2021.10.08,

Ստուգված է

Շոկոլադային հաճույքը այդքան էլ օգտակար չէ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հայաստանում կոնֆետների խոշորագույն արտադրողը՝ «Գրանդ Քենդի» ընկերությունը աշնանը ներկայացրեց նոր արտադրանք՝ Junior կաթնային շոկոլադ միջուկով։ 

Նոր կոնֆետները գովազդը սիրվեց․ միայն Ֆեյսբուքում մեկ շաբաթվա ընթացքում այն դիտվել է շուրջ 190 հազար անգամ։ Սակայն այս գովազդը պարունակում էր շոկոլադե կոնֆետների օգտակարության մասին ուռճացված կամ սխալ պնդումներ՝ ստեղծելով տպավորություն, թե նման սնունդը կարելի է երեխաների համար առողջ սնունդ համարել։ 

❌ «Շոկոլադային հաճույքը նաև շատ օգտակար է»։

Տեսահոլովակի հերոսուհին՝ կծելով Junior կաթնային շոկոլադից, ասում է․ «Լավ է, երբ շոկոլադային հաճույքը նաև շատ օգտակար է»։ 

Սա խնդրահարույց պնդում է։ Կոնֆետները չեն համարվում օգտակար սննդակարգի մաս։ Իհարկե, կակաոյի բարձր պարունակությամբ դառը շոկոլադը առաջարկում է օգտակար նյութեր օրգանիզմի համար (հղում 1, հղում 2)։ Սակայն «Գրանդ Քենդի»-ի գովազդի կոնֆետը կաթնային շոկոլադի և հավելումների խառնուրդ է։ Ինչպես և այլ նմանատիպ կոնֆետները, այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որը արագ մարսվում է, բայց օրգանիզմի համար օգտակար չէ։ Junior կոնֆետի պարունակության գրեթե կեսը ավելացված շաքար է․ ինչպես նշված է կոնֆետի տուփի վրա՝ ամեն 100 գրամ կոնֆետը պարունակում է ավելի քան 48 գրամ շաքար։

Երկու միջուկներով Junior շոկոլադի բաղադրությունը

Բնական շաքարը, որը պարունակվում է օրինակ մրգերի մեջ, վնասակար չէ օրգանիզմի համար։ Պատճառն այն է, որ մրգերը բացի շաքարից պարունակում են նաև օրգանիզմի համար կարևոր սննդային մանրաթելեր և տարբեր օգտակար վիտամիններ։ 

Կոնֆետների, հյութերի և այլ վերամշակված քաղցր սննդի մեջ արտադրողները ավելացնում են շաքար՝ դրա քանակությունը դարձնելով չափազանց շատ, մինչդեռ  սննդային մանրաթելերի և այլ օգտակար նյութերի պարունակությունը նման արտադրանքում քիչ է։  

Շոկոլադե կոնֆետները նաև պարունակում են չափազանց շատ կալորիաներ և կարող են նպաստել ավելորդ քաշի կուտակմանը։ Այդպես՝ Junior կոնֆետների 100 գրամի մեջ պարունակվում է մոտ 570 կկալ։ Հայաստանի Առողջապահության նախարարությունը 3-6 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչև 1,800 կկալ։ Գրեթե նույնը՝ մինչև 1,600-1,800 կկալ (կախված ակտիվության աստիճանից) այդ տարիքային խմբի երեխաներին խորհուրդ է տալիս ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը։  

Այսինքն՝ ընդամենը 100 գրամ կաթնային շոկոլադից երեխան ստանում է օրական խորհուրդ տրվաղ կալորիաների ավելի քան քառորդը։ 

✅ «Կանթնային շոկոլադ՝ վիտամիններ, կալցիում․ այն, ինչ պետք է իմունիտետի համար»։

Կաթնային շոկոլադում իսկապես պարունակվում է բավականին շատ կալցիում։ ԱՄՆ Գյուղատնտեսության վարչությունը նշում է, որ կաթնային շոկոլադից կոնֆետներում կա շուրջ 190 միլիգրամ կալցիում, ինչպես նաև որոշ վիտամիններ, օրինակ՝ վիտամին A և K։ 

Որպես կանոն, սնունդը, որի մեջ կաթնամթերք կա, պարունակում է շատ կալցիում։ Սակայն կաթնային շակոլադի դեպքում շատ է ոչ միայն կալցիումը, այլը կալորիաներն ու շաքարը, ինչը այն դարձնում է ավելի քիչ օգտակար, քան սովորական կաթնամթերքը՝ կաթը, կաթնաշոռը և այլն։ 

❌ «Նաև լավ է հիշողության համար»

Հոլովակի հերոսներից մեկը՝ շարունակելով թվարկել օգտակար հատկությունները, ասում է․ «Հաստատ հիշում եմ, որ նաև լավ է հիշողության համար»։ 

Ինչպես նշում է Հարվարդի համալսարանի Harvard Health Publishing պարբերականը (հղում 1, հղում 2)՝ որոշ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ կակաոյի և դառը շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոլը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին՝ այդ թվում հիշողության բարելավմանը։ Սակայն խոսքը հենց դառը շոկոլադի մասին է, որում ֆլավոնոլի պարունակությունը բարձր է։ 

Կաթնային շոկոլադը, որը պարունակում են Junior կոնֆետները, նույն օգտակար հատկությունները չունի։  

? «Շոկոլադը էնդորֆիններ է ավելացնում»

Շոկոլադի՝ օրգանիզմում էնդորֆիններ ավելացնելու և այդպես տրամադրություն բարձրացնելու մասին տեղեկությունը լայնորեն տարածված է։ Ոչ բոլոր գիտնականներն են միանշանակ համաձայն այս պնդման հետ։ Սակայն առավել տարածված է հակառակ կարծիքը։ British Journal of Clinical Pharmacology ամսագրում լույս տեսած հոդվածը, օրինակ, նշում է, որ շոկոլադը իսկապես խթանում է էնդորֆինների արտազատումը օրգանիզմում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *