2021.10.01,

Ստուգված է

Կորոնամիֆեր. սեպտեմբերի 16-30

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կորոնավիրուսի շուրջ հակապատվաստումային շարժումը նոր թափ է ստանում։ Եթե սեպտեմբերի սկզբում հակապատվաստումային քարոզ իրականացնող էջերում սկսվել էր առցանց ստորագրահավաք՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին աշխատանքից հեռացնելու համար, ապա ամսվա վերջում կազմակերպում էին բողոքի ակցիաներ ընդդեմ նախարարի արձակած հրամանի։ Media.am-ն ամփոփել է սեպտեմբերի երկրորդ կեսին համավարակի մասին տարածվող ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։

«Թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված մարդը նույն կերպ է վարակում»

Համաձայն Առողջապահության նախարարի արձակած հրամանի՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ Առողջապահության նախարարի արձակած հրամանի քննադատներից է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա հարցազրույց է տվել PastInfo լրատվականին, որը տարածել է COVID-19-ի մասին ապատեղեկատվույթուններ տարածող  բժշկական medmedia.am-ը։ 

❌ Հովհաննիսյանը պնդել է՝ եթե պատվաստվածների մոտ կա վարակման հավանականություն, ապա իմաստազրկվում է թեստավորման գործընթացը, քանի որ թեստավորվածը կարող  է վարակվել չթեստավորված պատվաստվածից։

✔️ Այս պնդումը ոչ ամբողջապես է ճիշտ։ Պատվաստանյութերը 100%-ով չեն երաշխավորում կորոնավիրուսով չվարակվելը, սական զգալիորեն կրճատում են վարակման ռիսկը։ Սրա մասին են վկայում Առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած տվյալները․  11 470 վարակակիրներից միայն 286-ն է եղել պատվաստված, որոնցից հոսպիտալացվել է 38-ը։ 

❌ Համաճարակաբանը նաև պնդել է, թե այս պատվաստանյութերը չեն անցել բոլոր փորձարկման փուլերը, և մենք գտնվում ենք կլինիկական փորձարկումների շրջանում։ Ըստ նրա, պատվաստումը շատ կարևոր է, եթե ապացուցված է, որ տվյալ պատվաստանյութը արդյունավետ ու անվտանգ է: 

✔️ Այս պնդումը լայնորեն տարածված է հիմա, սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվող բոլոր պատվաստանյութերը անցել են կլինիկական փորձարկումները։ Դրանք հաստատված են առողջապահական միջազգային կառույցների կողմից բնակչության շրջանում կիրառվելու համար։ 

Պատվաստանյութերը հղիներին հակացուցված չէ

❌ Վերջին շրջանում լրատվամիջներում կրկին հայտնվում են լուրեր, թե հղիության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունն ուսումնասիրված չէ, անգամ այն կարող է վիժելու պատճառ դառնալ։ Նման պնդումներ անում է նաև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը։

✔️ Media.am-ի փաստեր ստուգող թիմը դեռ ամռանը ուսումնասիրել էր այս պնդումը ու պարզել՝ գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կիրառելի են հղիների համար։

Ոչ թե պատվաստվածների, այլ վարակվածների 2%-ն է մահանում

Media.am-ը պարզել է, որ մի շարք կայքեր սխալ էին մեջբերել Առողջապահության նախարարի խոսքը։ Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում նշել էր՝ «Վարակվածների 20%-ը հիվանդությունը տանում է ծանր, 5%-ը ծայրահեղ ծանր, 2%-ը մահանում է»: Լրատվամիջոցները՝ verelq.am-ը, usanogh.am-ը, Armrusnews.am-ը, բովանդակային սխալ էին թույլ տվել, գրելով թե խոսքը «պատվաստված վարակվածների» մասին է։ Նման բովանդակային սխալ կար նաև Հանրային հեռուստատեսության «Լուրերի» ռեպորտաժում (4:50)։

Սակայն, այս պնդումը սխալ է, քանի որ նախարարի խոսքը չէր վերաբերում բացառապես պատվաստվածներին։ 2% մահացությունը, օրինակ, վերաբերում է ոչ թե պատվաստվածների շրջանում գրանցված դեպքերին, այլ առհասարակ բոլոր վարակակիրներին։ 

Պատվաստվածներն «չեն կարող» արյան դոնոր դառնալ

❌ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին։ Politik.am-ում հրապարակված տեսանյութում նա պնդել էր, թե պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից իր հարցմանն ի պատասխան նշել են՝  պատվաստված քաղաքացիները նվազագույնը 6 ամիս չեն կարող արյան դոնոր հանդիսանալ։ 

✔️ Խաչատրյանի պնդումը և նրան նման տեղեկություն փոխանցելու լուրը հերքել են արյունաբանականից։ Ավելին, կենտրոնի Արյան բանկի փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանը տեղեկացրել է, որ պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո մարդուց արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց միայն 10 օր հետո անձը կարող է դոնոր դառնալ։ Մինչդեռ վարակված և հիվանդությունը ծանր տարածները արյան դոնոր կարող են դռնալ բուժումից 6 ամիս հետո միայն։ 

«5-րդ ալիքը» Հայկոյի հարազատների հետ չի զրուցել․ սունկ կայքերը գրում են՝ ազատ ստեղծագործելով

COVID-19-ի պատճառով սեպտեմբերի 29-ին մահացավ Հայաստանի ժողովրդական արտիստ Հայկոն։ Մահվան լուրից կարճ ժամանակ անց ֆեյսբուքում քննարկումներ սկսեցին այն մասին, որ արտիստը մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ պատվաստանյութից։ Ի պատասխան ԱՆ-ն ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ «… երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»:

Ավելի ուշ շահարկումների նոր փուլ սկսեցին սունկ կայքերն ու նրանց ֆեյսբուքյան էջերը։ Մասնավորապես գրվում էր, թե Հայկոյի հարազատներից մեկը  «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ «Բժիշկները գնում գալիս էին ասում Հայկ ջան պատվաստվի հաստատ կօգնի, Հայկս չէր ուզում։ Չգիտեմ ինչ են արել, առանց ասելու պատվաստել են թե չէ, բայց դրանք շատ էին ուզում Հայկիս էտ դեղը սրսկեին»։ Նման հարցազրույց, սակայն, «5-րդ ալիքում» չէր հայտնվել  ողջ օրվա ընթացքում։ 

Պատվաստանյութերը «կթունավորեն» և «կվարակեն» 

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում հայտարարել է՝ պատվաստանյութերից մարդիկ կթունավորվեն։ Իսկ LiveNews մեդիայի հարցազրուցավար 

Արմինե Սիմոնյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը անվանել է «գլոբալիստների կործանարար թույն» (19։40): 

❌ Արդեն  LiveNews-ի տաղավարում Մարինա Խաչատրյանը պնդել է՝ «դիտավորությամբ մարդկանց վարակում են պատվաստանյութերի միջոցով», ուստի նախարար Անահիտ Ավանեսյանը մեղավոր է քրեական հանցանք կատարելու մեջ (8:35)։ Որպես ասածի ապացույց Խաչատրյանը բերել է պատվաստվելուց հետո առաջացող կարճաժամկետ ազդեցությունների փաստարկը՝ «եթե մեջը որևէ ինֆեկցիոն ագենտ չկա, ո՞նց են մարդկանց մոտ զարգանում կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ և ո՞նց է տվյալ քաղաքացիների մոտ կովիդի թեստը գալիս դրական»։

✔️ Սակայն ջերմություն, մկանացավ, գրիպանման երևույթներ և այլ ազդեցությունները պայմանավորված են ոչ թե վարակով, այլ՝ պատվաստանյութով, որը սովորեցնում է մարդու իմունային համակարգին ճանաչել վիրուսը և պայքարել դրա դեմ։ Առաջացող նման ազդեցությունները կանխատեսելի են, և դրանց մասին ծանուցվում է պատվաստվողին: 

Moderna-ն ու Հայաստանը

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է Մասիս ԲԿ-ի նախկին տնօրեն, կորոնավիրուսի մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող Նունե Ներսիսյանի հայտարարությունը։ Ըստ Ներսիսյանի՝ գործարար Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ է առաջարկել ՀՀ կառավարությանը, սակայն վերջինս հրաժարվել է։ Նրա պնդումը «պարզապես հերյուրանք է» անվանել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ի դեպ, սեպտեմբերի 30-ին պարզվեց, որ Հայաստանը Լիտվայի կառավարությունից Moderna-ի արտադրության Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ նվեր կստանա։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *