2021.09.22,

Ստուգված է

Կորոնամիֆեր. սեպտեմբերի 1-15

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբեր ամիսը լի էր հակապատվաստումային նոր նախաձեռնություններով, որոնց կազմակերպիչները արշավների ընթացքում չէին զլանում կորոնավիրուսի մասին հին ու նոր միֆեր, կեղծ լուրեր տարածել։ Հակապատվաստումային շարժումների աշխուժացման համար պարարտ հող ստեղծեց Կառավարության նոր նախագիծը, համաձայն որի հանրային ծառայողները և մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID19-ի բացասական պատասխան, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ 

Մամուլը սկսեց ձայն տալ իրավաբաններին, որոնք խորհուրդներ էին տալիս՝ ինչպես չպատվաստվել կամ չթեստավորվել և խուսափել աշխատանքը կորցնելուց։ Հակապատվաստումային քարոզ իրականացնող էջերում ստորագրահավաք սկսեց՝ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին աշխատանքից հեռացնելու համար։ 

Media.am-ն ամփոփում է սեպտեմբեր ամսվա առաջին կեսին կորոնավիրուսային վարակի և պատվաստումների հետ կապված ապատեղեկատվություններն ու միֆերը։

Իմունոգլոբուլին Ջի-ն «կազատի՞» պատվաստումից

❌Ամսվա սկզբում ֆեյսբուքում քննարկումներ սկսեցին այն մասին, որ ուսումնական հաստատություններում պատվաստվելու կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից կարելի է խուսափել՝ հանձնելով իմունոգլոբուլին Ջի անալիզ։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել էր տեղեկությունը տարածողներին՝ անվանելով նրանց պնդումը ապատեղեկատվություն։ 

✔️Հակամարմինների 2 տեսակ կա՝ IgM (կամ իմունոգլոբուլին Էմ) և IgG-մ (կամ իմունոգլոբուլին Ջի)։ Առաջինի առկայությունը նշանակում է, որ անձը տվյալ պահին վարակված է, մինչդեռ իմունոգլոբուլին Ջի-ի առկայությունը ցույց է տալիս անցյալում վարակված լինելը։ Մինչ օրս, սակայն, հայտնի չէ, թե որքանով է անձը պաշտպանված կրկին կորոնավիրուսով վարակվելու ռիսկից՝ հակամարմինների թեստի դրական արդյունքի դեպքում։ Հակամարմիններ ունենալը դեռևս չի բացառում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Թեմային մանրամասն անդրադարձել էր FIP.am-ը։ 

Պատվաստանյութը՝ փորձարկամ 3-րդ փուլու՞մ է

❌Հակապատվաստումային արշավների առաջամարտիկ Մարինա Խաչատրյանը, որն այժմ աշխատում է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում, սեպտեմբերի 11-ին իր յություբյան ալիքում հրապարակեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ դեռևս ապրիլի հայտարարությունն այն մասին, որ այդ պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, քանի որ դրանք դեռևս փորձարկման 3-րդ փուլում են։ 

✔️Մարինա Խաչատրյանը չէր նշել, որ տեսանյութը 6 ամսվա հնության է։
✔️Ավանեսյանի խոսքը կիսատ էր ներկայացված․ ամբողջական տեսանյութում նախարարն ասում է, որ կարևոր է տարբերակել կլինիկական հետազոտությունների էտապները․ 

«․․․ 3-րդ փուլը մասսայական օգտագործման փուլն է, որը նորմալ ընթացակարգային փուլ է։ Կապված համավարակի էության հետ, նման մեխանիզմով է թույլատրվել պատվաստանյութի օգտագործումը», – ասաց Ավանեսյանը։

Որքան պատվաստվում ենք, հիվանդությունն այդքան ավելանո՞ւմ է

Կարճ պատասխանը՝ ոչ։ 

❌Pastark.am լրատվակայքն էր նման վերնագրով նյութ հրապարակել՝ «Անահիտ Ավանեսյանը փաստեց` որքան պատվաստում ենք, այնքան հիվանդացությունն ավելանում է»։ Pastark.am-ը լուրին կցել էր նաև տեսանյութ, որում Առողջապահության նախարարի խոսքն էր կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստի ժամանակ։

✔️Դիտելով տեսանյութը՝ հասկանում ենք, որ Ավանեսյանը նման բան չի ասել։ Փոխարենը նա խոսել է դելտա շտամի պատճառով մահացության և ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացման մասին՝ շեշտելով, որ հիվանդանոցային զբաղվածության 97-98%-ը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել։

Կորոնավիրուսը՝ ըստ Արա Զոհրաբյանի 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառումներ արեց կորոնավիրուսի պատվաստումների, կառավարության ներկայացրած նոր կանոնների մասին։ Այդ հրապարակումներում տեղ գտան մի շարք սխալներ և մանիպուլյացիաներ։

❌ Զոհրաբյանը պնդում էր, որ կորոնավիրուսը արհեստական վիրուս է՝ ստեղծված հատուկ նպատակով։ Ըստ նրա՝ վարակի դեմ պատվաստանյութերը պատշաճ փորձարկում չեն անցել, իսկ բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ չունեն միասնական վերաբերմունք․ մի մասը դրանք համարում է վնասակար մարդու առողջությանը: 

✔️ 2021-ի օգոստոսին ԱՄՆ հետախուզությունը հրապարակեց ուսումնասիրության արդյունքները, որոնք հաստատում էին գիտնականների սկզբնական պնդումը՝ չկան բավարար ապացույցներ պնդելու, թե կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն։

✔️ Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերը, բացառությամբ Սպուտնիկ V-ի, հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (հղում 1, հղում 2) կողմից։ Սպուտնիկ V-ն հաստատված է Հարավային ԱմերիկայիԱսիայի և Եվրոպայի մի շարք երկրների կողմից։

Հեղինակավոր Nature գիտական ամսագիրը նշում է, որ պատվաստանյութի ստեղծման արագության մի քանի պատճառներ կան՝ օգտագործվեցին նախորդող տարիներին արդեն իսկ արված հետազոտությունները, ներդրվեցին ահռելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք թույլ տվեցին զուգահեռաբար մի քանի փորձարկում անել՝ կրճատելով փորձարկումների ժամանակը։ 

Media.am-ը Արա Զոհրաբյանի կեղծ պնդումներին անդրադարձել է առանձին հոդվածով։

Ջրածնի պերօքսիդը ևս չի փրկի

❌ Ֆեյսբուքյան օգտատեր Աստա Արիայի՝ 128 կիսում ունեցող գրառումը պնդում էր, թե ջրածնի պերօքսիդը «կարելի է ընդունել ոչ միայն պերօրալ, այլև ներերակային` խառնված  ֆիզռաստվորի հետ»։ Ըստ օգտատիրոջ՝ դա պետք է անել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, քանի որ պատվաստումը մարդկանց վերածում է «կառավարելի ռոբոտների» և հարկավոր է դրանից «լվանալ» երակները։

✔️Այս տեղեկությունը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր․ ջրածնի պերօքսիդի ներքին օգտագործումը թույլատրված չէ և կարող է վտանգավոր լինել։ Այն կարող է քայքայել և ոչնչացնել ոչ միայն մաշկի վրայի վնասակար օրգանիզմներին, այլև հենց առողջ մաշկի բջջիջները։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) ջրածնի պերօքսիդը համարում է անվտանգ ոչ կենդանի մակերեսների վրա կիրառման դեպքում։ Առողջապահական կառույցը նշում է, որ ջրածնի պերօքսիդը կարող է քայքայել կենդանի բջջի մեմբրանը (թաղանթը), դրա ԴՆԹ-ն, ինչպես նաև բջջի կենսական կարևորության այլ բաղադրիչները։

«Լույսի բանակը» և պատվաստումների մասին նոր միֆերը

Live News-ը սեպտեմբերի 7-ին հյուրընկալել էր «Լույսի բանակ» ՀԿ-ի անդամ Կարեն Արայանին և իրավաբան Էմիլ Մարկոսյանին։ Նրանք հարցազրույցում վարակի և պատվաստանյութերի մասին մի շարք կեղծ հայտարարություններ արեցին։ Անդրադառնանք՝ ըստ հերթականության․

❌Պատվաստանյութերի վրա նշված է «էքսպերիմենտալ»։

✔️Ոչ, նշված չէ։ Հակապատվաստումային ակտիվիստները, ամենայն հավանականությամբ, շփոթել են պատվաստանյութի վրա նշված EXP (EXPIRYDATE) մակագրումը experimental-ի հետ։ EXP նշանակում է պահպանման ժամկետի ավարտ։ 

❌ՊՇՌ թեստավորումը զբոսաշրջիկների համար անվճար է։

✔️Ոչ, անվճար չէ։ Պետությունն անվճար թեստավորում է այն դեպքում, երբ կորոնավիրուսի ախտանշաններով անձը անհապաղ հոսպիտալացման կարիք ունի՝ լինի ՀՀ քաղաքացի, թե օտարերկրացի։ 

❌Նախարարությունը կողմնակի ազդեցությունների մասին չի զգուշացնում։
✔️Զգուշացնում է։ Հակացուցումների մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

Կարեն Արայանի և Էմիլ Մարկոսյանի կեղծ պնդումներին և դրանց հերքումներին մանրամասն կարող եք ծանոթանալ Media.am-ի հոդվածում։ 

Համաշխարհային բանկը վիրուսի վերջնաժամկե՞տ է նշել

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն էր բժիշկ-վարակաբան, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Դմիտրի Հարությունյանը, որը ևս դեմ է պատվաստումներին։ Հարցազրույցի ընթացքում նա կրկնեց բավականին լայն տարածում գտած չհիմնավորված տեղեկություն, թե Համաշխարհային բանկը հայտարարել է, որ համավարակն ավարտվելու է 2025-ի մարտի 31-ին։

❌«Անընդհա՞տ մարդկանց ասելու եք՝ գնացեք պատվաստվեք, որովհետև Համաշխարհային բանկն արդեն հայտարարել է, որ համավարակն ավարտվելու է 2025 թվականի մարտի 31-ին»։

✔️Համաշխարհային բանկը նման հայտարարություն չի արել։ Փոխարենը 2020-ի ապրիլին հրապարակել է ռազմավարական ծրագրերի մասին զեկույց, որում արտացոլված են մինչև 2025-ն իրականացվելիք մի շարք միջոցառումներ։ Միջոցառումների թվում է COVID19-ի պատճառած վնասների վերականգնումը

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *