2021.09.24,

Ստուգված է

«4000 հրթիռով» Բաքուն ոչնչացնելու մասին հայտարարությունը կեղծ է

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Սեպտեմբերի 23-ին և 24-ին համացանցում լուրեր տարածվեցին, թե Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերին սպառնացել է «4000 հրթիռով» ոչնչացնել Բաքուն։

Տեղեկությունը կեղծ էր․ չնայած դրա աննախադեպ լինելուն, Բաղերիին վերագրվող  հայտարարությունը տարածեցին միայն սունկ կայքերն ու սոցցանցերի առանձին էջեր։ Միաժամանակ՝ պաշտոնական աղբյուրներում և խոշոր լրատվամիջոցներում այս տեղեկությունը չի հանդիպում։ 

«Եթե իրավիճակը թեժանա, ապա Ադրբեջանին կհարվածեն 4000 հրթիռ և Բաքուն կոչնչացվի. Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բագերի»․ այսպիսի վերնագիր ունի Yerevan Times սունկ կայքի տարածած հոդվածը։ Այն Ֆեյսբուքում շուրջ 4,600 հավանում ունի և 500 կիսում։

Որպես տեղեկության աղբյուր՝ սունկ կայքը նշում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի Ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս տարածել էր Բաղերիին վերագրվող խոսքերը առանց սկզբնաղբյուր նշելու։ 

Այս նույն տեղեկությունը տարածվեց նաև հայկական Տելեգրամ-ալիքներում (հղում 1, հղում 2), Յություբյան ալիքներում, Թվիթերի ռուսալեզու ծպտյալ օգտատերերի էջերում (հղում 1, հղում 2, հղում 3)։ Livenews.am-ը Բաղերիին վերագրվող խոսքերը իրանագետի հետ հարցազրույցի վերնագիր դարձրեց։ Այս բոլոր դեպքերում օգտատերերը կամ չէին նշում տեղեկության աղբյուրը, կամ հղում էին անում տարատեսակ սունկ կայքերին։ 

Եթե այս հայտարարությունը իրական լիներ, ապա կնշանակեր, որ Իրանի ռազմական  ղեկավարը սպառնում է ոչնչացնել հարևան պետության մայրաքաղաքը։ Նման հայտարարությունը աննախդեպ կլիներ և անշուշտ կհայտնվեր միջազգային խոշոր լրատվականներում։ 

Սակայն ոչ միջազգային, ոչ էլ իրանական խոշոր լրատվամիջոցները որևէ նման տեղեկություն չեն հաղորդում։ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության կայքում Բաղերիի նման մեջբերում չկա։ Այն չկա նաև մեկ այլ խոշոր իրանական Mehr լրատվական գործակալության կայքում։ 

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Mehr-ը և իրանական այլ լրատվամիջոցները հաղորդել էին Բաղերիի՝ Իրաքի քրդերին ուղղված զգուշացումը, չնայած որ այդ հայտարարությունը հրթիռներով ոչնչացնելու ուղիղ սպառնալիք չէր պարունակում (հղում 1, հղում 2

Media.am-ին նաև չհաջողվեց գտնել Բաղերիին վերագրվող հայտարարության մասին  հիշատակում իրանական կամ հայկական պաշտոնական աղբյուրներում։ 

Media.am-ի հետ զրույցում իրանագետ, Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Ժաննա Վարդանյանն ասաց, որ Իրանի ԳՇ պետ Մուհամադ Բաղերիին վերագրվող հայտարարությունը իրական չէ։ Պաշտոնյան նման հայտարարություն չի արել։ 

Այսպիսով՝  Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերիին վերագրվող՝ «4000 հրթիռով» Բաքուն ոչնչացնելու մասին հայտարարությունը կեղծ է։ 

Այս տեղեկությունը տարածող օգտատերերը չեն բերում վստահելի աղբյուրներ։ Ավելին՝ տեղեկությունը չեն հաստատում ո՛չ պաշտոնական աղբյուրները, ո՛չ էլ հեղինակավոր լրատվամիջոցները։ Փորձագետը, որի հետ զրուցեցինք, ևս նշեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *