ձախողում են հանրային հաղորդակցությունը ռեակտիվ վարքով

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ներկա իշխանությունները և պետական մարմինները հանրության հետ հաղորդակցման խնդիր ունեն։ Հաճախ նրանց արձագանքը ռեակտիվ է․ տեղի է ունենում իրադարձություն, շրջանառության մեջ են դրվում կարգավորումներ, օրինագծեր՝ առանց բավարար տեղեկատվություն ու պարզաբանում տրամադրելու։ Սրան հաջորդում է տեղեկատվական խառնաշփոթ ու ապատեղեկատվության հոսքեր, ինչը նրանք փորձում են կանգնեցնել ուշացած պարզաբանմամբ։ Ստեղծված իրավիճակում տեսնում են բոլորի մեղքը, բայց ոչ սեփական հաղորդակցման թույլ մարտավարության խնդիրը։

Վերջերս նման առիթ էր սոցիալական ցանցերում և մամուլում ծավալվող քննարկումները ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին Ոստիկանության առաջարկած փոփոխությունների փաթեթը։ Կառույցը միայն 4-րդ օրը պարզաբանում տարածեց, բայց հանրության մոտ հարցեր էին առաջացել և բուռն քննարկում ծավալվել մինչ այդ։ Media.am-ը ամփոփել է հաղորդակցման այս և այլ ձախողումների մի քանի օրինակ։

Ոստիկանությունը փոփոխությունների երկու նախագիծ է առաջարկել 

Սոցցանցերում  և մամուլում հոկտեմբերին կեսին փորձում էին հասկանալ, թե Ոստիկանությունը ՀՀ անձնագրերի մասին փոփոխության ինչ փաթեթ է մշակել։ Համաձյան տարածվող լուրերի՝ կառույցն առաջարկում էր անձնագրերի ժամկետը 10-ից կրճատել 2 տարի։ Որոշներն էլ ուղղում էին՝ խոսքը Հայաստանից դուրս ապրողների անձնագրի ժամկետի երկարացման մասին է։ 

Իրականում, Ոստիկանությունը փոփոխությունների երկու փաթեթ է մշակել։ Հոկտեմբերի 16-ին դրանք տեղադրվել են e-draft.am կայքում։ Այստեղ հրապարակվում են իրավական ակտերի նախագծերը, դրանց հիմնավորումները։ Նույն հարթակում ծավալվում է հանրային քննարկում։

Փաթեթներից առաջինով Ոստիկանությունն առաջարկում է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը 10-ից կրճատել 2 տարի: Նախագծի հիմնավորման մեջ այն պայմանավորվում է առաջարկվող մյուս փաթեթի փոփոխություններով։

Երկրորդ նախագծով կառույցն առաջարկում է նախկին 10-ի փոխարեն 2 տարի առավելագույն ժամկետ սահմանել ՀՀ քաղաքացու անձնագրի համար։ Որպես առաջարկի հիմնավորում նշված է՝ «դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը»: Խնդիրն այն է, որ նշված հանձնարարականը չհրապարակված փաստաթուղթ է։

Չնայած ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն e-draft.am-ում այն ստացել է բացասական մեծ արձագանք։  

Այս առաջարկը բուռն ու բացասական արձագանք ստացավ, քանի որ անհասկանալի էր նման փոփոխություն անելու շարժառիթը։ Բացի այդ կանխատեսվում էր բացասական հետևանքներ՝ անձնագրային բաժիններում նոր հերթեր, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն և ճամփորդության՝ ստացած վիզաների խնդիր։ 

Ոստիկանությունը պարզաբանում տարածեց օրեր անց  

Այս քննարկումների միայն 4-րդ օրը Ոստիկանությունը տարածեց պարզաբանում։ Բացատրեց՝ փոփոխությունների փաթեթը վերաբերում է միայն հին նմուշի անձնագրերին, իսկ կենսաչափական անձնագրերը շարունակվելու են տրվել 10 տարի ժամկետով։

Սա պայմանավորված է ամբողջապես կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի անցում կատարելու պլանով։ Այս գործընթացը սկսել էր տարիներ առաջ, բայց ընդհատվել էր։ Այժմ ընթանում են աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող համակարգի ներդրման ուղղությամբ։ 

Սրա նպատակն է ապահովել ՀՀ անձնագրերի միջազգային ստանդարտներին և անվտանգային համակարգերին համապատասխանեցումը։ Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ․ արդեն հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնի մրցույթ և ստեղծվել է հանձնաժողով։

Ինչ վերաբերում է ճամփորդության սահմանափակմանը, Ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանեց, որ ստացած վիզաների ժամկետը որևէ կերպով չի առնչվում անձնագրի ժամկետի հետ։ Եթե մուտքի թույլտվությունն ավելի երկար է, քան անձնագրի վավերականության ժամկետը՝ ապա այդ դեպքում անձը կարող է մուտք գործել տվյալ երկիր։ Նաև կարող է վիզան փոխանցվել նոր անձնագրին։

Ստացվում է, որ անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխության առաջարկությունը կապված է նոր համակարգի ներդրման հետ և այն վիզաների խնդիր չի կարող առաջացնել։ 

Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ծավալված քննարկումը տարածած պարզբանման մեջ համարեց «շահարկումներ […] որոնք առաջ են բերում մարդկանց մոտ անհիմն անհանգստություն» (տեսանյութում 4։19 րոպեից)։ Սակայն, ստեղծված իրավիճակում առկա է Ոստիկանության վատ հաղորդակցման օբյեկտիվ հանգամանքը։ Անհասկանալի հիմնավորմամբ նման փոփոխության մասին ուշ տարված պարզաբանման պատճառով հանրության մոտ առաջացել էր հարցեր և բողոքի ալիք։ 

Պետական կառույցների հաղորդակցման խնդիրը նոր չէ

Սա միակ դեպքը չէ, երբ պետական որևէ կառույց ընդունում է որոշում, հրաման կամ առաջարկում է փոփոխություն, որը հանրության մոտ հարցեր է առաջացնում և միայն ապատեղեկատվության տարածումից և մեծ քննարկումներից հետո է տրվում պարզաբանում։

Նման վերջին օրինակներից է «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Հանրության մոտ հարցեր էր առաջացել, թե ինչու էին որոշ պաշտոնյաներ բացառություն պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնի մասով։ Արդարդատության նախարարությունը հոկտեմբերի 15-ին տարածեց պարզաբանում։

Նախարարությունից մեկնաբանեցին, որ սրանք այն պաշտոնյաներն են, որոնց պաշտոնները ընտրովի են կամ նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ լիազորությունների դադարեցման հիմքերը նախատեսված են Սահմանադրությամբ կամ  չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ։

Վատ հաղորդակցման մասին գնահատական է տվել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ 2020-ի մայիսին Ազգային ժողովը վավերացրեց երեխաներին սեռական բռնությունից պաշտպանող Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիան։ Կենվենցիան մինչ այդ և վավերացմանը զուգահեռ դարձավ ապատեղեկատվության նյութ։ Տարբեր մասնագետներ պնդեցին՝ «այս կոնվենցիան կապ ունի սեքս ինդուստրիայի հետ» կամ ԼԳԲՏ համայնքի շահերի համար է։

Թեև իշխանական թևը՝ պատգամավորներից մինչև վարչապետ, պարզաբանում էին, որ կոնվենցիան երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու նպատակն ունի, բայց դրանք բավարար ծավալով չէին։ Այսպես արձանագրեց Հայատասնի ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ ամբիոնից։ «Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ, որը չանելու հետևանքով էլ պարզ է, որ այդ վակուումը լցվելու է կեղծ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությամբ», – հայտարարեց Արման Թաթոյանը:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *